Լուսինե Մամիկոնյան

(0 votes)
There is no translation available.

Էնդոկրին համակարգի ցանկացած խնդիր նշմարվում է մարդու դեմքին

Էնդոկրինոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, որը զբաղվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժմամբ: Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն։

Տարեցտարի մարդկանց մոտ նկատվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների թվի կայուն աճ, ինչը կապված է շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական գործոնների, ինչպես նաև մշտական ​​սթրեսային իրավիճակներին, որոնց հետ ամեն օր բախվում են մարդիկ: Ժամանակակից էնդոկրինոլոգիան շատ առաջ է գնացել բազմաթիվ հիվանդությունների պաթոգենեզի, ինչպես նաև դրանց բուժման մեթոդների ուսումնասիրության մեջ, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել հիվանդությունը, այլև իրականացնել իրավասու կանխարգելում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ  Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի  Էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Լուսինե Մամիկոնյանը: Բավականին հաճելի կին եւ զրուցակից, իր գործի մեծ գիտակ, ով իր մասնագիտական բարձր որակների, ազնվության համար վայելում է իր պացիենտների հարգանքն ու վստահությունը։ Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն:   Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համարդկային սիրո կրողներն են:

 -Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։

- Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել  են բավականին արդիական եւ մտահոգիչ։ Ինչպես վահանաձեւ գեղձը, այնպես էլ՝ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Շատացել են սթրեսները, եւ հատկապես ամենից շատ՝ երիտասարդ տղաների մոտ։ Հոգեբանական տրավման, սթրեսը, տարբեր նևրոզները բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի և մարդու ուղեղի առանձին կառուցվածքների վրա:

Մեկ այլ լուրջ և տարածված հիվանդություն է ճարպակալումը, որի տարածվածությունը կրկնապատկվել է, մեծահասակների մեկ քառորդը արդեն գեր է՝ տարբեր աստիճանի ծանրության: Եվ այս հիվանդացության մակարդակի աճը նկատվում է օր օրի։

Էնդոկրին հիվանդությունների զարգացման ամենակարևոր գործոններից մեկը դա ժառանգականությունն է: Դա հաստատված է այն արդյունքներով, որոնք ստացվել են հիվանդների և նրանց հարազատների բժշկական գենետիկական հետազոտության ընթացքում:

Իրականում, որեւէ էնդոկին հիվանդություն առանձացնել չենք կարող, քանզի այսօր էնդոկրին խնդիրները մեծ վերելք են ապրում։

-Վահանաձև գեղձի հիվանդությունները ամենատարածված հիվանդությունների շարքում են դասվում, կնշե՞ք հիմնական գործոնները, որոնք մեծացնում են վահանաձև գեղձի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը։

- Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում և  յուրաքանչյուրը՝ անկախ  տարիքից և սեռից,  կարող է առնչվել  նրա ախտահարման հետ: Վահանաձեւ գեղձի խնդիրները հիմնականում հանգույցների ձեւով են ի հայտ գալիս, բայց կան, իհարկե, տարբեր արտահայտման ձևեր։ Արտահայտման տեսակները տարաբնույթ են, եւ հաճախ շատերը կլինիկորեն չեն նկատում։ Սկսում են գիրանալ, առաջանում է անքնություն, մազաթափություն, շփոթելով այլ հիվանդությունների հետ։ Շատերը չեն կարողանում իրենց քաշը իջեցնել, վերադառնալ նախկին կառուցվածքին:

Ասեմ, որ շատ կանանց մոտ, հղիության 5-6-րդ ամսում նոր ի հայտ են գալիս  վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումներ, որն էլ, բնականաբար ազդում է պտղի զարգացման վրա:

Կարծում եմ, որ առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների  բժիշկները, պետք է կրկնակի զգոն լինեն, եւ բնակչությունը շահագրգռեն, որպեսզի արդեն իսկ կասկածելի խնդիրների դեպքերում՝ անցնեն անհրաժեշտ հետազոտություններ։

-Որո՞նք են վահանաձև գեղձի ախտահարման հիմնական ախտանշանները:

-Թերֆունկցիայի ժամանակ հաճախակի դիտվում է թուլություն, քնկոտություն, այտուցվածություն, փորկապություն, բնորոշ է նաև մազաթափություն, իսկ կանանց և աղջիկների մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ: Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությունը կարող է առաջացնել գրգռվածություն և անհանգստություն, քաշի նվազում, հաճախասրտություն, դյուրհոգնելիություն: Բնորոշ է նաև քնի խանգարում:

Վերջին տարիների ընթացքում հաճախացել են վահանաձև  գեղձի հանգուցային ախտահարումները (բարորակ և չարորակ), որոնք որոշ դեպքերում կարող են արտահայտվել վահանաձև գեղձի  տեսանելի մեծացումով: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձև կամ խեղդող հազ: Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Չարորակ ուռուցքները լինում են դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է բարձր ցուցանիշների: Բարեբախտաբար, քիչ են ոչ դիֆերենցված ձևերը, որոնք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են:

– Բժշկուհի, որո՞նք են շաքարային դիաբետի ախտանիշները։

–Էնդոկրին համակարգի ամենալուրջ պաթոլոգիաներից մեկը, իհարկե, շաքարային դիաբետն է, որը լուրջ խնդիր է դարձել ամբողջ աշխարհում: Շաքարային դիաբետի հիմնական կլինիկական նշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, հաճախախմությունը, հաճախամիզությունը, քաշի կորուստը։ Այս նշանների առկայության դեպքում յուրաքանչյուր ոք, պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա, կամ հնարավորության դեպքում, որոշի գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Տիպ 1 շաքարային դիաբետը հանդիպում է առավելապես երեխաների և երիտասարդների, իսկ տիպ 2 շաքարային դիաբետը՝ մեծահասակների շրջանում։ Լաբորատոր ցանկացած հետազոտություն հարկ է անցնել բժշկի նշանակմամբ։

-Բժշկուհի, ո՞ր սիմտոմների դրսեւորումների դեպքում է պարզ լինում, որ զարգանում է երկրորդ աստիճանի շաքարային դիաբետ:

-Հիվանդությունը բնութագրվում է լայն տարածվածությամբ, առաջադեմ աճով, ինչը հաճախ հիվանդներից պահանջում է ուշադրություն ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև լուրջ քրոնիկ բարդությունների առկայություն՝ արյան անոթների, երիկամների, աչքի ցանցաթաղանթի, ստորին ծայրահեղությունների հիվանդություններ: Այսօր բավականին մեծ տարածում ունի երկրորդ աստիճանի շաքարային դիաբետը, հիվանդները գանգատվում են բերանի չորությունից, հաճախամիզությունից, եւ շատ հաճախ երկրորդային շաքարային դիաբետի կրողները ունենում են որովայնի մեծացում, քաշի ավելացում, կամ հակառակը քաշի նվազում, սեռական օրգաններում քորի զգացում, ճնշման տատանումներ, ախորժակի մեծացում, հիվանդները անընդմեջ ուտելու ցանկություն են ունենում, եւ  հատկապես այն մեծանում է քաղցրավենքի հանդեպ։ Ցավոք, սրտի, մեզ դիմում են արդեն բարդացած դեպքերում, ունենալով արդեն իսկ սրտխփոց, փսխումներ: Հիվանդության զարգացմանը նպաստում է սխալ սննդակարգը, նստակյաց ապրելակերպը, սթրեսային ֆոնը եւ գենետիկ կոդը: Երկրորդային շաքարային դիաբետը տարիների ընթացքում գտնվում է հակադիաբետիկ թերապիայի հսկողության տակ, եւ հետագայում, երբ արդեն դեղորայքը բավարար ազդեցություն չի տալիս, աստիճանաբար անցնում են ինսուլինոթերապիայի։ Ուղղակի պետք է գիտակցել, որ ապրում ես այդ հիվանդության հետ, խելացի մոտեցում ցուցաբերել, քանզի այն չարիքի փոքրագույնն է, եթե իսկ համեմատական կարգ տանենք այլ հիվանդությունների  հետ։

-Ի՞նչ է իրենից նեկայացնում գեստացիոն դիաբետը։

- Գեստացիոն դիաբետը արյան շաքարի (գլյուկոզ) բարձրացնումն է այն հղի կանանց մոտ, ովքեր անցյալում նման ախտանիշ կամ դիաբետ չեն ունեցել։ 80 տոկոս դեպքերում, այն կանանց մոտ, ովքեր ունեցել են գեստացիոն շաքարային դիաբետ, հետագայում զարգացում է շաքարային դիաբետը: Հղիության երկրորդ կեսին ինսուլինի պահանջն օրգանիզմում աճում է, որովհետև հղիության մի շարք հորմոններ արգելում են դրա գործունեությունը։ Երբեմն պատահում է, որ ենթաստամոքսային գեղձը չի կարողանում բավարար քանակով ինսուլին արտադրել։ Գետսացիոն դիաբետը հատուկ որևէ նշան չունի, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը քիչ է ազդում օրգանիզմի վրա։ Այնուամենայնիվ հնարավոր է, որ բերանում չորություն առաջանա, միզարձակումը հաճախակի և առատ լինի, տեսողության հետ կապված խնդիրներ ի հայտ գան, թուլություն և քաշի նվազում նկատվի։

-Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. կմանրամասնե՞ք։

-Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ։ Տվյալ բարդության նենգությունը կայանում է նրանում, որ հիվանդների մոտ փոխվում է ցավային, ջերմային ազդակների նկատմամբ զգայունության շեմը, որի հետևանքով էլ փոքր վնասումները մնում են անտեսված: 

 Հիվանդության կանխարգելման համար վերահսկողության տակ ենք պահում արյան մեջ գլյուկոզայի՝  ածխաջրային փոխանակման կոմպենսացիան: Արդեն բուժման ժամանակ, դեղորայքային թերապիայով փորձում ենք կառավարելի դարձնել հիվանդության ախտանշանները: Հաճախ  պացիենտները շատ քիչ են ուշադրություն դարձնում այս  երևույթին՝  վերագրելով դա հոգնածությանն ու  հոդացավերին, բայց  խնդիրն այն է, որ հիվանդի մոտ  առկա է արդեն անոթների խցանում կամ նեղացում: 

 Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության բուժումը երկարատև գործընթաց է  և բժիշկից ու պացիենտից պահանջում է համբերատարություն և միմյանց հանդեպ վստահություն։ Սա մի հիվանդություն է, երբ անընդհատ կարող է անակնկալներ մատուցել, դրա համար այս պայքարում պետք է պատրաստ լինել սցենարի ցանկացած զարգացման:  Անկանխատեսելի է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը, ուստի ժամանակին ու շուտ մասնագետին դիմելը հանդիսանում է վերջույթի պահպանման հիմնական գրավականը: 

 -Ինչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Ունենք բավականին խոստումնալից երիտասարդներ, ովքեր ձգտող են պրպտող, եւ, այսօր նրանք հնարավորությունները բավականին շատ են կատարելագործվելու, առաջ շարժվելու համար։ Բոլորս էլ լավ գիտակցում ենք, ցանկացած ոք, ով որոնողը է, միշտ էլ կգտնի ուղին, կհասնի իր բաղձալի երազանքներին։

Եվ, բնականաբար, կարող եմ վստահորեն ասել, որ մենք ապագայում կլինենք ապահով ձեռքերում:

-Ընդունված ավանդույթ է երեխաները ընրում են ծնողների ուղին։ Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։

-Նախ ասեմ, որ բժշկության հանդեպ սերն իմ մեջ սերմանել է պապիկս, ով հայտնի բժիշկ էր, մարդ, ով շատ պահպանողական եւ հավասարկշռված էր։

Ես բժիշկների ընտանիքում եմ մեծացել: Հայրս եւ այս մասնագիտացման բժիշկ է, եւ, երեւի թե, ես փոքր տարիքից գիտեի, որ դառնալու եմ բժիշկ, ու հենց այս ոլորտում էի ինձ պատկերացնում: Եվ, ամենակարեւորը, սիրում եմ իմ մասնագիտությունը, անկախ դժվարություններից:

Նշեմ, որ դստրերից մեկն՝ բժիշկ-էնդոկրինոլոգ է, մյուսը՝ մաշկաբան։ Ես իմ երեխաներին երբեք չեմ ուղղորդել մանսագիտական ընտրության հարցում։ Նրանք, արդեն իսկ մեծանալով բժշկական միջավայրում, որոշեցին ընտրել այս ոլորտը։

Միայն կասեմ, որ բժշկի ընտանիքում բժիշկներ են ծնվում, անկախ նրանից բժիշկ կդառնան, թե՝ ոչ։ 

-Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը ապրի խաղաղ եւ արարող երկրում, փորձենք զերծ մնալ սթրեսային իրավիճակներից, քանզի մենք այսօր ապրում ենք անընդմեջ լարված իրավիճակներում։

Հասարակությանը կհորդորեմ, որ  հետեւեն իրենց սննդակարգին, փոխեն կյանքի որակը, առողջ կենսակերպ վարեն, ժամանակին դիմեն բժշկին, եւ աշխատեն միշտ ժպտալ, քանզի ժպիտը կարող փոխել քեզ շրջապատող աշխարհը։  

Կցանկանամ, որ գա մի ժամանակաշրջան, երբ մեր հանրության բոլորը շերտերը կօգտվեն բժշկական ապահավագրությունից, ոչ թե միայն հատուկ սոցիալական խմբերում ընդգրկվածները։ Այդ ժամանակ, վստահ եմ, արդեն առաջին իսկ խնդրի դեպքում անմիջապես կդիմեն  բժշկի, քանի որ առողջությունը մարդկության ամենակարեւորագույն պարգեւն է:

Առողջ եղեք, սիրեք ձեզ եւ ձեզ շրջապատող մարդկանց։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր