ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է

Ընտանիքն ու երեխան յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազմերանգ գույներով: Յուրաքանչյուր կին իր մեջ ծնված օրվանից կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանցից շատերը ունակ չեն մայրանալու... Ու այստեղից էլ սկսվում է դաժան իրականությունը: Բարեբախտաբար, այսօր  ժամանակակից ախտորոշման ձեռքբերումները թույլ են տալիս բացահայտել առկա շեղումները հղիության դեռեւս վաղ փուլերում, եւ դա հնարավորություն է ընձեռում խուսափել գենետիկորեն հիվանդ երեխա լույս աշխարհ բերելու վտանգից:

Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից:Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր  փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը պարզապես բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան  շատ հարազատ մարդիկ: 

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր:Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:

-Պարոն Սիրունյան,  ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ուսուցիչ կարող եմ առաջնահերթ համարել իմ հայրիկին, որը 30 տարուց ավելի եղել է Արարատի մարզի գլխավոր մասնագետը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում: Ընդհանրապես մեր ընտանիքում բոլորը եղել են բժիշկներ, եւ ես մշտապես գտնվել եմ բժշկական մթնոլորտում: Օրդինատուրայում ուսանելու տարիներին իմ ուսուցիչը կարող եմ համարել Բագրատ Բորիսի Մկրտչյանին, որից ստացել եմ իմ հիմնական վիրաբուժական ունակությունները:

-Բժիշկ, ի՞նչ փոփոխություն եք տեսնում դիմելիության կուլտուրայի դինամիկայի մեջ:

- Վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Ընդ որում, դիմողների թիվն էլ զգալիորեն ավելացել է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես երիտասարդները շատ են օգտվում ինտերնետ պորտալից՝ փորձելով ավելի տեղեկացված լինել: Իսկ դա մեր աշխատանքը ե՛ւ հեշտացրել է, ե՛ւ, ավելի շատ, դժվարացրել: Պացիենտը գալիս է արդեն տեղեկացված, պատրաստված, ինտերնետ պորտալով փորձում է հասկանալ իր խնդրի լրջությունը: Բայց, ցավոք, շատ քչերն են կարդում այն, ինչը զուտ մասնագիտական է: Փաստորեն, նման մարդիկ արդեն ընդունած են լինում ուրիշների մտքերը, մտահղացումները, եւ շատ դժվար է լինում նրանց հետ աշխատելը, ինչ-որ բան հասկացնելը: Նրանք, այսպես ասենք, շատ կարդացած են, բայց նրանց իմացած տեղեկատվությունը, մեղմ ասած, ոչ ստույգ է: Իհարկե, կան նաեւ ճիշտ տեղեկացված հիվանդներ էլ, որոնց հետ մեր աշխատանքն ավելի հեշտանում է: Բայց կա մի ցավալի փաստ. ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, կարծես թե, բժիշկն անպաշտպան է, եւ ցանկացած լուրջ կամ ոչ բարդ դեպքերում նա թիրախ է դառնում:  Իրականում ոչ մի բժիշկ, որն իր գործում միշտ ձգտում է հասնել կատարյալին, չի ցանկանա` որեւէ հիվանդ խնդիր ունենա: Բայց  մշտապես վատ դեպքերն են ցունամիի պես տարածվում հանրապետությունով մեկ, լավ դեպքերը երբեք չեն քննարկվում հասարակության կողմից:

-Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:

-Ասոցիացիաները շատ բան կարող են տալ բժիշկներին, քանի որ կազմակերպում են սեմինարներ, կոնֆերանսներ, դրսից մասնագետներ են հրավիրում, որոնց արդյունքում տեղի է ունենում փորձի փոխանակություն: Բայց անկեղծորեն ուզում եմ ասել, որ մեզ մոտ ասոցիացիաները դեռ բավականին զարգացած չեն: Ինձ հասած տեղեկատվության համաձայն, կազմակերպվածությամբ աչքի է ընկնում ուրոլոգների ասոցիացիան, մնացածի մասին  չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ տեղեկացված չեմ:

-Բժիշկ, ի՞նչ ճանապարհ եք անցել մինչ օրս: Ինչպե՞ս կգնահատեք այն:

-Իմ անցած ճանապարհը չի տարբերում մյուս բժիշկների անցած ճանապարհից, իսկ իմ` բժիշկ դառնալը, կարծես թե, ծրագրավորված էր: Ապրում եմ իմ մասնագիտությամբ, առանց որի իմ կյանքը չեմ պատկերացում, ու եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրել, ապա միանշանակ կընտրեի բժշկի մասնագիտությունը: Հիշում եմ` անգամ հերթապահում էի ամիսը 14-18 անգամ, իսկ եթե իրականում աշխատասեր ես, անպայման կհասնեմ քո նվիրակական  երազանքներին:  Նշեմ, որ տարին մի քանի անգամ պարտադիր մասնակցում եմ վերապատրաստումների, որոնցից կառանձնացնեմ 2000 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Օրանժ կոմսության Սենտ-Ջոզեֆ հոսպիտալում «Էնդոսկոպիկ եւ հեշտոցային վիրաբուժություն գինեկոլոգիայում»  թեմայով եւ 2005 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Կորնելյան համալսարանում «Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա» թեմայով սեմինարները: Անդամակցում եմ Հայաստանի եւ Կանադայի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաեւ ամերիկյան գինեկոլոգ-լապարոսկոպիստների ու ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիաներին:

-Բժիշկ, տեղյակ ենք, որ հաճախ եք լինում Գյումրիում:

-Այո, ես մշտապես աշխատանքային  այցերով Գյումրիի ծննդատուն եմ գնում, անցկացնում կոնսուլտացիաներ, որոնց անհրաժեշտությունը շատ կա, ինչպես նաեւ կատարում եմ վիրահատական միջամտություններ: Այդ կանայք բացարձակապես ուշադրությունից դուրս են մնում նաեւ նյութական ծանր վիճակի պատճառով, բայց, բարեբախտաբար, այսօրվա կանայք սկսել են իրենց գնահատել եւ սիրել, սկսել են հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ: Եղել են օրեր, երբ ես 50 կանանց հետ կոնսուլտացիա եմ անցկացրել: Այդ տարածաշրջանը ուշադրությունից դուրս է, եւ, չնայած այնտեղ աշխատում են լավագույն մասնագետներ, բավականին բարձր մանկաբարձագինեկելոգիական ծառայություններ են մատուցում, բայց հիվանդանոցի պայմանները ծայրահեղ ծանր են, անձրեւների ժամանակ կաթոցների պատճառով աշխատանքը պարզապես կաթվածահար է լինում: Կցանկանամ, որ գոնե այս հարցազրույցից հետո մի քայլ արվի այդ տարածաշրջանի համար:

-Բժիշկ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Չեմ  կարող բոլորի մասին կարծիք հայտնել, կասեմ միայն, որ մեր «Շենգավիթ» բժշակական կենտրոնում  այնպիսի մի դրվածք կա, որ, երբ գալիս են երիտասարդ կադրեր, մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր պայմանները նրանց առաջխաղացման եւ զարգացման համար: Իսկ թե նրանք ինչպես են ընկալում եւ կիրառում այդ ամենը, ինչքանով է իրենց պետք, դա արդեն իրենց խնդիրն է: Կասեմ միայն, որ քիչ են կարդում, չնայած, ճիշտն ասած, իրականում շատ կարդալու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ այսօր ինտերնետ պորտալը ողողված է անհրաժեշտ թե բժշկական նեղ մասնագիտական, թե ամենատարբեր տեղեկատվությամբ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Կցանկանամ, որ լինեն ավելի զգոն, ունենան լուրջ մոտեցում իրենց առողջության նկատմամբ ու բժշկի դիմեն այն դեպքերում, երբ դեպի վտանգ գնացող սահմանագիծը դեռ չեն անցել: Իսկ երբ վտանգները բավականին մեծ են, ակնկալիքները քիչ են լինում: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր