Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում
Լյարդի էլաստոգրաֆիան կամ, այլ կերպ ասած, լյարդի վիրտուալ բիոպսիան ախտորոշիչ բժշկության վերջին նվաճումներից է: Այն թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատել լյարդի վիճակը, հայտնաբերել լյարդի ֆիբրոզը եւ որոշել դրա աստիճանը: Ինչպես հայտնի է, արտահայտված լյարդի ֆիբրոզը հանգեցնում է լյարդի ցիռոզի: Հետեւաբար, լյարդի ֆիբրոզ փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը եւ արտահայտվածության աստիճանի որոշումը հնարավորություն են տալիս բուժող բժշկին իրականացնել համարժեք բուժում՝ կանխարգելելով լյարդի այնպիսի սարսափելի հիվանդությունը, ինչպիսին ցիռոզն է: Լյարդի ուլտրաձայնային եւ էլաստոգրաֆիկ հետազոտությունների համադրումը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ «ճարպային հեպատոզ» ուլտրաձայնային ախտորոշման դեպքում էլաստոգրաֆիան հայտնաբերում է լյարդի ֆիբրոզ փոփոխությունները: Դա դիտվում է ճարպակալումով, ալկոհոլի չարաշահումով հիվանդների մոտ, լյարդի հյուսվածքի վրա տոքսիկ ազդեցությունների ժամանակ եւ այլն: Էլաստոգրաֆիան անփոխարինելի է համարվում վիրուսային հեպատիտ C եւ B հիվանդների մոտ լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշելու, ինչպես նաեւ՝ բուժման արդյունավետությունն ապահովելու առումով: Մեծ նշանակություն է տրվում նաեւ լյարդի բարորակ եւ չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշման խնդրում: Էլաստոգրաֆիան կիրառվում է նաեւ փայծաղի հիվանդությունների ախտորոշման համար:
ՙՍլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում է լյարդի էլաստոմետրիա կամ ֆիբրոսկան՝ նորագույն սերնդի սարքավորման կիրառմամբ, որը թույլ է տալիս հայտնաբերել լյարդային հյուսվածքի նույնիսկ աննշան փոփոխությունները վաղ շրջանում, որոնք դեռեւս հնարավոր չէ հայտնաբերել այլ ախտորոշիչ եղանակներով: Իր ինֆորմատիվությամբ այն չի զիջում լյարդի բիոպսիային, ոչ ինվազիվ է, անցավ եւ չի առաջացնում բարդություններ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆՆ է` բավականին հաճելի կին եւ զրուցակից, իր գործի մեծ գիտակ, մարդ, որի սկզբունքը կյանքում ազնիվ լինելն է։ Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համարդկային սիրո կրողներն են:
-Տիկի՛ն Թանանյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, որքանո՞վ է հագեցած նրա նյութատեխնիկական բազան:
- «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Հատուկ օպցիոն համակարգն ապահովում է հյուսվածքների պատկերի հստակություն եւ պարզություն: Սարքը հագեցած է նոր Fly Thru եւ Inversia հատուկ օպցիոն համակարգով, ինչը կարելի է համեմատել վիրտուալ էնդոսկոպիայի հետ, քանի որ այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ` նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների եւ ծավալային գոյացությունների վերաբերյալ: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է օրգանների եւ համակարգերի կառուցվածքի ինչպես մորֆոլոգիական, այնպես էլ` ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր՝ բարձրացնելով ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը:: Հետազոտության` անցավ եւ բացարձակապես անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն առանց հետազոտության ժամանակի եւ քանակի սահմանափակման, լիարժեք վերահսկել հիվանդության ընթացքն ու զարգացումը:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել ինչպես միզապարկի եւ միզածորանների լուսանցքում գտնվող քարերը, այնպես էլ` միզածորանի իջեցումներն ու միզապարկի ուռուցքները: Ուլտրաձայնային հետազոտությունն ամորձիների, ամորձապարկի եւ շագանակագեղձի հիվանդությունների վարիկոցելեի ժամանակ հնարավորություն է տալիս ախտորոշել սերմնալարի երակների լայնացումը, ինչպես նաեւ որոշել արյունահոսքի խանգարման աստիճանն ամորձու ոլորման ժամանակ: Ամորձու ուռուցքի ախտորոշման համար ուլտրաձայնային հետազոտությունն անփոխարինելի մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է արձանագրել արյան շրջանառության առկայության հանգամանքը ամորձապարկի վնասվածքների դեպքում: Շագանակագեղձի հիվանդությունն ախտորոշելու համար կատարվող ՈՒՁՀ-ն թույլ է տալիս հայտնաբերել ախտահարման օջախը, որոշել շագանակագեղձի չափերը, ինչը փոխանցում է կարեւորագույն տեղեկատվություն շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) եւ քաղցկեղի վաղ հայտնաբերման վերաբերյալ: ՈՒՁՀ միջոցով կարելի է հայտնաբերել առնանդամի արյունահոսքի խանգարումը, որոշել արյունամատակարարման աստիճանը:
Իսկ վահանաձեւ գեղձի էլաստոգրաֆիայի հիմնական խնդիրը տարբերակիչ ախտորոշում իրականացնելն է բարորակ եւ չարորակ գոյացությունների միջեւ, հնարավոր չարորակացման գնահատում կատարելը: Այն ապահովում է բարձր ախտորոշիչ ճշգրտություն կիստաների, ադենոմաների եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ: Բացի այդ, կրճատվում է չհիմնավորված բիոպսիաների թիվը, թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել ախտաբանական օջախի տեղակայումը՝ բիոպտատ վերցնելու համար, ինչպես նաեւ՝ վահանաձեւ գեղձի հյուսվածքի վնասման աստիճանը թիրեոիդիտների ժամանակ:
-Որպես վերջաբան կվերհիշե՞ք մի դեպք (եթե, իհարկե, եղել է), որ երկմտեք մասնագիտության ընտրության հարցում:
-Ո՛չ, երբեք չեմ ափսոսում, որ ընտրել եմ բժշկի մասնագիտությունը: Բժշկությունը օրեցօր զարգանում է, եւ ես՝ որպես մասնագետ, մշտապես հետաքրքրված եմ առողջապահության ոլորտի նորամուծություններով, տեխնիկական առաջընթացով: Ես նաեւ համոզված եմ, որ բժշկուհու մասնագիտությունը, ինչպես եւ ուսուցչինը, աշխատաժամանակով սահմանափակված չէ: Ինչպես ամեն քայլի ուսուցիչը մտահոգվում է իր սաների կրթության, դաստիարակության խնդիրներով, նրա ամեն քայլը պատասխանատվություն է իր աշակերտների համար, նույն կերպ բժիշկն է մտահոգված իր հիվանդների առողջությամբ, նրանց հիվանդությունների սրացման վրա ազդող գործոնների կանխարգելմամբ, եւ չի կարող լավ բժիշկը չանհանգստանալ իր հիվանդի համար: Չնայած իմ մասնագիտության դժվարություններին, իմ ընտրած ուղուց երբեք չեմ դժգոհում ու, եթե նույնիսկ կարողանամ տարիների անիվը հետ պտտել, նորից բժշկի մասնագիտությունը կընտրեմ:Կին բժիշկ լինելը ներքին հոգեկան լիարժեքությունն է: Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում: Իսկ մեր հայ հասարակությանն ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ աշխարհում ընդունված եւ հարգի է կանխարգելիչ բուժօգնությունը, որովհետեւ ավելի հեշտ է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել ու բուժել, քան փորձել դա անել արդեն հիվանդության բարդացած, բարձիթողի փուլում:
Մարդկանց մաղթում եմ լինել միշտ առողջ, սիրել իրենց ու իրենց մարմինը։