Աշխեն Բալբաբյան

(0 votes)
There is no translation available.

Ականջի բարդ վիրահատություններ կատարելու առումով Անդրկովկասում առաջատարը Հայաստանն է. Աշխեն Բալբաբյան

 Երեք տարբեր օրգաններ՝ մեկ համակարգում. ճիշտ եք, խոսքը ԼՕՌ համակարգի մասին է՝ քիթ-կոկորդ-ականջ: Թերևս չկա ոչ ոք, ով կյանքում երբևէ առնչված չլինի այս երեք օրգաններից որևէ մեկի հիվանդությանը: Եթե ոչ այլ ինչ, ապա գոնե վիրուսներ բոլորս էլ տանում ենք, իսկ դրանք, այսպես թե այնպես, որևէ կերպ ախտահարում են քիթը, կոկորդը, ականջը, կամ էլ՝ երեքը միասին: Սա էլ երևի թե բախտի բան է. ով վիրուսից ավելի հեշտ է ազատվում, նրա բախտը բերում է: Սակայն հիվանդությունը հաղթահարելու գործում  առավել մեծ հաջողություն է ունենում նա, որին հանդիպում է իսկապես որակյալ մասնագետ:

Աշխեն Բալբաբյանի մասին, անշուշտ, շատերը լսած կլինեն, իսկ շատերն էլ անձամբ պատիվ ունեցած կլինեն իրենց շնորհակալությունը հայտնելու բժշկուհուն՝ այս կամ այն հիվանդությունից բարեհաջող բուժվելու կապակցությամբ: Ի դեպ՝ Աշխեն Բալբաբյանն այս տարի «Որակի նշան» մրցանակաբաշխությանը ճանաչվել է լավագույն բժիշկ, ինչին էլ իրավամբ արժանի է, և սա կփաստեն նրա բազմաթվ հիվանդները:

Մեղմ ժպիտով, հանգիստ բնավորությամբ և յուրաքանչյուր այցելուի նկատմամբ բարեհամբույր բժշկուհին թե՛ իր վերաբերմունքի, թե՛ իր մասնագիտական բարձր որակների շնորհիվ սիրված է շատ-շատերի կողմից, և իսկապես նրա՛նց բախտն է բերում, որոնք դիմում են հենց Աշխեն Բալբաբյանին:

http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է «Էրեբունի բժշկական կենտրոնի» օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կոնսուլտանտ, ծառայության ղեկավար Աշխեն Բալբաբյանը:

-Բժշկուհի՛, երեք տարբեր օրգանների հետ գործ ունեք՝ քիթ, կոկորդ, ականջ: Ձեզ առավելապես ի՞նչ հիվանդությունների դեպքում են դիմում:

-Հիմնականում ականջի խնդրով՝ բորբոքային խնդիրներ և այլն, հետո նոր քիթ և կոկորդ, քանի որ ես ավելի շատ մասնագիտացած եմ լսողության հետազոտությունների և ականջի հիվանդությունների դիագնոստիկայի ուղղությամբ:

-Հետաքրքիր է, երբ այս երեք օրգաններից որևէ մեկն ախտահարվում է, պարտադի՞ր է, որ մյուս երկուսը կամ մեկը նույնպես, այսպես ասած, հիվանդանան:

-Դրանք սովորաբար շաղկապված են, որովհետև, օրինակ, ականջի բորբոքային հիվանդություները, որպես կանոն, հաջորդում են տարած վերին շնչուղիների վիրուսային կամ բակտերիալ հիվանդություններին կամ ախտահարումներին: Ու թեև կարող ենք գործ ունենալ միայն ռինոսինուսիտների, տոնզիլիտների հետ, սակայն սովորաբար դրանք մեկը մյուսով պայմանավորված հիվանդություններ են:

-Իսկ ԼՕՌ համակարգի հիվանդություններն ավելի շատ ձեռքբերովի՞ են լինում, թե՞ բնածին:     

-Բորբոքային հիվանդությունները հիմնականում լինում են ձեռքբերովի՝ պայմանավորված օրգանիզմի իմուն համակարգի վիճակով, իսկ ծանրալսությունները լինում են և՛ ձեռքբերովի, և՛ բնածին՝ պայմանավորված, օրինակ, հղիության հատկապես առաջին եռամսյակում մոր տարած վիրուսով կամ այլ հիվանդություններով, որոնք բերում են պտղի զարգացման խանգարման, ինչն էլ հանգեցնում է ծանրալսության, ինչպես նաև՝ պայմանավորված ժառանգական նախատրամադրվածությամբ:

-Հայաստանում ԼՕՌ համակարգի օրգանների, մասնավորապես՝ ականջի բարդ վիրահատություններ արվու՞մ են:

-Այո, անշուշտ, մեր կլինիկայի համապատասխան բաժանմունքում արվում են լսողութան վերականգնման բոլոր վիրահատությունները, կարող եմ ասել անգամ, որ ամբողջ Անդրկովկասում հենց մեզ մոտ են արվում ականջի տարբեր վիրահատություններ, օրինակ՝ կոխլեար իմպլանտացիա և ներքին ականջի այլ անոմալիաներով պայմանավորված վիրահատություններ, և Հայաստանը հաստատ հետ չի մնում, եթե նույնիսկ առաջ էլ չէ այլ երկրներից:

-Իսկ տեխնիկապես հագեցա՞ծ են մեր բժշկական կենտրոնները:

-Այո, Երևանում հիմնականում տեխնիկապես ամբողջովին հագեցած են, ինչն էլ թույլ է տալիս կատարել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների վիրաբուժական միջամտություններ: Իսկ մարզերում կան հիվանդանոցներ, որոնք չունեն համապատասխան հագեցվածություն և ունեն մասնագետների կարիք: Դա է պատճառը, որ հիվանդները ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել և հասնել Երևան:

-Իհարկե, շատ լավ է, երբ և՛ մասնագետներն են փայլուն, և՛ տեխնիկան է գերժամանակակից, սակայն երևի թե կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում…

-ԼՕՌ համակարգում անբուժելի հիվանդությունները վերաբերում են ուռուցքներին, քրոնիկ սենսոնևրալ ծանրալսություններին, հանդիպում են նաև քիթըմպանի ուռուցքով հիվանդներ: Մեզ դիմել են էքսուդատիվ օտիտի կապակցությամբ, և ԿՏ, ՄՌՏ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է քիթըմպանի ուռուցք: Նաև մեծ խնդիր է համարվում քրոնիկ  սենսոնևրալ ծանրալսությամբ հիվանդների վարումը: Տվյալ դեպքում հիվանդներին ցուցված է ադեկվատ լսապրոթեզավորում (լսողական սարքերի կրում), որն ինչ-ինչ պատճառներով անընդունելի է հիվանդների կողմից: Դրա համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիմելը, քանի որ երբ հիվանդի մոտ լսողության վատացումը նոր է սկսվում, սկզբնական փուլում բուժելու դեպքում դրական արդյունք ենք գրանցում, և հիվանդները չեն ունենում քրոնիկ ծանրալսություն:

-Կա՞ն հիվանդություններ, որոնցով դիմելիությունը տարիների ընթացքում ավելի հաճախակի է դարձել:

-Բավականին հաճախացել է աուտիզմով տառապող հիվանդների քանակը: Հիմնականում դա բացատրվում է միջավայրի ախտոտվածությամբ՝ հատկապես ծանր մետաղներով, որը, իր հերթին, հանգեցնում է գենետիկ մուտացիաների: Հիմնականում մեզ դիմում են այն ծնողները, որոնց երեխաները, օրինակ, չեն արձագանքում հարցերին, և նրանք կարծում են, թե երեխաները խնդիր ունեն լսողության հետ, սակայն հետազոտությունը պարզում է, որ երեխան տառապում է աուտիզմով: Շատացել են նաև ալերգիաները՝ համեմատած մոտ երեսուն տարի առաջվա հետ. սա դարձյալ միջավայրի աղտոտվածությամբ են պայմանավորում…

-Իսկ աուտիզմ ունեցող երեխաները պարտադիր ունենու՞մ են ծանրալսություն:

-Հիմնականում ոչ, այն կարող է զուգորդվել, ուղղակի պատահականություն լինել, հիվանդները կարող են դիմել զուտ ականջի բորբոքման պատճառով:

-Փաստորեն՝ Դուք երեխաների հետ էլ եք աշխատում:

-Այո:

-Իսկ ո՞ր տարիքից սկսած:

-Զրո…

-Բժշկուհի՛, հայտնի է, որ գոյություն ունի տեսողության հիգիենա: ԼՕՌ համակարգում նման հասկացություն կա՞, ինչպե՞ս է այն արտահայտվում:

-Հիմնականում դա վերաբերում է այն մարդկանց, որոնք աշխատում են աղմկոտ միջավայրում: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ մեր բոլոր հիմնարկներում հետևում են հիգիենային՝ հատկապես ձայնային, քանի որ երբ մարդիկ երկար ժամանակ աշխատում են աղմուկի մեջ, գալիս է մի պահ, երբ ականջը հոգնում է դրանից, և առաջանում են տարբեր խնդիրներ՝ աղմուկ ականջներում, ծանրալսություն և այլն… Դա շատ մեծ խնդիր է, այն կոչվում է պրոֆեսիոնալ ծանրալսություն: Կան նաև երաժիշտներ, որոնց հիմնական գանգատը նույնպես աղմուկն է ականջներում և ծանրալսությունը: Զինվորների, որսորդների մոտ դա ևս լինում է: Մենք նրանց անպատճառ զգուշացնում ենք, որ եթե իրենք շարունակեն աշխատել նման պայմաններում, շուտով կունենան լսողական սարքի անհրաժեշտություն: Այսինքն՝ պետք է գոնե պահպանենք այն, ինչ այդ պահին ունենք. ուղղակի պետք է խուսափել աղմուկից: Հիգիենան դա է, և, իհարկե, ականջ մաքրելը: Երբ մարդիկ չարաշահում են, առաջանում են բորբոքում, օտիտներ և այլն…

Ականջի ներսում կան գեղձեր, որոնք արտադրում են ծծումբ, դա ունի մեծ նշանակություն, այն փափկացնում է, խոնավություն է ապահովում, պաշտպանում է բակտերիաներից, իսկ երբ մենք անընդհատ մաքրում ենք ականջները, դրանով վնասում ենք մաշկը՝ առաջացնելով բորբոքում, արդյունքում կարող են լինել ֆուրունկուլներ, աբսցեսներ և այլն: Այսինքն՝ հիվանդներն իրենք են առաջացնում խնդիրը: Պետք չէ այդքան հաճախ մաքրել ականջները:

-Այդ դեպքում ինչպե՞ս է պետք հետևել ականջների մաքրությանը:

-Լողանալուց հետո պետք է չորացնել գլուխը, սրբիչով սրբել ականջները՝ ականջմաքրիչները չմտցնելով ականջի մեջ:

-Բժշկուհի, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կուզենամ, որ բոլորն առողջ լինեն, բոլոր հիվանդությունները լինեն թեթև, հեշտ բուժելի, հիվանդներն էլ չզբաղվեն ինքնաբուժությամբ, չլսեն հարևաններին, դեղատան աշխատողներին, այլ սկզբնական էտապում դիմեն բժշկի, որպեսզի հնարավոր լինի լիարժեք բուժել հիվանդությունը:

Ցանկանում եմ նաև, որ բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ և այսուհետ լսենք միայն ուրախության ճիչեր և հաղթանակի համազարկեր…

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր