ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է

Հայաստանում այսօր քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը, մասնագետների կարծիքով, բարձր դիրքերում է, ավելին՝ զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Եվ դա այդպես է, քանի որ ցանկացած ոլորտ անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:

Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) վերաբերող բոլոր միջոցառումները: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Հիվանդության բուժման գործում, իհարկե, կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը:

Քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ փորձեցինք պարզել ոլորտի հետ կապված խնդիրներն ու նորությունները: Նա ունի  տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ ու, չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ, բարձունքներ նվաճել:  

-Պարո՛ն Մուրադյան, քիթ-կոկորդ-ականջաբանության ո՞ր ուղղությամբ եք անձամբ Դուք զբաղվում: 

-Քիթ-կոկորդ-ականջաբանությունն ամբողջությամբ իմ ոլորտն է, բայց ավելի շատ կենտրոնացել եմ քթի եւ դրա հարակից խոռոչների հիվանդությունների վրա, ու,  իհարկե, վերջին ժամանակներում վիրահատությունների մեծ մասը կազմում են ռինոպլաստիկաները՝ համակցված դժվարացած քթային շնչառությունների հետ: Ի դեպ, դա իմ գիտական թեզն է եղել, որը հաջողությամբ պաշտպանել եմ 2014 թվականին: 

-Ձեր կարծիքով ԼՕՌ ճյուղը Հայաստանում զարգացա՞ծ է: 

-ԼՕՌ վիրաբուժությունը մեր երկրում բավականին զարգացած է, ինչի մասին վկայում է այն իրողությունը, որ մեզ մոտ կարող են իրականացվել բոլոր ԼՕՌ վիրահատությունները եւ  կոնսերվատիվ բուժումները:

-Մի փոքր կխոսե՞ք Ձեր մասնագիտական ուղու մասին:

-Իմ մասնագիտական ուղին սկսվում է ծնվածս օրվանից, քանի որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, երրորդ սերնդի քիթ-կոկորդ-ականջաբան եմ, իսկ մեր ընտանիքի քիթ-կոկորդ-ականջաբանության հիմնադիրը, կարելի է ասել, տատիկս է եղել, հետո արդեն՝ հայրս ու ես: Մայրս էլ բժշկուհի է: Մի խոսքով՝ բժշկական հոգեդաստիարակությունն իմ մեջ արմատացած է մանկուց: Եվ պատահական չէր, որ 2001 թվականին ընդունվեցի բժշկական համալսարան, 2007-2010 թվականներին անցա կլինիկական օրդինատուրա քիթ-կոկորդ-ականջաբանություն նեղ մասնագիտացմամբ: Շատ փայլուն եմ անցել ԼՕՌ օրդինատուրան, որովհետեւ իմ ղեկավար-ուսուցիչը հայրս էր, եւ նա ամեն ինչը ինձ սովորեցրել է, այսպես ասած, տնավարի: Մինչեւ 2017 թվականը եղել եմ բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի ասիստենտ, անցյալ տարվանից «Հայբուսակ» համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչն եմ:

2010 թվականին՝ օրդինատուրան ավարտելուն պես, ընդունվել եմ Նորք-Մարաշի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Հետո այնպես ստացվեց, որ հինգ տարվա ընթացքում բավականին փորձ կուտակեցի, որովհետեւ բազմաթիվ հիվանդներ էին այցելում, ու մի պահի այնպես ստացվեց, որ հիվանդների չընդհատվող հոսք եղավ, այսինքն՝ վիրահատում էի գրեթե ամեն օր, եւ տնօրեն Վաչագան Պետրոսի Այվազյանը որոշեց, որ օրթոպեդիկ հիվանդանոցում պետք է գործի  քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Ես էլ, քանի որ արդեն պաշտպանել էի քթի պլաստիկ վիրահատությունների հետ կապված գիտական թեզս, որոշեցի, որ բաժանմունքը կոչվի ԼՕՌ եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք: Ու այդ բաժանմունքը գործեց բավականին հաջող: Մինչեւ 2020 թվականի մայիս ամիսը այնտեղ աշխատեցի, հետո եղավ կորոնավիրուսային վարակը: Մեկ օրվա ընթացքում ինստիտուտը վերապրոֆիլավորվեց որպես ինֆեկցիոն հիվանդանոց, սկզբում բժիշկների պակաս կար, եւ մենք մի քանի վիրաբույժներով վերապատրաստվեցինք ու մնացինք որպես ինֆեկցիոնիստներ: Երկու ամիս աշխատեցինք, մինչեւ համալրվեց համապատասխան պրոֆիլավորված բժշկական բանակը: Ու ես որոշեցի նորից զբաղվել իմ նեղ մասնագիտական գործունեությամբ: Հիմա իմ մասնավոր կլինիկան եմ բացել, աշխատում եմ այստեղ: 

-Ո՞րն եք համարում մասնագիտական Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։ 

-Բժշկի կյանքում ամենակարեւոր ձեռքբերումն իրենից գոհ այցելուներն են: Երբ մի հիվանդ բուժվում-գնում է,  ու հետո իր խորհրդով նոր մարդիկ են գալիս, դա արդեն ես համարում եմ իմ ձեռքբերումը: 

-Կա՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:

-Ամենակարեւոր բանը ազնվությունն է եւ արդարամտությունը:

-Ուսանողներից ի՞նչ կասեք: Մեր ապագա բժկությունը ի՞նչ մակարդակի վրա է:

-Առհասարակ ես համարում եմ, որ Հայաստանում բժշկագիտությունը մեծ զարգացում է ապրել վերջին 10 տարվա ընթացում, եւ այդ միտումը շարունակում է կենսունակ մնալ: Խոսուն փաստ է այն, որ, եթե մի ժամանակ Հայաստանից շատերը վիրահատվելու համար ուրիշ երկրներ էին գնում, հիմա շատ երկրներից պլաստիկ վիրահատությունների համար Հայաստան են գալիս: 

-Որպես կանխարգելիչ միջոց ի՞նչ կառաջարկեք:

-Ցանկացած խնդրի առաջին իսկ նշաններին բախվելու դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ իրականում շատ հաճախ ենք հանդիպում արդեն բարդացած իրավիճակներում հայտնված հիվանդների, որի պատճառը թե՛ ծնողների, թե՛ շրջապատի մարդկանց սխալ խորհուրդներին հետեւելն է եղել: Խորհուրդս է՝ առաջին իսկ նշանների դեպքում դիմել համապատասխան բժշկի օգնությանը, որպեսզի հետագա բուժումն ու դրա արդյունքները դրական լինեն:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն եւ հավատ. ցանկացած խնդրի առկայության դեպքում մեծ հավատով տոգորված լինեն թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, քանզի ցանկացած հիվանդության դեպքում առողջացման միակ գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը: Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ եւ գոնե տարին մեկ անգամ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր