Լուսինե Մամիկոնյան

(0 votes)
There is no translation available.

 

<<Մենք այսօր շատ ենք պարփակվել կենցաղի մեջ ու ցանկություն չունենք այդ կաղապարից դուրս գալու>>                                                                                                                 

  Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խաթարում կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի գործունեության խանգարում:  էնդոկրինոլոգիան նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ այժմիրականացնում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և բուժման լայն սպեկտր` համաձայն միջազգային ուղեցույցների:

 Մեր զրուցակիցն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Լուսինե Մամիկոնյանը:  Մեծ է  բժշկուհու ավանդը Հայաստանում էնդոկրինոլոգիայի կայացման և զարգացման մեջ: Նրա երկարամյա աշխատանքը իսկապես մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ  ու անմնացորդ նվիրում: Բժշկուհու ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատերի համար:

-Բժշկուհի, կխոսե՞ք հիպոթիրեոզ եւ հիպերթիրոզ հիվանդությունների մասին. ո՞ր պաթոլոգիայի դեպքում ի՞նչ ախտանշաններով են դրսեւորվում։ 

-Իրականում դրանք լրիվ տարբեր ախտանիշներով են ի հայտ գալիս։ Հիպոթիրոզի ժամանակ բուժառուն դառնում է գերզգայուն, ավելի դեպրեսիվ, նկատվում է տրամադրության անկում, մաշկի չորություն, թեփոտում, մազաթափություն, եղունգների շերտազատում, քաշի ավելացում, սրտի դանդաղ բաբախ, մարմնի ջերմաստիճանի իջեցում, ամբողջ նյութափոխանակությունը խանգարվում է։ Հիպերթիրոզը լրիվ հակառակ պատկերն ունի. քաշի կորուստ, ընդ որում, հնարավոր է` մեկ ամսում մեծ քաշի կորուստ լինի` 8-12կգ, սրտխփոց, ջերմության բարձրացում` մինչեւ 37.1-37.2: Այսինքն` երկու ծայրահեղ հիվանդություններ են և ամբողջովին տարբեր բուժումներ ու մոտեցումներ են թելադրում։ Հիպերթիրոզի ժամանակ դեղամիջոցները տալիս ենք մեծ դոզաներով` ըստ  հիվանդության ծանրության աստիճանի աստիճանաբար քչացվում է, հիպոթիրեոզի ժամանակ հակառակ բուժումն է տարվում`սկզբնական շրջանում տալիս ենք փոքր դոզաներով` աստիճանաբար բարձրացնելով մինչեւ օպտիմալ դոզաչափը` դինամիկ հսկողության տակ պահելով։ 

-Վահանաձեւ գեղձի քաղցկեղը ունի՞ արտահայտման ձեւեր։  

-Ցավոք,  այն բավականին մեծ տարածում ունի եւ երիտասարդացում է ապրել։ Արտահայտման ձեւ չունի։ Ցանկացած ոք տարին մեկ անգամ, որպես սկրինգային հետազոտություն,  պետք է անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, եւ հանգույցների հայտնաբերման դեպքում պետք է լինի դինամիկ հսկողության տակ, եւ ըստ սոնոգրաֆիկ պատկերի դասակարգման անհրաժեշտության` պարտադիր պետք է կատարել բարակ ասեղային բիոպսիա`բուժման հետագա եղանակը որոշելու համար:Ժողովրդի մեջ  թյուր կարծիք կա, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի զարգացման ընթացքը. դա սխալ կարծիք է. բիոպսիան անհրաժեշտ էվերջնական ախտորոշման համար։ 

-Վահանաձեւ գեղձի վիրահատությունից հետո արդյո՞ք հնարավոր է հիվանդության կրկնվելու հավանականությունը։ 

- Միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ այն կախված է  ախտահարման աստիճանից,ինչպես նաեւ վիրահատող վիրաբույժի դիրքորոշումից: Կարևոր է, որ  վիրահատությունից հետո բուժառուն  էնդոկրինոլոգի կողմից լինի դինամիկ հսկողության տակ։ 

-Աուտոիմոն թերոդիտ։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։ 

-Այն ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից է մեր պրակտիկայում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ` ամբողջ աշխարհում: Այս պաթոլոգիայի դեպքում հակամարմինները բարձր են լինում, վահանաձեւ գեղձը անհամասեռ պատկեր է տալիս սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում: Այն կարող է լինել բարձի հորմոնալ ֆոնով, կամ հակառակը` ոչ հորմոնալ։ Բուժման տակտիկան որոշելու համար պետք է հասկանալ` արդյո՞ք հորմոնալ շեղում կա,թե` ոչ: Հորմոնալ շեղում չլինելու դեպքում բուժման անհրաժեշտություն չկա։

- Բժշկուհի,  շաքարային դիաբետը  դատավճի՞ռ է: 

-Ոչ, ես այն չեմ համարում դատավճիռ, այն օնկոլոգիա չէ, չնայած օնկոլոգիան այսօր վաղ փուլերում ունի բուժում, այն նույնպես չենք կարող համարել դատավճիռ, այսինքն`  հիվանդության վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է բուժում։ Կանխարգելիչ բուժումը բավականին մեծ դերակատարում ունի, ստացիոնար բուժման դեպքում մեզ հնարավորություն է տրվում տարին մեկ անգամ հսկել դիաբետիկների, սիրտ- անոթային խնդիր ունեցող բուժառուների խորքային բարդությունները: Չէ՞ որ դիաբետը տալիս է միկրո եւ մակրո անոթների, ստորին վերջույթների, երիկամների, աչքերի բարդություններ։ Իհարկե հանդիպում են շաքարային դիաբետի ագրեսիվ տեսակներ, որի արդյունքում շուտ է ախտահարվում օրգանիզմը, բայց եթե բուժառուն ինքն իր հանդեպ հետեւողական է` սննդակարգին, քաշին, դեղորայքին, երկար տարիներ կյանքին վտանգ չի կարող սպառնալ, եւ այն չենք կարող համարել դատավճիռ։ 

-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։

-Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել  են բավականին արդիական եւ մտահոգիչ։ Ինչպես վահանաձեւ գեղձը, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Շատացել են սթրեսները, եւ հատկապես ամենից շատ երիտասարդ տղաների մոտ։ Հոգեբանական տրավման, սթրեսը, տարբեր նևրոզները բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի և մարդու ուղեղի առանձին կառուցվածքների վրա:   Բուժման մոտեցումները եւ ուղեցույցները տարեցտարի փոփոխման են ենթարկվում, բայց ամեն դեպքում շաքարային դիաբետը պրոգրեսիվող է։  Խնդիրն այն է, որ այսօր բոլորը նստակյաց կյանքով են ապրում, մեքենաներով են տեղաշարժվում, արագ սննդից են օգտվում, եթե նախկինում քայլում էին, ֆիզիկական աշխատանք էին կատարում, ապա այսօր շատ բան է փոխվել ապրելակերպի մեջ: Մենք այսօր շատ ենք պարփակվել  կենցաղի մեջ ու ցանկություն չունենք այդ կաղապարից դուրս գալու: 

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Այսօր բավականին բարձրակարգ դասախոսներ կան, որոնց շնորհիվ ունենք երիտասարդ լավ մասնագետներ։ Նրանք ձգտում են արտերկրում վերապատրաստվել, պրպտող են եւ խելացի: Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին, երբ տեղեկատվությունը հիմնականում բժշկական գրականություն էր, ապա այսօր իրենց հնարավորությունները բավականին մեծ են. առցանց կարող են հայտնի բժիշկների դասախոսություններ լսել, այսինքն` եթե ձգտող տեսակ է, ապա միանշանակ կդառնա լավ մասնագետ։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Մաղթանքս` առաջնահերթ առողջություն, հոգեպես ներդաշնակություն, սեր, և թող երջանկության հորմոնները շատ արտադրվեն` մեզ հանդիպող հիվանդությունները հաղթահարելու համար։ Ունենան հավատք առ Աստված, հույս, դրական լիցքերով լի կյանք: Եվ հավատանք, որ պետք է արարել մեր երկրում ու շենացնել այն, ստեղծագործել: Պետք է սիրել եւ սեր տարածել, սերն է փրկում աշխարհը: Առողջ եղեք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր