Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք
Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց ու վերածվում է ապրելակերպի:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ, ընտրել է բժշկի մասնագիտությունը եւ երբեք չի զղջացել, առաջնորդվել է իր եւ այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Նման մասնագետը, բնականաբար, չի կարող սիրված չլինել պացիենտների, հասարակության կողմից:
-Ի՞նչն եք համարում ամենաէականը բժշկի մասնագիտության մեջ:
-Առաջնահերթը համարում եմ գիտելիքները եւ աշխատանքային փորձը, այնուհետեւ՝ սերը մասնագիտության ու մարդու հանդեպ եւ, ի վերջո, համբերատարությունը։
-Ի՞նչ կասեք Ձեր՝ մարդ-բժիշկ էության մասին:
-Սեփական անձի մասին, առհասարակ, խոսել չեմ սիրում եւ կարծում եմ՝ կերպարս ինձ ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Երեւի ամենահատկանշականն այն է, որ միշտ ձգտում եմ լավագույնին, եւ ինձ համար ամենաանընդունելի կարգավիճակը ցանկացած պարագայում միջակությունն է: Ուստի պահանջկոտ եմ թե՛ ինքս իմ, թե՛ դիմացինի, բոլորի նկատմամբ, ովքեր իմ՝ լավագույն արդյունքի հասնելու գործում նույնիսկ չնչին մասնակցություն ունեն։ Օրվա ամենասիրելի ժամանակահատվածն ինձ համար պացիենտներին լսելն ու նրանց հետ զրուցելն է, որն իմ աշխատանքի շարունակությունն է: Յուրաքանչյուրից այնքան բան կարելի է սովորել: Եվ, ի վերջո, երբ լսում ես նրանց պատմությունները կամ գուցե նաեւ՝ խնդիրները, զգում ես, որ արդեն իսկ աջակցում ես թեկուզ միայն լսելով կամ խորհուրդներ տալով։
-Ձեր արմատներոմ կա՞ն բժիշկներ:
-Ոչ, իմ արմատներում չկան բժիշկներ, ու նաեւ դա ինձ դրդեց ընտրել բժշկության ոլորտը, որ կարողանամ իմ հարազատներին օգնել առողջական խնդիրների դեպքում:
-Ունենո՞ւմ եք հիասթափություններ կյանքում, աշխատանքային միջավայրում եւ ինչպե՞ս եք դուրս գալիս դժվարին, բարդ իրավիճակներից:
-Երիտասարդ տարիքում հիասթափություններ հաճախ էին լինում: Սակայն տարիների փորձառությունը, իմացությունը օգնում են նաեւ կյանքին, դժվարություններին այլ կերպ վերաբերվել եւ դիմանալ: Բացի այդ, մասնագիտական դժվարին պահերին խորհրդակցում եմ ավագ գործընկերներիս հետ, իսկ կյանքում խորհրդատու են ընտանիքիս անդամները։ Այնպես որ, հիմա հիասթափությունները, անկումային պահերը հազվադեպ են։
- Ձեր երեխաները բժշկի մասնագիտությո՞ւն են ընտրել:
-Անկեղծորեն ասեմ, որ ես եմ աղջկաս հետ կանգնեցրել բժշկությունից: Ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը, ու, եթե ինձ կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, միանշանակ կընտրեի բժշկության ոլորտը: Բայց, նաեւ տեսնելով դրա հետ կապված ահռելի դժվարությունները, չեմ ցանկանա՝ իմ աղջիկն էլ անցնի այդ նույն ճանապարհով, որը ընտանիքի հետ դժվար համատեղելի է:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային շերտագրումը:
-Համակարգչային շերտագրումն (ՀՇ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է՝ հիմնված ռենտգենյան ճառագայթների վրա: Ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա համակարգչային մշակումներ, տալիս է օրգան-համակարգերի ամբողջական պատկերը՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիական փոփոխությունները:
Համակարգչային շերտագրման միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղում, կրծքավանդակի եւ որովայնի խոռոչների օրգաններում, հետորովայնամզային տարածությունում եւ փոքր կոնքում, անոթներում, քիթ-կոկորդ-ականջ օրգաններում, ոսկրերում ու հոդերում, ինչպես նաեւ ողնաշարում առկա ախտաբանական շատ փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ: Այն բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ եւ չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, դրանց բնույթը, տարածվածության աստիճանը եւ անոթավորումը որոշելու համար:
Համակարգչային շերտագրում իրականացնելու բացարձակ հակացուցումներ չկան, իսկ հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են` ալերգիկ հիվանդություններ (հատկապես՝ բրոնխիալ ասթմա), յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա, երիկամային անբավարարություն, հղիություն, վահանաձեւ գեղձի հիպերթիրեոզ: Համակարգչային շերտագրումը բավականին ինֆորմատիվություն ունի, սակայն չենք կարող այն համարել մեզ ամբողջական ինֆորմացիա տվող հետազոտման մեթոդ: Այդ առումով առաջինը բժշկի ուղեղն է, ապա նոր միայն՝ այդ մեթոդները: Իսկ ընդհանրապես ուռուցքը հայտնաբերելու առումով բազմաթիվ նրբություններ կան:
Ասեմ, որ COVID-19-ի համար համակարգչային շերտագրման ժամանակ կոնտրաստ նյութ կիրառել անհրաժեշտ չէ, քանի որ առանց դրա էլ համակարգչային շերտագրությունը տալիս է հստակ պատկեր: Այն շատ ինֆորմատիվ է թոքերի ախտահարման աստիճանը եւ բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Իհարկե, ես կողմնակից եմ պատվաստմանը, քանի որ մեզ փորձը ցույց տվեց, որ պատվաստված մարդկանց մոտ մահացության տոկոսը բավականին ցածր է:
Մեր բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով, այստեղ իրականացվում են եվրոպական ստանդարտներին բացարձակապես չզիջող հետազոտություններ: Եվ ես կցանկանայի, որ հանրությունը ավելի լուրջ վերաբերվի հետազոտություններին, վստահի բժիշկներին եւ հետազոտվի միայն բժշկի ցուցումով:
-Որքա՞ն ժամանակը մեկ կարող է իրականացվել համակարգչային շերտագրումը:
-Ամեն դեպքում մենք գործ ունենք բարձր դոզայով ճառագայթման հետ, եւ ՀՇ-ն պետք է պարտադիր լինի բժշկի ցուցումով: Տարեկան ճառագայթման դոզա գոյությունի ունի, որի սահմանը պետք չէ անցնել: Իհարկե, լինում են ծանր դեպքեր, երբ շերտագրման անհրաժեշտությունը ավելի կարեւոր է, քան այդ դոզայի չափը: Մենք կիրառում ենք ծրագրեր, որոնք առավելագույն չափով պակասեցնում են ճառագայթման չափը:
-Երբ հիվանդի մոտ ախտորոշվում է չարորակ գոյացություն, Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է նրան հայտնել այդ մասին:
-Իհարկե, արգելելու կամ հայտնելու առումով գործող օրենք գոյություն չունի մեր հանրապետությունում, եւ դա արվում է զուտ մարդկայնորեն: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում ասել պացիենտին այդ մասին՝ աշխատելով հոգեբանորեն չազդել նրա վրա:
-Ըստ Ձեզ, մեր երկրում ռադիոլոգիան ի՞նչ մակարդակ ունի:
-Վստահ կարող եմ ասել, որ մեր ռադիոլոգիան առաջատար դիրքերում է գտնվում, եւ ես բարձր եմ գնահատում մեր խոշորագույն կլինիկանների մասնագետների անձնվեր, անմնացորդ նվիրված աշխատանքը, քանի որ միանշանակ ճշգրիտ ախտորոշումից է կախված բուժման հետագա ընթացքը:
-Ի՞նչ կասեք ձեր կլինիկայի երիտասարդ կադրերի մասին:
-Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են թե՛ թերացողներ, թե՛ ձգտող-պրպտողներ: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ հենց այդ ձգտող-պրպտողներն ապագայում իրենց մասնագիտության մեջ կլինեն առաջատար դիրքերում, քանի որ նաեւ նրանց հնարավորություններն են ավելի շատ, քան մեր ժամանակներում էր: Նկատի ունեմ թե՛ հարուստ գրականությունը, թե՛ ինտերնետ պորտալը: Այժմ՝ COVID 19-ի շրջանում, առցանց շփումներն են շատացել, եւ մասնագետներին հնարավորություն է ընձեռվում առցանց մասնակցել միջազգային կոնֆերանսների: Իսկ նախկինում միայն վերապատրաստումներն էին արտերկրում:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք եւ կհորդորեք հասարակությանը:
-Մենք այս մեկ տարվա ընցացքում ունեցանք բավականին մեծ մարդկային ու նաեւ հոգեբանական կորուստներ պատերազմի ու համավարակի հետեւանքով, եւ ես շատ եմ խնդրում մեր հասարակությանը ավելի շատ հետեւել առողջությանը. ամեն անհատ պետք է հայ ազգի գոյատեւման մասնիկը լինի: Կցանկանամ, որ մեր առողջապահական ոլորտը ավելի շատ ֆինանսավորվի, որպեսզի հիվանդը սոցիալական ծանր վիճակի պատճառով չխուսափի գոնե տարին մեկ անգամ հետազոտվելուց, որպեսզի մեզ չդիմեն հիվանդության բարդացած փուլում, երբ արդեն ուշ է լինում ինչ-որ բան անել բուժման լավագույն ընթացքի համար: Հայ կանանց, մայրերին հորդորում եմ ծնելիության մակարդակը բարձրացնել, որպեսզի նաեւ այդպես մեր հայ ազգին օգնենք վերականգնվել: Ես Արցախի ծնունդ եմ, տարա հոգեբանական սարսափելի սթրես ու չեմ կարող բառերով արտահայտել ցավս եւ ցասումս: 44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող հաղթահարվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Բայց պատերազմի մասին հիշողությունը միայն վիշտ չէ: Դա հիշողություն է թեժ մարտերի, մեր զինվորների խիզախության ու սխրանքների մասին, իրենց որդիներին առաջնագիծ ճանապարհած մայրերի անքուն գիշերների եւ նրանց տոկունության մասին…
Համբերություն ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս:
Եթե մարդ կոմպլեքսավորվում է իր արտաքին տեսքի պատճառով, պետք է պարտադիր դիմի բժշկի. Մեսրոպ Մանասյան
Անշուշտ, առողջությունն ամենաթանկն է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև արտաքին գեղեցկությունը, իսկ առողջության ու գեղեցկության համադրությունը կարող է երկնել երջանկություն:
Արդեն վաղուց տարօրինակ կամ արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ մարդը դիմում է բժշկի ոչ միայն և ոչ թե բուժման, այլ զուտ արտաքին գեղեցկության ապահովման նպատակով: Այս պարագայում ահռելի գործ են կատարում հատկապես դիմածնոտային վիրաբույժները: Չէ՞ որ հենց նրանք են կատարում ռինոպլաստիկա՝ քթի վիրահատություն, որն այնքան տարածված է այսօր թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում՝ առհասարակ:
Ոմանց չի գոհացնում սեփական արտաքին տեսքը, ոմանք էլ պարզապես ցանկանում են նմանվել այս կամ այն երգչին, դերասանին, և այս նպատակով նրանց քայլերն ուղղվում են դեպի համապատասխան մասնագետը, որն էլ պարգևում է նրանց ինքնավստահ զգալու բերկրանքը:
Դիմածնոտային վիրաբույժ, օրթոդոնտ, «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ, Օրթոպեդիկ հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ, Մասիսի և Աբովյանի բժշկական կենտրոնների դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Օրթոդոնտների ասոցիացիայի անդամ Մեսրոպ Մանասյանը երիտասարդ, սակայն արդեն բավականին հմուտ բժիշկ է, որն այսօր մեծ հաջողությամբ ու ամենայն պատասխանատվությամբ աշխատում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների հետ՝ կատարելով ոչ միայն էսթետիկ շտկումներ, այլև վիրահատություններ՝ բուժման նպատակով՝ կիրառելով ժամանակակից սարքավորումների ամենավերջին նորությունները:
Ինչպես մեր ընթերցողներն արդեն կռահեցին՝ http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Մեսրոպ Մանասյանը:
-Պարոն Մանասյան, Ձեր գործունեության շրջանակն այնքան լայն է, հետաքրքիր է, Ձեզ առավելապես ի՞նչ խնդիրներով են դիմում:
-Շատ տարբեր խնդիրներով՝ դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ՝ աբսցես, ֆլեգմոնա, կիստաներ, շատ հաճախ ուռուցքներ ենք հեռացնում, թքագեղձերի խնդիրներ, ծնոտի անոմալիաներ, բայց ամենից հաճախ, իհարկե, դիմում են ռինոպլաստիկայի համար, ինչպես նաև՝ ատամնային իմպլանտացիայի:
-Ատամի իմպլանտացիան ի՞նչ նպատակներով է արվում՝ բուժմա՞ն, թե՞ էսթետիկ շտկման:
-Ատամի բացակայության դեպքում է կատարվում, սովորական պրոթեզավորման հետ համեմատած՝ սրա առավելությունն այն է, որ առանց կողքի ատամները վնասելու՝ իմպլանտը դրվում է ծնոտի ոսկրի մեջ, որի վրա հետագայում ստոմատոլոգը հավաքում է ատամ… Ես «Մանասյան» դենտալ կլինիկայի տնօրենն եմ, մենք ունենք շատ լավ ստոմատոլոգներ, նեղ մասնագիտացված օրթոպեդներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգներ, և վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվում են «Մանասյան» դենտալ կլինիկայում:
-Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:
-Իհարկե, երեխաներին վիրահատում ենք շնչառական գանգատների, տարբեր նորագոյացությունների և շատ այլ խնդիրների դեպքում: Այս պահին պացիենտ ունենք՝ 14 տարեկան, ծնոտի չորրորդ սեգմենտում մեծ կիստա կա՝ 3 սմ երկարությամբ, 2 սմ բարձրությամբ, պետք է հեռացնենք այն:
-Երեխաների խնդիրները բնածի՞ն են լինում, թե՞ ձեռքբերովի:
-Տվյալ դեպքում՝ ատամնածին ծագում ունի այդ կիստան, կապված է սխալ բուժված ատամի հետ, բայց բնածին էլ են լինում, ձեռքբերովի էլ, ծնոտների հետ կապված խնդիրներ, տարբեր կիստաներ, բորբոքային հիվանդություններ, անոմալիաներ, նապաստակի շրթունք՝ երեխաների մոտ…
-Իսկ Ձեզ համար ավելի հեշտ է երեխաների՞ հետ աշխատել, թե՞ մեծահասակների:
-Ինձ ավելի հեշտ է իմ մասնագիտությամբ աշխատել (ծիծաղում է-խմբ.), նշանակություն չունի՝ երեխա, թե մեծ:
-Անդրադառնանք քթի պլաստիկ վիրահատություններին: Ամենից հաճախ ո՞ր դեպքերում են դիմում՝ խնդիրների առկայությա՞ն, թե՞ էսթետիկ շտկման:
-Հիմնականում էսթետիկ շտկման համար են դիմում, բայց ուղիղ, իդեալական քթի միջնապատ չի լինում՝ որպես այդպիսին: Շատ դեպքերում, երբ քիթը փոքրացնում ենք, սկսում են արտահայտվել շնչառական գանգատները, այդ պատճառով մենք նաև միջնապատի խնդիրն ենք լուծում՝ ուղղում ենք, այսինքն՝ նաև ֆունկցիոնալ խնդիրներն ենք վերացնում, որպեսզի հետագայում՝ քթի պլաստիկայից հետո, պացիենտները չունենան շնչառական գանգատներ: Երևի շատ եք լսել, որ պացիենտները բողոքում են, որ պլաստիկայից հետո շնչառական խնդիրներ են ունենում: Մեզ մոտ դա չի լինում, որովհետև նաև ֆունկցիան ենք շտկում: Բայց նաև շատ են դիմում միայն ֆունկցիոնալ խնդիրը շտկելու համար՝ քթի կոտրվածք, ծուռ միջնապատ, այտուցված հիպերտրոֆիկ խեցիների, հայմորյան ծոցերի բորբոքման դեպքերում և այլն, և շատ մեծ հաջողությամբ նաև այս խնդիրներն ենք լուծում:
-Պարոն Մանասյան, ճի՞շտ է, որ մեր օրերում տղամարդիկ սկսել են հաճախ դիմել քթի վիրահատության՝ զուտ էսթետիկ նկատառումներով:
-Հենց այսօր մի տղամարդու եմ վիրահատել:
-Իսկ պատահու՞մ է, որ պացիենտը ցանկանում է որևէ կոնկրետ տիպի քիթ:
-Այո, իհարկե, կոնկրետ այսօրվա պացիենտը Բրեդ Փիթի քիթն է ուզել, 17 տարեկան տղա է: Հիմնականում, սակայն, բարենպաստ տարիքը 18-35 տարեկանն է, բայց խիստ ցուցման դեպքում նաև ավելի շուտ ենք վիրահատում: Այս տղայի քիթը լիովին փակ էր, բերանով էր շնչում, դա արդեն խիստ ցուցում է, որի դեպքում նաև 16 տարեկանից հետո ենք վիրահատում:
-Բացի Բրեդ Փիթից՝ է՞լ ում քիթն են «պատվիրում» պացիենտները:
-Անահիտ Սիմոնյանի քիթն են շատ ուզում, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ աստղերի՝ երգիչ-երգչուհիների ու դերասանների, բայց հիմնականում ֆոտոմոդելավորում ենք, առաջարկում ենք տարբերակներ, սակայն վերջում, իհարկե, պացիենտի ցանկությամբ ենք առաջնորդվում:
-Իսկ հիմնականում ո՞ր տարիքի կանայք են դիմում այս հարցով:
-Տարբեր տարիքների, նույնիսկ 63 տարեկան կնոջ եմ վիրահատել:
-Նկատի ունեմ ոչ թե խնդրի դեպքում, այլ զուտ էսթետիկ:
-Այո, հենց էսթետիկ շտկման համար:
-Խնդրում եմ, անդրադարձեք նաև հետվիրահատական վերականգնողական շրջանին:
-Վիրահատությունից հետո քթի մեջ սիլիկոնային տամպոններ ենք տեղադրում, որոնք առաջվա մեծ տամպոնները չեն, փոքր են, քթի վրա ոչ թե գիպս ենք տեղադրում, այլ թերմոպլաստ, որը ժամանակակից մեթոդ է: Սիլիկոնային տամպոնները հեռացնում ենք հիմնականում երկու օր հետո, իսկ թերմոպլաստը՝ ինն օր հետո: Միջնապատի շտկումների դեպքում նաև հատուկ սպլինտներ ենք տեղադրում, որոնք երկու շաբաթ մնում են, որպեսզի քթի միջնապատն ուղիղ ձևավորվի: Հիմնական այտուցները երկու ամսվա ընթացքում նստում են, բայց քթի վերջնական ձևը ստանում ենք մեկ տարի հետո, քանի որ քիթը խիտ անոթավորված օրգան է, և իր այտուցները փոքր-ինչ դանդաղ են նստում:
-Բժի՛շկ, պատահու՞մ է, որ պացիենտը դժգոհ է մնում և արդեն իսկ վիրահատած քիթը երկրորդ անգամ է վիրահատում:
-Շատ հազվադեպ է լինում, բայց լինում է. ոչ թե դժգոհ են մնում, այլ իրենց սպասումներն արդարացած չեն լինում: Օրինակ՝ շատ մեծ քիթը չենք կարող միանգամից շատ փոքրացնել, որովհետև քթի աճառները, ոսկրերը փոքրացնում ենք, բայց մաշկը չենք հատում, մաշկն ինքնըստինքյան պետք է կրճատվի, իսկ եթե շատ մեծ քիթը շատ փոքրացնում ես, մաշկը լավ չի հասցնում կրճատվել և գեղեցիկ չի լինում, դրա համար շատ դեպքերում շատ փոքր քիթ են ցանկանում, որը միանգամից շատ չենք կարող փոքրացնել: Իհարկե, պացիենտներին այս ամենը բացատրում ենք, բայց լինում են դեպքեր, երբ երկրորդ անգամ են գալիս վիրահատվելու, որ ավելի փոքրացնեն: Ի դեպ՝ հաստ ու յուղոտ մաշկն ավելի դժվար է կրճատվում…
-Անդրադառնանք նաև ատամների հետ կապված խնդիրներին: «Մանասյան» դենտալ կլինիկայում ի՞նչ նորույթներ են կիրառվում այս բնագավառում:
-Մեզ մոտ ամենաժամանակակից տեխնոլոգիաներն են կիրառվում, ունենք իմպլանտացիայի համար սարքավորումներ, լուսային սպիտակեցման սարքավորումներ, ատամի արմատների բուժման համար էնդոմատոր, ապեքսլոկատոր, ունենք նաև ռադիովիզիոգրաֆ և պորտատիվ ռենտգեն սարք, որը հարմար է այնքանով, որ հիվանդը տեղից չի վեր կենում, ճառագայթումը հավասար է զրոյի, ցուցված է նաև երեխաներին ու հղիներին: Ունենք նաև տեխնիկական լաբորատորիա, կլինիկայում կատարվում են ամենաժամանակակից բուժումները՝ պրես կերամիկա, վինիրներ, իմպալնտացիա, տարբեր կոնստրուկցիաներ, կատարվում են նաև օրթոդոնտիկ բուժում, ատամների անոմալիաների շտկում՝ ցանկացած բարդության…
-Պարոն Մանասյան, ցավից բացի՝ մարդու մոտ ի՞նչ խնդիր պիտի լինի, որ դիմի բժշկի:
-Ճիշտ է, Հայաստանում դա ընդունված չէ, բայց ընդհանրապես՝ վեց ամիսը մեկ մարդը պետք է գա ստուգման, ատամնաքարերը մաքրի, հիմնականում դրա պատճառով են խնդիրներ առաջանում մարդկանց մոտ՝ լինդն է բորբոքվում, իջնում է ոսկրային հյուսվածքը, ատամներն են թուլանում…
-Դա միայն մեծահասակների՞ն է վերաբերում:
-Բոլորին, նաև երեխաներին, տեսած կլինեք երեխաների՝ սևացած ատամներով, դա հենց այն պատճառով է, որ ժամանակին չեն դիմում: Ցանկացած սոմատիկ համակարգային հիվանդություն անդրադառնում է ատամների և բերանի խոռոչի վրա:
-Իսկ կա՞ կոնկրետ հիվանդություն, որի ցուցիչը ատամների կամ բերանի խոռոչի այս կամ այն խնդիրն է:
-Այո, իհարկե, ՁԻԱՀ-ի դեպքում է արտահայտվում բերանի խոռոչում, տուբերկուլյոզի, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների:
-Բժի՛շկ, Ձեր սենյակում բազաթիվ վկայագրեր, վկայականներ կան… Վերապատրաստումների վերաբերյալ ի՞նչ կասեք:
-Փորձում ենք հետ չմնալ, մասնակցում ենք կոնֆերանսների, սեմինարների:
-Իսկ նորությունները մեր երկիր ճիշտ ժամանակի՞ն են հասնում:
-Մենք նաև արտասահմանյան մասնագետներին ենք հետևում, գրքեր ենք ընթերցում, օնլայն վեբինարներ ենք դիտում:
-Նկատի ունեմ ոչ միայն Ձեր կլինիկան, այլև՝ առհասարակ. Հայաստանը Ձեր ոլորտի առումով հետ չի՞ մնում:
-Կոնկրետ մեր ոլորտի մասնագետները Եվրոպական դիմածնոտային վիրաբույժների միության հետ կապված են, և երբ Եվրոպայում կամ աշխարհում նորություններ են լինում, մենք անպայման դրանց մասին իմանում ենք ու հետ չենք մնում: Շատ դեպքում նույնիսկ մեր պացիենտներն են արտասահմանից գալիս, հատկապես ռինոպլաստիկայի համար են շատ դիմում:
-Դա, ինչպես ենթադրում եմ, ոչ միայն որակի հետ է կապված, այլև՝ մատչելիությա՞ն:
-Այո, մատչելիության համար էլ, բայց Հայաստանում ավելի որակով է, որովհետև քթի վիրահատություն շատ ենք անում, ու մեզ մոտ դա լավ է ստացվում:
-Ինչն է Ձեր մասնագիտության մեջ Ձեզ համար ամենաբարդը, հատկապես՝ պացիենտների հետ շփման առումով:
-Բարդ բան չկա (ժպտում է-խմբ.): Ճիշտն ասած՝ ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ բոլորի հետ էլ լեզու եմ գտնում, խնդիրներ չեն առաջանում, պացիենտներն էլ գոհ են: Ինչ վերաբերում է երեխաների հետ շփմանը, ես, որպես օրթոդոնտ, նրանց հետ շատ եմ աշխատում, դրա համար համապատասխան պրակտիկան, մարտավարությունը գիտեմ: Ցանկացած բժիշկ պիտի նաև հոգեբան լինի:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Առողջությունն ամենաթանկ բանն է, ինչպես նաև շատ կարևոր է գեղեցկությունը: Եթե մարդ կոմպլեքսավորվում է իր արտաքին տեսքի պատճառով, պետք է պարտադիր դիմի բժշկի և չամաչի դրանից՝ ավելի ինքնավստահ ու երջանիկ լինելու համար:
Ճարպակալում կամ նախադիաբետի շրջան
Բժիշկները նշում են, որ հավելյալ յուրաքանչյուր մեկ կիլոգրամը դիաբետի առաջանալու հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով: Եվ իսկապես՝ ճարպակալումը կարելի է համարել մերօրյա չարիքներից մեկը: Դրա պատճառները տարբեր են, սակայն հիմնական խնդիրն այն է, որ ճարպակալումը մեծապես ազդում է կյանքի որակի վրա՝ առաջացնելով սովորական անհարմարավետությունից ընդհուպ մինչև հիվանդություններ:
Իսկ այն մասին, թե ինչ կարող է լինել ճարպակալման հետևանքով, Bestgroup.am-ը զրուցել է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:
-Տիկին Աղաբաբյան, ի՞նչ է մետաբոլիկ համախտանիշը, և ի՞նչ դեր ունի ճարպակալումը:
-Մետաբոլիկ համախտանիշը մի քանի անվանում ունի, որոնցից մեկը «մահացու քառյակն» է՝ ճարպակալում, ինսուլինի քանակի ավելացում, որը հետագայում բերում է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշում, նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումներ: Այս չորս գործոնները միասին համարվում են մետաբոլիկ համախտանիշ։
Ըստ ԱՀԿ-ի՝ ինսուլինոռեզիստենտականություն ունեցողները կազմում են 50-60 մլն, աշխարհում սա, իհարկե, համարվում է նախադիաբետի փուլ, այսինքն՝ եթե այս փուլում չկանխվի, հաջորդ քայլին այն վերածվելու է դիաբետի:
Ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունը համարվում է ճարպակալման, 2-րդ տիպի դիաբետի, ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառներից մեկը։ Ինչպես և երկրորդ տիպի շաքարային դիաբետը և քովիդը, ճարպակալումը նույնպես համարվում է 21-րդ դարի պանդեմիա: Ի դեպ՝ ինչպես կյանքը ցույց տվեց՝ կորոնավիրուսն ավելի ծանր տարան երկրորդ տիպի դիաբետ ու ճարպակալում ունեցող մարդիկ:
Ապացուցվել է, որ այն կանայք, որոնք ունեն ճարպակալում, ավելի դժվար են հղիանում: Ճարպակալում ունեցող կանանց, աղջիկների մեծամասնության մոտ հայտնաբերվում է ձվարանների պոլիկիստոզ, այսինքն՝ առկա է ձվարանների ֆունկցիայի խանգարում, մազակալում և այլն։
Ճարպակալման հիմքում ինսուլինի ֆունկցիայի խախտումն է, ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունն է և քանակի ավելացումը, որը իր հերթին բերում է հիպերանդրոգենիայի, այսինքն՝ տղամարդու հորմոնի ավելացմանն օրգանիզմում, որն էլ խանգարում է ձվազատմանը և հետագայում՝ հղիանալուն:
Նմանատիպ մեխանիզմով նաև տղամարդկանց մոտ է խախտվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան: Ճարպակալում ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են դիմում պոտենցիայի խնդիրներով։
Ապացուցված է նաև, որ ճարպակալումը և փսիխիկայի խանգարումները բավականին հաճախ զուգահեռ են ընթանում. ճարպակալումով հիվանդների մոտ մոխրագույն զանգվածի մոտավորապես 11 տոկոսը տարեկան պակասում է, ուղեղի ծերացումն ավելի արագ է ընթանում …
Ապացուցված է նաև, որ ճարպակալումը ռիսկի գործոն է հանդիսանում ուռուցքային հիվանդությունների առաջացման մեջ։
-Այսքան բացասական կողմերով հանդերձ, սակայն, ճարպային հյուսվածքները նաև էներգիայի աղբյուր են, ճի՞շտ է:
-Համարվում է, որ ճարպային հյուսվածքները մեզ տալիս են էներգետիկ պաշար, բայց եթե ճարպային հյուսվածքը հավելյալ է լինում, սկսում է կուտակվել լյարդի մեջ, ենթաստամոքսային գեղձի մեջ։ Չմոռանանք, որ ճարպային հյուսվածքն ինքն էլ է համարվում էնդոկրին օրգան, որովհետև մոտավորապես 600 բիոակտիվ նյութ է սինթեզում հենց ինքը՝ ճարպը, դրա համար առանց գրագետ մասնագետի նիհարել չի կարելի, դա կարող է հանգեցնել նյութափոխանակության լուրջ խանգարումների՝ ընդհուպ մինչև անպտղություն:
-Ի՞նչն է մետաբոլիկ համախտանիշի պատճառը :
-Պատճառներից են և՛ ժառանգականությունը, և՛ արտաքին գործոնները, օրինակ՝ քրոնիկ սթրեսները, նստակյանց կյանք վարելը, անկանոն սնվելը, այսինքն՝ ոչ միայն գենետիկան է աշխատում, այլև՝ արտաքին գործոնները զուգահեռաբար:
Հիպերինսուլինեմիան՝ ինսուլինի հավելյալ քանակը, հանգեցնում է ինսուլինի որակի վատացման, գլյուկոզայի բարձրացման, այսինքն՝ դիաբետի, մյուս կողմից՝ հիպերտենզիայի, այսինքն՝ ճնշման բարձրացման, մյուս կողմից՝ աթերոսկլերոզի և նյութափոխանակութան բոլոր տեսակի խանգարումների, այսպիսով՝ սա այն «մահացու քառյակն» է, որի մասին ասում էինք՝ աթերոսկլերոզ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ճարպային նյութափոխանակության խանգարում և հիպերտենզիա՝ զարկերակային ճնշման բարձրացում:
Ճարպակալման պատճառներն են՝ ժառանգականություն, էնդոկրին հիվանդություններ, հորմոնալ խախտումներ, որոշակի դեղամիջոցների օգտագործում՝ հակաբեղմնավորիչներ, նեյրոլեպտիկներ, հակադեպրեսանտներ և այլն:
Բացի դրանից, ճարպակալումը ունի նաև հոգեբանական պատճառներ, որոնցից են ինքնագնահատականի իջեցումը, արտաքին աշխարհից պաշտպանված լինելու ցանկությունը, ուշադրության պակասը և այլն։
-Ի՞նչ կցանկանաք հավելել:
Հավելեմ, որ դեռահաս տարիքում աղջիկները շատ հաճախ դիմում են մազակալման և դաշտանային ցիկլի խանգարման պատճառներով, ինչի հիմքում, ինչպես ասվեց, հավելյալ քաշն է և ինսուլինի հանդեպ զգայունության իջեցումը: Մենք շատ հաճախ խորհուրդ ենք տալիս ընդամենը քաշի նվազեցում, բալանսավորված սննդակարգ, որի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, և վերականգնվում ձվարանների ֆունկցիան, այսինքն՝ առանց հավելյալ հորմոնալ պրեպարատների հնարավորություն ենք ունենում օգնել։
Ուզում եմ նշել նաև, որ շատ են գովազդում «նիհարեցնող» միջոցներ, որոնք իրենցից հիմնականում ԲԱՀ են ներկայացնում՝ չունենալով որևէ ապացուցողական բազա և կարող են նաև վտանգավոր լինել։
Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան հետագայում բուժել։ Դիմեք մասնագետի, ստացեք համապատասխան խորհուրդներ և ապրեք ԱՌՈՂՋ։
Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում:
«Նաիրի» բժշկական կենտրոնի (ԲԿ) քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ծառայության շրջանակում բժշկական օգնություն են ստանում մեծահասակները եւ երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդների կիրառումն օպտիկական սարքերի, տեսագրահսկողության կիրառմամբ եւ տվյալների արխիվացմամբ թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում: Նյարդավիրաբույժների հետ համագործակցության շնորհիվ բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ: Աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են նաեւ ուռուցքաբաններ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ եւ այլ նեղ մասնագիտացված վիրաբույժներ: Զուտ մասնագիտական տեսանկյունից` հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, եւ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարեւորվում է բժշկի հետ շփումը: Ու, եթե բժիշկն իսկապես կարեկից է, ուշադիր եւ զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի. հիվանդը կվստահի նրան, եւ բուժումն էլ ավելի արդյունավետ կլինի: http://bestgroup.am/ չափազանց հետաքրքիր զրուցակիցն է «Նաիրի» եւ «Դիլիջան» ԲԿ-ների քիթ-կոկորդ ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ, «Դիլիջան» ԲԿ առանձնացված վերապրոֆիլավորված բաժանմունքի Քովիդ կենտրոնի բուժական գծով ղեկավար ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ:
-Պարոն Թորոսյա՛ն, ի՞նչ է քնի ապնոէն, ինչո՞ւ է առաջանում, եւ ի՞նչ է տեղի ունենում նոպայի ժամանակ։
-Քնի տարբեր փուլերում ուղեղը տարբեր խորության վրա է, այսինքն՝ փուլ կա, որի ժամանակ մարդը պետք է լիարժեք խորը քնած լինի, որ հանգստանա: Առանձնացված են քնի չորս փուլեր, ընդ որում, վերջին փուլը ամենախորն է ու տեւում է ընդամենը քսան րոպե, բայց մարդ լիարժեք հանգստանում է այդ փուլի ժամանակ: Երրորդ փուլը նույնպես հանգիստ փուլ է, ու, երբ մարդն արթնանում է, էլի հանգիստ վիճակում է լինում: Բայց լինում են պահեր, երբ ուղեղը չի վերահսկում շնչառական կենտրոնը, այն սկսում է հսկողությունից դուրս գալ, ու առաջանում է շնչառական կենտրոնի կանգ: Կանգ կարող է առաջանալ ի սկզբանե մեխանիկական խոչընդոտներից, որոնցից թիվ մեկը ինչ-ինչ պատճառներով օդը քթով շնչելու դժվարացումն է: Դրա պատճառ կարող են լինել միջնապատի ծռվածությունը, մեծ խեցիների, պոլիտների առկայությունը, այսինքն՝ ինչ-որ խոչընդոտ, որը թույլ չի տալիս, որպեսզի օդը քթով անցնի: Որպես ճիշտ ֆիզիոլոգիա մարդը պետք է շնչի քթով, որ, նախ, օդը քթով անցնելիս տաքանա, խոնավանա ու նոր իջնի ստորին շնչուղիներ: Բացի դրանից, քիմքի կառուցվածքն այնպիսին է, որ ներշնչման պահին փափուկ քիմքը, լեզվակը առաջ է գալիս, որպեսզի քթով օդը հեշտ գնա, բայց, եթե կա ինչ-որ խոչընդոտ, օդը առաջ չի գնում, քիմքը առաջ է գալիս: Մենք ստիպված փորձում ենք բերանով շնչել, որովհետեւ օդը չի գնում, եւ քիմքն էլ է դառնում խանգարող խոչընդոտ շնչառության համար ու սկսում է թրթռալ:
- Երեւի հենց դրա պատճառո՞վ է մարդը քնած ժամանակ սկսում խռմփացնել:
-Խռմփոցը ձայնային շնչառությունն է, որը դրսեւորվում է, երբ օդի հոսքի ժամանակ տատանվում է մարդու փափուկ քիմքը։ Եթե այն երկար է տեւում, ուրեմն քիմքի մկանները երկար ժամանակ են այդպես տատանվում, ինչի հետեւանքով թուլանում է քմային վարագույրը, կախվում եւ իջնում է, շնչառական ճանապարհին դառնում երկրորդ խոչընդոտը: Մենք ուզում ենք քթով շնչել, բայց քիթը փակ է, իսկ քիմքն արդեն սկսել է խանգարել: Անկախ այն հանգամանքից՝ քնած ժամանակ մարդիկ քթով են շնչում, թե բերանով, մեկ է, շնչառության ժամանակ հիմնականում տատանվում է փափուկ քիմքը, որի արդյունքում էլ առաջանում է խռմփոցը։ Սա շատ տարածված երեւույթ է, ու բոլորս էլ երբեւէ մեր հարազատների կամ բարեկամների մոտ նկատել ենք այն։ Եթե հետազոտության արդյունքում այլ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, խռմփոցը համարում ենք ֆիզոլոգիական, ինչը հիմնականում դիտարկվում է մանուկների՝ քիմքի մկանների ոչ լիարժեք ձեւավորման, իսկ տարեցների մոտ՝ քիմքի մկանների թուլացման պատճառներով:
Երրորդ խոչընդոտն արդեն մի քիչ գեր մարդկանց մոտ լեզվարմատն է, որովհետեւ հատկապես մեջքին պառկած դիրքում լեզուն կարող է հետ գնալ ու մեխանիկորեն փակել կոկորդի մուտքը: Չորրորդ խոչընդոտը կորճոսկրի հետ տեղակայումն է, որը կարող է բերել էլի շնչառության դժվարացման: Ժամանակի ընթացքում նորից քաշի ավելացումը կարող է բերել նրան, որ հերթական խոչընդոտներն արդեն կարող են կապված լինել շնչափողի ճանապարհին որեւէ արգելքների, օրինակ, շնչափողի աճառներից որեւէ մեկի թուլացման հետ, երբ շունչ քաշելու ժամանակ աճառը հետ է գնում, եւ օդի ճանապարհը փակվում է կա՛մ ավելի ներքեւ գտնվող հատվածներում, կա՛մ թոքերի ներծծման հետ կապված: Ու մեկ էլ արդեն վերջնական, երբ թոքային զարկերակից արյունը դուրս է գալիս ու գնում դեպի սիրտ, այդ ճանապարհին ինչ-որ խնդիրների ժամանակ, երբ կանգ է առաջանում փոքր արյան շրջանառության մեջ, ու թթվածինը լիարժեք չի հասնում սիրտ: Այս բոլոր թվարկվածները կարող են բերել մեխանիկական շնչառական դժվարացման, որի հետեւանքով կարող է կենտրոնական շնչառության վերահսկման կենտրոնը խոչընդոտվել, այսինքն՝ եթե երկար ժամանակ մարդն ունենում է մեխանիկական խնդիրներ, շնչառական կենտրոնն արդեն այդքան էլ չի պայքարում, քիչ-քիչ հանձնվում է: Այսինքն՝ ամեն անգամ, երբ որ, օրինակ, քնի մեջ մարդը կարող է քնի ոչ վերահսկվող, ասենք, երկրորդ փուլում շունչ պահել իմ թվարկած պատճառներից մեկով, իսկ շնչառական կենտրոնը, կիսաավտոնոմ լինելով, տեսնում է, որ օդ չի գալիս, ու պետք է շունչ քաշել, բայց մեխանիկորեն խանգարվելով՝ պաուզա է լինում: Սակայն մնացած բոլոր օրգանները, հատկապես սիրտը, որ էլի ավտոնոմ է համարվում, չստանալով բավարար թթվածին, սկսում է ավելի ինտենսիվ արյունը մղել անոթներով, եւ ավելի բարձր ճնշումով ու բարձր ճնշման ազդեցության տակ սրտի հաճախ աշխատանքի պայմաններում մենք արթնանում ենք, սիրտը ինքն էլ է մեզ արթնացնում, ստիպում, որ վեր թռչենք: Եվ մենք հաճախ վեր ենք թռչում սրտի ուժեղ աշխատանքով, բարձր ճնշումով ու, իհարկե, շունչ ենք քաշում, որովհետեւ շնչառական կենտրոնը կուտակել է CO 2-ը ու արդեն պատրաստ էր շունչ քաշելուն: Որպես «սլեպատնոյի» (խոսակցական) ամենամեծ բարդություն մահն է քնի մեջ, որն առաջ է գալիս այն պատճառով, որ, երբ CO-2-ի քանակը բավականին շատ է կուտակվում ուղեղում, ուղեղի համար ավելի հաճելի է չշնչելը, քան շնչելը… Եվ մեխանիկական «սլեպատնոյը» կանխելու համար անհրաժեշտ է իմ նշած պատճառների հետեւանքով առաջացած խոչընդոտները վերացնել վիրահատական կամ դեղորայքային բուժումով… Օրինակ, անհրաժեշտ է իրականացնել քիմքի պլաստիկաներ, լեզվակի կարճացում կամ լեզվակի ու փափուկ քիմքի պլաստիկա, որը ներառում է քիմային մկանների հավաքելն ու մի քիչ առաջ բերելը, որ ներշնչման ժամանակ չխանգարեն: Կա վիրահատություն, որի միջոցով լեզվարմատի կորճոսկրը առաջ է բերվում, այսինքն՝ կորճոսկր կզակային մկանը անջատվում է կզակի ոսկորի հետ, բերվում մի քիչ առաջ ու ավելի վերեւ է ամրացվում: Ու այդ դեպքում ոսկորը ինքը իրենով առաջ է գալիս, տարածքը մեծանում է; Կատարվում է նաեւ վիրահատություն, որի ժամանակ լեզվարմատից որոշակի հատված հեռացվում է, լեզվի արմատի չափսերը մեխանիկորեն փոքրացվում են, տարածք է առաջանում, որ օդը, թթվածինը այդտեղով անցնի: Լինում են տրանսպլանտային աճառների, թոքերի ներծծման, սրտի, արյան փոքր շրջանառության կանգի խնդիրներ, որոնք կարող են ենթարկվել դեղորայքային բուժման: Երեխաների մոտ «սլեպատնոյը» շատ հաճախ լինում է ադենոիդ հյուսվածքի գերաճի պատճառով, որը, երկար ժամանակ խոչընդոտելով, երեխաների շնչառական կենտրոնը արգելափակում է որոշ չափով, ու, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նրանք առօրյայում սկսում են ավելի հազվադեպ շնչել, քան պետք է շնչեն, նրանց շնչառությունը սկսում է նմանվել մեծի շնչառության:
-Ի՞նչ կասեք COVID-19-ի մասին:
-COVID-19-ը աշխարհի գլոբալ մասշտաբով ներկայացվում է որպես սովորական հերթական վիրուս, որը, ուղղակի լինելով նոր ու անծանոթ մեզ համար, հանդես է գալիս ավելի ագրեսիվ ձեւով: Եթե նայենք, պատմության մեջ միշտ տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ են եկել ինչ-որ հարուցիչներ, վիրուսներ, բակտերիալ ինֆեկցիաներ կամ զանգվածային մահվան ուրիշ պատճառներ: Երեւի թե երկրագունդն ինքն էլ է կարգավորում մարդկանց պապուլյացիայի թիվը, օրինակ, ոչ շատ շուտ՝ 1900-ականների սկզբին, բոլորին հայտնի «իսպանկա» վիրուսը երեսուն միլիոն մարդու կյանք է խլել, որն այդ ժամանակ կազմում էր աշխարհի բնակչության մեկ երրորդը: Ու պետք չէ այսօր զարմանալ, որ COVID-19-ը կյանքեր է խլում: Չեմ կարող ասել դրա՝ արհեստական կամ բնական լինելու մասին, բայց այն էլի բերում է որոշակի հավասարակշռության, որպես РНК մշտապես փոփոխվող վիրուս ինքն իր դերը վիրուսոլոգիայի տեսանկյունից նորմալ կատարում է. զարգանում է, փոփոխվում ու հնարավորինս փորձում գոյատեւել՝ ենթարկվելով մուտացիայի, շարունակելով խլել մարդկանց կյանքեր: Էլի չեմ կարող ասել՝ պատահական թե մտադրված, բայց ավելի շատ վնասվում են երկրագնդի բնակչության տարեց հատվածը եւ քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի դժվար են դիմակայում վիրուսի թողած հետեւանքներին ու պապուլյացիայի կարգավորմանը: Բայց բժիշկներիս համար նշանակություն չունի մարդու տարիքը. բոլորի կյանքն էլ թանկ է մեզ համար, ու մենք պայքարում ենք բոլորի կյանքի համար: Չնայած ասում են, որ քովիդի այս նոր ձեւը սկսել է ընդգրկել ավելի երիտասարդ տարիքի մարդկանց, բայց ամեն դեպքում, երբ մի քիչ մանրամասն նայում ենք, նրանք հիմնականում ունենում են ինչ-որ քրոնիկական հիվանդություն: Ինչքան էլ դժգոհենք, ժամանակակից բժշկությունը պայքարի շատ միջոցներ է ստեղծել, որ մենք ինչ-որ ձեւով հասկանանք՝ ինչ է այդ վիրուսը ու դրա դեմ պայքարենք, եւ որոշակի հաջողություններ, իհարկե, կան: Ինչքան էլ կարող ենք դժգոհել, նեղվել, որ շատ մարդ է մահանում, բայց կարող ենք նաեւ հպարտանալ, որ ծանր ախտահարված եւ կյանքի հետ անհամատեղելի վիճակներում հայտնված շատ մարդիկ էլ չեն մահանում, որոնց թվում կան նույնիսկ քրոնիկական հիվանդություններով տառապողներ, ասենք, ճնշումով, շաքարային դիաբետով մարդիկ:
Իսկ ընդհանրապես քովիդի հետեւանքները որոշ չափով անկանխատեսելի են մեզ համար, որովհետեւ դեռ լրիվ, խորությամբ չենք ուսումնասիրել՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այն: Ամենահայտնի հետեւանքն այսօր թոքի վիբրոզ հյուսվածքի առաջացումն է, ախտահարվում են բոլոր գեղձային հյուսվածքները, երիկամները, ուղեղը, լյարդը, մի շարք՝ մեր կյանքի որակի համար պատասխանատու օրգաններ, եւ, որպես հետեւանք, առողջացումից հետո շատ հանդիպում են դիաբետի որոշակի մնացորդային երեւույթներ: Երբ որ հենց նույն ենթաստամոքսի գեղձի բջիջները վնասվում են, լավանալուց հետո էլի վիբրոզի են ենթարկվում, էլի սպիական հատվածներ են առաջանում, եւ դրանք արդեն չեն գործում: Օրինակ, եթե լյարդի երկու երրորդը չլինի, այն կկատարի իր գործառույթը, բայց երիկամների ախտահարումը կարող է մահվան պատճառ դառնալ: Իսկ ուղեղն ախտահարվելու դեպքում մարդը կարող է չգիտակցված բաներ անել: Իհարկե, ոչ բոլորի մոտ է այդպես, առողջացածների մեծ մասի մոտ այն հետեւանք չի թողնում:
-Քովիդը կարո՞ղ է հանգեցնել թոքի քաղցկեղի:
-Գրեթե բոլոր վիրուսային բջիջները կարող են հանգեցնել թոքի քաղցկեղի, բայց չունենք մի այդպիսի հետազոտություն, որ մի հիվանդի մոտ քովիդից հետո քաղցկեղ է առաջացել: Մի քիչ հետաքրքիր վիրուս է, ավելի սերտ է համագործակցում մեր իմունային համակարգի հետ, քան մյուս վիրուսները, ավելի պատրաստված է: Մեզ համար լինելով անծանոթ՝ մեր օրգանիզմը ավելի դժվարությամբ է նրա դեմ հակամարմիններ սինթեզում, ու շատ անգամ այդ ընթացքում, մինչեւ ինքը սինթեզում է հակամարմիններ, մեր պաշտպանական մյուս մեխանիզմները, փորձելով պաշտպանվել այդ վիրուսից, որոշում են վերացնել ախտահարված բջիջները, այսինքն՝ ճիշտ չաշխատող բջիջների կենսաբանական մահվան ժամկետը արագացնում են, ու այդ բջիջները վերածվում են արդեն սպիական բջիջների: Այդ պահին տեղի է ունենում բջիջների այտուց՝ պատրաստվելով կենսաբանական մահվան, ու, եթե դա, ասենք, թոքային հյուսվածքում է, խանգարում է շնչառությանը, ներշնչմանը, իսկ եթե դա ուրիշ օրգաններում է, բերում է տվյալ օրգանի ֆունկցիայի խախտմանը:
-Ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան նշաբորբի բուժման համար:
-Երեւի թե նշաբորբի բուժման մեթոդները շատ չեն փոխվել վերջին տարիների ընթացքում, հիմնականում, եթե քրոնիկական նշաբորբի մասին է խոսքը, դրա բուժման եղանակը վիրահատականն է, եւ տարբեր մեթոդներ են առաջարկվում: Իմ մեթոդը, որը նշիկների հեռացում է իրենից ներկայացնում, շատ անգամ հետ է մնում. արդեն նոր մեթոդներ են կիրառվում՝ ռադիոալիքային, գերձայնային, լազերային, էլեկտրակոագուլյատորային, որը, ճիշտ է, արդեն երկար տարիներ կա, բայց էլի ակտուալ է: Կիրառվում է նոր՝ կոագուլյատոր-2 սարքը, որը իրենից հեղուկ պլազմային կարգուլյատոր է ներկայացնում, որը 40 աստիճանի տակ է նշիկը հեռացնում, այրվածքները շատ խորը չեն լինում, ավելի անցավ է վերքը լավանում, ավելի հեշտ, ավելի քիչ հետեւանքներով: Այսօր ժամանակակից դեղերի ստեղծման շնորհիվ նշաբորբի բուժումն ավելի հեշտացվում է, չնայած միշտ պետք է տարբերակել նշաբորբի տեսակները, որոնք կարող են բազմազան լինել, կարող են առաջանալ տարբեր բակտերիաների արդյունքում: Պետք է տարբերակել ու համապատասխան ճիշտ մոտեցում ցուցաբերել, ինչու չէ, կարող են օգնության գալ նաեւ տարբեր լաբորատոր հետազոտման մեթոդները՝ քսուկ, արյան անալիզ, որը օգնում է ճիշտ մոտենալ այդ հարցին:
-Լսողական ապարատները ո՞ր դեպքերում են կիրառվում:
-Ապարատների կիրառումը լինում է այն դեպքերում, երբ մարդու կյանքի որակն այնքան է ընկնում, որ նա սովորական առօրյայում սկսում է չլսել շրջապատի ձայները, բայց ներլսողական նյարդը դեռ նրան հնարավորություն է տալիս ձայնի հզորացման սարքի օգնությամբ իրեն լիարժեք մարդ զգալ շրջապատում ու չնեղվել ոչ մի հարցում: Եթե չկա վիրահատական, դեղորայքային բուժման տարբերակ, մնում է դիմել սարքի օգնությանը, եւ պետք չէ դրանից ամաչել, որովհետեւ լսողական խնդիր ունեցող մարդը կարող է հայտնվել շատ վատ իրավիճակներում, ասենք, չլսելով ավտոմեքենայի ազդանշանի ձայնը:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:
Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է:
Վիրահատական պրոցեսում Աստծո մատն ինչ-որ տեղ խառն է. Արմեն Քոչարյան
Իրավամբ՝ ճիշտ են ասում, որ բժիշկ չեն դառնում, բժիշկ ծնվում են: Դա մի աստվածատուր շնորհ է, ի վերուստ տրված կոչում, որին նվիրյալները ծառայում են ամենայն պատասխանատվությամբ՝ սեփական առողջությունը քայքայելով հանուն այլոց կյանքերի փրկության, և դա անում են մեծագույն սիրով, քանզի հասկանում են, որ Աստված հե՛նց իրենց է ընտրել՝ իրականացնելու այդ դժվարագույն առաքելությունը:
Այդպիսին է Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը՝ բժիշկ, որին իրենց անկեղծ շնորհակալությունն են հայտնում բազմաթիվ մարդիկ՝ վերականգնված առողջության ու փրկված կյանքերի համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը:
-Պարոն Քոչարյան, ի՞նչ հիվանդություններով են տառապում Ձեր պացիենտները:
-Վերջին ժամանակներս իմ զբաղվածության հիմնական ուղղությունն ուռուցքաբանության ոլորտում է՝ կրծքագեղձի, որովայնի խոռոչի, կրծքավանդակի, փափուկ հյուսվածքների և վահանաձև գեղձի ուռուցքներ, չարորակ ու բարորակ նորագոյացություններ, նաև ճողվածքներ, լեղապարկի քարային հիվանդություն, ժողովրդի լեզվով ասած՝ կույրաղիքի բորբոքում և այլն: Իմ հիմնական աշխատանքն ընդգրկում է այս ոլորտը:
-Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ավելի շատ ուռուցքաբանության վրա եք կենտրոնացած:
-Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ այդ ուղղությամբ ավելի խորացանք, որովհետև չարորակ նորագոյացոըւթյուններով հիվանդների թիվը ավելացավ, դիմելիությունը բարձրացավ, ինչի կապակցությամբ էլ մենք ստիպված այդ կարգավիճակի մեջ մտանք:
-Հիվանդության ո՞ր ստադիայում են Ձեզ ավելի շատ դիմում:
-Բավականին երկար ժամանակ զբաղվում եմ ուռուցքով հիվանդների հետ. ոչ միայն բուժում ենք, այլև զբաղվում ենք պրոֆիլակտիկ միջոցառումներով, այսինքն՝ բացատրական աշխատանքներով, թե ինչ անել, որպեսզի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերվի, և ինչպես անել՝ հնարավորինս խուսափելու համար քաղցկեղի ուշ՝ 3-4-րդ, ստադիային հասնելուց: Այդ աշխատանքների արդյունքում մոտ 15-20 տարվա ընթացքում մենք ունենք նշանակալի տարբերություն, իհարկե՝ միայն ես չէ, իմ ամբողջ թիմը, մեր բժիշկները, իմ բոլոր ընկերները՝ տարբեր կլինիկաներում աշխատող, նման մոտեցում են ցուցաբերում, և ավելի շատ պրոֆիլակտիկ հետազոտությունների թվի մեծացման արդյունքում մենք ունենք չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերման ավելի մեծ տենդենց:
-Դա շատ լավ է, իհարկե, սակայն արդյոք բոլորն ինքնակամ գալի՞ս են պրոֆիլակտիկ զննման, թե՞ ամեն դեպքում ինչ-որ նշաններ են ունենում, նոր դիմում են բժշկի:
-Կան նաև այդպիսի մարդիկ, ընդ որում՝ ասեմ, որ մեր երիտասարդ սերունդն է այդպիսին: Դրան շատ է նպաստում ապահովագրական ընկերությունների առկայությունը, երբ մարդն ինքը չի վճարում, իսկ ապահովագրությունն ինչ-որ տեղ նաև պարտադրում է, պահանջում է պրոֆիլակտիկ հետազոտություն, որի արդյունքում, եթե կան խնդիրներ, հայտնաբերվում են, այդ մարդիկ ուղարկվում են ավելի մասնագիտացված, բարձր պրոֆիլ ունեցող բժշկական հաստատություններ, ինչի արդյունքում մենք ունենք հաճախելիության բարձրացում՝ կա՛մ պրոֆիլակտիկ, կա՛մ հիվանդության սկզբնական փուլում: Ամեն դեպքում, մեծ մասը հիմա հաճախում է խնդիր չունենալով, բայց նաև կան ավելի քիչ թվով մարդիկ, ովքեր աննշան գանգատների առկայության դեպքում դիմում են բժշկի, և, բնականաբար, կա մի ստվար զանգված, որի դեպքում դիմելիությունը բավականին ուշացած է, ցավոք…
-Փաստորեն՝ ուշացածի դեպքում լինում են որոշակի խնդիրներ…
-Այո, իրական խնդիր. կարող են դիմել աղիքային անանցանելիության պատկերով, երբ ուռուցքն աճել է այն աստիճանի, որ փակել է աղիքի լուսանցքը, կարող են դիմել մարսողության խանգարմամբ՝ ստամոքսի ուռուցքների դեպքում, արյունախխմամբ, հազի, շնչահեղձության, հևոցի և տարբեր այլ գանգատներով, կրծքավանդակի ցավերով, երբ թոքի ուռուցքը կամ միջնորմի ուռուցքը ներաճել է կրծքավանդակի պատի մեջ կամ փակել է բրոնխը, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում քայքայվող, արյունահոսող վերքի առկայությամբ կարող են դիմել…
-Արտաքի՞ն վերքի:
-Արտաքին, բաց վերքի, այո, վերքը լինում է արտաքին այն պարագայում, երբ մաշկը ներգրավված է պրոցեսի մեջ և այն աստիճանի է փոփոխված, որ այցելուն կարող է նշել, որ մի քանի ամիս իրեն այդ վերքը չի անհանգստացրել, դրա համար չի դիմել բժշկի, իսկ այժմ դիմում է այն պատճառով, որովհետև վերքը սկսել է արյունահոսել, հոտ գալ: Դրանք, ցավոք սրտի, դասական դեպքեր են, երբ հիվանդը ոչ միայն ժամանակին չի դիմում, այլև շատ է ուշանում:
-Իսկ նման դեպքերում մարդուն փրկել հնարավո՞ր է:
-Ամեն դեպքում աշխատում ենք իրենց հետ, կյանքի որակն է փոխվում, կյանքը երկարացնում ենք, եթե հնարավոր չէ արմատական բուժում անցկացնելը…
-Բժի՛շկ, Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:
-Իմ երկու աշխատանքի տեղերից մեկը Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնն է՝ մամոգրաֆիկ կենտրոնը, որտեղ մոտ 85-90 տոկոս դիմելիությունը կանանց կողմից է, մենք հետազոտում ենք կրծքագեղձեր, իհարկե, տղամարդկանցն էլ, բայց թվով շատ-շատ քիչ, իսկ կանանց հաճախելիությունը շատ բարձր է, և մեծ տոկոս կազմում են կանայք:
-Դուք բազմաթիվ վիրահատություններ եք անցկացրել. ո՞վ է վիրահատող բժիշկը պացիենտի կյանքում:
-Վիրահատող բժիշկը շատ հետաքրքիր մարդ է (ծիծաղում է-խմբ.), դա մի ուրիշ աշխարհ է… Ես որևէ անգամ չեմ փորձում կատարված վիրահատության մանրամասները ներկայացնել հարազատներին, երբե՛ք: Ես ուղղակի վիրահատության գնալուց առաջ շատ լավ գիտեմ՝ ինչի՛ համար եմ գնում, ի՛նչ պետք է արվի: Չէի ասի, թե 100 տոկոսով նախանշված է, թե ինչ պիտի արվի, դա կարող է նաև լինել ինչ-որ ստեղծագործ վիճակ, որոշում կայացնելու պահ, և ընթացքը փոխվի, բայց հիմնականում գիտես վերջին կետը, ինչին պիտի հասնես, նպատակը, և վիրահատությունն ավարտելուց հետո չեմ փորձում վիրահատարանում կատարված գործողության էությունը, ընթացքը, արդյունքը, բարոյահոգեբանական կողմը դուրս բերել վիրահատարանից և բացատրել հազարատներին: Հարազատին միայն բացատրում եմ, որ ինչ պլանավորված էր, արվել է, ակնկալվող ամենալավ արդյունքը ստացել ենք, և թող իրենք հանգիստ լինեն, բայց այլ մանրամասներ չեմ փորձում բացատրել, որովհետև վիրահատական պրոցեսը…. Երևի թե Աստծո մատը խառն է ինչ-որ մի տեղ…
-Բժի՛շկ, հասկանալի է, որ չեք ցանկանում հարազատներին ծանրաբեռնել, սակայն Դուք, որպես մարդ, ինչպե՞ս եք տանում այդ ծանրությունը, չէ՞ որ բժշկի համար նույնպես դժվար է:
-Ես որևէ դեպքի, որևէ մարդու հանդեպ անտարբեր չեմ, բոլորի նկատմամբ անհատական, առանձին-առանձին ունեմ իմ վերաբերմունքը և մտահոգությունը, չեմ կարող երկու հիվանդների կամ երկու այցելուների նմանեցնել իրար և երկուսին ցուցաբերել ստանդարտ մոտեցում: Ամեն մի մարդ, ամեն մի հիվանդ, այցելու՝ վիրահատվող, թե չվիրահատվող, պիտի ստանա անձնավորված մոտեցում, և ես բոլորին վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ վերաբերվեին, եթե ես դրա կարիքն ունենայի:
-Պարոն Քոչարան, ասացիք, որ վիրահատարան մտնելուց առաջ արդեն պատկերացնում եք, թե վիրահատությունն ի՛նչ ընցացք կունենա, այնուամենայնիվ, ի՞նչ տրամադրությամբ եք մտնում վիրահատական սենյակ:
-Շատ բարձր, ամեն դեպքում՝ բոլորը կարող են հաստատել, որ ես այնքան ինֆորմացված եմ վիրահատարան մտնում, որ չի կարող պատահել՝ դուրս գամ ու ասեմ՝ գիտեք, ինչ ուզում էի, չստացվեց: Կարող են լինել անհետաձգելի դեպքեր, օրինակ՝ աղիքային անանցանելիության հետ կապված, երբ պետք է կյանք փրկես, և հնարավոր չէ ուռուցքը հեռացնել, որովհետև ներաճած է կամ միզապարկի, կամ արգանդի, կամ աորտայի կամ այլ ոչ պակաս կարևոր կենսական օրգանի մեջ, և դրա հեռացման փորձը կարող է ավարտվել ողբերգությամբ, ցավալի… Նման դեպքերը նախատեսված են լինում, իհարկե, իսկ այլ պարագայում, երբ մեր հիմնական աշխատանքը պլանավորված է, այդ դեպքերում հիմնականում գիտենք՝ ինչ ենք անում, և միշտ տրամադրությունը մարտական է, գիտենք, որ այն արդյունքը, ինչն ակնկալվում է, պետք է ապահովենք, և, փառք Աստծո, մեզ հաջողվում է Աստծո օգնությամբ և թույլտվությամբ անել այն, ինչ ուզում ենք:
-Եվ այնուամենայնիվ՝ բժիշկը տարակուսելու, վախենալու իրավունք ունի՞:
-Չեմ պատկերացնում վախկոտ բժիշկ: Զգուշավորություն՝ կարելի է ասել, խելացի բժիշկը պետք է լինի և՛ վախկոտ՝ իր մեջ, և՛ զգուշավոր: «Ամեն ինչ կանեմ»-ի սկզբունքը ես չեմ հասկանում, և ինչ-որ տեղ լավ իմաստով վախկոտությունն ու զգուշավորությունը վերագրում եմ խելացի, գրագետ բժշկին, իսկ ընդհանրապես՝ վախկոտ լինել կյանքում, առավել ևս՝ վիրաբույժը, չեմ պատկերացնում, երբե՛ք:
-Ի՞նչ առաքելություն ունեք կյանքում՝ ոչ միայն որպես բժիշկ՝ Ձեր մասնագիտական ոլորտում, այլև առհասարակ՝ որպես մարդ:
-Ես փորձում եմ ապրել որևիցե մեկին վնաս չտալու սկզբունքով և ինչքան կարող եմ՝ բառի բուն իմաստով անշահախնդրորեն օգնելու սկզբունքով՝ բնականաբար՝ ավելի շատ իմ մասնագիտական ծառայությունների գծով օգնելու առումով, և չեմ պատկերացնում վատ մարդ լինելու կամ վատություն անելու ոչ նպատակը, ոչ ընթացքը, ոչ էլ հետևանքը:
-Բժի՛շկ, կնշե՞ք, խնդրում եմ, Ձեր կյանքի ամենաբարդ վիրահատությունը, որ անցկացրել եք. ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել դրանից հետո:
-Ընդհանրապես՝ վիրաբուժությունը թիմային աշխատանք է, իսկ երբ Մեխակավանում՝ Ջաբրայիլում, ծառայության ժամանակ ես բաժանմունքի վարիչն էի և զինվորներին էի վիրահատում, հրազենային և տարբեր տեսակի ծանր վիրահատություններ էի կատարում, որպես վիրաբույժ ես մենակ էի: Ինձ համար ամենադժվարին, ամենաէմոցիոնալ շրջանն էր, երբ դու ձևավորման փուլում ես, նաև՝ երիտասարդ և շատ հեռու… Քո վիրաբույժ ընկերները քեզ կարող էին հասնել այնտեղ ամենաշուտը 2-3 ժամից, եթե ուղղաթիռով չգային, իսկ եթե ուղղաթիռով գային, կարող էին հասնել մեկ ժամից… Շատ դժվարին էր այդ ժամանակաշրջանն ինձ համար, որովհետև սկսնակ էի, և այդ ամենն ինձ համար փորձություն էր, որովհետև ես փրկում էի երիտասարդ կյանքեր, զինվորի կյանք՝ շատ թանկ, շատ կարևոր… Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց երբ հետադարձ հայացք եմ նետում… Օրինակ՝ այստեղ մենք թիմով ենք, մեկով-երկուսով չենք, բազմաթիվ ենք, կարող ես մյուս կլինիկայից քո ընկերներին կանչել, մեկ ժամվա մեջ հազար հոգի վիրաբույժ կարող է հավաքվել:
Իմ վիրահատությունները շատ բարդ են, շատ բազմաբովանդակ, ծավալուն, եկարատև՝ 8, 10, մինչև 12 ժամ, և բոլորի դեպքում էլ պատասխանատվությունը շատ բարձր է: Ամենաանշառ թվացող վիրահատությունն էլ կարող է դառնալ ճակատագրական հենց բժշկի սխալի պատճառով, դրա համար էլ բոլոր պարագաներում վիրաբույժն իր կամքից դուրս լարվում է, շուտ ծերանում, առողջությունն է քայքայվում, այնպես որ՝ չկա թեթև վիրահատություն…
-Պարոն Քոչարյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին՝ որպես բժիշկ:
-Խորհուրդ կտամ ինտերնետից իրենց հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ չքաղել ու չակերտավոր զինված՝ մոտենալ բժշկին: Դա ես համարում եմ շատ սխալ ու վնասակար՝ առաջին հերթին հենց հիվանդի համար: Որքան էլ լինենք ինտերնետի դարում, հարց լուծողը բժիշկն է, վիրաբուժության, վիրահատությունների պարագայում հարց լուծողը վիրաբույժն է, և, վերջին հաշվով, հիվանդն ու վիրաբույժը վիրահատական սեղանի շուրջ պետք է հանդիպեն իրար, և վիրաբույժը պետք է հարցը լուծի: Այնպես որ՝ համացանցից վերցրած տեղեկությունները սխալ են ընկալվում և սխալ են վերարտադրվում, դառնում են հարցեր, և դա վնասում է ընդհանուր գործին: Ճիշտ է, հավասարակշռված և գրագետ վիրաբույժը երբեք դրան տեղի չի տալիս, իր գործն իմացող մարդը երբեք չի ենթարկվում պրովոկացիայի, բայց պետք է հասկանալ, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է բժշկի, վիրաբույժի հանդեպ, երկրորդը՝ դա վնասում է ընդհանուրն աշխատանքին: Ես խորհուրդ կտամ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով և խորանա իր մասնագիտության մեջ, ոչ թե բժշկի:
-Բժի՛շկ, իսկ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Առողջություն, միմիայն առողջություն, առողջ ապրելակերպ… Չեմ պատկերացնում որևէ բժշկի, որ կարող է ուրախանալ հիվանդ ունենալու համար, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Տեսնում եք՝ մեր աշխատանքն ինչքան ծանր, դժվարին ու տանջալից է, և ամեն մի հիվանդի հետ մենք հիվանդանում ու առողջանում ենք, հիվանդանում ենք ու չենք առողջանում…
Մեր բժշկության համակարգը դեռևս շատ ճաանապարհ ունի անցնելու, որպեսզի մեր քաղաքացին ոչ թե հիվանդանա, ու լավ բժիշկն իրեն բուժի, այլ հզոր է այն պետությունը, որի քաղաքացին պրոֆիլակտիկ հետազոտությունների և ճիշտ կազմակերպված բուժզննումների արդյունքում ոչ թե ուշ է դիմում, այլ չի հիվանդանում ուղղակի, կամ հիվանդությունը շատ վաղ հայտնաբերվում է, և անհետևանք, անմնացորդ, 100 տոկոս առողջացումով ամեն ինչ վերջանում է: Այնպես որ, իմ խորին համոզմամբ՝ մեր ապագան պրոֆիլակտիկ զննումներն են, առողջ սերունդ ու առողջ հասարակություն ունենալն է:
Վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է
Որքան գայթակղիչ է ճերմակ խալաթը, նույնքան էլ պարտավորեցնող եւ դժվարին է բժշկի աշխատանքը, որը բազմակի անգամ ավելի շատ մարդասիրություն, համբերություն ու բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածության, քաղցկեղի տեսակների, բուժման արդյունավետ մեթոդների շուրջ:
-Պարո՛ն Վարժապետյան, որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:
-Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե, բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն, այնուամենայնիվ, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ է, հետեւաբար, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:
Բավականին տարածված են նաեւ հարվահանաձեւ գեղձի հիվանդությունները: Հիպոպարաթիրեոզի (հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի) հիմնական պատճառը նրանց վնասումը կամ հեռացումն է վահանաձեւ գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով, երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ ու ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների եւ խանգարումների բուժումը: Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման, որը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ եւ չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների (ադրենալինի եւ նորադրենալինի) քանակի կտրուկ ու անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, «բուժման չենթարկվող» բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղեստամոքսային ուղու տարբեր խանգարումներ եւ այլն:
-Չարորակ ուռուցքներով ախտահարումը «երիտասարդացե՞լ» է:
-Ցավով պետք է նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Եթե այն նախկինում արձանագրվում էր ավելի շատ մեծահասակների մոտ, ապա վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի հիվանդություններ հայտնաբերվում է նույնիսկ 14 տարեկանների մոտ: Իսկ դրանց նպաստող գործոններ են ժառանգականությունը, ինչպես նաեւ այս ինտերնետային դարում ճառագայթային ֆոնի բարձրացումը, որը մենք հստակ նկատում ենք հեռախոսների հետ ինտեսիվ շփման դեպքում: Միջազգային վիճակագրության համաձայն, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Դրանք ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձեւեր, երբ ուռուցքային բջիջները «հիշում են», թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար եւ ֆուլիկուլյար ձեւերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձեւերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում եւ անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքում արձանագրվում է մահ:
-Իսկ ի՞նչ կասեք մեդուլյար քաղցկեղի մասին:
-Մեդուլյար քաղցկեղն առաջանում է C բջիջներից, որոնք համարվում են «ոչ տեղացի» բջիջներ վահանաձեւ գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, եւ նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք հեռացնում ենք ե՛ւ վահանաձեւ գեղձը, ե՛ւ լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:
-Ինվազիվ վիրահատական միջամտությունը մեդուլյար քաղցկեղի դեպքում կիրառելի՞ է:
-Մեդուլյար քաղցկեղի դեպքում դա բացառվում է. մենք պետք է արմատապես հեռացնենք այդ ուռուցքը, քանի որ նժարի վրա դրված է պացինետի ապրել-չապրելու հարցը:
-Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:
-Մեր ծառայությունը հիմնականում իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի եւ մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում նորագույն եղանակների ու սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը, կրճատվել՝ ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները: Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, եւ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունները։ Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի (որի անդամն եմ նաեւ ես), ռուսական էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի ուղեցույցերով: Իրականացնում ենք բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձեւ կտրվածքի միջոցով, կիրառում ենք նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: Բուժօգնության մեջ օգտագործում ենք նաեւ բուժման նվազ ինվազիվ, ոչ վիրահատական մեթոդներ, մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ…
–Պարո՛ն Վարժապետյան, ինչպիսի՞ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի:
– Ախտանիշները տարբեր են: Ինչպես նշեցի, վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդն անհրաժեշտություն է, եւ դրա պակասը կամ ավելցուկը կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Եթե, օրինակ, յոդի պակասի պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, գեղձն իր ծավալով մեծանում եւ առաջացնում է սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնանալիս, լարված իրավիճակներում: Վահանաձեւ գեղձի ծավալը մեծանում է, այն սեղմում է շնչափողը եւ հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձեւ կամ խեղդող հազ: Եթե, ծավալային փոփոխությունից բացի, փոխվում է նաեւ գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաեւ ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:
Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, ու հիվանդը որեւէ գանգատ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:
-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ի՞նչ կասեք բժշկության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած սերնդի մասին:
-Ես շատ հպարտ եմ մեր երիտասարդ սերնդով. նրանք խոստումնակից են: Եվ ես վստահ եմ, որ մեր բժշկության ապագան ապահով ձեռքերում է լինելու:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Ցանկանում եմ մեր հասարակությանը հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգեւին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: Կյանքը մեծագույն պարգեւ է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձեւն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարեւոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:
Բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն
Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար: Մեր սրտաբանների ջանքերի շնորհիվ սրտաբանությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մեր երկրում վերջին տարիներին զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի՝ արձանագրելով սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր մեր հանրապետությունում ունենք սիրտ-անոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն օգնելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը սրտաբանության բնագավառի բազում մասնագետների համար նոր մոտեցումների ու գիտելիքների ձեռքբերման շտեմարան է դարձել, ունի տարածաշրջանային նշանակություն, հույս է պարգեւել, վտանգված կյանքի փրկօղակ դարձել հազարավոր հիվանդների համար: Կենտրոնն ապահովված է բարձր որակավորման մասնագետներով, հագեցած՝ նորագույն սարքավորումներով, իսկ ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն նաեւ առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի բժշկական համալսարանի սրտաբանություն ու սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:
http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է սրտաբան-առիթմոլոգ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի (ՆՄԲԿ) առիթմոլոգիական ծառայության ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ով, չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի առողջապահության համակարգում անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ առիթմոլոգիայում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել է եւ գնահատվելու է հանրության կողմից: Վստահ ենք, որ նա ոչ միայն կշարունակի բազմաթիվ մարդկանց առողջ սիրտ պարգեւել, այլեւ իր ղեկավարած բաժանմունքին ուրույն ձեռագիրը կթողնի՝ պահպանելով պատկառելի բժշկական կենտրոնի նախորդների ստեղծած ավանդույթները, բարձր պահելով տարածաշրջանային սրտաբանական կենտրոնի վաստակած կոչումը:
-Բժշկուհի, ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը:
-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունն իրականացնում է առիթմոլոգիական ախտորոշիչ եւ բուժական տարատեսակ ծառայություններ։
Ախտորոշիչ ծառայություններից կատարվում են էլեկտրասրտագրություն, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն էրգոսպիրոմետրիայով, սթրես-էխոսրտագրություն (դեղորայքային եւ ոչ), հոլտեր հետազոտություն (17-72 ժամ տեւողությամբ), էվենթ հետազոտություն, արյան ճնշման ամբուլատոր մոնիտորինգ (20-24 ժամ տեւողությամբ), ռիթմ ձայնագրող սարքերի (Internal Loop Recorder) իմպլանտացիա, ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, տրանսէզոֆագեալ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն:
Առիթմոլոգիական միջամտություններից ՆՄԲԿ-ում կատարվում են սրտի բոլոր տեսակի էլեկտրական խթանող սարքերի իմպլանտացիաներ ու ռիթմի խանգարումների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն եւ աբլացիա՝ սրտի ռիթմավար սարքերի իմպլանտացիա, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա, փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքերի իմպլանտացիա, վերփորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային եւ նախասրտային էքստրասիստոլաների աբլացիա, նախասրտերի թրթռման աբլացիա, նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա, նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիա: Միջամտություններն իրականացվում են ամերիկյան արտադրության գերժամանակակից եռաչափ քարտեզագրման համակարգի օգնությամբ:
Սրտի ռիթմի խանգարումները սրտային հիվանդությունների ամենից հաճախ հանդիպող բարդություններն են, կարող են հանդես գալ առանց սրտի կառուցվածքային հիվանդություն ունենալու, կարող են արտահայտված լինել համակարգային տարբեր խնդիրների եւ հիվանդությունների ձեւով:
-Ո՞ր դեպքում է կատարվում վիրահատական միջամտություն:
-Լինում են անվնաս, անմեղ տեսակի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում շատ մեծ միջամտություններ չեն պահանջվում, պարզապես այդ պացիենտներին վերցնում ենք մեր հսկողության տակ: Լինում են նաեւ խնդրահարույց ռիթմի խանգարումներ, որոնք կարող են առաջացնել պացիենտի ինքազգացողության վատացումից մինչեւ կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ, որոնց դեպքում պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, երբեմն նաեւ՝ հրատապ կարգով: Ու, ցավոք, ժամանակին բուժօգնություն չստացած պացիենտները կարող են մահանալ, ռիթմի խանգարումները կարող են հանդիսանալ սրտային հանկարծամահության գլխավոր պատճառ: Այդ իսկ պատճառով առաջնային օղակում ռիթմի խանգարում նկատելիս պետք է պացիենտին ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ, որպեսզի նա կարողանա գնահատել ու տարանջատել անվնաս խանգարումը կյանքին վտանգ սպառնացող խանգարումից: Ինչպես արդեն նշեցի, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական կլինիկան սպասարկում է բազմատեսակ ռիթմի խանգարումներով հիվանդների, եւ ցանկացած տեսակի առիթմիայով պացիենտ կարող է դիմել մեզ: Ընդ որում, չկա տարիքային սահմանափակում, եւ բուժօգնության համար մեզ դիմում են հանրապետությունից, Արցախից եւ արտերկրից նույնպես:
Մենք ունենք ամբուլատոր եւ ստացիոնար տարատեսակ ծառայություններ: Անչափ կարեւոր է հիվանդության ժամանակին ախտորոշումը եւ գրագետ բուժման ուղեցույց կազմելը: Օրինակ, նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ մարմնի մեծ զանգված ունեցող, զարկերակային գերճնշմամբ եւ շաքարային դիաբետով տառապող պացիենտների, այսինքն՝ ոչ ակտիվ մարդկանց շրջանում: Տարիքն էլ նշանակություն ունի. որքան մեծ է պացիենտը, այնքան մեծանում է հիվանդանալու հավանականությունը: Այդ մարդկանց խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես ակտիվ, աշխատել մարմնի զանգվածի իջեցման վրա, ինչպես նաեւ վերահսկել զարկերակային ճնշումն ու գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, այսինքն՝ առնվազն շաբաթական երեք օր պետք է զբաղվել սպորտով: Երկրորդ ճանապարհը 6 ամիսը մեկ հետազոտություն անցնելն է, ինսուլտի առաջացման հավանականությունը գնահատելը: Մենք դա անում ենք հատուկ սանդղակների օգնությամբ, եւ դրանցով ստացած միավորների արդյունքում պացինտին կարող է նշանակվել արյունը ջրիկացնող՝ հակամակարդիչ դեղորայք, որը թույլ չի տա առաջացնել թրոմբներ: Եվ երրորդ ճանապարհը միջամտական՝ նախասրտի աբուլյացիայի ճանապարհն է: Դրանք ոչ թե փոխարինում են մեկը մյուսին, այլ համակցված են կիրառվում:
-Ի՞նչ հետեւանքներ է թողնում COVID 19-ը ձեր բնագավառում:
-Ցավոք, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ ավելի մեծ է ծանր ընթացքի եւ մահացու ելքի հավանականությունը: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ խնդրահարույց դեպքեր մեր պացիետների հետ, ականատես եղանք սրտի խանգարումների, միոկարդիտների, սրտային անբավարարությունների, ինֆարկտների ու մահացություն դեպքերի՝ նույնպես: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր եմ համարում սիրտ-անոթային քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների (սրտամկանի ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություններ, սրտի վիրահատություններ տարած, զարկերակային հիպերտենզիա, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարում ունեցող) պատվաստվելը COVID-19-ի դեմ, որպեսզի, եթե նույնիսկ հիվանդանան, հիվանդությունը թեթեւ ընթացք ունենա, չվնասի, հաշմանդամ չդարձնի պացիենտներին:
-Բժշկուհի՛, երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել մեր առողջապահական համակարգի ապագայի մասին:
- Բավականին բանիմաց եւ խելացի երիտասարդներ ունենք, կան նաեւ մասնագետներ, որոնք սկսել են վերադառնալ Եվրոպայից: Ուրախալի փաստ է նաեւ այն, որ նրանք ոչ միայն աշխատելու, այլ նաեւ գիտության մեջ արարելու ցանկություն ունեն: Ընդհանրապես ես չեմ դադարում հիանալ, զարմանալ երիտասարդ սերնդով. նրանք իսկապես շատ ավելի խելացի են, շատ ավելի ճկուն, ավելի նպատակասլաց, եւ մեզ մնում է նրանց մեջ արթնացնել սեր դեպի սրտաբանությունն ու առիթմոլոգիան, փոխանցել մեր փորձը, ինչպես նաեւ խորը համոզմունքը, որ բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ մեր առողջապահական համակարգը ապագայում վստահելի ձեռքերում կլինի:
-Ըստ Ձեզ, Հայաստանում ձեւավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:
-Այդ ուղղությամբ բավականին դրական տեղաշարժ կա: Դիմելու կուլտուրան բավականին բարձրացել է, կարող եմ ասել՝ շատ քչերն են միայն ծայրահեղ վիճակի հասնելուց հետո դիմում բժշկի: Բավականին աճ է գրանցվել նաեւ ամբուլատոր ծառայությունների դիմելիության հարցում: Դրանում մեծ դեր կարող է խաղալ ինչպես պետական աջակցությունը, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող առողջապահական ապահովագրությունը, եթե այն ներգրավի մեծ թվով մարդկանց:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, որը նաեւ պատերազմ տեսավ:
-Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված սրտաբանական հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Առկա է որոշակի (հնարավորության սահմաններում) պետական աջակցություն թե՛ սոցիալական որոշ խմբերին պատկանող հիվանդներին, թե՛ վերջիններիս մասնագիտական օգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին: Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ: Արցախյան վերջին պատերազմից անցել է մեկ տարի, մեկ տարի է, ինչ ավարտվել է այդ 44-օրյա մղձավանջը։ Սակայն չի անցել կսկիծն ու ցավը, այն դեռ երկար տարիներ մխալու է, չի անցնելու, չի մոռացվելու։ Մեր հերոս տղաները կենաց-մահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին, զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Սիրելի՛ մայրեր եւ հայրեր, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ հայրենասիրական ոգով ձեր որդիներին դաստիարակելու եւ նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար: Նրանց արյամբ պահված մեր հայրենիքի գարունները պիտի գան ու չգնան: Մենք պիտի փայփայենք այդ գարունները՝ ի հիշատակ նրանց չապրած գարունների ու հանուն նրանց երազանքների: Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն եւ հայրենանվիրումի ոգի, համախմբում ու միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբման, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման ուղղությամբ։
Իսկ մեր հայրենակիցներին կոչ եմ անում. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:
Ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է. օրթոպեդ-վնասվածքաբան
Կարծիք կա, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Համաձայնվեք, որ տխուր կլիներ առանց հումորով մարդանց և նրանց հետ թեթև ու հաճելի շփումների, իսկ եթե նման մարդկանց մեջ համատեղված են հաճելին և օգտակարը, այդ դեպքում վստահաբար կարելի է ասել, որ նրանց դիմող հիվանդները հնարավորինս արագ և հեշտ կապաքինվեն:
Մեզ բախտ վիճակվեց հանդիպելու հենց նման բժշկի, որի նուրբ հումորն ու պացիենտներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելու կարողությունը նրանց արագ և հեշտ բուժման ու վերականգնման ամենաառաջին գրավականն են:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «NAIRI-COXA» կլինիկայի առաջատար մասնագետ, Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամ և պարզապես՝ հաճելի զրուցակից Հրաչյա Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ի՞նչ խնդիրներով է զբաղվում օրթոպեդ-վնասվածքաբանը:
-Օրթոպեդիան ոսկրահոդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների բուժման մեթոդիկան է, զբաղվում ենք ոսկրահոդային հիվանդություններով և վնասվածքներով՝ սկսած պարզ կոտրվածքներից, ավարտած լուրջ հիվանդություններով:
Վնասվածքաբանությունը սուր դեպքերին է վերաբերում՝ կոտրվածքներին, իսկ օրթոպեդիան՝ ավելի շատ հիվանդություններին, մաշվածություններին, արթրոզներին և այլն: Մենք (նկատի ունի նաև իրենց բաժանմունքի մյուս բժիշկներին-խմբ.) նախընտրել ենք կենտրոնանալ ավելի շատ օրթոպեդիայի վրա, այսինքն՝ հիվանդությունների բուժման:
-Ենթադրում եմ, որ, ելնելով մասնագիտական ուղղվածությունից, շատ եք աշխատում զինվորների հետ:
-Այո, իհարկե, աշխատել ենք, աշխատում ենք…
-Պատերազմից հետո պատկերը փոխվե՞լ է, ավելի շա՞տ են դիմում:
-Պատերազմի ժամանակ մեր ֆունկցիան եղել է վերջույթի պահպանումը, այսինքն՝ արագ վիրահատել, էտապով ուղեգրել հետագա բուժման: Մենք հետագա բուժումը ևս իրականացնում ենք: Մի բան է վերջույթը փրկել՝ պահպանել, մեկ այլ բան՝ վերջույթը դարձնել առողջ հենարան, որ ոտքը նորմալ անկյուն ունենա, շարժվի և այլն: Հիմա գալիս է զինվորիների բուժման ավելի բարդ ու մանրակրկիտ փուլը…
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում որպես բժիշկ, երբ ոչ միայն զինվորին, այլև՝ առհասարակ մարդուն, այսպես ասած, ոտքի եք կանգնեցնում:
-Դա մեր կյանքի իմաստն է, մենք այս մասնագիտությունն ենք ընտրել… Հաճույք, երջանկություն, հպարտություն… Մենք դրանով ենք ապրում, ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այս մասնագիտությամբ:
-Չգիտեմ: Ասում են՝ երեխաները փոքր ժամանակվանից ինչ ասես խաղում են. ես բժիշկ-բժիշկ եմ խաղացել, բժիշկ եմ դարձել (ծիծաղում է-խմբ.):
-Եթե չլինեիք բժիշկ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Կենսաբան երևի… Մեծ հաճույքով աշխարհը կշրջեի, նոր թռչուններ ու կենդանիներ կհայտնաբերեի (ժպտում է-խմբ.)…
-Ասում են՝ վաղ դիմելու դեպքում հիվանդությունը հնարավոր է կանխարգելել: Ձեր ոլորտում նու՞յնպես այդպես է:
-Իհարկե, մոտեցումը նույնն է՝ պրոֆիլակտիկան շատ ավելի կարևոր է, քան բուժումը; Եթե մարդիկ ճիշտ կրթվածություն ունենան, իրազեկված լինեն իրենց հիվանդությունների մասին, ժամանակին կկանխեն այդ ամենը: Մեզանում այդ կուլտուրան դեռ այնքան էլ չի զարգացել, դրա համար մարդիկ մեզ դիմում են շատ ավելի ծանր ստադիաներում: Մենք միշտ մեր արտասահմանցի գործընկերների հետ խոսում ենք այդ մասին, նշում, որ իրենք այդպիսի դեպքերի չեն հանդիպում, որովհետև ժամանակին են դիմում իրենց: Մեզ մոտ արդեն ահավոր վիճակում են գալիս: Իհարկե, պրոֆիլակտիկան ավելի ճիշտ է, բայց մարդիկ դեռ այդ մակարդակի չեն հասել:
Պետք է պայքարել դրա համար, պոլիկլինիկաների օղակը պետք է պայքարի, պետությունը մեծ գումարներ պետք է հատկացնի դրան, որ մարդիկ տարեկան երկու-երեք անգամ անվճար հետազոտություններ անցնեն՝ սիրտ, անոթներ, վերջույթներ… Այդ ժամանակ արդեն ծանր վիճակում չեն դիմի մեզ:
-Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում, եթե շուտ դիմեն, գործը չի հասնի վիրահատության:
-Այո, հիվանդությունները բազմաթիվ են, չենք կարող ասել՝ ծունկը հիվանդ է, այն ունի հազարավոր հիվանդություններ՝ մեկը վիրահատական է, մյուսը՝ ոչ վիրահատական…
-Կնշե՞ք այնպիսի ախտանիշներ, որոնք ունենալու դեպքում մարդիկ կարողանան հասկանալ, որ խնդիր կա, և վաղ դիմել բժշկի: Ի՞նչը պիտի մարդկանց ավելի զգոն դարձնի:
-Շարժունակության պակասությունը, տեսանելի դեֆորմացիաները, հոդերի անհասկանալի ձայները… Կարևորը՝ ուշադիր լինես ինքդ քո հանդեպ, հասկանաս, որ ինչ-որ բան փոխվել է, օրինակ՝ քայլվածքի մեջ… Մինչև ցավը՝ կարող է սկսվել ուղղակի շարժումների անհարմարություն. շարժումները շատ ցավոտ չլինեն, բայց այնպես չլինի, ինչպես երեկ, կոպիտ ասած: Այս դեպքերում պետք է դիմել բժշկի:
-Պարոն Հարությունյան, Դուք հարցազրույցներից մեկում նշել եք, որ վիրահատությամբ հիվանդությունը ոչ թե ավարտվում է, այլ՝ սկսվում: Կպարզաբանե՞ք այս միտքը:
-Օրթոպեդիան այդպես է, այն ընդհանուր վիրաբուժություն չէ, այնտեղ բուժում են և ասում՝ հաջողություն, իսկ մենք վիրահատելով սկսում ենք բուժումը, որովհետև մեր դեպքում վիրահատությունը բուժման վերջը չէ, սկիզբն է: Այսինքն՝ շատ կարևոր է հետվիրահատական շրջանը: Քիչ է միայն վիրահատել ու ստանալ գեղեցիկ ռենտգեն պատկեր, շատ կարևոր է, որ հիվանդը շատ լավ քայլի, կամ, եթե վերին վերջույթ է, ձեռքը շատ լավ շարժի, վերադառնա իր նախահիվանդության վիճակին, այսինքն՝ առողջ վիճակին: Հիվանդին պետք է մինչև վերջ առողջացնել, նոր համարել, որ գործն ավարտված է:
-Որքա՞ն ժամանակ է տևում հետվիրահատական շրջանը:
-Նայած պաթոլոգիա, նայած հիվանդություն, ամենապարզը կարող է երեք շաբաթ տևել, միջինը՝ 6-8-10 շաբաթ, իսկ ծանր պաթոլոգիաների դեպքում կարող է նույնիսկ տարիներ տևել:
-Իսկ հնարավո՞ր է, որ հիվանդությունը նորից կրկնվի:
-Իհարկե, իսկ կա՞ աշխարհում հիվանդություն, որ հնարավոր չէ՝ չկրկնվի:
-Այդ դեպքում վիրահատության կարիք դարձյալ լինու՞մ է, թե՞ հնարավոր է լինում այլ մեթոդներով լուծել խնդիրը:
-Ռեցիդիվներ լինում են ամբողջ աշխարհում, ամենահարուստ երկրներում, ամենաբարեկիրթ հիվանդանոցներում ու ամենահայտնի բժիշկների մոտ: Ոչ մեկը կիսաստված չէ, պետք է աշխատել լավ, որ ռեցիդիվները քիչ լինեն, իսկ եթե ասել, որ ոչ, չի լինում ռեցիդիվ, ուրեմն՝ դու քեզ դրել ես կիսաստվածի տեղ…
-Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը՝ Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:
-Հոդային խնդիրներով հիմնականում դիմում են կանայք՝ ելնելով օրգանիզմի առանձնահատկությունից: Հետմենոպաուզալ շրջանում կանանց մոտ զարգանում են հորմոնալ խիստ փոփոխություններ: Եթե ժամանակին կանայք զբաղվեն իրենց առողջությամբ, այսինքն՝ այդ հորմոնների պակասը՝ պաուզան, անցկացնեն ավելի հարթ, հոդային խնդիրներ չեն առաջանա:
-Բժիշկ, Դուք հաճախ նշում եք պացիենտի հետ շփման կուլտուրայի մասին: Ինչպե՞ս եք կարողանում, այսպես ասած, բոլորի հետ լեզու գտնել, յուրաքանչյուր պացիենտի յուրովի մոտենալ…
-Էթիկա…
-Հե՞շտ է Ձեզ համար:
-Արդեն սովորական է… Դժվար է այն առումով, որ տարբեր խավերի, տարբեր դաստիարակության մարդիկ են մտնում, բայց պետք է հասկանալ, որ դու բժիշկ ես, էթիկ նորմաները պահել և գնալ առաջ, որովհետև առանց դրա՝ դու կարող ես ունենալ ոսկե ձեռքեր, բայց չունենալ դաստիարակություն. ու՞մ են պետք այդ ոսկե ձեռքերը:
-Մասնագիտական ասպարեզում կամ ընդհանրպես՝ կյանքում, նշանաբան ունե՞ք, որով առաջնորդվում եք:
-Դրոշակներ չունեմ (ծիծաղում է-խմբ.)…
-Բժի՛շկ, բնականաբար՝ բազմիցս զգացել եք գնահատված լինելու բերկրանքը: Կա՞ն ինչ-որ խոսքեր, որ լսել եք շնորհակալ պացիենտից և երբեք չեք մոռանա, խոսքեր, որոնք Ձեզ համար իսկական գնահատական են եղել:
-Այդ պաթոլոգիան չունեմ՝ ես-ես, ես ինձ շատ եմ սիրում և այլն, բայց մի կին պացիենտ ունենք, որ մեզ ասում է՝ փրկիչները (ծիծաղում է-խմբ.): Դա կարող եմ նշել որպես հետաքրքիր, դրվագ… Իսկ իրականում շատ շնորհակալ ենք, որ մարդիկ շնորհակալ են, ճիշտը որ ասեմ՝ մենք ենք իրենց շնորհակալ, էլի եմ ասում՝ մենք դրա համար ենք աշխատում, այլապես ֆինանսական՝ բոլորն էլ աշխատում են, ընտանիք են պահում, բայց բժշկի համար շատ կարևոր է, երբ տեսնում ենք, որ մարդիկ իսկապես շնորհակալ են, մենք դրանից հոգեպես ծաղկում ենք:
-Ճի՞շտ է, որ բժիշկ-պացիենտ կապը դառնում է գրեթե բարեկամական՝ հաշվի առնելով նաև հետվիրահատական շրջանի երկարատև ընթացքը:
-Մենք բոլորի հետ էլ շատ մտերիմ ենք, շատ լավ ենք, իհարկե, պետք է չափն իմանալ, բայց ոչ մի դեպքում չկոպտել, չվանել…
-Պարոն Հարությունյան, իսկ երեխաների հետ աշխատու՞մ եք կամ երբևէ աշխատե՞լ եք:
-Դժվար է երեխաների հետ աշխատել, եթե լինում են սպեցիֆիկ պաթոլոգիաներ, երբ պետք է միջամտել, մենք միջամտում ենք: Դա մեր մասնագիտությունը չէ, ու կան շատ ավելի հզոր ու պրոֆեսիոնալ մարդիկ: Չի կարելի անել այն, ինչը դու կանես ավելի վատ, քան հարևանդ. ես մասնագիտացել եմ մեծերի օրթոպեֆդիայի մեջ:
-Նշեք, խնդրեմ, Ձեզ դիմող մարդկանց միջին տարիքը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց:
-Հիմնականում՝ հիսուն և ավելի՝ չհաշված մարզիկներին, պարողներին, որոնք առաձին կատեգորիա են: Երբ քառասունից հետո արթնացար, ու ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն՝ մի բան այն չէ (ծիծաղում է-խմբ.): Ինչպես բոլոր բժիշկներին, այնպես էլ՝ մեզ, հիմնականում դիմում են քառասունից հետո՝ չհաշված լուրջ վնասվածքները, որոնք տարիք չեն հարցնում:
-Իսկ կա՞ն հիվանդություններ, որոնք երիտասարդացել են:
-Բոլորը՝ արթրոզներն են շատ երիտասարդացել, ինֆարկտները, ինսուլտները…
-Ի՞նչ եք կարծում, դա ինչո՞վ է պայմանավորված:
-Էկոլոգիայով. ի՞նչ ենք ուտում, ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք խմում…
-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Առողջություն, երջանկություն…
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք:
-Ուշադիր եղեք ձեր մարմնի հանդեպ, և ամեն ինչ լավ կլինի: Իսկ բժշկին հաճախակի դիմելը պետության խնդիրն է: Հաճախակի դիմել բժշկին՝ քո գումարով, մի քիչ դժվար է, պետությունը պետք է այդ հարցը դնի, որ մարդիկ տարին գոնե մեկ-երկու անգամ անցնեն մինիմալ հետազոտությունները, որպեսզի իմանան, տեղյակ լինեն, թե իրենց մոտ ի՛նչ խնդիր է սկսվում…