Անուշ Գասպարյան

(0 votes)
There is no translation available.

ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն մի շարք հիվանդությունների ախտորոշման համար

Հայաստանի առողջապահական համակարգում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե՛ նորագույն սարքավորումների ձեռքբերման, թե՛ մասնագետների պատրաստման առումով: Ապացուցված է, որ տեխնիկայի ներգրավումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ փուլերում: Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախ եւ առաջ պայմանավորված է ճշտգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, ինչն էլ հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գրագետ պատկեր։

Արդի ախտորոշիչ մեթոդների մեջ նեյրոֆիզիոլոգիան ուսումնասիրում է կենտրոնական եւ պերիֆերիկ  նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը: 

Նեյրոֆիզիոլոգիայում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) նյարդամկանային համակարգի հետազոտման մեթոդ է,  որը կիրառվում է պերիֆերիկ նյարդերի, նյարդարմատների, նյարդամկանային հաղորդականության մկանների, ողնուղեղի ախտահարման ախտորոշման համար: Որոշվում է ախտահարման տեսակը, մակարդակը, աստիճանը:  Այն բավականին տեղեկատվական մեթոդ է, որն իրականացնում է նյարդերի էլեկտրական հաղորդականության ստուգումն ու գրառումը, գնահատում մկանների ֆունկցիոնալ վիճակը հատուկ սարքի միջոցով։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էկոսենս» լաբորատոր ախտորոշիչ եւ <<Նաիրի>> բժշկական կենտրոնների նյարդաբան-նեյրոֆիզիոլոգ Անուշ Գասպարյանը, ում հետ  կզրուցենք էլեկտրոնեյրոմիոգրաֆիա հետազոտության առանձնահատկությունների և  նյարդաբանական խնդիրների ախտորոշման մասին: 

Հոգատար, գրագետ եւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված բժշկուհի, ով  չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում նյարդաբանության ոլորտում: Բժշկուհին իր գործի գիտակն է. հմտորեն  տիրապետում է իր աշխատանքին՝ անմնացորդ նվիրումով ու սիրով կատարելով իր գործը։

Բարեհամբույր եւ բանիմաց բժշկուհին ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը եւ  համբերատար կերպով փորձում է օգտակար լինել հիվանդին` այդպիսով կարողանալով դրականորեն ազդել հիվանդի եւ նրան շրջապատող մարդկանց վրա:

-Բժշկուհի,  ի՞նչ է էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ), և ե՞րբ է անհրաժեշտ այն իրականցնել։ 

-Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան դիագնոստիկ հետազոտման  մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է որոշել նյարդերի ամբողջականությունը, նյարդամկանային հաղորդականությունը եւ մկանի ֆունկցիոնալ վիճակը` ինչպես առաջացած սուր խնդիրների և հիվանդությունների ժամանակ, այնպես էլ  քրոնիկ հիվանդությունների ախտորոշման և դինամիկ հսկողության դեպքում ։ Կան նաեւ մեթոդներ, որոնք  թույլ են տալիս հետազոտել լեզվի եւ ստոծանու մկանները, կոկորդի որոշակի մկաններ։ Դրանք համարվում են ավելի ինվազիվ մեթոդներ, որոնք իրականացվում են վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտների հետազոտման ժամանակ կամ ինտրաօպերացիոն եղանակով։ 

ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն` ծայրանդամային նյարդերի վնասման և մի շարք հիվանդությունների ախտորոշման համար: 

Այն իրականացվում է այնպիսի գանգատների դեպքում, ինչպիսիք են՝ վերջույթներում թմրածություն, թուլություն, ցավեր:

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքը վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն տվեց առավել արդյունավետ դարձնել պատերազմից տուժած վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: Հետազոտման այս մեթոդը կիրառվում է  տրավմաների ժամանակ` հասկանալու համար կա՞ արդյոք նյարդերի վնասում թե ոչ, եւ թե հետագայում վերականգնումը ինչպես պետք է իրականացվի։

 Հիմնականում, երբ վերջույթներում լինում են վնասվածքներ, շարժումների սահմանափակում կամ ուժեղ ցավային սինդրոմ, ապա վնասվածքաբանները, միկրովիրաբույժները հիվանդներին պարտադիր ուղղորդում են անցնել ԷՆՄԳ հետազոտություն` պարզելու համար` կա՞ արդյոք նյարդի, նյարդաթելիկների վնասում, թե ոչ, եւ  ըստ այդմ էլ` կարիք կա՞ վիրահատական միջամտության թե ոչ։ 

Հետազոտության ընթացքում գրգռվում է մեկ նյարդ, և գրանցվում է համապատասխան մկանի արձագանքը, որը նյարդայնանում է տվյալ նյարդից։ Ոչ մի հետազոտական ​​մեթոդ չի կարող այդքան ամբողջական տեղեկատվություն տրամադրել առկա վիճակի վերաբերյալ: Այս մեթոդն օգնում է որոշել, թե նյարդի որ հատվածում է գտնվում խնդիրը : Այն թույլ է տալիս հետևել բուժման ընթացքում հիվանդի վիճակի փոփոխություններին և համապատասխան թերապիայի արդյունավետությանը:

-Որո՞նք են հետազոտության տեսակները։

-Վերին և ստորին վերջույթների էլեկտրոնևրոմիոգրաֆիան կարող է իրականացվել երեք եղանակով։ 

Ստիմուլյացիոն. Իմպուլսները փոխանցվում են վերին և ստորին վերջույթներին ամրացված մաշկային էլեկտրոդների միջոցով։ Սա ոչ ինվազիվ մեթոդ է։ Մեթոդը բավականին պարզ է և լայնորեն կիրառվում է բժշկական հետազոտություններում։

Ասեղային. Ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ ասեղային էլեկտրոդները ներդրվում  են անմիջապես մկանների մեջ: Մեթոդը որոշում է մկանաթելիկների աշխատանքը,  գնահատում մկանաթելիկի շարժողական միավորի վիճակը։

Ռիթմիկ ստիմուլյացիա. Ռիթմիկ կրկնվող իմպուլսների շնորհիվ գնահատվում է նյարդամկանային հաղորդականությունը,  տվյալ նյարդով նյարդավորվող մկանի հոգնելիությունը։

- ԷՆՄԳ հետազոտություն պահանջող ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Առհասարակ տարիքային շեմ չկա, քանի որ խնդիրները, որոնք ախտորոշվում են ԷՆՄԳ-ով, հանդիպում են նորածնային տարիքից մինչև խոր ծերություն։ 

Վիրուսներով և, մասնավորապես, հետքովիդային բարդություններով պայմանավորված ` վերջին տարիներին շատացել է պոլինեյրոպաթիան։ Շատ հաճախ հանդիպում են սուր դեմիելինիզացնող պրոցեսներ, ընդուպ մինչեւ Գիյեն Բարրեյի հիվանդություն,  որը նյարդային վերջավորությունների, միյելինային թաղանթի սուր բորբոքային ախտահարում է, որը կարող է բերել ինվալիդիզացիայի։ Եթե ժամանակին պացիենտը ախտորոշում եւ բուժում չստանա, ապա  կարող է առաջանալ շնչառական կանգ, մահ: 

Կան նաեւ շատ ժառանգական հիվանդություններ` կապված նյարդամկանային հաղորդականության եւ մկանի դեգեներացիայի հետ, որոնք հանդիպում են մանկական տարիքային խմբերի մոտ։ 

Հանդիպում են հիվանդություններ, որոնք առաջանում են գլխուղեղում շարժողական բջիջների քայքայման հետևանքով` առաջացնելով շարժողական ուղինեով նյարդավորվող մկանների դեներվացիա, մկանաթելիկների մահ, որը նույնպես, որպես ոսկե ստանդարտ, ախտորոշվում է  ԷՆՄԳ-ով։ 

Կան նաեւ բազմաթիվ թունելային համախտանիշներ, որոնք առավել տարածված են վերին և ստորին վերջույթներում։ Դիմային նյարդի վնասումների ժամանակ մեծ կիրառություն ունի ԷՆՄԳ-ն, հատկապես ոչ լիարժեք վերականգնվող դեպքերում, և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։

-Հետազոտությունից առաջ նախապատրաստական աշխատանք պահանջվո՞ւմ է, թե ոչ։

-Եթե ամբուլատոր հետազոտման մասին է խոսքը, ապա հետազոտմանը պետք է գալ հիգիենիկ եւ առանց որեւէ քսուկի կիրառման: Ստիմուլացիոն հետազոտման դեպքում  ոչ բացարձակ, հարաբերական հակացուցում է համարվում գեներալիզացված էպինոպաների դրսեւորումը, այսինքն՝ կարող է լինել, բայց ոչ միանշանակ: Մյուս բոլոր դեպքերում հետազոտությունը հակացուցումներ չունի, հակառակը՝ այն կիրառելի եւ օգտակար է նույնիսկ բուժական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է ասեղային մեթոդին, ապա այն չունի հակացուցումներ, ուղղակի այդ պահին պետք է ապահովել տվյալ հատվածի ստերիլությունը։ 

Հետազոտության ընթացքը կախված է հետազոտության ծավալից` թե քանի նյարդ եւ մկան է այդ պահին հետազոտվում, եւ թե ո՛ր հիվանդությունների դեպքում է իրականացվում։ Հետազոտման տեւողությունը  կարող է տևել 15 րոպեից մինչեւ 1,5 ժամ: 

-Ի՞նչ է իրենից ներկայացնում դաստակային թունելի համախտանիշը կամ կարպալ թունելի սինդրոմը։

-Այն ամենահաճախ հանդիպող մոնոնևրոպաթիաներից է։ Դասվում է վերին վերջույթի կոմպրեսիոն մոնոնևրոպաթիաների շարքին։ Մարդիկ հաճախ են ունենում ծայրանդամային նյարդերի տեղային ճնշմամբ պայմանավորված զգացողություններ։ Օրինակ՝ ձեռքի վրա քնելիս, ոտքը ոտքին գցելիս, կողքի պառկելիս, երբ գլուխն արմնկահոդում ծալված ձեռքի վրա է։ Բոլոր այս դեպքերում նյարդի ճզմումն ուղեկցվում է թմրածության, ծակծկոցի, մատներում պարէսթեզիայի զգացումով։ Երկարատև, մշտապես կամ պարբերաբար ճզմվելու հետևանքով նյարդաթելիկները վնասվում են, և զարգանում է, այսպես կոչված, կոմպրեսիոն մոնոնևրոպաթիա։

Դաստակային թունելի համախտանիշն իրենից ներկայացնում է ախտանիշների համախումբ, որոնք առաջանում են դաստակային խողովակում (թունելում) վերին վերջույթի նյարդերից մեկի՝ միջնակ նյարդի կոմպրեսիայի հետևանքով։ Կարող է լինել միակողմանի՝ հիմնականում ախտահարելով գերակշռող (դոմինանտ) կողմի ձեռքը։ Սակայն հանդիպում է նաև երկկողմանի դաստակային թունելի համախտանիշ, հատկապես էնդոկրին և ռևմատիկ հիվանդությունների ֆոնին։

- Եւ որպես վերջաբան`  Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Իհարկե, հասկանալի է, որ տարբեր, այդ թվում սոցիալական պատճառներից ելնելով` շատերը մեզ դիմում են հիվանդության ուշ փուլերում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում և դժվարանում է: Պարզ է` եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, ավելի արդյունավետ եւ հեշտ կլինի նաեւ դրա հետագա բուժումը:  Ուստի խնդրում եմ, առաջին իսկ գանգատների դեպքում  դիմեք բժիշկի` կանխելու համար հետագա բարդությունները եւ ապահովելու լիարժեք առողջացում, իսկ խրոնիկ հիվանդությունների դեպքում էլ իրականացնելու վաղ բուժում և կյանքի որակի ապահովում։

Կարծում եմ՝ բժշկի համար ամենակարևորը իր պացիենտի գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա հենց ինքնին դառնում է ամենահզոր շարժիչ ուժը: 

Առո՛ղջ եղեք, սիրե՛ք ձեզ և գնահատե՛ք առողջ լինելու գաղափարը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր