Լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժշկ լինելը  մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն

Ռենտգեն հետազոտություն, թե՞ սոնոգրաֆիա. հարց, որը հաճախ քննարկման թեմա է հանդիսանում:
  Ներկայումս միանշանակ չեն այս ախտաբանական վիճակի ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները, մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ ալգորիթմներ: 
   Նաիրի բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ եւ բարձր որակավորված բժշկական օգնություն:

   Նաիրի բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը, շնորհիվ համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման, ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ եւ տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացրել է, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ոչ միայն ախտորոշման նպատակով, այլեւ իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման եւ որոշ բուժական միջոցառումներ եւ միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ: Կիառվող սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը՝ դրանով իսկ օգնելով հիվանդությունները հայտնաբերել եւ արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում:

   Մասնագետների գիտական, կլինիկական եւ կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, տեխնիկա արտադրող առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:  http://bestgroup.am/ կայքի   զրուցակիցն է Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ԱՆՅՈՒՏԱ ՕՀԱՆՅԱՆԸ, հաճելի կին եւ հաճելի զրուցակից, ում հետ խոսեցինք ոլորտում առկա հարցերի մասին:

- Տիկի՛ն Օհանյան, ի՞նչ գործառույթներ է իրականցնում Ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են դիմել Ձեզ:

- Սոնոգրաֆիան համարվում է դիագնոստիկայի մեթոդներից մեկը, այն վերջին սերնդի  հետազոտություններից մեկն է, որը համեմատվում է  ռենգեն  հետազոտության հետ:  Չնայած լինելով  երիտասարդ հետազոտական  մեթոդ՝ այն  այսօր  արագընթաց տեմպերով զարգանում է, ինչը պայմանավորված  է տեխնիկական հագեցվածությամբ, կիրառվող սարքավորումները հզորացմամբ, ինչի հետևանքով էլ  հնարավորություններին էլ ավելի են շատանում: Եթե  նախկինում մենք ուղղակի  ստանում էինք խնդրի մակերսեային պատկերը, ապա այսօր կարող ենք ավելի մանրամասն, ավելի խորը տեսնել խնդիրը, ավելի մանրամասն ստուգել եւ ստույգ եզրակցություն տալ: Սոնոգրաֆիան  հիմնված է  տատանողական ալիքների վրա, այն վտանգավոր համարվել չի կարող, անվտանգ է եւ անցավ, բազմակի անգամ պացինտները կարող են անցնել հետազոտություն, այն բարձր հաճախականության եւ մարդու ականջի համար անընկալելի ձայնային ալիք է, որն հետազոտվող օրգանին ուղարկվում է հատուկ հարմարանքի՝ «տվիչի» (датчик, տրանսդյուսեր) միջոցով, որն էլ անմիջականորեն հպվում է հետազոտվողի մարմնի համապատասխան շրջանի մաշկին:

- Բժշկուհի՛, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցինք գնալ այդ քայլին:

- Բժիշկ շատ վաղուց էի ցանկանում դառնալ,  երբ դեռ սովորում էի երրորդ դասարանում: Եղել եմ գերազանց սովորող աշակերտ, միաժամանակ շատ ակտիվ եմ իմ էությամբ, միշտ համարձակ եւ անվախ եմ եղել: Եղել եմ Հայաստանի վազքի չեմպիոն, երաժշտության մեջ էլ եմ ինձ լավ դրսեւորել, մի խոսքով, միշտ  ձգտել եմ ամեն ոլորտում ինձ դրսեւորել լավ եւ լինել առանջային դիրքերում: Իմ մասնագիտությամբ ապրում եմ, մինչ օրս սիրում: Փառք Աստծո, իմ ոլորտում ես հասել եմ այն  մակարդակի, երբ ինձ զգում եմ իմ ափսեի մեջ, փնտրտուքների մեջ չեմ, վստահ կանգնած եմ: Նշեմ, որ որպես սոնոգրաֆիստ առաջին քայլերս սկսել եմ  Էրեբունի բժշկական հիվանդանոցից՝  20 տարի աշխատելով  այնտեղ: Հիվանդանոց, որը համարվելով բազմապրոֆիլային,  մեծ ծավալով աշխատանքեր էր տանում. մշտապես հերթապահություններ, հիվանդների մեծ հոսք: Իհարկե ընթացքում՝ մինչեւ երեխաներիս ծնվելը, եղել են  մարզային եւ արտերկիր աշխատանքային գործուղումներ: Առաջիկայում կան պլաններ գնալ արտերկիր՝ լրացնելու մանագիտական  գիտելիքները: Համատեղելով Նաիրի եւ Էրեբունի բժշկական կենտրոներում իմ աշխատանքը պարոն Հարություն Քուշկյանի ղեկավարմամբ՝ բժշկական  համալիրին  միշտ հավատարիմ եմ մնացել, իսկ երբ ես նվիրվում եմ, ուրեմն մեծ նվիրումով աշխատում  եմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես  գոհունակ եւ հոգեպես բավարարված եմ զգում պացիենտների շնորհակալական խոսքերից եւ հայացքներից:

 Ես ունեմ երկու հրաշալի դուստր, իհարկե իրենք չեն ընտրել իմ ուղին, բայց, ամեն դեպքում,  իրենց էլ  ընտրած մասնագիտության մեջ իրենց կատարյալ են  դրսեւրում: Ես ինձ երջանիկ կին եմ համարում. աշխատում եմ մի կլինիկայում, որտեղ  ամեն օր մեծ սիրով եմ  աշխատանքի գալիս եւ գնում: Կցանկանայի խոսել նաեւ պացիենտների դիմելության կուլտուրայի մասին. այն շատ խայտաբղետ է ու բազմազան: Մենք՝ բժիշկներս, անում ենք ամեն ինչ, որ մարդկային հարաբերությունների, մատուցման եւ բուժման կուլտուրան միշտ բարձր մակարդակով լինի, բայց, ցավոք, լինում են նաեւ անշնորհակալ պացիենտներորոնց թվում է, թե բժիշկներն են մեղավոր իրենց խնդիրների համար: Հուսանք՝ մեր հասարակությունն մոտ ապագայում ավելի հանդուրժող ու շնորհակալ կլինի:  

- Ձեր կարծիքով  ի՞նչ են տալիս ասոցացիաներն այսօր:

- Մենք մեր ասոցացիան  վերաստեղծեցինք 2 տարի առաջ: Ասոցացիաները մեզ շատ օգնում են վերապատրաստումների ժամանակ, գիտելիքների թարմացման եւ բազայի լրացման հարցում: Արդեն երկու տարի է, ինչ ասոցացիան ղեկավարում է Կոստանտին Սամվելի Գալումյանը, ով միաժամանակ մեր բժշկական կենտրոնի եւ բաժանմունքի` ռադիոլոգիայի բաժնի ղեկավարն է, ում շնորհիվ  բավական մեծ փոփոխություններ են եղել: Նա, լինելով բավական երիտասարդ,  շատ բանիմաց եւ հմուտ է իր գործում: Իրականում մինչ իրեն ղեկավարումը ասոցիացան նախկինում գրեթե մեզ ոչինչ չէր տալիս, իսկ այսօր մեզ տրված են մեծ հնարավորություններ եւ փորձի փոխանակության հարցում մեծ առաջընթաց:

 - Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է այդ մասին հայտնել հիվանդին:  

- Իմ երկար տարիների փորձն ինձ թույլ է տալիս հասկանալ, թե որ դեպքում ինչ լուծում տալ հարցին: Ես արագ ճանաչում եմ մարդու տեսակը: Իմ կարծիքով պետք է  պացիենտին ասվի իր հիվանդության մասին, որպեսզի նա պայքարի  կյանքի համար: Ես համոզվել եմ հորս կորուստից հետո. նա նույնպես մահացավ ուռուցքից: Ուռուցքով հիվանդը պետք է մշտապես պայքարի մեջ մտնի  հիվանդության դեմ, պետք է կարողանալ ուժեղ լինել եւ անկոտրում, հավատա հրաշքներին ու պայքարի  մինչեւ վերջ: Ինչքան էլ  իմանանք, որ չարորակ գոյացությունը դատավճիռ է եւ մահացության  վատ վիճակագրություն կա, պետք է գիտակցնենք, որ կա Աստված, եւ որոշ հարցերի պատասխանները մենք,  իրականում, չենք կարող տալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք գործ չունենք հաստատուն գիտության հետ. դա մաթեմատիկական գիտություն չէ: Պետք է ուղղակի հավատանք  մեր ուժերին եւ Աստծո գոյությանը: Ի դեպ, ունեմ նաեւ երրկորդ մասնագիտություն, ինձ դրսեւորել եմ նաեւ  իրավաբանության ոլորտում, սովորելուց հետո 4 տարի համատեղել եմ աշխատանքս բժշկության հետ, որն էլ իրականում ինձ շատ է օգնում ավելի լավ ճանաչել պացինետի հոգեբանությունը եւ ճշգրիտ մոտեցում ցույցաբերել յուրաքանչյուրին: Իրականում իմ առաքելությունը բժիշկ լինելն է, մարդուն հասկանալ եւ բուժելն է, երկու մասնագիտություն համատեղել հնարավոր չէ: Ես պետք է ուրախությամբ  նշեմ, որ  աշխատում եմ մի կլինկայում, որտեղ կան վերջին սերնդի լավագույն սարքավորումները: Նախկինում աշխատել եմ տարբեր սարքավորումներով. իմ աշխատանքային վերելիքը այդ սարքավորումների զարգացման հետ է ընթացել, իսկ այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի բժիշկ-սոնոգրաֆիստը կարողանան ավելի վստահ իրեն զգալ սարքավորման մոտ, քան նախկինում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող սարքավորումների ժամանակ: Մեծ նշանակություն ունի նաեւ մարդային ֆակտորը.  լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժիշկ լինելը  մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր եսը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացուն է ու կամեցող: Կցանկանամ  լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը:

Իսկ որպես վերջաբան ասեմ, որ իրականում ոչ բոլորը կարող են բժիշկ դառնալ եւ երկար տարիներ կարողանալ մնալ այդ ասպարեզում եւ իրենց փառքն ու հարգանքը պահել բարձր դիրքերում: Մասնագիտությունը ապրելակերպ է, կենսակերպ և առաքելություն:

Իրականում ընթացքում լինում են հիաստաթափության պահեր, բայց չպետեք է ընկճվել եւ դոփել տեղում, լճանալ: Ով սիրում է իր մասնագիտությունը,  իրավունք չունի ընկվճվել: Նա պիտի շարունակի իր գործունեությունը,  հավատաիրմ մնալով իրեն եւ Հիպոկրատին տրված երդմանը:

     Ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերը անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի

Ռենտգեն հետազոտման համար անցյալում կիրառվող սարքավորումն իսկապես դժվար էր անվտանգ համարել. այն  մարդուն ճառագայթման մեծ չափաքանակի էր ենթարկում եւ կարող էր  առողջությանը վնաս պատճառել: Այդ ժամանակ  անհայտ ճառագայթների  մասին գիտությանը քիչ բան էր հայտնի, հետեւաբար մասնագետները ռենտգենյան ճառագայթներն անվանում էին X ճառագայթներ: Մինչդեռ այսօր շատ բան է փոխվել, եւ ռենտգեն հետազոտության համար արդեն ժամանակակից սարքավորումներ  են օգտագործում, որի շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, եւ որը մի քանի անգամ կիրառելու, հետազոտվելու դեպքում չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Չնայած այնպիսի նոր եւ առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ եւ արագությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ հիվանդներին հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Հիվանդների համար  կարեւոր է նաև  տվյալ  մեթոդի բարձր որակն ու ցածր գինը:

    Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձեւը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը: Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության եւ ուռուցքների ախտորոշման նպատակով. լեղուղիների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է վերջիններիս ուրվագծերի, չափերի, ներ եւ արտալյարդային լեղածորանների լուսանցքի գնահատման, կոնկրեմենտների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների վարակային, ուռուցքային եւ այլ հիվանդությունները ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, ողնաշարի ծռվածություն), բորբոքային եւ ուռուցքային հիվանդություններ հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի եւ հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների եւ ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով արգանդի խոռոչի եւ ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա:     

  Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ մարսողական օրգանների և միզասեռական օրգանների հետազոտութությունների ժմանակ:

    Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ եւ մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել եւ բուժում նշանակել:

    Օրթոպեդիայում ռենտգեն հետազոտությունը կիրառվում է ոսկրահոդային համակարգի ամբողջականության գնահատման նպատակով: Բացի սովորական հետազոտությունից, ներկայումս կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել ոսկրերի եռաչափ կառուցվածքը: Դա հատկապես արդիական է անհետաձգելի վիրաբուժության ոլորտում, քանի որ մեթոդը թույլ է տալիս հստակ որոշել կոտրվածքի գիծը:

    Բաժանմունքի թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում՝ ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:

     Մասնագետի խոսքով ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերն անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի, ուստի սխալ է «ռենտգենից խուսափելը». որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է:  Ի դեպ, ռենտգենյան ճառագայթները նաեւ կիրառվում են օստեոպորոզի եւ ոսկրերի այլ խնդիրների հայտնաբերման դեպքում: Իհարկե չարժե առանց պատճառի ռենտգեն հետազոտություն անցնել, սակայն եթե այդ հետազոտության ցուցումները կան, չարժե նաեւ դրանից խուսափել, հատկապես եթե այն կատարվում է նորագույն սերնդի  սարքավորմամբ: Այս բոլոր հետազոտությունները հիվանդների համար առավելագույնս անվտանգ են եւ օգնում են մեծ թվով հիվանդություններ ախտորոշել, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ռենտգեն-տեխնոլոգիաների: Ռենտգեն հետազոտությունն այսօր էլ մնում է որպես կարեւոր ախտորոշիչ միջոց հատկապես վնասվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Ռենտգեն հետազոտությունը (ռադիոգրաֆիա) օգտագործում է ռենտգենյան ճառագայթումը, որի միջոցով արտածվում է ներքին օրգանների պատկերները: Մարմնի տարբեր կառուցվածքները (օրինակ՝ ոսկրերը եւ փափուկ հյուսվածքները) ռենտգենյան ճառագայթները կլանում են տարբեր չափով, որն էլ թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար պիտանի պատկերներ: Այսօր  շատերը  խուսափում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված: Արժե՞ իսկապես վախենալ ռենտգեն ճառագայթներից: http://bestgroup.am/ կայքի   զրույցը ծավալվեց Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաեւ  Նորմեդ  բժշկական կենտրոնի  բժիշկ-ռադիոլոգ ԼԻԼԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ: Նրա խոսքերով. «Չնայած օր օրի զարգացող բժշկությանը եւ արդի մեթոդների կիրառելիությանը՝ այսօր ռենտգեն  հետազոտությունը, միեւնույն է, մնում է բավականին մատչելի, հասանելի եւ բազային հետազոտություն: Ռենտգեն ախտորոշման պատմությունը մեկ դարից ավելի պատմություն ունի: Անվանումը ստացել է մեթոդը հայտնաբերած  հեղինակի անունից: Մեթոդը, որը 1895 թվականին հայտնագործեց գերմանացի ականավոր ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը, կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումն էր։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի հետագա զարգացման վրա, մասնավորապես հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վիլհելմ Ռենտգենի առաջին «բժշկական» ռենտգենը իր կնոջ ձեռքի ռենտգենն էր 1895թ.-ին։ Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901թ.)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության ոլորտում գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչեւ այժմ: Ռենտգեն հետազոտությունը հետագայում բժշկության  մեջ շատ արագ զարգացավ, կիրառվեցին տարատեսակ մեթոդներ: Այն դժվարամատչելի հետազոտություն չէ, մեծամասամբ նախապես հիվանդին պետք չէ պատրաստել :

     Ռենտգեն հետազոտությունը մեծ դեր է խաղում վնասվածքաբանության մեջ, քանի որ որոշ շտապ դեպքերում, օրինակ՝ կոտրվածքների ժամանակ, այն համարվում է առաջնահերթ հետազոտություն: Հետազոտություն, որը  կիրառելի է նաեւ կրծքավանդակի օրգանների, ոսկրային եւ հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում: Ռենտգենը ախտորոշման ստանդարտ մեթոդ կարող է համարվել նաեւ ողնաշարային հիվանդությունների ախտորոշման դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով հետազոտության եւ բուժման մեջ արդյունք չենք տեսնում, ապա ուղղորդում ենք հերթական հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը իրականացվում է նաեւ կանանց ներքին օրգանների վիճակի ախտորոշման, փողերի եւ արգանդի խոռոչի կոնտրաստային հետազոտության դեպքում: Ի դեպ, կցանկանայի նշել, որ այդ դեպքում հակացուցում կարող է հանդիսանալ միայն կոնտրաստային նյութի կիրառելիությունը (որն իր մեջ պարունակում է յոդ) եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Այս դեպքում հիվանդին պետք է  միայն զգուշացնել, որ մինչ հետազոտությունը դատարկ ստամոքսով գա: Մենք հիվանդին տալիս ենք բարիսուլֆատ, որն ամբողջությամբ օրգանիզմից դուրս է գալիս աղեստամոքսային տրակտով և օրգանիզմում չի ներծծվում: Պետք է նշեմ, որ ճիշտ է սկսել էտապային հետազոտություններով, այսինքն՝ ռենտգեն հետազոտությունից սկսելու անհրաժեշտության դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կողմնորոշվել ախտորոշման մեջ, եզրակացություն դնել կամ հետազոտության դինամիկայում դրական արդյունք չեն ստանում, ապա, բնականաբար, հաջորդ փուլերում հիվանդին ուղղորդում ենք՝ հետագա հետազոտություններն անցնելու: Երբ կատարվում է միզուղիների կոնտրաստային հետազոտություն՝ հատուկ կոնտրաստային նյութով, որը իրականում յոդ է պարունակում,  պարտադիր հետազոտությունից առաջ հիվանդին խորհուրդ ենք տալիս հանձնել կրեատինինի անալիզ, այսինքն՝ եթե դրա թիվը բարձր լինի, դա առաջին  հակացուցումը կարող ենք համարել, որպեսզի այդ հետազոտությունը չիրականացվի: Պետք է հետազոտությունը իրակացնել կրեատինինը նորմայի սահմաններ հասցնելուց հետո միայն: Հակացուցումների մեջ կարող ենք նշել նաեւ հղիությունը, չնայած լինում են նաեւ անհապաղ դեպքեր, երբ պետք է ախտորոշել հղիության ընթացքում առկա՞  է թոքաբորբը, թե ոչ, ինչպես նաեւ փոքր տարիքը, որի դեպքում կիրառվում է պաշտպանիչ արճիճ պարունակող հատուկ «գոգնոցներ», որպեսզի ճառագայթում չլինի և մյուս հատվածները պաշպանի: Ավելին ասեմ.  հիվանդը  ինքնուրույն որոշում չպետք է կայացնի եւ գնա ռենտգեն հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը ցանկալի է կատարել ստանդարտ երկու դիրքերով. գոյություն ունի միջազգային ստանդարտ, երբեմն կարող է լինել նաեւ հավելյալ երրորդ դիրքի հետազոտման պահանջ, բայց ամեն դեպքում ոսկե ստանդարտ է համարվում  երկկողմ հետազոտությունը:  Կցանկանամ  նաեւ նշել, որ ռենտգեն հետազոտությունը կատարվում է երկու մեթոդով: Նախկինում ավելի հաճախ կատարվում էին ռենտգեն ժապավենով, երբ ռենտգեն ճառագայթները, անցնելով մարդու օրգանիզմի միջով, ֆիքսած պատկերը արտացոլում էին ժապավենի վրա:  Այսօր արդի զարգացվածությանը համընթաց թվային հետազոտությունները  արդիականացված են: Դա թույլ է տալիս քիչ դոզավորմամբ ճառագայթային բեռնվածությունը մինիմալի հասցնել, ինչը չի խանգարում ստանալ հետազոտության բավականին որակյալ պատկեր: Այն հնարավարություն է ստեղծվում ստացված պատկերը չափագրել  միլիմետրերի ճշգրտությամբ: Գործածելով խոշորացույց ֆունկցիան,  պոզիտիվ և  նեգատիվ ռեժիմների փոփոխությամբ: Ստացված պատկերը տրամդրում ենք նայև սկավառակով: Թվային մեթոդով ստացված պատկերները  ժամանակի ընթացքում չեն որակազրկվում ի տարբերություն ռենտգեն ժապավենների:  Մենք ունենք բավականին մեծ արխիվ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք  համեմատել  նոր հետազոտությունը հին հետազոտության հետ: Կարծիք կա հասարակության մեջ, որ ռենտգեն ճառագայթները վնասակար են առողջության համար: Համամիտ եմ, որ վնասակար են, բայց եթե դա չափի մեջ է  և տարեկան կտրվածքով չափաբաժինը չեն անցնում: Դա հնարավորություն է տալիս բուժումից հետո հիվանդին կանչել դինամիկ ստուգման եւ  իրականացնել հիվանդի դինամիկ վերահսկողությունը: Կրծքավանդակի հետազոտությունների դեպքում, երբ արդեն ախտորոշվել է  թոքաբորբ, բնական է, որ բուժող բժիշկը բուժում նշանակելուց և ավարտելուց հետո ցանկանում է   կրծքավանդակի կրկնակի դինամիկ հետազոտություն: Եթե կա դրական դինամիկա, հետագայում կրկնակի հետազոտման անհրաժեշտություն  էլ չի լինում:

    Ռենտգեն հետազոտման միջոցով ախտորոշվում է նայև օստեոպորոզը: Չնայած բազային առաջնահերթ հետազոտություն համարվում է դենսիտոմետրիան՝  երբեմն ոսկրային խտությունը նվազում է 25-30 տոկոսով, եւ դա հիմք է հանդիսանում  հիվանդության առկայության հիմնավորմանը, որն ի հայտ է գալիս հիմնականում 55-60 տարեկանի շեմը հատած կանանց մոտ:

   Ես, լինելով ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, ուրախությամբ եմ նշում, որ մեր ասոցիացիան բազմաթիվ ծավալուն աշխատանքներ է կատարում: Հատկանշական  է, որ անգամ չենք կարող համեմատել 10-15 տարի առաջվա հետ: Մեր ասոցացիայի նախագահ Կոստյա Ղալումյանը բավականին մեծ աշխատանքներ է տանում, ինչի  շնորհիվ էլ մեծ արդյունքների ենք հասել մեր բնագավառում: Կատարվում է նաեւ փորձի փոխանակում: Նշեմ, որ մայիսի 24-25-ը Դիլիջան քաղաքում կայացավ «Ռադիոգրաֆիա-2019» -ը, որտեղ արտերկրից բազմաթիվ հյուրեր էին հրավիրված, իսկ հունիսի 15-ին Մատենադարանում կկայանա ռադիոլոգների կոնգրեսը, որտեղ հրավիրված է աշխարհահռչակ հայազգի գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ով հայտնագործել է մագնիսական  ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը: Ցանկանում եմ նաև առանձնացնել կլինիկական օրդինատուրայի իմ ուսուցչին՝ Մագդա Սահակի Բերբերյանին, հրաշալի մասնագետ և մանկավարժ, ով կրթել է ռենտգենոլոգների տասնյակ սերունդներ, ով դեռ կյանքի տարիներին դարձավ կենդանի լեգենդ,  ով մեծ ներդրում ունեցավ  իմ նեղ մասնագիտության ընտրության հարցում:

   Իսկ որպես վերջաբան խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը, գոնե տարին մեկ անգամ, որպես սկրինինգային հետազոտություն անցնեն կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ անկախ գանգատների առկայությունից, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների:Մեր հասարակությանը մաղթում եմ ամուր առողջություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն  սեփական առողջության նկատմամբ: Ցանկացած հիվանդություն արդյունավետ բուժելու կարևորագույն նախապայմանը  առավելագույն ճշգրիտ ախտորոշումն է:

 

Ալերգիան  դատավճիռ չէ, ալերգիան ունի բուժում

    Մշտապես կարող ենք լսել «Առո՛ղջ եղեք» արտահայտությունը: Այս բառերը հաճախ լսում են այն մարդիկ, որոնք տառապում են ալերգիայով: Ալերգիան  արտահայտվում է փռշտոցով, քթահոսությամբ, կոկորդի, քթի, ականջների քորով, նաև աչքերի արյունալեցմամբ, արցունքահոսությամբ: Ախտանիշները կարող են լինել այնքան նյարդայնացնող եւ հոգնեցուցիչ, որ մարդը դժվարանում է ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, ուստի կյանքի որակը վատթարանում է: Վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շատացել են սեզոնային ալերգիկ հիվանդությունները, որոնք հիմնականում առաջանում են` պայմանավորված ծառերը ծաղկելու, փոշոտմը սկսելու հետ: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա առաջին  հերթին  կապված է այն հանգամանքով, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` այսօր բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է: Անդրադառնալով պատճառներին` մասնագետները նշում են, որ խնդիրն այդքան էլ դյուրին չէ, քանի որ  հաշվի է առնվում շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, ինչն էլ հանգեցնում է  ալերգենների շատացմանը: Կան աշխատանքի մի շարք ոլորտներ, որտեղ աշխատող մարդկանց  շրջանում ալերգիաների առաջացման հավանականությունը մեծ է. մասնավորապես քիմիական արդյունաբերությունում աշխատողները, ինչպես նաև խոհարարները, վարսահարդարները: Կա նաև ժառանգականության գործոնը: Ալերգիկ նախանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի, իսկ հստակ ախտորոշման դեպքում իրականացնել համապատասխան բուժում: Խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել ալերգիկ երևույթների  հետ շփումից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ալերգիայից մեկընդմիշտ հնարավոր է ազատվել, ապա մասնագետները նկատում են, որ շատ դեպքերում, այո՛, բուժվում է:  Ալերգիայի դրսևորումները տարատեսակ են՝ կախված նրանից, թե ալերգիկ ռեակցիան մարդու որ օրգանին է առավել առնչվում (երբեմն ալերգիկ ռեակցիաները կարող են համակցվել): Ալերգիայի դրսեւորումները կարող են լրջորեն խանգարել առօրյայում: Ուստի կարևոր է ալերգիայի կասկածների առաջացման ժամանակ ճիշտ գնահատել շրջակա միջավայրը, հնարավոր ալերգիաները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է:

http://bestgroup.am/ կայքի   զրուցակիցն է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կլինիկայի իմունոլոգ-ալերգոլոգ, բ.գ.թ., Երեւանի Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, տասնյակից ավել գիտական հոդվածների եւ թեզիսների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, ալերգիկ հիվանդությունների վարման  կլինիկական ուղեցույցների  եւ  գործելակերպերի մշակման աշխատաքային խմբի անդամ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ոլորտի շուրջ:

Տիկի՛ն Հարությունյան, ինչի՞ հետ են կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվությունը մեր օրերում:

Ալերգիկ հիվանդությունները գրանցում են սրընթաց աճ ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ յուրաքանչյուրին բնորոշ պատճառով:  Ըստ միջազգային վիճակագրության՝ այսօր շատ քիչ են հիվանդները, որոնք ունեն ալերգիայի միայն մեկ ալերգեն: Հիվանդների մեծ մասը պոլիսենսիբիլիզացված է՝ ունի ալերգիա միաժամանակ մի քանի ալերգեններից:  Ալերգոլոգիական  պաթոլոգիաների հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել   նորանոր դեղերի և մեծ քանակությամբ դեղորայքի օգտագործմամբ, նաև ոչ օրգանակ սննդի տարածմամբ և օգտագործմամբ, ինչը հագեցած է կոնսերվանտներով, ներկանյութերով և այլն: Պատճառներից է  նաև բնության մեջ հիբրիդային տեսակների ծառ ու ծաղկի գոյացումամբ, որոնցով  մենք սիրում ենք զարդարել մեր միջավայրը. մի խոսքով՝ պատճառները շատ են: Հատուկ կուզեի կանգ առնել քրոնիկական սթրեսի վրա, ինչը վերջին ժամանակներում բժշկագիտության ուսումնասիրման կենտրոնում է, որը առաջացնում է իմուն  համակարգի տարատեսակ շեղումներ, իսկ ալերգիան ինքին իմուն պատասխանի դրսևորումներից մեկն է: Իրականում տարբերում ենք ալերգիկ հիվանդությունների տարատեսակ  խմբեր՝ պայմանավորված տարբեր  էթիոպաթոգենետիկ մեխանիզմներով: Ըստ ախտահարվող թիրախ հյուսվածքների, օրգանների և  դրսևորումների՝ տարանջատվում են ալերգիայի ռեսպիրատոր  ձևերը, մաշկային ձևերը, ավելի համակարգային ձևերը (միաժամանակ մի քանի), երբեմն նաև գրեթե բոլոր կենսական կարևորագույն օրգան –համակարգերի ախտահարումով:

Բժշկուհի՛, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին:

Գարնան  ծաղկունքին զուգահեռ բնությունը հարստանում է ծառ ու ծաղկի, խոտերի ծաղկափոշով, որոշ սնկերի սպորներով, ինչը դառնում է պատճառ ալերգիկ ախտահարումների, մասնավորապես, սեզոնային ալերգիկ ռինիտի, ալերգիկ կոնյունկտիվիտի զարգացմանը: Նույն ժամանակաշրջանում ակտիվանում են ֆոտոդերմատոզները՝ պայմանավորված արևի ճառագայթների ուլտրամանուշակագույն ալիքներով: Վերջինս ժողովրդի մեջ հաճախ անվանվում է <<արևային ալերգիա>>: Պետք է նշել նաև ցուրտ եղանակին՝ ձմռանը, բնորոշ ցրտային ալերգիաները: Որոշակի անամնեզ ունեցող հիվանդները սեզոնին ընդառաջ սերտ կապի մեջ են լինում իրենց բժիշկների հետ, նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ:

- Բժշկուհի՛, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Հեռավոր 1994 թվականին գերազանցությամբ ավարտելով  Երեւանի պետական բժշկական ինստիտուտը՝ ընդունվել եմ ասպիրանտուրա նույն ինստիտուտի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնում: Ասպիրանտուրայի ավարտին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ստացել եմ  բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, անցել աշխատանքի նույն ամբիոնում՝ որպես ասիստենտ, ապա ՝ դոցենտ, և աշխատում եմ մինչ օրս:  Միևնույն ժամանակ ծավալել եմ կլինիկական գործունեություն կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայում՝ <<Հերացի>> թիվ 1 համալսարանական  հիվանդանոցում:  Դասավանդում եմ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ուսանողներին  ԱՊՀ երկրներից և տարբեր աշխարհամասերից: Աշխատանքիս երկու մասն էլ սիրում եմ. դրանք իրար հետ սերտաճած են: Շատ եմ սիրում ուսանողներիս, մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, քանի որ ներկայիս ուսանողությունը մեծ ներուժով և  եռանդով գնում է դեպի արդիական բժշկագիտություն, գիտակ է և բանիմաց: Վստահ եմ՝ բացի նրանց սովորեցնելուց նաև շատ բան եմ սովորում նրանցից: Շատ կուզեի, որ բացի ալերգոլոգիայից մենք Հայաստանում զարգացնեինք նաև կլինիկական իմունոլոգիայի այլ ճյուղեր, մասնավորապես լավ հիմքերի վրա  դնենք իմունային անբավարարությունների, աուտոիմուն ախտահարումների ախտորոշումն ու բուժումը, ինչի կարիքը մեր հասարակությունը շատ ունի:

Ընդունված ավանդույթ է երեխաները ընտրում են ծնողների ուղին: Ձեր դուստրը նույնպես այդ ավանդույթի կրո՞ղն է։

Դուստրս որոշեց շարունակել  իր ծնողների  ուղին՝ մեծ սիրով ընտրելով բժիշկի մասնագիտությունը: Նա գիտակցում է դժվարությունները:  Այժմ  Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսի ուսանող է: Իհարկե դեռ նեղ մասնագիտական կողմնորոշում չունի, չեմ կարող ասել, ի վերջո, կընտրի մայրիկի՞, թե՞ հայրիկի  մասնագիտությունը, սակայն, կարծում եմ,  գործին մեծ նվիրում և պատասխանատվություն պահանջող մասնագիտությունը չի խանգարի նրան  անձնական կյանքում:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր արդեն բախվել են ալերգիկ բնույթի խնդիրների հետ:

Հակառակ տարածված կարծիքի՝ ասեմ, որ ալերգիան  բուժում ունի:  Մենք տիրապետում ենք  բուժման  բավականին արդյունավետ և արդի մեթոդների, որոնք լայն կիրառելիություն ունեն: Մեր երկրում ևս մեծ հնարավորություն ունենք ստանալ բուժման բարձր արդյունավետություն: Հիվանդը չպետք է ընդունի իր ալերգոլոգիական ախտորոշումը որպես դատավճիռ: Սա  մի իրավիճակ է, որի դեպքում կան  ելքեր, եւ, ամենագլխավորը,  ինքնաբուժությամբ չզբաղվել: Ես վստահաբար  կարող եմ ասել, որ մենք այսօր ունենք մասնագիտական ներուժ, որ յուրաքանչյուր հիվանդի համար ապահովենք ախտորոշում և բուժում՝ ամենաօպտիմալ տարբերակով:

Ալերգիայից վախենալ պետք չէ, պետք է իմանալ, որ  լուծումը կա: Այս ոլորտում կարևորում եմ նաև պացիենտների կրթական ցենզի բարձրացումը, ալերգոլոգիական դպրոցների առկայությունը հիվանդների կրթման համար, օրինակ՝  ասթմա-դպրոցների գործունեությունը: Այս ամենը օգնում է հիվանդներին հաղթահարել հիվանդությունը, իհարկե, բժիշկ-ալերգոլոգի օգնությամբ և օժանդակությամբ: 

Եղե՛ք առողջ և լավատես:

Մարդկային աչքերն ինչքան պոզիտիվ եւ էսթետիկ գեղեցկություն տեսնեն, այնքան կյանքն ավելի գունագեղ կլինի

Այսօր ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, ինչից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւապես այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ, բնականաբար, նվիրվածություն ու աշխատասիրություն:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ ՋՈՒԼՅԱ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ, ում խոսքերով ցանկացած գործ ձեռնարկելիս իր անձնական մոտեցումն է առաջնորդվել մարդկանց օգնելու մարդասիրական մղումով, ամեն ինչ անել հանուն մարդու: Երիտասարդ կին, ով կարողացել  է կայանալ ոչ միայն կյանքում, այլեւ աշխատանքում, ով իր գործը պատվով կատարելուց եւ մարդկանց երախտիքի խոսքերին արժանանալուց զատ երջանիկ ու սիրված կին է  ընտանիքում, ով առօրյայում արժեւորում է մարդկանց օգնելու պատվավոր գործը, մեծ պատասխանատվություն է կրում մարդու կյանքի որակի բարձրացման համար՝ մարդկանց վերադարձնելով կյանքի առավելագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:

- Տիկի՛ն Ղարաբաղցյան, խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը:

-Բավականին  հետաքրքիր մասնագիտական ուղի եմ անցել: Ամեն ինչ սկսվեց  դեռեւս փոքր տարիքից, միշտ ցանկացել եմ դառնալ բժիշկ: Յոթ տարի սովորել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում,  որից հետո ընդունվել եմ  նույն համալսարանի  մանկական ակնաբուժության օրդինատուրան, իմ մեջ ամրապնդելով սերը դեպի աչքը՝ որպես օրգան, եւ ակնաբուժությունը՝ որպես մասնագիտություն: Մեկ տարի սովորելով  այստեղ՝ տեղափոխվեցի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա քաղաք: Սովորել եմ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ ակնաբուժություն մասնագիտությամբ, որն ավարտելուց հետո վերադարձել եմ հայրենիք եւ մինչ օրս աշխատում եմ Շենգավիթ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ակնաբույժ:

-Բժշկուհի՛, Ձեր նեղ մասնագիտացման ընթացքում արդյոք եղե՞լ են  մարդիկ, ովքեր Ձեզ ուղղորդել են՝ որպես ուսուցիչ:

-Ծնողներս բժշկության հետ ընդհանրապես կապ չունեն, եւ ինձ բավականին դժվար էր ընտրություն կատարել նեղ մասնագիտացման մեջ, բայց շատ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ մասնագիտական ճանապարհին հանդիպել եմ Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանին, ով ուղղակի ինձ խորհուրդ տվեց մեկ ամիս հաճախել եւ հետեւել ակնաբուժական բաժանմունքի աշխատանքներին:   Ակնաբուժության բաժանմունք ոտք դնելու օրվանից ցանկություն չեմ ունեցել հեռանալ այս ոլորտից՝ ընտրելով մասնագիտությունս՝ որպես իմ կյանքի լավագույն եւ բեղմնավոր ճանապարհ:

- Բժշկուհի՛, ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքում մատուցվում են ակնաբուժական բոլոր բուժծառայությունները: Կոնկրետ ես մասնագիտացված եմ մանկական ակնաբուժության մեջ, նաեւ զբաղվում եմ երիտասարդների ակնաբուժական խնդիրներով: Վերապատրաստվել եմ որպես մանկական ակնաբույժ, ռեֆրակտոլոգ: Զբաղվում եմ բոլոր ռեֆրակցիոն խնդիրներով` աստիգմատիզմի, հեռատեսություն, կարճատեսություն, ինչպես նաև երեխաների շլություն:Վերջինիս դեպքում տարածված առասպել կա, որ երեխան պետք է վիրահատական միջամտության ենթարկվի, երբ  կդառնա 8-9 տարեկան: Դա մեծ սխալ է, քանի որ երեխաների մոտ բինօկուլյար համակարգը զարգանում է մինչեւ 3-4 տարեկանը: Միգուցե ապագայում մենք կկարողանանք աչքերը բերել ճիշտ դիրքի,  բայց, միեւնույն է, երեխան չի ունենա եռաչափ տեսողություն: Պետք չէ որդեգրել սպասողական մոտեցում, խնդրին պետք է մոտենալ ժամանակին՝ վաղ փուլերում: Հայերիս բնորոշ դանակը ոսկորին հասցնելու սովորությունը պետք է թողնել մի կողմ եւ բժշկին դիմել ավելի վաղ:

- Ի՞նչ կասեք բժշկին դիմելու վիճակագրության մասին:

- Պետք է փաստեմ, որ ավելի լավ է, քանի տարիներ առաջ: Այս օրերին բավականին ընդունված է  որպես կանխարգելիչ բուժօգնություն դիմել բժշկի, որը, կարծում եմ, շատ գովելի է, եւ բոլորը բժիշկներն էլ կփաստեն, որ ավելի  հեշտ է հիվանդությունը բուժել ավելի վաղ, քան բարդացած փուլերում: Մենք նախաձեռնել ենք բավականին գովելի արշավ՝ իրականացնելով սկրինինգային ծրագրեր: Լինելով  Երեւանի դպրոցների առաջին դասարաններում (տարիք, երբ երեխաները դժվար են կողմնորոշվում, թե իրենք ինչքանով են լավ տեսնում) Հայաստանում եզակի սարքով բուժստուգումներ ենք իրականացնում, որը թույլ  է տալիս առանց որեւէ  դեղամիջոց կիրառելու պարզել՝ երեխայի մոտ տվյալ պահին  խնդիր կա՞, թե՞ ոչ: Եթե առկա է խնդիրը, ապա իրենց ուղեգրում ենք մոտակա առաջնային օղակ` պոլիկլինիկա, կամ իրենց ակնաբույժի մոտ: Իսկ ծնողներին էլ հորդորում ենք ավելի հետեւողական լինել իրենց երեխաների աչքերի  տեսողության նկատմամբ:

- Հիշու՞մ եք Ձեր  առաջին հիվանդին:

- Իհարկե, շատ լավ եմ հիշում: Առաջին հիվանդին սպասում էի վախով ու սրտատրոփ, բայց այսօր լավ գիտակցում եմ, որ երեւի այդ պահին անիմաստ վախ եւ անհանգստություն եմ ունեցել: Այսօր արդեն  մասնագիտական փորձից ելնելով հասկանում եմ, որ նրա հետ որեւէ  վատ բան չէր կարող լինել, քանի որ գիտելիքների լավ բազա ունենալով երբեք չպետք է երկմտես:

- Մանկական ակնաբուժական պաթոլոգիաներից որո՞նք կառանձացնեիք:

-Եթե մանկական` նորածնային հասակի մասին խոսենք, ապա շատ է հանդիպում քթարցունքային ծորանի անանցանելիությունը, որի 80 տոկոսի դեպքերում ծնողները կնշեն, որ  երեխայի մոտ կա արցունքահոսություն: Այն հիմնականում հանդիպում է թերհաս երեխաների մոտ եւ  ճիշտ մերսումների օգնությամբ կարող է բացվել: Դա մի վիճակ է, որն ակնհայտ խոսում է խնդրի առկայության մասին` արցունքականգի, արցունաքահոսության, լորձային կամ թարախային արտադրության տեսքով: Շատ կարեւոր  է, որ ճիշտ կատարվի մերսումը: Նախ հասկանալ, թե  արցունքը ինչ ճանապարհով է հոսում, եւ ուղղակի օգնել՝ այն ճիշտ ճանապարհով դուրս մղվելուն: Իրականում արցունքը դուրս է գալիս քթի միջոցով՝ արցունքապարկի միջով անցնելով: Մերսումները պետք է իրականացվեն հրոցանման շարժումներով՝ վերեւից ներքեւ: Նշեմ, որ մինչեւ 2 ամսական երեխաների մոտ մերսումների արդյունավետությունը բավականին բարձր է, ուղղակի այն պետք է ճիշտ ժամանակին կատարվի, որպեսզի խնդիրը չհասնի զոնդավորման: Մենք մեր բժշկական կենտրոնում իրականացնում ենք զոնդավորում, բայց մշտապես ծնողներին հորդորում ենք, որ հնարավորության սահմաններում բնական ճանապարհով` մերսումների օգնությամբ բացվի քթարցունքային ծորանը:

     Իսկ եթե ավելի մեծ տարիքի երեխաներին անդրադառնանք, ապա շատ են հանդիպում շլության դեպքերը, որի ժամանակ ինչքան վաղ ախտորոշվեն եւ ստանան բուժօգնությունը,  այնքան ավելի լավ կլինի հիվանդի համար: Նշեմ, որ դպրոցահասակ երեխաների մոտ սկսում են գլուխ բարձրացնել  ռեֆրակցիոն խնդիրները, որովհետեւ երեխան արդեն սկսում է ծանրաբեռնել աչքերը կարդալ-գրելով:

-Ի՞նչ կասեք ժամկետանց կոսմետիկայի օգտագործման մասին, որն, իհարկե, անխուսափելի է մեր օրերում:

- Ընդհանրապես ցանկացած ժամկետանց արտադրանք, լինի դա սնունդ, դեղամիջոց, թե կոսմետիկ նյութ, բնականաբար,  օգտագործումը անթույլատրելի է, քանի որ խոսքը գնում  է մարդու առողջության և մարդկային ամենաթանկ օրգաններից մեկի` աչքերի մասին: Ժամկետանց կոսմետիկայի օգտագործումից միանշանակ լինում են ալերգիկ երեւույթներ, հատկապես նրանց մոտ, ովքեր զգայուն են եւ ունեն հակում ալերգիկ երեւույթների նկատմամբ:

- Բժշկուհի՛, ի՞նչ կասեք աչքի հիգիենայի մասին:

- Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդները գանգատվում են աչքերի հոգնածության զգացումից, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ բավականին ժամանակ են անցկացնում համակարգիչների եւ բջջային հեռախոսների առաջ: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս պահպանել տեսողական հիգիենա: Առօրյայում 20-30 րոպե համակարգչով գերլարված աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում անպայման աչքերը 1-2 րոպե հանգստացնել, այն է՝ փակել 1-2 րոպե կամ նայել հեռավոր կետի:

-  Բժշկուհի՛, ի՞նչ խորհուրդ կտաք, ակնո՞ց կրել, թե՞ կոնտակտային լինզա:

- Եթե կոնտակտային լինզաների մասին է խոսքը, ապա դրանք ակնոցներին փոխարինող միջոց են  համարվում, կոնտակտային լինզա, թե՞ ակնոց, դա, իհարկե, որոշում է հիվանդը: Դրանք չունեն բուժական ազդեցություն. միայն լավացնում են տեսողությունը: Ուղղակի լինզաների դեպքում տեսողությունն ավելի որակյալ է դառնում, քանի որ լինզան աչքի հետ միաձուլվում, դառնում է մեկ ամբողջական համակարգ եւ չի սահմանափակում տեսադաշտը, իսկ ակնոցի շրջանակների դեպքում դրանք խանգարում են կողմնային  տեսողությանը, այսինքն՝ ապակու միջով աջ եւ ձախ չենք կարողանում նայել, բայց լինզաների դեպքում դա այդպես չէ:

  -Կինն, ի տարբերություն տղամարդու, ավելի շատ պարտականություններ ունի ընտանիքում, եւ, սովորաբար, դժվարություններ են ստեղծվում, երբ կինը ընտանեկան հարցերը կարգավորելուց զատ նաեւ աշխատանքային զբաղվածություն ունի:

- Եթե սիրում ես եւ՛ ընտանիքդ, եւ՛ աշխատանքդ, ապա կարողանում ես ճիշտ դասավորել օրդ. նախապես պլանավորած գրաֆիկը թույլ չի տալիս շեղվել եւ բաց թողնել որեւէ ընտանեկան հավաքույթ կամ աշխատանքային, ակնաբուժական որեւէ իրադարձություն:

- Բժշկուհի՛, կարող եք տարանջատել Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

- Ուժեղ կողմ կարող եմ համարել այն, որ ես շատ նպատակասլաց եմ, որը, երբեմն, ինձ չափից շատ է թվում, քանի  որ ես իմ նպատակին հասնելու համար պատրաստ եմ ամեն մի դժվարության միջով անցնել: Թույլ կողմը կարող եմ համարել երեւի թե բարությունս, չափից շուտ ազդվելը՝ տեսնելով մարդկանց առողջական վիճակը, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդները   երեխաներն են: Երեւի թե այդ պահին ես գիտակցում, թե որքան կարեւոր  է առողջ երեխա ունենալը:

-  Ո՞րն է Ձեզ համար առողջության բանաձեւը:

-Իմ առողջության բանաձեւն է՝ առավոտյան վաղ արթնանալ, սպորտով զբաղվել, օգտագործել  առողջ սնունդ, անել մաքսիմալը, որ օրդ դրական էմոցիաներով  լցնես, միայն այդ դեպքերում հիվանդությունների մասին չես էլ մտածի: Մարդկային  աչքերն  ինչքան պոզիտիվ եւ էսթետիկ գեղեցկություն տեսնեն, այնքան կյանքն ավելի գունագեղ կլինի:

- Եւ, որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն, իսկ ովքեր  էլ որ ունենան փոքրիկ խնդիրներ, մենք` բժիշկներս, մշտապես պատրաստակամ ենք նրանց օգնել:

Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակները: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են: Վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի  բարձր լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:

Հայաստանում  կան բավական բարձրորակ սարքավորումներ եւ լավ մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել  արդյունավետ  բուժօգնություն: Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկներն կարևորում են ազնվությունը՝ գիտակցելով, որ առաջին հերթին իրենք իրենց հանդեպ պետք է խստապահանջ լինեն, ինչը ապագայում կտա իր պտուղները, քանի որ ցանկացած հիվանդ գնահատում եւ զգում է բժշկի կողմից փոխանցվող ջերմությունն ու հոգատարությունը:

Բժշկական կենտրոնի ամենաժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել գաստրոէնտերոլոգիկան միջամտությունների եւ վիրահատությունների ամբողջ ծավալը:

Կլինիկան  մեծ կապեր ունի աշխարհի առաջատար հիվանդանոցների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշիկները, բարձրացնում որակավորումը՝ յուրացնելով նորագույն մեթոդներ:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ ՍՏԵՓԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ երիտասարդ բժիշկ, ով իր գործի նվիրյալներից է, ում անմիջական մասնակցությամբ բազմահազար մարդիկ վերականգնել են իրենց առողջությունը եւ բոլորովին այլ երանգներով են ընկալում աշխարհը:

- Պարո՛ն Գեւորգյան, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին. ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

- Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը դասվում է լավագույնների շարքին: Կենտրոնը հագեցած է «Օլիմպուս» ընկերության ամենավերջին սերնդի գերժամանակակից սարքով, որը Հայաստանում շատ քիչ տարածված է:  Սարք բազմաթիվ հնարավորություններ է տալիս լիարաժեք աշխատելու թե՛ էնդոսկոպիկ, թե՛ լապարասկոպիկ միջամտությունների ժամանակ: Բայց, քանի որ իմ նեղ մասնագիտացմամբ ես գաստրոէնտերոլոգ եմ,  իհարկե, հիմնական շեշտը դրված է գաստրոէնտերոլոգիական խնդիրների հայտնաբերման, հետազոտման, բուժման եւ կանխագելման վրա: Ամենավերջին սերնդի սարքով աշխատելը  թույլ է տալիս հայտնաբերել եւ գնահատել լորձաթաղանթային եւ ենթալորձաթաղանթային մակարդակի ամենաաննշան փոփոխությունները,  ինչի առկայության դեպքում մենք հնարավորություն ունենք վերցնել  բիոպսիա, ուղարկել քննության եւ արդեն խնդրի վաղ փուլերում կանխարգելել հիվանդության զարգացումը թե՛ թերապեւտիկ բուժման եւ թե՛ վիրահատական միջամտության օգնությամբ: Սակայն պետք է նշեմ, որ կանխարգելիչ բուժման մեջ մեծ նշանակություն ունի նաեւ հիվանդների մոտեցումը, հարցի լրջության գիտակցումը, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հայ հասարակությունը սիրում է ամեն մի խնդիր հասցնել  բարդացած վիճակի, նոր դիմել բժշկի օգնությանը, եւ քանի որ ուշացման շատ դեպքերում  թերապեւտիկ բուժումը անզոր է, մենք հարկադրված դիմում ենք վիրաբուժական միջամտությանը: Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ առաջին իսկ գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի, հատկապես եթե հիվանդն ունի գանգատներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխումի տեսքով կամ որովայնի շրջանում ցավի, այրոցների եւ վքնածության զգացման դեպքում, ինչպես նաեւ  փորլուծության, փորկապության, աղիների գործելու ժամանակ  լորձ, արյուն նկատելու դեպքում: Դրանք նախանշաններ են, որոնք հուշում են, որ պետք է դիմել գաստրոէնտերոլոգի, ով, ամենայն հավանականությամբ, ուղղորդելու է էնդոսկոպիկ հետազոտության. սոնոգրաֆիա, թե՞ էնդոսկոպիա, դա արդեն կորոշվի՝ հիվանդի անամնեստիկ  տվյալները հաշվի առնելով: Բայց ամեն դեպքում էնդոսկոպիան առանջնահերթ հետազոտության տարբերակ է՝ հիվանդի աղեստամոքսային տրակտը հետազոտելու համար: Հատկանշական է նաեւ այն, որը 45 տարեկանից հետո հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը շատ բարձր է, եւ ցանկալի է տարին մեկ անգամ անցնել հետազոտություն, կատարել կոլոնոսկոպիա: Հիվանդը կարող է անցնել էնդոսկոպիկ հետազոտություն՝ հիմնվելով սեփական գանգատների վրա կամ  կանխարգելիչ նպատակներով անցնել հետազոտություն: Եթե հիվանդի տարիքը  45-ից անց է, էնդոսկոպիկ ախտորոշումը պետք է անցկացվի որպես կանխարգելիչ միջոցառում: Շնորհիվ հենց այսպիսի հաճախակի հետազոտությունների՝ ճիշտ ժամանակին՝ վաղ շրջանում, հնարավոր է դառնում հայտնաբերել մարսողական ուղու չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլեւ շատ ուռուցքների  էնդոսկոպիկ հեռացում՝ ընդ որում ապաքինման հավանականությունը, բնականաբար, զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի դեպքերի բուժման  ժամանակ: Պետք է ուրախությամբ փաստեմ՝ դիմելության մշակույթի առումով հայ հասարակության  մեջ փոփոխություն կա: Մարդիկ այսօր ավելի ուշադիր  են  դարձել իրենց առողջության նկատմամբ եւ, փառք Աստծո, արդի բժշկությունը բավականին մեծ քայլերով առաջ է ընթանում: Մեր ոլորտը նույնպես շատ արագ տեմպերով առաջընթաց է ապրում: Եթե նախկինում հայտնաբերելով խոց միայն  վիրահատություն էր ցուցվում, ապա այսօր մեր բժշկությունը  հնարավորություն է տալիս խոցը   հայտաբերել ավելի   վաղ փուլերում եւ բուժել կոնսերվատիվ եղանակներով:

 Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հայտնաբերել են ավստրալիացի գիտնականներ Ռոբին Ուորենը եւ Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են  Նոբելյան  մրցանակի: «Helicobacter pylori» բակտերիան ճանաչվել է քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն, իսկ նրա ժամանակին էռադիկացիան համարվում է ստամոքսի քաղցկեղի կանխարգելման  արդյունավետ միջոց: Ելնելով վերը նշվածից՝ ասեմ, որ այս ինֆեկցիայի ախտորոշումը ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ պարտադիր է, որի հայտնաբերումից հետո իրականացվում է հակա-հելիկոբակտերային թերապիա:

-Բժի՛շկ, ըստ Ձեր աշխատանքային փորձի, ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրում:

-Նույն խոցային հիվանդությունը երիտասարդացում է ապրում: Բայց, փառք Աստծո, այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտ ու արագ ախտորոշել խնդիրը, եւ դեպքերի մեծամասնությունում կոնսերվատիվ եղանակով հասցնել ցանկալի արդյունքի:

- Բժի՛շկ, Դուք ասոցացիայի անդա՞մ եք:

-Այո՛, ես հայկական գաստրոէնտերոլոգների ասոցացիայի անդամ եմ, կառույց, որը մեզ տալիս է գիտելիքների ընդլայնման հնարավորություններ, շատ հետեւողական է, ունի շատ լավ ղեկավարություն: Համընթաց քայլելով մեր ոլորտի եվրոպական եւ ամերիկյան վերջին նորարարությունների հետ՝ մշտապես մասնակցություն եմ ունենում կազմակերպված  կոնֆերանսներին, ծանոթանում բուժման վերջին նորարարական տեխնիկաներին եւ դիագնոստիկ սխեմաններին: Մեր ասոցացիան բժիշկներիս հնարավորություն է տալիս  մշտապես ձեռքներս պահել նորարարությունների  զարկերակի վրա: Ցավոք սրտի, դեռ էնդոսկոպիստների ասոցացիա Հայաստանում չկա, բայց ես եվրոպական էնդոսկոպիստների ասոցացիայի անդամ եմ, եւ վերջերս Պրահայում մասնակցում էի ասոցացիայի ամենամյա կոնֆերանսին, որտեղ քննարկման առարկա էր ամենավերջին նորարարությունները, ներկայացված էր մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման մանրամասները, կատարվում էր փորձի փոխանակում:

Վերջերս Հայաստանում կազմակերպվեց կոնֆերանս Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, որտեղ քննարկվեցին մի շարք խնդիրներ: Առաջնահերթություն տրվեց հելիկոբակտեր պիլորիին (Helicobacterpylori), դրա բուժման ճիշտ սխեմային: Ներկայացվեց նաեւ, թե որ փուլերում ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերվեն:

- Պարո՛ն Գեւորգյան, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ:

- Այո՛, շատ կան բժիշկներ. մայրս, տատիկս, մայրիկիս երկու եղբայրները: Անկեղծ   ասած՝ մինչեւ 7-8-րդ դասարանը ես  ցանկանում էի իրավաբան դառնալ, բայց մայրս մշտապես  ինձ ուղղորդում  էր դեպի բժշկություն, երեւի թե հաշվի առնելով  իմ բնավորության գծերը, քանի որ ինքս շատ նվիրվող եմ, բոլոր հիվանդներիս նվիրվում եմ անմնացորդ: Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն:

- Ո՞ւմ եք  համարում ձեր ուսուցիչը:

- Իմ կյանքում  ծնողներս  իմ ուսուցիչն են եղել եւ կան. նրանք մշտապես ինձ ուղղորդել են դեպի լավն ու  կատարյալը, օգնել տարբերակել սեւը սպիտակից, իսկ իմ նեղ մասնագիտացման ընտրությունն ավելի որոշակիացավ իմ առողջական խնդրից հետո: Այդ տենդենցը միշտ առկա է  եղել բժիշկների մի մասի մոտ, երբ իրենց առողջական խնդրից ելնելով են որեւէ ուղղվածություն ընտրում:

Իմ նեղ մասնագիտացման հիմքը՝ որպես գաստրոէնտերոլոգ,  դրվեց իմ օրդինատուրայի ղեկավարը՝ Գագիկ Հակոբյանը, իսկ որպես էնդոսկոպիստ ՌԴ-ի իմ կոլեգան՝ Միխայիլ Մոնախովը:

- Եւ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հանրությանը:

- Կհորդորեմ, որ  հասարակությունը չվախենա  բժշկությունից: Եթե ունեք գանգատներ, մի՛ թողեք խնդիրը մեծանա եւ խորանա: Առողջությունը դիմադրում է շատ բաների, բայց հասնում է մի կետի, երբ հանձնվում է, եւ սկսում է հիվանդությունը գլուխ բարձրացնել: Եթե ազգը առողջ լինի, երկրում էլ առողջ մթնոլորտ կլինի:

Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի դժվար ճանապարհն անցնելիս

Բժշկությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, նոր շունչ…. Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը մասնագետների խոսքերով բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով՝թե՛մասնագիտական տեսանկյունից եւ թե՛պատրաստվածության, որն իր մեջ ներառում է նաեւ արտերկրում վերապատրաստվելը: Այդ ակտիվությունը օրեցօր ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների՝չի կարելի, պետք է մշտապես աշխատել՝  նորանոր բարձունքների հասնելու համար:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ ՌՈԶԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց  դիմածնոտային վիրաբուժության  արդի  մակարդակի վերաբերյալ:

-Բժշկուհի, այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք  ձեր կլինիկան  հասցնո՞ւմ է քայլել ժամանակին համընթաց:

-Իմ կարծիքով ընդհանուր առմամբ դիմածնոտային վիրաբուժությանմակարդակը Հայաստանում բարձր մակարդակի է, կոնկրետ մեր բաժանմունքի պարագայում գործիքների հագեցվածության խնդիր կա. եթե այդ խնդիրը լուծվեր, կատարյալ կլիներ մեր կողմից իրականացվող բուժօգնության մակարդակը:

-Հիմնականում ի՞նչ գործառույթներեն իրականացվում ձեր  բաժանմունքում:

-Մեր բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային պրոֆիլի բազմաթիվ վիրահատություններ, աշխատում ենք տարբեր տարիքային խմբերի հետ, բայց մեր հիմնական ուղղվածությունըկապված է մինչեւ 7 տարեկան երեխաների հետ, որոնց մոտ առկա են դիմածնոտային տարատեսակ խնդիրներ՝ տրավմաներ, ուռուցքներ, բնածին արատներ եւ այլ բնույթի խանգարումներ:

- Չնայած Ձեր երիտասարդ տարիքին, ընտրել եք շատ պատասխանատու մասնագիտություն: Ե՞րբ որոշեցիք նման քայլ կատարել:

-Որոշումս կայացրել եմ, երբ  դեռ սովորում էի10-րդ դասարանում, մինչ այդ առհասարակ ինձ պատկերացնում էի իրավաբանության բնագավառում, բայց երբ ծանոթացա քույիկիսընտրած մասնագիտությանը, այնինձ շատ հրապուրեց, և ես որոշեցի գնալ նրահետքերով, ինքնըստինքյանքայլերս ուղղորդվեցին դեպի բժշկություն, դեպի դիմածնոտային վիրաբուժության հետաքրքիր աշխարհ:

-Բժշկուհի, հասցնում եք արդյո՞ք աշխատանքը համատեղել վերապատրաստումներին մասնակցելու հետ:

-Բնականաբար պարտավոր ենք հասցնել, քանզի եթե ցանկացած անձ իրեն կատարյալ է համարում, դա իր կողմից կատարած ամենամեծ սխալն է: Բժշկությունն այն բնագավառն է, որը երբեք չի դոփում տեղում, օր-օրի զարգանումէ, ուստի, մենք` բժիշկներս էլ, պետք է համընթաց քայլենք բժշկության նորարությունների հետ:

-Խոսենք դիմածնոտային արատների մասին:

-Առավել հաճախ հանդիպող դիմածնոտային արատները վերինշրթունքի ժողովրդական լեզվով ասած` նապաստակի շրթունք կամ քիմքի ճեղքվածքն է` գայլի երախը, որըկարող է առաջանալ տարբեր պատճառներից, որի առաջացման մեջ կարող է գերակշռել ժառանգականության հակվածությունը, ինչպես նաեւ կենսաբանական որոշակի գործոններ այն անձանց մոտ, ովքեր  բնակվում են քիմիական  գործարաններին կից տարածքներում, ռադիացիայով հարուստ տեղամասերում են: Ի դեպ,  մեր ստատիստիկայով եթե գնահատենք, ապա առավել հաճախ այս արատները հանդիպում են այն դեպքերում, երբ մայրը հղիության առաջին եռամսյակի ընթացքում հիվանդանում է գրիպով:Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր բժշկական կենտրոնում նման խնդրով դիմած երեխաները ստանում են  բարձր որակավորմամբ վիրահատություն,հետագայում չունենալով հետվիրահատական բարդություններ:Վիրահատությունից մի քանի տարի անցնրանք կարող են դառնալ հասարակության լիիրավ անդամ:Իհարկե կան ծնողներ, ովքերարատի սկզբնական շրջանում ցանկանում են հրաժարվել երեխայից, որովհետեւ մտածում են, որ հետագայում կարող են բախվել եւ սոցիալ-հոգեբանական, եւ այլ խնդիրների հետ, բայց միանշանակ պետք է հավաստեմ, որ նման խնդիր ունեցող երեխաների առողջացման լուծումը կա:

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Կարծում եմ, իմ հաջողության միակ գրավականը միանշանակ իմ նվիրվածությունն է իմ սիրած աշխատանքին, սերը եւ աշխատասիրությունը. ես շատ շնորհակալ եմ իմ ներկայիս աշխատանքային  փորձի համար, որի հիմքերը դրեցին իմ ուսուցիչները, հանձինս մեր բաժանմունքի ղեկավար` պարոն Ավագյանի եւմեր բաժանմունքի ավագ կոլեգաների, որոնցից շատ շնորհակալ եմ: Միաժամանակ ինձ համար ուսուցիչ եմ համարում իմ ղեկավարինեւ երբեք չեմ խուսափել ասել, որ եսայս հիվանդանոց եմ եկել, այսպես ասած,սկզբնական մակարդակով,եւայս ամենին հասել եմ նրանց շնորհիվ, որոնք,փառք Աստծո,ամեն հարցում,ամեն խնդրի դեպքում իմ թիկունքին կանգնած են եղել,քանի որ  նրանց օգնությամբ ոչ միայն նեղ մասնագիտացում եմ ստացել, այլև  գիտելիքներ եմ ձեռք բերելբժշկության այլ ուղղություններից:

-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Մենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում շփվումենք տարբեր տիպի մարդկանց հետ, որոնք գտնվում են սոցիալական տարբեր  աստիճաններում,  եւ յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ենք ցուցաբերում:Կցանկանամ, որ մեր երկրում բարձրանաբժիշկների պաշտպանվածության  մակարդակը, քանի որ հանդիպում ենք շատ դեպքերի, երբ մեզ դիմում են արդեն բարձիթողի վիճակներում, երբ ինչքան էլ որ ուժեր ներդնենք պրոֆեսիոնալ ամենաբարձր մակարդակով, միեւնույն է, լիրաժեք առողջացում չենք կարող ապահովել: Երբեմն ծնողներն այդ փաստը չգիտակցելով` չարանում են բժշկի հանդեպ, մտածելով, թե բժիշկը չէրցանկանում փրկել իրենց երեխայինտվյալ խնդրի առկայության դեպքում:

-Որպես կանխարգելիչ միջոցներ՝ ի՞նչ կառաջարկեք:

-Ցանկացած խնդրի առաջին իսկ նշաններին բախվելու դեպքումչպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ իրականում շատ հաճախ ենք հանդիպում արդեն նման  բարդացած իրավիճակներում հայտնված հիվանդների, ովքեր թե ծնողների եւ թե շրջապատի մադկանց անհիմն խորհուրդների արդյունքում հայտնվում են բարձիթողի վիճակներում: Խորհուրդս է՝ առաջինիսկ նշանների դեպքում դիմել համապատասխան բժշկի օգնությանը, որպեսզի թե հետագա բուժումը, եւ թե արդյունքներն ավելի դրական լինեն:

-Որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմքաջառողջություն, եւ հավատ. ցանկացած խնդրի առկայության դեպքում մեծ հավատով տոգորված լինենթե իրենց սեփական ուժերի, թե բուժող բժշկի հանդեպ, քանզի ցանկացած հիվանդության դեպքում առողջացման միակ գրավականը հավատն է դեպի իրենց բուժող բժիշկը: Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ եւ տարվա կտրվածքով գոնե մեկ անգամ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։

Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ

Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկը՝ քաղցկեղ հիվանդությունն է: Բավականին եւ էականորեն աճել է քաղցկեղ ունեցողների թիվը` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջեւ: Նման իրավիճակի պատճառը, թերեւս, ուշ ախտորոշումն է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը եւ ռիսկի գործոնները ցույց են տալիս, որ նախ` ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու եւ վերահսկելու առումով, երկրորդ` առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում մահվան ամենամեծ պատճառներից մեկի եւ դրա ռիսկի գործոնների վերաբերյալ:

Հայաստանում քաղցկեղից մահացության եւ հիվանդացության ցուցանիշը շարունակում է վերելք ապրել. առավել շատ են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Ոլորտի մասնագետները դա կապում են  հիվանդության վաղ շրջանում հայտնաբերման ցածր ցուցանիշների հետ: Քաղցկեղն այլեւս դատավճիռ չէ. այս կարգախոսով առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում ժամանակ գտնել՝ տարեկան գոնե մեկ անգամ հետազոտում անցնելու համար:

Քաղցկեղի հստակ պատճառները դեռեւս անհայտ են, սակայն կան գործոններ եւ վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդանալու հավանականությունն ապագայում: Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է: 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն: 
Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին, որտեղ կանանց մեծ մասն ախտորոշվում է հիվանդության ուշ փուլերում` կանանց վատ իրազեկվածության պատճառով: Հայաստանում դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշի աճ:  Քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին գիտությունը որեւէ ստույգ երաշխիք չունի,  սակայն հստակ է, որ կանոնավոր ստուգումները կարող են  դրական արդյունք արձանագրել, գոյացությունը հայտնաբերել վաղ փուլում եւ բուժել: Պարբերաբար այցելությունները բժշկին հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի ցանկացած նորագոյացություն` բուժման մեջ հաճախ հասնելով դրական արդյունքի` վերջնական ապաքինման: Այս թեմայի շուրջ http://bestgroup.am/ կայքի  զրույցը ծավալվեց ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-մամոգրաֆիստ, մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, բժշկուհի, ով ունի բավականին պատկառելի ավանդ եւ ներդրում մեր բժշկագիտության զարգացման մեջ:

<<Ասեմ, որ բավականին փոքր տարիքում որոշեցի բժիշկ դառնալ, իսկ ինստիտուտում ուսանելու վերջին տարիներին վերջնական որոշում կայացրի` դառնալ ռենտգենոլոգ, իսկ երբ արդեն սկսեց զարգանալ մամոգրաֆիան, դա 22 տարի առաջ էր, որոշեցի նեղ մասնագիտացումս ուղղորդել դեպի մամոգրաֆիան` դառնալով բժիշկ-մամոգրաֆիստ: Մամոգրաֆիան առաջատար դեր ունի կրծքի հիվանդությունների ախտորոշման գործում: 2011թվականից սկսած՝ բեկումնային էր մամոգրաֆիկ հետազոտությունների առումով, քանի որ մամոգրաֆիան կատարվում էր տոմոսինթեզով /շերտերով/, այն մեծ հնարավորություններ տվեց, որ ավելի ճշգրիտ պատկերներ ստանանք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն՝ նոր՝ թվային մամոգրաֆիայով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունն այն է, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։ Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիայի հետազոտության առանձնահատկություններն են փոքր ուռուցքների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում բոլոր ուռուցքների հայտնաբերումը: Թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Այս մեթոդի եւս մեկ կարեւոր առավելությունն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը վիրահատության ժամանակ գտնում է ուռուցքը։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է մամոգրաֆիստին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո նյութն ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտության։ Ասեմ, որ մամոգրաֆիան չի կարող տալ վերջնական 100 տոկոսանոց արդյունք, որի միջոցով կարողանանք պատկերացում կազմել չափի, տեղակայման, կառուցվածքի, բնույթի  մասին: Ոչ բոլոր դեպքերում է, որ կարողանում ենք տեսնել ուռուցքը  չարորակ է, թե բարորակ: 95 տոկոսի դեպքում տեսնում ենք, որ գոյացությունը չարորակի տպավորություն է թողնում, իսկ 5 տոկոսի դեպքում` բարորակի, որն էլ հետագայում ճշտվում է բիոպսիայի միջոցով: Արդյունքի ճշգրտության համար պետք է թիմային աշխատանք իրականացվի: Հասարակության մեջ շատ թյուր կարծիք կա, որ մամոգրաֆիան տալիս է 100 տոկոսանոց պատկերը, իրականում  կարող են լինել դեպքեր, երբ  կարող է լինել 100 տոկոսանոց արդյունք, բայց ոչ բոլոր դեպքերում. այն իրականում կախված չէ մասնագետից, ուղղակի կարող են լինել տարատեսակ եւ կասկածելի բնույթի օջախներ, այդ դեպքում պետք է կատարվի բիոպսիա, որից հետո նոր ստույգ պատկերը կստանանք: Մեր բժշկական կենտրոնում առկա տեխնիկան մեզ թույլ է տալիս գնահատել կրծքագեղձի իրական վիճակը: Ասեմ, որ բավականին շատացել են եւ երիտասարդացել կրծագեղձի հիվանդությունները: Ի գիտություն բոլորին` ասեմ, որ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է, 25 տարեկանից սկսած հանդիպում են կրծքագեղձի քաղցկեղով տառապողներ, ինչը կարող է կապված լինել սթրեսների, վատ ապրելակերպի, ինչպես նաեւ բջջային հեռախոսների ճառագայթման հետ: Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ: 40 տարեկանից բարձր տարիքում կատարվում է մամոգրաֆա, իսկ մինչեւ 40-ը` սոնոգրաֆիա: Ռենտգեն մամոգրաֆիան առաջնային հետազոտման միջոց է, որին զուգակցում ենք սոնոգրաֆիան, որովհետեւ գոյացություններ կան, երբ կրծքագեղձերի մամոգրաֆիան չի տալիս հստակ պատկերը, գոյացությունների եզրերը, կառուցվածքը, չափերը. սոնոգրաֆիան այդ դեպքերում ցուցված է: Կրծքագեղձի ախտորոշման համար մեծ նշանակություն ունի նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան: Լինում են դեպքեր, երբ կինը գալիս է համակարգչային շերտագրում հետազոտություն անցած. համակարգչային շերտագրում հետազոտությունը կրծքագեղձի համար չի արվում, կրծքագեղձի համար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա է արվում, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա:  Ինձ համար շատ ցավալի փաստ է, որ թերեւս կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի լուրջ մասնագետ դեռեւս չկա: Մեր երկրում կա 4 կլինիկա, որտեղ իրականացնում են կրծքի  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, բայց դրանց արդյունքներն ինձ չեն գոհացնում: Իրականում մեր հասարակությունը պետք       է գիտակցի, որ առաջնային օղակներում էլ կան լավ մասնագետներ, ժամանակին իրենց էլ դիմեն: Ասեմ, որ բավականին մեծացել է սոցիալական փաթեթով դիմողների թիվը, ուրախալի փաստ է, որ գոյություն ունի մեխանիզմ, երբ սոցփաթեթի շահառուները շատ պարտաճանաչ այցելում են տարին մեկ կամ 6 ամիսը մեկ և դիմում հերթական հետազոտության, որից հետո բժիշկները ուղղորդում են ավելի մանրակրկիտ հետազոտությունների: Ցավոք սրտի, դիմելիության կուլտուրան միջին մակարդակի վրա է մեր երկրում, ինձ թվում է հիմնական խնդիրը միայն հասարակության վատ ֆինանսական պայմաններն են: Իսկ որպես վերջաբան՝ կհորդորեմ մեր հասարակությանը, որ ավելի զգոն լինեն կրծքագեղձի առողջության նկատմամբ: Հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս, և այդ ահազանգը չպետք է անտեսել: Եղեք առողջ, սիրեցեք ինքներդ ձեզ>>:

Սիրտ-անոթային հիվանդությունները ուռուցքաբանական հիվանդների մոտ

21-րդ դարի համաճարակ հանդիսացող հիվանդությունը` քաղցկեղը, մշտապես հաղթարշավի մեջ է՝ ընգրկելով մի շարք օրգան-համակարգեր, որոնց թվում է նաեւ սիրտ-անոթային համակարգը: Օր-օրի նկատվում են հիվանդությունների աճ եւ  մահացության բարձր ցուցանիշներ, ընդ որում՝դրանց մեծ մասը հայտնաբերվում են արդեն հիվանդության զարգացման վերջին փուլերում, քանի որ հիվանդները բավականին բարդացվածվիճակներում են դիմում բժշկին:

Այսօր ուռուցքաբանությունը համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ եւ պահանջված ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր օրգան-համակարգ ունի հիվանդությունների կանխարգելման իր գործելակարգը: Մի շարք հիվանդություններ ընթանում են առանց որեւէ կլինիկական նախանշանի, իսկ երբ գալիս է ախտորոշման պահը, անհրաժեշտ է առավելագույն ճշգրտություն: Ուռուցքային հիվանդությունների ազդեցությունը սրտի վրա բավականին խնդրահարույց իրավիճակ է, որի համար պետք է ջանքեր չխնայել` բարեհաջող ելք գտնելու: Բժշկի մասնագիտությունն ինքնին պահանջում է ջանքերի եւ ուշադրության առավելագույն կենտրոնացում, քանի որ գործ ունես մարդկային կյանքեր փրկելու պատվավոր առաքելության հետ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ ՄԱՐԻՆԵ ՉԻՎՉՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց` <<Սիրտ-անոթային հիվանդությունները ուռուցքաբանական հիվանդների մոտ, նման հիվանդների վարման մարտավարությունն ու ասպեկտները>>թեմայի շրջանակներում:  Բժշկուհու խոսքերով. <<Ներկայումս ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդություններից  մահացության պատճառների կեսը պայմանավորված են ուղեկցող սիրտ-անոթային հիվանդություններով: Մարտահրավերները, որոնց հետ առնչվում է ուռուցքաբանության ոլորտում աշխատող սրտաբանը, կարելի է բաժանել մի քանի խմբերի՝

  1. Նախկինում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների վարման մոտեցման մշակում,
  2. Քիմիա եւ ճառագայթային թերապիայի կարդիոտոքսիկության պրոֆիլակտիկան, ախտորոշումը եւ բուժումը,
  3. Բուժման ընթացքում սիրտ-անոթային բարդությունների պրոֆիլակտիկան:

Վերջին  տարիների ընթացքում, շնորհիվ ՈւԱԿ-ի ադմինիստրացիայի եւ բուժող բժիշկների համատեղ ջանքերի, կատարվել են հսկայական փոփոխություններ ուռուցքներով հիվանդների հիվանդությունն ախտորոշելու եւ բուժումը վարելու մեջ: Գրեթե բոլոր հիվանդները քիմիա-ճառագայթային բուժումից առաջանցնում են համալիր ախտորոշում, որի  մեջ պարտադիր ընդգրկվում են ԷՍԳ եւ էխոսրտագրությունը, ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը եւ այլն: Միայն դրանից հետո է որոշվում բուժման անհատական սխեման:

Ներկայումս օգտագործվող քիմիաթերապիայի պրեպարատներն ունեն կարդիոտոքսիկ ազդեցություն, որոշների մոտ  ավելի արտահայտված, մյուսների մոտ` առավել  քիչ: Առավելագույն կարդիոտոքսիկ ազդեցությունն ունենան տրացիկլինային պրեպարատները՝Դոքսորուբիցինը, Էպիրուբիցինը: Նշված խումբն ամբողջ աշխարհում պոլիքիմիաթերապիայի սխեմաների առաջին ընտրության խումբն է, սակայն եթե հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ, հնարավորինս փորձ է արվում խուսափել այս դեղորայքային խմբից:

Այդիսկ պատճառով հիմնական հիվանդության բուժման ընթացքում առաջանում են սիրտ-անոթային համակարգի բարդություններ, ընդհուպ մինչեւ ծանր սրտային անբավարարություն` նույնիսկ մահվան ելքով: Այդ բարդությունների կանխարգելումը եւ բուժումը բարդ կլինիկական խնդիրներ են: Այդ ամենում մեծ դեր ունի ուռուցքաբանի եւ սրտաբանի սերտ համագործակցությունը: Քիմիա-ճառագայթային թերապիա ստացող հիվանդներին անհրաժեշտ է երկարատեւ դինամիկ հսկողություն սիրտ-անոթային բարդությունների հնարավորինս վաղ ախտորոշման նպատակով: Հիվանդների կյանքի տեւողության աճի հետ զուգահեռ ավելանում են նաեւ հակաուռուցքային բուժման ուշացած բարդությունների հայտնաբերումը:

Վերջին տարիներին քրոնիկ սրտային անբավարարության պատճառներից են, բացի հիմնական հիվանդությունների ցանկից՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա, կարդիոմիոպաթիաներ եւ այլն, նաեւ ճառագայթումը եւ քիմիաթերապիան: Բարդությունները, որոնք հաճախակի դիտվում են հակաուռուցքային թերապիայից հետո, սրտի ռիթմի տարբեր խանգառումներն են, QT- ինտերվալի երկարացումը, արտամղման ֆրակցիայի իջեցումը, սուրմիոկարդիտը, պերիկարդիտը, սրտամկանի սուր ինֆարկտը եւ այլն:

Շնորհիվ հիմնական բուժող բժիշկների, դիագնոստների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների եւ սրտաբանների սերտ համագործակցության, հաջողվել է զգալիորեն բարելավել հնարավոր բարդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը եւ լիարժեք բուժման կազմակերպումը, ինչը իր հերթին դրական է անդրադարձել կյանքի որակի եւ տեւողության վրա>>:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր