«Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի»
Արհեստավարժ մասնագետ լինելու համար առաջին հերթին պետք է ձգտել խորությամբ տիրապետել այն մասնագիտությանը, որն ընտրել ես: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ ու հետաքրքիր,http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նման երջանիկներից մեկն է: Սաղմնաբանությունն ունի էական դերակատարում վերարտադրողական բժշկության մեջ, ու պետք է նաեւ լավ հոգեբան լինես, որպեսզի անպտղության դեմ պայքարում կարողանաս պացիենտին դարձնել դաշնակիցդ: Մեզ հետ զրույցում սաղմնաբանը մատչելի լեզվով ներկայացրեց ժամանակակից մասնագիտության նրբությունները:
-Բժշկուհի՛, կներկայացնե՞ք ձեր բաժանմունքի գործառույթները:
-Երբ զույգը դիմում է մեր բաժանմունք, կատարվում են խորհրդատվություններ բժիշկ-վերարտադրողաբանի ու սաղմնաբանի հետ: Կան զույգեր, որոնք չեն պատկերացնում, թե սաղմնաբանն ինչով է զբաղվում, եւ ինչքան մեծ դերակատարում ունի նրա աշխատանքը: Նրա գիտելիքներից եւ փորձառությունից է կախված նաեւ անպտղության բուժման ու ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետությունը: Սկզբում սաղմնաբանը սեռական բջիջները նախապատրաստում է բեղմնավորմանը: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ սաղմնաբանը փնտրում է ձվաբջիջները ֆոլիկուլյար հեղուկի մեջ եւ պահպանում դրանք հատուկ միջավայրում: Նա նաեւ կատարում է սերմի որակի գնահատում ու մշակում է այն ձվաբջիջները բեղմնավորելու համար: Այնուհետեւ կատարում է բեղմնավորում:
-Ինքնին հետաքրքիր մասնագիտություն է, բայց ամենատպավորիչ այցը ո՞րն եք համարում:
-Շատ կան տպավորիչ այցեր, բայց կցանկանայի հիշել դրանցից մեկը: Մեզ էր դիմել զույգ, եւ երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր: Նրանք ունեին որդեգրած երեխա, եւ, բնական է, իրենց երեխան էին ուզում ունենալ ու մեր օգնությամբ, փառք Աստծո, արդեն սպասում են երկու աղջիկ բալիկի: Խոստացել են երեխաներից մեկին իմ անունով կոչել` Ինեսա:
-Ո՞ր տարիքային շեմից կարող են դիմել ձեզ:
-Դրա համար հնարավոր չէ նշել ամենափոքր տարիքը: Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը սեռական կյանքով ակտիվ ապրող զույգի կնոջ մոտ մեկ եւ ավելի տարվա ընթացքում հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչների օգտագործման: Իսկ ամենամեծը քառասուներկու, քառասուներեք տարեկանն է:
-Բոլորն ունեն իրենց կյանքի ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ես իմ ուսումը սկսել եմ Իսրայելում, քանի որ բնակվում էի այնտեղ: Աշխատել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել շփվել այս ոլորտի շատ ճանաչված բժիշկների, օրինակ, Ֆրանսիայի հայտնի մասնագետներ Ֆրիդմանի, Կասուտոյի հետ, որն ունի հայտնի լաբորատորիաների ցանց: Այժմ համագործակցում եմ մեր բաժնի պրոֆեսոր Օրվիետտոյի հետ, ունեցել եմ աշխատանքային փորձ շատ հայտնի կենսաբան Գաբոր Վայտայի հետ: Այդ առումով ես շատ երջանիկ եմ:
-Մեր երկրում, ըստ Ձեզ, սաղմնաբանությունը զարգացման ի՞նչ մակարդակ ունի:
-Ես եղել եմ տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք թերանում, իսկ մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության բաժինը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Մենք ոչ մի առումով չենք զիջում, ամեն տարի մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, ինչպես նաեւ արդեն առցանց հնարավորություններ ունենք. ամեն նոր բան կարող ենք տեսնել, կարդալ եւ օգտագործել մեր պրակտիկայում:
-Դրդող եղե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Դրդող չի եղել, բայց, երբ նայում եմ դպրոցական շարադրություններս, նկարներս եւ այլն, հասկանում եմ, որ փոքրուց երազանքներս միայն բժշկության մասին են եղել: Չնայած տասներկու տարի պարով եմ զբաղվել եւ շատ եմ սիրել պարը, բայց ընտրել եմ բժշկությունը:
-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօրվա երիտասարդ կադրերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, նրանց առջեւ բոլոր դռները բաց են: Նրանք չունեն տեղեկատվության, գրականության պակաս, ինչը եղել է մեր ժամանակներում: Շատ նպատակասլաց են: Հիմա ես դասավանդում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ տեսնում, որ ուսանողներն ուզում են սովորել, ընկալում են, ձգտում են դառնալ լավ մասնագետ:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ տղան ու իմ աշխատանքը:
-Ձեր տղայի մեջ դեպի բժշկությունը ձգտում տեսնո՞ւմ եք:
-Այո՛, ասում է, որ սիրում է եւ շարունակելու է իմ գործը: Ինձ թվում է՝ կկարողանա:
-Աշխատանքը չի՞ խանգարում ընտանիքին:
-Իհարկե ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց փորձում եմ այնպես անել, որպեսզի ընտանիքս իմ պակասը չզգա: Սակայն, ամեն դեպքում, կնոջ համար աշխատանքը ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է:
-Վերջին անգամ որտե՞ղ եք եղել վերապատրաստման:
-Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
-Ի՞նչ տվեց այդ վերապատրաստումը Ձեզ:
-Այն տվեց մասնագիտության հետ կապված բավականին նոր տեղեկատվություն, շփում տարբեր երկրների գործընկերների հետ, ծանոթացում սաղմնաբանությանը վերաբերվող նոր սարքավորումներին, նյութերին եւ լաբորատոր պարագաներին: Ես սիրում եմ կարծիք լսել, մասնակցել մասնագիտական քննարկումներին:
-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որը, ըստ Ձեզ, շատ կարեւոր է:
-Կցանկանայի խոսել կենսանյութի կիրոպահպանման մասին: Սա կարեւոր է այն առումով, որ, երբ զույգն անցնում է այդ դժվար ճանապարհը, մենք ստանում ենք լավ որակի սաղմեր, որոնք կարող ենք պահպանել հաջորդ տեղադրման համար: Այսինքն, եթե առաջին տեղադրումից հետո հղիություն չի լինում կամ էլ լինում է, բայց ցանկանում են ունենալ նաեւ երկրորդ, երրորդ երեխան, ապա զույգը այդ ամբողջ ճանապարհը նորից չի անցնում: Այդ ժամանակ որոշակի նախապատրաստական գործընթացներից հետո տեղադրվում են ապասառեցված սաղմերը: Փաստորեն, զույգին երկրորդ, երրորդ շանս տալու հնարավորություն կա:
-Զույգն ի՞նչ փուլերով է անցնում մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը:
-Սկզբում նախապատրաստական փուլն է: Կինը եւ տղամարդը անցնում են հետազոտություններ, ու, եթե տղամարդու մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, նրան ուղարկում ենք ուրոլոգի մոտ խորհրդատվության: Եվ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո, երբ զույգն արդեն պատրաստ է արտամարմնային բեղմնավորման, կինը սկսում է ստանալ հորմոնային պրեպարատներ, որպեսզի իր մոտ ձվաբջիջների քանակն ավելի շատ լինի: Երբ ստեղծվում է համապատասխան քանակը, մենք նշանակում ենք ձվաբջիջները վերցնելու օրը եւ կատարում ենք արհեստական բեղմնավորումը: Արդի սաղմնաբանության մեջ գոյություն ունի բեղմնավորման երկու մեթոդ. «ստանդարտ ԱՄԲ» կամ ICSI (intracytoplasmic sperm injection): «Ստանդարտ ԱՄԲ»-ի ժամանակ ձվաբջիջները մի քանի ժամ թողնում են սպերմատազոիդների սուսպենզիայի հետ հատուկ միջավայրում՝ ինկուբատորի մեջ: ICSI-ի ժամանակ սաղմնաբանը, ելնելով սպերմատազոիդի որակական հատկանիշներից, ինքն է ընտրում սպերմատազոիդը ու ներարկում այն ձվաբջջի ցիտոպլազմայից ներս: Այս գործընթացը կատարվում է միկրոմանիպուլյատորի միջոցով եւ պահանջում է բարձր մասնագիտական հմտություններ: Այս մեթոդով բեղմնավորումը կատարվում է, երբ տղամարդու մոտ առկա է խնդիր, ինչպես նաեւ, երբ կնոջ մոտ ձվաբջիջների քանակը շատ քիչ է:
-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
-Վստահ կարող եմ ասել՝ այո: Իհարկե, կինը կարող է ուժեղ լինել: Չնայած, ամեն դեպքում, ներսում թույլ է, բայց կարող է իրեն պահել այնպես, որ ուժեղ է:
-Իսկ ո՞րը կարող եք համարել Ձեր բնավորության թույլ կողմը:
-Իմ խիղճը: Չեմ վախենում ոչնչից, ինձ տանջում է միայն իմ խիղճը: Շատ եմ սիրում մարդկանց, ու այդ ամենն օգնում է իմ աշխատանքում, ուժ է տալիս, որ հասնեմ դրական արդյունքի:
-Մեր ազգը, Ձեր կարծիքով, շնորհակա՞լ ազգ է:
-Իհարկե, երբ դրական արդյունք չի լինում, հիասթափությունը մեծ կարող է լինել, որովհետեւ մարդիկ ներդնում են ջանքեր, գումար, հոգեբանորեն են պատրաստվում ու հանկարծ կարող են կանգնել դատարկության առաջ: Բայց դրական արդյունքի դեպքում շատ շնորհակալ են լինում:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ասել:
-Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի, որ այդ ճանապարհը շատ հեշտ լինի, ու բալիկ ունենալու ուրախությունը, երջանկությունը վայելեն բոլոր ընտանիքները: Մենք աշխատում ենք ու ցանկանում, որ մեր աշխատանքի դրական արդյունքը երջանկացնի անպտղության խնդրի առաջ կանգնած ընտանիքներին: