Վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է
Որքան գայթակղիչ է ճերմակ խալաթը, նույնքան էլ պարտավորեցնող եւ դժվարին է բժշկի աշխատանքը, որը բազմակի անգամ ավելի շատ մարդասիրություն, համբերություն ու բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածության, քաղցկեղի տեսակների, բուժման արդյունավետ մեթոդների շուրջ:
-Պարո՛ն Վարժապետյան, որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:
-Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե, բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն, այնուամենայնիվ, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ է, հետեւաբար, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:
Բավականին տարածված են նաեւ հարվահանաձեւ գեղձի հիվանդությունները: Հիպոպարաթիրեոզի (հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի) հիմնական պատճառը նրանց վնասումը կամ հեռացումն է վահանաձեւ գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով, երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ ու ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների եւ խանգարումների բուժումը: Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման, որը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ եւ չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների (ադրենալինի եւ նորադրենալինի) քանակի կտրուկ ու անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, «բուժման չենթարկվող» բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղեստամոքսային ուղու տարբեր խանգարումներ եւ այլն:
-Չարորակ ուռուցքներով ախտահարումը «երիտասարդացե՞լ» է:
-Ցավով պետք է նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Եթե այն նախկինում արձանագրվում էր ավելի շատ մեծահասակների մոտ, ապա վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի հիվանդություններ հայտնաբերվում է նույնիսկ 14 տարեկանների մոտ: Իսկ դրանց նպաստող գործոններ են ժառանգականությունը, ինչպես նաեւ այս ինտերնետային դարում ճառագայթային ֆոնի բարձրացումը, որը մենք հստակ նկատում ենք հեռախոսների հետ ինտեսիվ շփման դեպքում: Միջազգային վիճակագրության համաձայն, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Դրանք ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձեւեր, երբ ուռուցքային բջիջները «հիշում են», թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար եւ ֆուլիկուլյար ձեւերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձեւերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում եւ անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքում արձանագրվում է մահ:
-Իսկ ի՞նչ կասեք մեդուլյար քաղցկեղի մասին:
-Մեդուլյար քաղցկեղն առաջանում է C բջիջներից, որոնք համարվում են «ոչ տեղացի» բջիջներ վահանաձեւ գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, եւ նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք հեռացնում ենք ե՛ւ վահանաձեւ գեղձը, ե՛ւ լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:
-Ինվազիվ վիրահատական միջամտությունը մեդուլյար քաղցկեղի դեպքում կիրառելի՞ է:
-Մեդուլյար քաղցկեղի դեպքում դա բացառվում է. մենք պետք է արմատապես հեռացնենք այդ ուռուցքը, քանի որ նժարի վրա դրված է պացինետի ապրել-չապրելու հարցը:
-Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:
-Մեր ծառայությունը հիմնականում իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի եւ մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում նորագույն եղանակների ու սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը, կրճատվել՝ ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները: Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, եւ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունները։ Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի (որի անդամն եմ նաեւ ես), ռուսական էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի ուղեցույցերով: Իրականացնում ենք բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձեւ կտրվածքի միջոցով, կիրառում ենք նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: Բուժօգնության մեջ օգտագործում ենք նաեւ բուժման նվազ ինվազիվ, ոչ վիրահատական մեթոդներ, մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ…
–Պարո՛ն Վարժապետյան, ինչպիսի՞ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի:
– Ախտանիշները տարբեր են: Ինչպես նշեցի, վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդն անհրաժեշտություն է, եւ դրա պակասը կամ ավելցուկը կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Եթե, օրինակ, յոդի պակասի պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, գեղձն իր ծավալով մեծանում եւ առաջացնում է սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնանալիս, լարված իրավիճակներում: Վահանաձեւ գեղձի ծավալը մեծանում է, այն սեղմում է շնչափողը եւ հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձեւ կամ խեղդող հազ: Եթե, ծավալային փոփոխությունից բացի, փոխվում է նաեւ գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաեւ ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:
Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, ու հիվանդը որեւէ գանգատ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:
-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ի՞նչ կասեք բժշկության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած սերնդի մասին:
-Ես շատ հպարտ եմ մեր երիտասարդ սերնդով. նրանք խոստումնակից են: Եվ ես վստահ եմ, որ մեր բժշկության ապագան ապահով ձեռքերում է լինելու:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Ցանկանում եմ մեր հասարակությանը հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգեւին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: Կյանքը մեծագույն պարգեւ է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձեւն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարեւոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում: