Ջուլյա Գրիգորի Ղարաբաղցյան

(0 votes)
There is no translation available.

Մարդկային աչքերն ինչքան պոզիտիվ եւ էսթետիկ գեղեցկություն տեսնեն, այնքան կյանքն ավելի գունագեղ կլինի

Այսօր ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, ինչից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւապես այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ, բնականաբար, նվիրվածություն ու աշխատասիրություն:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ ՋՈՒԼՅԱ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ, ում խոսքերով ցանկացած գործ ձեռնարկելիս իր անձնական մոտեցումն է առաջնորդվել մարդկանց օգնելու մարդասիրական մղումով, ամեն ինչ անել հանուն մարդու: Երիտասարդ կին, ով կարողացել  է կայանալ ոչ միայն կյանքում, այլեւ աշխատանքում, ով իր գործը պատվով կատարելուց եւ մարդկանց երախտիքի խոսքերին արժանանալուց զատ երջանիկ ու սիրված կին է  ընտանիքում, ով առօրյայում արժեւորում է մարդկանց օգնելու պատվավոր գործը, մեծ պատասխանատվություն է կրում մարդու կյանքի որակի բարձրացման համար՝ մարդկանց վերադարձնելով կյանքի առավելագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:

- Տիկի՛ն Ղարաբաղցյան, խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը:

-Բավականին  հետաքրքիր մասնագիտական ուղի եմ անցել: Ամեն ինչ սկսվեց  դեռեւս փոքր տարիքից, միշտ ցանկացել եմ դառնալ բժիշկ: Յոթ տարի սովորել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում,  որից հետո ընդունվել եմ  նույն համալսարանի  մանկական ակնաբուժության օրդինատուրան, իմ մեջ ամրապնդելով սերը դեպի աչքը՝ որպես օրգան, եւ ակնաբուժությունը՝ որպես մասնագիտություն: Մեկ տարի սովորելով  այստեղ՝ տեղափոխվեցի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա քաղաք: Սովորել եմ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ ակնաբուժություն մասնագիտությամբ, որն ավարտելուց հետո վերադարձել եմ հայրենիք եւ մինչ օրս աշխատում եմ Շենգավիթ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ակնաբույժ:

-Բժշկուհի՛, Ձեր նեղ մասնագիտացման ընթացքում արդյոք եղե՞լ են  մարդիկ, ովքեր Ձեզ ուղղորդել են՝ որպես ուսուցիչ:

-Ծնողներս բժշկության հետ ընդհանրապես կապ չունեն, եւ ինձ բավականին դժվար էր ընտրություն կատարել նեղ մասնագիտացման մեջ, բայց շատ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ մասնագիտական ճանապարհին հանդիպել եմ Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանին, ով ուղղակի ինձ խորհուրդ տվեց մեկ ամիս հաճախել եւ հետեւել ակնաբուժական բաժանմունքի աշխատանքներին:   Ակնաբուժության բաժանմունք ոտք դնելու օրվանից ցանկություն չեմ ունեցել հեռանալ այս ոլորտից՝ ընտրելով մասնագիտությունս՝ որպես իմ կյանքի լավագույն եւ բեղմնավոր ճանապարհ:

- Բժշկուհի՛, ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքում մատուցվում են ակնաբուժական բոլոր բուժծառայությունները: Կոնկրետ ես մասնագիտացված եմ մանկական ակնաբուժության մեջ, նաեւ զբաղվում եմ երիտասարդների ակնաբուժական խնդիրներով: Վերապատրաստվել եմ որպես մանկական ակնաբույժ, ռեֆրակտոլոգ: Զբաղվում եմ բոլոր ռեֆրակցիոն խնդիրներով` աստիգմատիզմի, հեռատեսություն, կարճատեսություն, ինչպես նաև երեխաների շլություն:Վերջինիս դեպքում տարածված առասպել կա, որ երեխան պետք է վիրահատական միջամտության ենթարկվի, երբ  կդառնա 8-9 տարեկան: Դա մեծ սխալ է, քանի որ երեխաների մոտ բինօկուլյար համակարգը զարգանում է մինչեւ 3-4 տարեկանը: Միգուցե ապագայում մենք կկարողանանք աչքերը բերել ճիշտ դիրքի,  բայց, միեւնույն է, երեխան չի ունենա եռաչափ տեսողություն: Պետք չէ որդեգրել սպասողական մոտեցում, խնդրին պետք է մոտենալ ժամանակին՝ վաղ փուլերում: Հայերիս բնորոշ դանակը ոսկորին հասցնելու սովորությունը պետք է թողնել մի կողմ եւ բժշկին դիմել ավելի վաղ:

- Ի՞նչ կասեք բժշկին դիմելու վիճակագրության մասին:

- Պետք է փաստեմ, որ ավելի լավ է, քանի տարիներ առաջ: Այս օրերին բավականին ընդունված է  որպես կանխարգելիչ բուժօգնություն դիմել բժշկի, որը, կարծում եմ, շատ գովելի է, եւ բոլորը բժիշկներն էլ կփաստեն, որ ավելի  հեշտ է հիվանդությունը բուժել ավելի վաղ, քան բարդացած փուլերում: Մենք նախաձեռնել ենք բավականին գովելի արշավ՝ իրականացնելով սկրինինգային ծրագրեր: Լինելով  Երեւանի դպրոցների առաջին դասարաններում (տարիք, երբ երեխաները դժվար են կողմնորոշվում, թե իրենք ինչքանով են լավ տեսնում) Հայաստանում եզակի սարքով բուժստուգումներ ենք իրականացնում, որը թույլ  է տալիս առանց որեւէ  դեղամիջոց կիրառելու պարզել՝ երեխայի մոտ տվյալ պահին  խնդիր կա՞, թե՞ ոչ: Եթե առկա է խնդիրը, ապա իրենց ուղեգրում ենք մոտակա առաջնային օղակ` պոլիկլինիկա, կամ իրենց ակնաբույժի մոտ: Իսկ ծնողներին էլ հորդորում ենք ավելի հետեւողական լինել իրենց երեխաների աչքերի  տեսողության նկատմամբ:

- Հիշու՞մ եք Ձեր  առաջին հիվանդին:

- Իհարկե, շատ լավ եմ հիշում: Առաջին հիվանդին սպասում էի վախով ու սրտատրոփ, բայց այսօր լավ գիտակցում եմ, որ երեւի այդ պահին անիմաստ վախ եւ անհանգստություն եմ ունեցել: Այսօր արդեն  մասնագիտական փորձից ելնելով հասկանում եմ, որ նրա հետ որեւէ  վատ բան չէր կարող լինել, քանի որ գիտելիքների լավ բազա ունենալով երբեք չպետք է երկմտես:

- Մանկական ակնաբուժական պաթոլոգիաներից որո՞նք կառանձացնեիք:

-Եթե մանկական` նորածնային հասակի մասին խոսենք, ապա շատ է հանդիպում քթարցունքային ծորանի անանցանելիությունը, որի 80 տոկոսի դեպքերում ծնողները կնշեն, որ  երեխայի մոտ կա արցունքահոսություն: Այն հիմնականում հանդիպում է թերհաս երեխաների մոտ եւ  ճիշտ մերսումների օգնությամբ կարող է բացվել: Դա մի վիճակ է, որն ակնհայտ խոսում է խնդրի առկայության մասին` արցունքականգի, արցունաքահոսության, լորձային կամ թարախային արտադրության տեսքով: Շատ կարեւոր  է, որ ճիշտ կատարվի մերսումը: Նախ հասկանալ, թե  արցունքը ինչ ճանապարհով է հոսում, եւ ուղղակի օգնել՝ այն ճիշտ ճանապարհով դուրս մղվելուն: Իրականում արցունքը դուրս է գալիս քթի միջոցով՝ արցունքապարկի միջով անցնելով: Մերսումները պետք է իրականացվեն հրոցանման շարժումներով՝ վերեւից ներքեւ: Նշեմ, որ մինչեւ 2 ամսական երեխաների մոտ մերսումների արդյունավետությունը բավականին բարձր է, ուղղակի այն պետք է ճիշտ ժամանակին կատարվի, որպեսզի խնդիրը չհասնի զոնդավորման: Մենք մեր բժշկական կենտրոնում իրականացնում ենք զոնդավորում, բայց մշտապես ծնողներին հորդորում ենք, որ հնարավորության սահմաններում բնական ճանապարհով` մերսումների օգնությամբ բացվի քթարցունքային ծորանը:

     Իսկ եթե ավելի մեծ տարիքի երեխաներին անդրադառնանք, ապա շատ են հանդիպում շլության դեպքերը, որի ժամանակ ինչքան վաղ ախտորոշվեն եւ ստանան բուժօգնությունը,  այնքան ավելի լավ կլինի հիվանդի համար: Նշեմ, որ դպրոցահասակ երեխաների մոտ սկսում են գլուխ բարձրացնել  ռեֆրակցիոն խնդիրները, որովհետեւ երեխան արդեն սկսում է ծանրաբեռնել աչքերը կարդալ-գրելով:

-Ի՞նչ կասեք ժամկետանց կոսմետիկայի օգտագործման մասին, որն, իհարկե, անխուսափելի է մեր օրերում:

- Ընդհանրապես ցանկացած ժամկետանց արտադրանք, լինի դա սնունդ, դեղամիջոց, թե կոսմետիկ նյութ, բնականաբար,  օգտագործումը անթույլատրելի է, քանի որ խոսքը գնում  է մարդու առողջության և մարդկային ամենաթանկ օրգաններից մեկի` աչքերի մասին: Ժամկետանց կոսմետիկայի օգտագործումից միանշանակ լինում են ալերգիկ երեւույթներ, հատկապես նրանց մոտ, ովքեր զգայուն են եւ ունեն հակում ալերգիկ երեւույթների նկատմամբ:

- Բժշկուհի՛, ի՞նչ կասեք աչքի հիգիենայի մասին:

- Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդները գանգատվում են աչքերի հոգնածության զգացումից, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ բավականին ժամանակ են անցկացնում համակարգիչների եւ բջջային հեռախոսների առաջ: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս պահպանել տեսողական հիգիենա: Առօրյայում 20-30 րոպե համակարգչով գերլարված աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում անպայման աչքերը 1-2 րոպե հանգստացնել, այն է՝ փակել 1-2 րոպե կամ նայել հեռավոր կետի:

-  Բժշկուհի՛, ի՞նչ խորհուրդ կտաք, ակնո՞ց կրել, թե՞ կոնտակտային լինզա:

- Եթե կոնտակտային լինզաների մասին է խոսքը, ապա դրանք ակնոցներին փոխարինող միջոց են  համարվում, կոնտակտային լինզա, թե՞ ակնոց, դա, իհարկե, որոշում է հիվանդը: Դրանք չունեն բուժական ազդեցություն. միայն լավացնում են տեսողությունը: Ուղղակի լինզաների դեպքում տեսողությունն ավելի որակյալ է դառնում, քանի որ լինզան աչքի հետ միաձուլվում, դառնում է մեկ ամբողջական համակարգ եւ չի սահմանափակում տեսադաշտը, իսկ ակնոցի շրջանակների դեպքում դրանք խանգարում են կողմնային  տեսողությանը, այսինքն՝ ապակու միջով աջ եւ ձախ չենք կարողանում նայել, բայց լինզաների դեպքում դա այդպես չէ:

  -Կինն, ի տարբերություն տղամարդու, ավելի շատ պարտականություններ ունի ընտանիքում, եւ, սովորաբար, դժվարություններ են ստեղծվում, երբ կինը ընտանեկան հարցերը կարգավորելուց զատ նաեւ աշխատանքային զբաղվածություն ունի:

- Եթե սիրում ես եւ՛ ընտանիքդ, եւ՛ աշխատանքդ, ապա կարողանում ես ճիշտ դասավորել օրդ. նախապես պլանավորած գրաֆիկը թույլ չի տալիս շեղվել եւ բաց թողնել որեւէ ընտանեկան հավաքույթ կամ աշխատանքային, ակնաբուժական որեւէ իրադարձություն:

- Բժշկուհի՛, կարող եք տարանջատել Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

- Ուժեղ կողմ կարող եմ համարել այն, որ ես շատ նպատակասլաց եմ, որը, երբեմն, ինձ չափից շատ է թվում, քանի  որ ես իմ նպատակին հասնելու համար պատրաստ եմ ամեն մի դժվարության միջով անցնել: Թույլ կողմը կարող եմ համարել երեւի թե բարությունս, չափից շուտ ազդվելը՝ տեսնելով մարդկանց առողջական վիճակը, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդները   երեխաներն են: Երեւի թե այդ պահին ես գիտակցում, թե որքան կարեւոր  է առողջ երեխա ունենալը:

-  Ո՞րն է Ձեզ համար առողջության բանաձեւը:

-Իմ առողջության բանաձեւն է՝ առավոտյան վաղ արթնանալ, սպորտով զբաղվել, օգտագործել  առողջ սնունդ, անել մաքսիմալը, որ օրդ դրական էմոցիաներով  լցնես, միայն այդ դեպքերում հիվանդությունների մասին չես էլ մտածի: Մարդկային  աչքերն  ինչքան պոզիտիվ եւ էսթետիկ գեղեցկություն տեսնեն, այնքան կյանքն ավելի գունագեղ կլինի:

- Եւ, որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն, իսկ ովքեր  էլ որ ունենան փոքրիկ խնդիրներ, մենք` բժիշկներս, մշտապես պատրաստակամ ենք նրանց օգնել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր