Լուսինե Գևորգի Հազարապետյան

(0 votes)
There is no translation available.

Թող մեր բոլորի սրտերը բաբախեն արագ եւ թրթռան միմիայն սիրուց, դրական էմոցիաներից»

Ըստ հիվանդացության եւ մահացության դեպքերի, ներկայումս աշխարհում առաջին հորիզոնականում սիրտ-անոթային հիվանդություններն են:Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում սիրտ-անոթային ախտաբանության ժամանակ կիրառվող ախտորոշման ժամանակակից, բարձր ճշգրտության մեթոդները եւ բարձրակարգ մասնագիտացված սարքավորումները հնարավորություն են տալիս հիվանդություններն ախտորոշել նրանց զարգացման ամենավաղ շրջանում, իրականացնել ժամանակակից եւ արդյունավետ բուժում, լավագույն բժիշկների կողմից առաջարկվող կանխարգելիչ խորհուրդներ՝ կիրառելի յուրաքանչյուր անհատական դեպքում:

 Հայաստանի ուժը ոչ թե փողն է կամ նավթը, այլ մտավորականներն ու լավ մասնագետները. Հայաստանում կա սրտաբանների հզորագույն բանակ ու ուժեղ դպրոց:http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային եւ շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր, Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ-ի գիտաշխատող, բժիշկ-սրտաբան Լուսինե Հազարապետյանը:Բարեհամբույր եւ հետեւողական լինելու, ընդգծված համեստության, ազնվության, պացիենտների նկատմամբ ճիշտ մոտեցման, անձնվեր աշխատանքի, ինչպես նաեւ գերազանց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նա սիրված է թե գործընկերների, թե պացիենտների կողմից:

-Տիկին Հազարապետյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

- Ըստ էության, մեր սրտաբանական կլինիկա, բաժանմունք կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն սիրտ-անոթային խնդիրներ (խոսքը վերաբերում է մեծահասակներին), կլինիկայում հասանելի են սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակակից միջոցները, գործում են ինչպես քրոնիկական սրտային հիվանդությունների բաժանմունքներ, այնպես էլ, հրատապ դեպքում` ինվազիվ (միջամտական) սրտաբանական ծառայություն, որտեղ կատարվում են ժամանակակից սրտաբանական հիմնական միջամտությունները:   

-Ո՞ր սիրտ-անոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Չնայած սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակակից ախտորոշման եւ բուժման մեթոդների զարգացմանը թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, ցավոք, սրտի իշեմիկ հիվանդությունը երիտասարդացում է ապրել, զարկերակային գերճնշում ունեցողների մեջ էլ են շատացել երիտասարդները:Դա, թերեւս, պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններին հանգեցնող ռիսկի գործոնների մասին բնակչությանը ոչ պատշաճ իրազեկմամբ:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Իմ ուսուցիչը, որի շնորհիվ կատարել եմ իմ առաջին քայլերը սրտաբանության ոլորտում եւ հետագայում մասնագիտացել, կայացել իմ մասնագիտության մեջ, իհարկե, պրոֆեսոր Սվետլանա Վիկտորի Գրիգորյանն է, ով տվել է ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, այլ նաեւ սովորեցրել է կլինիկական մտածողություն, որը անփոխարինելի է բժշկի պրակտիկայում:Սովորեցրել է բուժել հիվանդին ոչ թե զուտ ստանդարտ ուղեցույցներով, այլև ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, սիրել նրանց, սիրել մարդկանց ընդհանրապես:Չէ որ բժշկությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, որտեղ սրտացավությունը եւ նվիրումը խաղում են առաջնային դեր:Իսկ գիտական ոլորտում ուսուցիչս ակադեմիկոս Կառլեն Ադամյանն է, ով եղել է իմ գիտական թեզերի ղեկավարը, եւ ում շնորհիվ հաջողությամբ պաշտպանել եմ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններս:

-Բժշկուհի, մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք: Ընդհանրապես ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Շատ եմ կարեւորում մասնագիտական ասոցիացիաների գործունեությունը, նրանց դերը անփոխարինելի է  նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման եւ շփման հարցերում:Ես Հայաստանի սրտաբանների, եվրոպական սրտաբանների, եվրոպական սրտի ռիթմի խանգարումների ասոցիացիաների անդամ եմ եւ պետք է հպարտությամբ նշեմ, որ ամեն տարի դրանց կողմից իրականացվող ամփոփիչ գիտաժողովներում մեր գիտական աշխատանքները ներկայացվում են ու արժանանում բարձր գնահատանի մեր եվրոպական գործընկերների կողմից:Բացի այդ ամենը, վերջերս ստեղծել ենք «Հանուն հիվանդությունների կանխարգելման» հայկական ասոցիացիան, որի հիմնադիր-նախագահն եմ: Ամբողջ աշխարհում շատ կարեւորվում է հիվանդությունների կանխարգելման դերը բժշկության մեջ:Խոսքը ոչ միայն առաջնային կանխարգելման մասին է, որտեղ մեծ դեր է խաղում ազգաբնակչության լայնածավալ եւ մատչելի իրազեկումը, այլեւ երկրորդային:Ասոցիացիայի ջանքերով առաջիկայում իրականացվելու են ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումներ, գիտագործնական  սեմինարներ մեր բժիշկների համար, ինչը շատ կարեւոր է, քանի որ բժիշկը սովորում է ողջ կյանքում:Մանավանդ սրտաբանությունը սրընթաց վերելք է ապրումՙ, եւ անընդհատ կատարելագործվում են սրտի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեթոդները: 

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր ծանրաբեռնվածությունից:

-Իմ կարծիքով, կինը շատ ճկուն էակ է եւ, ցանկության դեպքում, միշտ կարողանում է գտնել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու ճիշտ ուղիներ, ու, ամենակարեւորը, պետք է երկու դեպքում էլ ապահովի պատշաճ որակ:Կարծում եմ` կանայք այդ գործում գիտակ են, եւ ես բացառություն չեմ կազմում:Մի օրինաչափություն եմ նկատել. որքան ծանրաբեռնվածությունը շատ է լինում, մարդ այնքան ավելի ճիշտ է կարողանում տնօրինել իր ժամանակը եւ հասնել լավ արդյունքների:  

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում:Ծնողներս բժիշկներ են, եւ կարծում եմ` մասնագիտությանս ընտրության գործում շատ մեծ դեր են խաղացել այդ հանգամանքը, այն մթնոլորտը, որում մեծացել եմ:Պետք է սիրես մասնագիտությունդ, որ նվիրվես եւ հաջողես, առանց սիրելու անհնար է:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք առողջապահության նախարարությունից:

-Առողջապահության նախարարությունից հիմնական սպասելիքներս երկուսն են:Առաջինը. շատ կուզենայի, որ դպրոցներում ներդրվեր առողջ ապրելակերպի սկզբունքներ ուսուցանող առարկա, որովհետեւ կարծում եմ` փոքր տարիքում մարդուն կրթելն ավելի հեշտ է եւ արդյունավետ:Եվ երկրորդ. շատ կուզենայի, որ Հայաստանում վերջապես ներդրվեր ապահովագրական բժշկության լայն փաթեթ, որը կներառեր ողջ բնակչությանը, հատկապես` բնակչության առավել խոցելի խմբերին:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին. դրական տեղաշարժ կա՞ այդ առումով:

-Իմ կարծիքով, այսօր բժշկին դիմելու կուլտուրան անհամեմատ բարձրացել է, բնակչության որոշ շերտեր արդեն  գիտակցում են առաջին իսկ գանգատի դեպքում բժշկին դիմելու անհրաժեշտությունը:Կարեւոր է, որ մարդիկ հասկանան` ցանկացած հիվանդություն առավել հեշտ է կանխարգելել եւ բուժել հնարավորինս վաղ փուլում:Իսկ ուշ փուլում դիմելու դեպքում եւ ֆինանսական բեռն է ավելի ծանր, եւ արդյունքի հասնելն է շատ դժվար:

- Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ մաղթել մեր բնակչությանը լուրջ մոտեցում սեփական առողջությանը, վստահություն բժիշկների նկատմամբ, հավատ, որ ցանկացած բժշկի համար իր պացիենտի առողջացումը բարձրագույն արժեք է, ձգտման բարձրագույն նպատակ:

Ու թող մեր բոլորի սրտերը բաբախեն արագ եւ թրթռան միմիայն սիրուց, դրական էմոցիաներից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր