Լուսինե Վլադիմիրի Թանանյան

(0 votes)
There is no translation available.

 Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում

 

Լյարդի էլաստոգրաֆիան կամ, այլ կերպ ասած, լյարդի վիրտուալ բիոպսիան ախտորոշիչ բժշկության վերջին նվաճումներից է: Այն թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատել լյարդի վիճակը, հայտնաբերել լյարդի ֆիբրոզը եւ որոշել դրա աստիճանը: Ինչպես հայտնի է, արտահայտված լյարդի ֆիբրոզը հանգեցնում է լյարդի ցիռոզի: Հետեւաբար, լյարդի ֆիբրոզ փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը եւ արտահայտվածության աստիճանի որոշումը հնարավորություն են տալիս բուժող բժշկին իրականացնել համարժեք բուժում՝ կանխարգելելով լյարդի այնպիսի սարսափելի հիվանդությունը, ինչպիսին ցիռոզն է: Լյարդի ուլտրաձայնային եւ էլաստոգրաֆիկ հետազոտությունների համադրումը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ «ճարպային հեպատոզ» ուլտրաձայնային ախտորոշման դեպքում էլաստոգրաֆիան հայտնաբերում է լյարդի ֆիբրոզ փոփոխությունները: Դա դիտվում է ճարպակալումով, ալկոհոլի չարաշահումով հիվանդների մոտ, լյարդի հյուսվածքի վրա տոքսիկ ազդեցությունների ժամանակ եւ այլն: Էլաստոգրաֆիան անփոխարինելի է համարվում վիրուսային հեպատիտ C եւ B հիվանդների մոտ լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշելու, ինչպես նաեւ՝ բուժման արդյունավետությունն ապահովելու առումով: Մեծ նշանակություն է տրվում նաեւ լյարդի բարորակ եւ չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշման խնդրում: Էլաստոգրաֆիան կիրառվում է նաեւ փայծաղի հիվանդությունների ախտորոշման համար:

ՙՍլավմեդ» բժշկական կենտրոնում  իրականացվում է լյարդի էլաստոմետրիա կամ ֆիբրոսկան՝ նորագույն սերնդի  սարքավորման կիրառմամբ,  որը թույլ է տալիս հայտնաբերել լյարդային հյուսվածքի նույնիսկ  աննշան փոփոխությունները վաղ շրջանում, որոնք  դեռեւս հնարավոր չէ հայտնաբերել այլ ախտորոշիչ եղանակներով: Իր ինֆորմատիվությամբ  այն  չի զիջում լյարդի բիոպսիային,  ոչ ինվազիվ է, անցավ եւ չի առաջացնում բարդություններ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆՆ է` բավականին հաճելի կին եւ զրուցակից, իր գործի մեծ գիտակ, մարդ, որի սկզբունքը կյանքում ազնիվ լինելն է։ Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համարդկային սիրո կրողներն են:

-Տիկի՛ն Թանանյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, որքանո՞վ է հագեցած նրա նյութատեխնիկական բազան: 

- «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Հատուկ օպցիոն  համակարգն ապահովում է հյուսվածքների պատկերի հստակություն եւ պարզություն: Սարքը հագեցած է նոր Fly Thru եւ Inversia հատուկ օպցիոն համակարգով,  ինչը կարելի է համեմատել վիրտուալ էնդոսկոպիայի հետ, քանի որ այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ` նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների եւ ծավալային գոյացությունների վերաբերյալ: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է օրգանների եւ համակարգերի կառուցվածքի ինչպես մորֆոլոգիական, այնպես էլ` ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր՝ բարձրացնելով ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը:: Հետազոտության` անցավ եւ բացարձակապես անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն առանց հետազոտության ժամանակի եւ քանակի սահմանափակման, լիարժեք վերահսկել հիվանդության ընթացքն ու զարգացումը:

Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել ինչպես միզապարկի եւ միզածորանների լուսանցքում գտնվող քարերը, այնպես էլ` միզածորանի իջեցումներն ու միզապարկի ուռուցքները: Ուլտրաձայնային հետազոտությունն ամորձիների, ամորձապարկի եւ շագանակագեղձի հիվանդությունների վարիկոցելեի ժամանակ հնարավորություն է տալիս ախտորոշել սերմնալարի երակների լայնացումը, ինչպես նաեւ որոշել արյունահոսքի խանգարման աստիճանն ամորձու ոլորման ժամանակ: Ամորձու ուռուցքի ախտորոշման համար ուլտրաձայնային հետազոտությունն անփոխարինելի մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է արձանագրել արյան շրջանառության առկայության հանգամանքը ամորձապարկի վնասվածքների դեպքում: Շագանակագեղձի հիվանդությունն ախտորոշելու համար կատարվող ՈՒՁՀ-ն թույլ է տալիս հայտնաբերել ախտահարման օջախը, որոշել շագանակագեղձի չափերը, ինչը փոխանցում է կարեւորագույն տեղեկատվություն շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) եւ քաղցկեղի վաղ հայտնաբերման վերաբերյալ: ՈՒՁՀ միջոցով կարելի է հայտնաբերել առնանդամի արյունահոսքի խանգարումը, որոշել արյունամատակարարման աստիճանը:

Իսկ վահանաձեւ գեղձի էլաստոգրաֆիայի հիմնական խնդիրը տարբերակիչ ախտորոշում  իրականացնելն է բարորակ եւ չարորակ գոյացությունների միջեւ, հնարավոր չարորակացման գնահատում կատարելը: Այն ապահովում է  բարձր ախտորոշիչ ճշգրտություն կիստաների, ադենոմաների եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ: Բացի այդ, կրճատվում է չհիմնավորված բիոպսիաների թիվը, թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել ախտաբանական օջախի տեղակայումը՝ բիոպտատ վերցնելու համար, ինչպես նաեւ՝ վահանաձեւ գեղձի հյուսվածքի վնասման աստիճանը թիրեոիդիտների ժամանակ:

    -Որպես վերջաբան կվերհիշե՞ք մի դեպք (եթե, իհարկե, եղել է), որ երկմտեք մասնագիտության ընտրության հարցում:

-Ո՛չ, երբեք չեմ ափսոսում, որ ընտրել եմ բժշկի մասնագիտությունը: Բժշկությունը օրեցօր զարգանում է,  եւ ես՝ որպես մասնագետ, մշտապես հետաքրքրված եմ առողջապահության ոլորտի նորամուծություններով, տեխնիկական առաջընթացով: Ես նաեւ համոզված եմ, որ բժշկուհու մասնագիտությունը, ինչպես եւ ուսուցչինը, աշխատաժամանակով սահմանափակված չէ: Ինչպես ամեն քայլի ուսուցիչը մտահոգվում է իր սաների կրթության, դաստիարակության խնդիրներով, նրա ամեն քայլը պատասխանատվություն է իր աշակերտների համար, նույն կերպ բժիշկն է մտահոգված իր հիվանդների առողջությամբ, նրանց հիվանդությունների սրացման վրա ազդող գործոնների կանխարգելմամբ, եւ չի կարող լավ բժիշկը չանհանգստանալ իր հիվանդի համար: Չնայած իմ մասնագիտության դժվարություններին, իմ ընտրած ուղուց երբեք չեմ դժգոհում ու, եթե նույնիսկ կարողանամ տարիների անիվը հետ պտտել, նորից բժշկի մասնագիտությունը կընտրեմ:Կին բժիշկ լինելը ներքին հոգեկան լիարժեքությունն է: Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում: Իսկ մեր հայ հասարակությանն ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ աշխարհում ընդունված եւ  հարգի է կանխարգելիչ բուժօգնությունը, որովհետեւ ավելի հեշտ է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել ու բուժել, քան փորձել դա անել արդեն հիվանդության բարդացած, բարձիթողի փուլում:

Մարդկանց մաղթում եմ լինել միշտ առողջ, սիրել իրենց ու իրենց  մարմինը։

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր