Վարսենիկ Հովհաննիսյան

(0 votes)
There is no translation available.

Թող խաղաղություն լինի բոլորիս հոգիներում, թող միշտ ակնդիր լինենք լավին ու բարուն

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը ինչպես բոլոր ասպարեզներում, այնպես էլ առողջապահության ոլորտում պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Մեր այս հրապարակումը քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունների շուրջ է, որոնք, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաև հարբուխը, գրիպը և տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային ու տարածաշրջանային սահմանափակումներ չունեն, կարևորվում են բոլոր երկրներում, իսկ այս ճյուղը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը:
Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջային հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միևնույն ժամանակ, ռինոսինուսիտները պատուհասում են՝ անկախ տարիքային ու սեռային սահմանափակումից: Արդյունքում առաջանում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, տկարությամբ (անլիարժեք ու հիվանդ զգալով): Մասնագետները հորդորում են՝ երբեք անուշադրության չմատնել LOR խնդիրները և դրանց առկայության դեպքում դիմել մասնագետի:
Քիթ-կոկորդ-ականջաբանություն, տարածված հիվանդություններ և բուժական մեթոդներ. մասնագիտական գործունեությունից http://bestgroup.am/ կայքին մանրամասներ է ներկայացնում <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Վարսենիկ Հովհաննիսյանը:
Հաճելի մարդ է և հետաքրքիր զրուցակից, փնտրված մասնագետ՝ ճանաչված իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու գիտելիքներով, իր կատարած մի շարք բարդագույն վիրահատություններով, որի շնորհիվ բարի համբավ է վաստակել: Ասում են՝ բժշկությունը արվեստ է: Եվ ուրեմն, այս մասնագիտության տեր ամեն ոք պիտի ամենայն հմտությամբ տիրապետի ու ամենայն սիրով նվիրվի իր գործին՝ այն իսկապես վերածելով արվեստի: Իսկ դա նշանակում է շարունակական ուսում՝ ժամանակին համընթաց, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում, ամենօրյա վազք եւ անթիվ անքուն գիշերներ: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն հաջողությունն անվիճարկելի է:
Լսենք այս ճանապարհը անցած և շարունակաբար անցնող բժշկուհուն:

-Բժշկուհի, կներկայացրեք, թե՞ ինչ է իրենից ներկայացնում անգինան, և որոն՞ք են անգինայի բուժման ժամանակակից մեթոդները:

-Անգինան ամենատարածված հիվանդություններից է, որով ավելի հաճախ՝ 75% դեպքերում հիվանդանում են երեխաները, իսկ մինչև 30 տարեկան` մեծերը: Հիվանդությունը կրում է սեզոնային բնույթ և վերելք ապրում աշնանն ու գարնանը: Անգինայի հարուցիչն է A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը կամ ստաֆիլոկոկը: Հարուցիչներ կարող են հանդիսանալ նաև պնևմոկոկերը, վիրուսները, անաէրոբ հարուցիչներ, կանդիդա խմբի սնկերը, բերանի խոռոչի սպիրոխետաները: Նախատրամադրող ֆակտորներ կարող են հանդիսանալ օրգանիզմի սառեցումը, մթնոլորտի ախտոտվածությունը, տեղային և ընդհանուր իմունիտետի իջեցումը, երբեմն նաև՝ նշիկների մեխանիկական վնասվածքները: Ախտահարումը կարող է լինել էկզոգեն (ավելի հաճախ) և էնդոգեն (աուտոինֆեկցիա): Ինֆեկցիան փոխանցվում է օդ-կաթիլային և ալիմենտար ճանապարհներով: Էկզոգեն ախտահարման դեպքում ինֆեկցիայի աղբյուր է հանդիսանում հիվանդ մարդը: Էնդոգեն ախտահարումը կատարվում է բերանի խոռոչից կամ ըմպանից (խրոնիկ տոնզիլիտ, ատամների կարիես, լնդերի հիվանդություններ): Ինֆեկցիայի աղբյուր կարող են հանդիսանալ նաև քթի և հարքթային խոռոչների թարախային հիվադությունները: Ելնելով հիվանդության ծանրությունից և քմային նշիկներում մորֆոլոգիական փոփոխություններից՝ տարբերում ենք առաջնային (սովորական, պարզ, բանալ) - կատառալ, լակունար, ֆոլիկուլյար, խառը և երկրորդային (սիմպտոմատիկ) – անգինաներ, որոնք առաջանում են սուր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա) և անգինաներ, որոնք առաջանում են արյան հիվանդությունների ժամանակ (սուր լեյկոզ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ագրանուլոցիտոզ) և սպեցիֆիկ անգինաներ, որոնց հարուցիչներն են հանդիսանում սպեցիֆիկ ինֆեկցիաները (Սիմանովսկի-Պլաուտ-Վենսանի անգինա, սնկային անգինա):

-Խրոնիկական տոնզիլիտ կմանրամասնե՞ք։

-Խրոնիկ տոնզիլիտը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ՝ առաջացնելով աշխատունակության երկարատև կորուստ, հաճախակի ռեցիդիվների և ներքին օրգանների կողմից զարգացող բազմաթիվ բարդությունների պատճառով:
Այսպիսով, խրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ավշային հյուսվածքի զուտ քրոնիկական բորբոքում չէ. այն տեղային և ընդհանուր ախտանիշների բարդ համակցություն է, որն ընթանում է սրացումներով և ռեմիսիայի փուլերովէ հիվանդի աուտոսենսիբիլիզացիայի առկայության պայմաններում:
Խրոնիկական տոնզիլիտը կարող է լինել՝
1. ոչ սպեցիֆիկ
ա/ կոմպենսացված ձև
բ/ դեկոմպենսացված ձև
2.սպեցիֆիկ` ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ / տուբերկուլյոզ, սիֆիլիս, սկլերոմա/
Քրոնիկական տոնզիլիտի տեղային և ընդհանուր կապակցված հիվանդություններն են`
․ Տեղային կապակցված հիվանդություններ.
--պարատոնզիլիտ,
— պարաֆարինգիտ,
— խրոնիկական ֆարինգիտ և այլն
․ Ընդհանուր կապակցված հիվանդություններ.

— տոնզիլոգեն սեպսիս,
— ռևմատիզմ,
— ինֆեկցիոն պոլիարթրիտ,
— սրտի ձեռքբերովի հիվանդություններ,
— միզարտադրողական համակարգի ձեռքբերավի հիվանդություններ
— հոդերի ձեռքբերովի հիվանդություններ,
— այլ օրգան համակարգերի` ինֆեկցիոն-ալերգիկ ծագման, ձեռքբերովի հիվանդություններ :
Քմային նշիկների յուրահատուկ կառուցվածքը (նշիկի պարենխիման թափանցող խորանիստ ճյուղավորված կրիպտաների առկայությունը) պայմաններ են ստեղծում սննդի կամ ներշնչվող օդի հետ բերանի խոռոչ թափանցող բազմաթիվ միկրոօրգանիզմների կողմից արտազատվող օտարածին սպիտակուցների և թույների ներծծման համար: Ալերգիկ վիճակն այսպիսով հարաճում է: Վերջինիս առկայության պայմաններում բորբոքային հիվանդությունը զարգանում է ի պատասխան ոչ-սպեցիֆիկ գրգռմանը: Նման դեպքերում օրգանիզմի տեղային կամ ընդհանուր գերսառեցումը, հանդիսանալով ոչ-սպեցիֆիկ գրգռիչ, առաջացնում է քմային նշիկների կամ հեռադիր օրգաններիª երիկամների, սրտամկանի և հոդերի բորբոքում (օրգանիզմի սենսիբիլիզացիայի հետևանքով): Տոնզիլիտն անբարենպաստ պայմաններ է ստեղծում կրիպտաների դրենավորման համար, քանի որ վերքային մակերեսները ձևավորվում են էպիթելի շերտազատման պատճառով, ինչը հանգեցնում է կրիպտաներում կպումների զարգացման: Դա տևականորեն դժվարացնում է կրիպտաների դրենավորումը, որտեղ կուտակվող սննդի մնացորդները, շերտազատված էպիթելը և միկրոօրգանիզմները պայմաններ են ստեղծում նշիկի դանդաղընթաց բորբոքման համար` հիվանդի սենսիբիլիզացիայի հետ մեկտեղ:
Կլինիկական պատկերը ոչ միշտ է արտահայտված: Կան բազմաթիվ ախտանիշներ, որոնց զուգակցումը կարող է օգնել ախտորոշմանը:
Քրոնիկ տոնզիլիտը՝ նշաբորբը, տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում են շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Քմային նշիկների տվյալ ախտաբանությունը պրոֆեսիոնալ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն օտոլարինգոլոգների, այլ նաև մանկաբարձների, սրտաբանների, ռևմատոլոգների, ալերգոլոգների և այլ մասնագետների մոտ, քանի որ քրոնիկ տոնզիլիտը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացմանը կամ ուղեկցում է դրանք:
Քրոնիկ տոնզիլիտը սրացումներով ընթացող քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է՝ հաճախակի անգինաների հետևանքով: Քմային նշիկները՝ ըմպանային օղակի մյուս լիմֆոիդ գոյացումների հետ պաշտպանում են օրգանիզմը սննդի, ջրի և օդի հետ թափանցող ախտածին միկրոբներից: Հիվանդության ժամանակ նշիկները վարակի տարածման պատնեշ լինելուց վերածվում են մեծաքանակ ախտածին միկրոբներ և նրանց կենսագործունեության արգասիքներ պարունակող պահեստարանի:
Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստում է քթային շնչառության դժվարացումը (քթի միջնապատի թեքում, քրոնիկ ռինիտ, ադենոիդներ): Տեղային ռիսկային գործոններից են ադենոիդիտը, հայմորիտը, ատամների կարիեսը: Հիվանդությունն ախտորոշվում է անամնեզի (հաճախակի անգինաներ), օբյեկտիվ զննման և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա: Քրոնիկական տոնզիլիտի տեղային բարդություններից է պարատոնզիլյար աբսցեսը, իսկ ընդհանուր բարդություններից են միոկարդիտը, ռևմատիզմը, գլոմերուլոնեֆրիտը և այլն:
Հիվանդությունն ազդում է նաև իմունային համակարգի վրա և նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, սիստեմային կարմիր գայլախտ, էկզեմա, փսորիազ, պերիֆերիկ նյարդերի ախտահարում (ռադիկուլիտ, պլեքսիտ):
Բուժման վիրաբուժական մեթոդներից կիրառվում է երկկողմանի էքստրակապսուլյար տոնզիլէկտոմիան (նշիկների հեռացումը կապսուլայով) և քմային նշիկների ռադիոալիքային թերմոռեդուկցիան: Վերջինս նշիկները պահպանելու տարբերակն է, և դա ուղղակի փրկություն է: Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ նշիկները կատարում են կարևորագույն ֆունկցիա՝ պայքարում են ինֆեկցիայի դեմ: Մեթոդը հնարավորություն է տալիս օրգանը պահպանել:
Կոնսերվատիվ բուժումը կիրառվում է քրոնիկ տոնզիլիտի կոմպենսացված ձևի և դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի բուժման համար: Դեկոմպենսացված ձևի երկրորդ տեսակի և բարդությունների առկայության դեպքում կիրառվում է վիրահատական բուժում:
Կոնսերվատիվ բուժումը հիմնականում ժամանակավոր է, և լավացումը վերջնական չէ. գանգատները և ախտանշանները շարունակվելու դեպքում առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

-Ի՞նչ է իրենից ներկայանում քնի ապնոեն:

-Քնի ապնոեն քնի ժամանակ շնչառության կանգն է: Այն հիմնականում լինում է գեր մարդկանց մոտ՝ կարճ պարանոցով, մեծ փորով, քթի միջնապատի դեֆորմացիա, քթի խեցիների գերաճ, պոլիպներ, մեծ լեզու, մեծ նշիկներ, փափուկ քիմքի և լեզվակի գերաճի դեպքում: Ունի երեք աստիճան. թեթև, միջին, ծանր: Մեր կլինիկան նշված խնդիրների բուժմոտեցումների մեջ բավականին զարգացած է, համագործակցում ենք քնի կենտրոնի հետ, պացիենտները անցնում են հետազոտություններ, թեթև և միջին աստիճանների ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես վիրահատվում, իսկ եթե բախվում ենք ծանր աստիճանի հետ, ապա էնդոկրինոլոգի խորհրդակցության և ավելորդ քաշի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա: Կան հատուկ դիմակներ, որոնց կրմամբ պացինետի մոտ որոշակի ճնշում է ապահովվում, և պառկած դիրքում շնչառությունը չի փակվում, չի կախվում փափուկ քիմքը, շնչուղին մշտապես բաց վիճակում է լինում, որը հնարավորություն է տալիս կարգավորել քունը: Իսկ երբ շնչառական կանգ չի լինում, նյութափոխանակությունն աստիճանաբար կարգավորվում է, և մարդը ավելի հեշտ է նիհարում: Շնորհիվ այս ամենի՝ արդյունքում այդ խնդիրն ունեցողներն գիշերը լավ են քնում, ցերեկն՝ ավելի առույգ են լինում, հետևաբար՝ ձերբազատվում նաև նյարդային համակարգի ախտահարումներից:

-Իսկ ի՞նչ է խռմփոց ասվածը:

-Մեր օրգանիզմն ունի այնպիսի մի մեխանիզմ, երբ որ <<պահում>> են շնչառությունը, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի մակարդակը, որն էլ խթանով ուղեղը, արթնացնում է այն: Ավելի հաճախ գիշերային խռմփոցի պատճառ կարող են հանդիսանալ դեմքի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները՝ օրինակ, ստորին ծնոտի թեթևակի տեղաշարժը, երկարավուն ծնոտը կամ՝ կեռ, մեծ քիթը։ Ճարպային շերտը, ընդգրկելով ըմպանը, նեղացնում է լուսանցքը։ Քնի ժամանակ թուլանում են քիմքն ու լեզուն։ Նեղացած կոկորդի և ըմպանի փափուկ հյուսվածքների թրթռոցի հետևանքով առաջանում է խռմփոց։ Ավելորդ քաշը շնչառական դժվարություններ է առաջացնում: Բարձր աստիճանի ճարպակալման դեպքում, քնած ժամանակ, անգամ կարող է գրանցվել շնչառական կանգ։ Այդ երևույթն անվանում են քնի ապնոէ։ Երբ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են զարգանում, զուգահեռ կարող է նկատվել քաշի ավելացում և հյուսվածքների այտուցվածություն։ Դա վերաբերում է նաև լեզվին, շնչառական ուղիների անցանելիությանը։ Այդ գործոնները մեծացնում են խռմփոցի առաջացման հավանականությունը։
Քթային շնչառության խնդիրները․ Խռմփոց և շնչառական կանգ ունեցող մարդկանց մոտավորապես 25 տոկոսի մոտ ախտորոշվել են քթային շնչառության խանգարումներ։ Քնի ժամանակ շնչառության խանգարման պատճառ կարող են լինել քթի խոռոչի բորբոքումները, քթի միջնապատի ծռվածությունը, պոլիպները և այլն։
Նշագեղձերի մեծացումը, այտուցվածությունը. Նշագեղձերը հաճախ մեծանում են բորբոքային գործընթացների հետևանքով՝ առաջացնելով շնչառական դժվարություններ։ Երբեմն դրանք գրեթե դիպչում են իրար՝ շատ նեղ անցք թողնելով, ինչն էլ կարող է դառնալ խռմփոցի առաջացման պատճառ:
Արդի բժշկության մեջ՝ քթի վիրահատությունների ժամանակ կիրառվում են սիլիկոնե տամպոններ, որի վրա առկա խողովակը անմիջապես վիրահատությունից հետո պացինետին հնարավորություն է տալիս քթով շնչել: Իսկ նախկինում կիրառվող մեծ քանակությամբ տամպոնները պացիենտի մոտ տհաճ զգացողություն էին առաջացնում:

-Ինչի՞ պատճառի հետևանք կարող է հանդիսանալ աղմուկը ականջներում:

-Առհասարակ աղմուկը լինում է լսողական նյարդի ախտահարման և թմկաթաղանթների պերֆորացիաների ժամանակ, որոնք էլ, կախված իրենց տեմբրից, մարդկանց մոտ տարբեր նյարդային վիճակներ են առաջացնում: Եվ անգամ փոքր աղմուկի և լսողության թեթևակի խանգարման դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, քանի որ ժամանակին դիմելու դեպքում չենք առնչվում բարդացած վիճակների հետ, և ավելի արդյունավետ բուժումն ավելի երաշխավորված է լինում:

- Ո՞ր տարիքում է ցուցված կատարել խխունջային ներպատվաստման վիրահատություն:

- Ցանկալի է կատարել վաղ՝ 6 ամսականից-1 տարեկան հասաում: Խլության բուժման մեթոդը կոնխլար իմպլանտացիան է, երբ վիրահատության միջոցով վերականգնվում է լսողությունը, հետականջային հատվածում կտրվածքով բացվում է փոքր ոսկրային հատված, իմպլանտի էլեկտրոդը տեղադրվում է խխունջի մեջ:
Նախապես կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պարզելու խխունջի վիճակը: Առողջ և զարգացած լինելու դեպքում նոր միայն դիմում են իմպլանտացիայի, և իմպլանտը փոխարինում է խխունջի մեջ լսողական նյարդին, իսկ դրա միջոցով իմպուլսը փոխանցվում է ուղեղին: Վիրահատությունից մեկ ամիս անց արդեն կատարվում է ծրագրավորում, պացիենտին սարք է միացվում, և արդյունքում ապահովվում է լսողություն:

-Լսողական սարքեր կրելը, արդյո՞ք, ունի հակացուցումներ:

-Ո՛չ: Լսողական սարքերի կրումով մենք օրգանը պահպանում ենք, եթե խնդիրը երկկողմանի է, ցանկալի է երկու ականջներում էլ կրել սարքը, որն ապահովում է տարածության մեջ ձայնի կողմնորոշումը, քանի որ մեկ ականջով չեն կարող կողմնորոշվել դեպի ձայնի ուղղությանը, ինչն, օրինակ, կարևոր է հատկապես վրաերթերից խուսափելու համար:

-Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ու՞մ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:

-Ես իմ կյանքում ունեցել եմ ուսուցիչներ, որոնց մինչ օրս երախտապարտ եմ, առանց նրանց ես չէի կարող հասնել այսօրվա արդյունքին: Քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ իմ ուսուցիչը պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանն է: Ուսուցիչ կարող եմ համարել դոկտոր Էլզեսերին և Մյունստին՝ Ավստրիայից, իսկ պլաստիկ վիրաբուժության մեջ իմ ուսուցիչը Վիտալի Ժոլտիկովն է: Իհարկե, վերապատաստումների ժամանակ շատ եմ շփվել լավագույն մասնագետների հետ, ներգրավվել եմ իրենց աշխատանքներում, ինչպես նաև մասնակցել վիրահատությունների, ինչն իմ տարերքն է եղել:

-Շնորհակալություն տեղեկություններով հարուստ ու հագեցած զրույցի համար: Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեիք մեր հասարակությանը:

-Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել ու խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում խնայում են, մինչդեռ առողջությունը ամենաթանկ բանն է: Երբեմն լինում են դեպքեր, երբ բժշկությունն անզոր է արդեն անդառնալի փոփոխությունների առջև: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն երբ առողջությունը կորցնում են, միևնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ավելի լավ է՝ վաղ դիմել, այսինքն՝ ժամանակին, և բժշկին հնարավորություն տալ կանխել հիվանդության սրացումը; Այդուհանդերձ, բոլորին մաղթում եմ առողջություն: Թող ամեն մեկը կարողանա խաղաղություն գտնել թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքում: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, լավատես: Երբ ամեն ինչի մեջ լավն ենք տեսնում, մեր դրական էներգիան վերև է բարձրանում, միանում տիեզերական էներգիային ու մեզ է վերադառնում: Թող խաղաղություն լինի բոլորիս հոգիներում, թող միշտ ակնդիր լինենք լավին ու բարուն: Աստված բարի աչքով նայի բոլորիս:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր