Ամեն ոք պետք է օգտվի կյանքի բարիքներից՝ չունենալով ալերգիկ ռեակցիա
Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, եւ այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից եւ խոչընդոտում օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում: Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանական վիճակի վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակելի տարածքներում:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւան քաղաքի գլխավոր ալերգոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Ջամալյանն է: Բժշկուհին իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
-Ինչպե՞ս կբնութագրեք ալերգիկ հիվանդությունները:
-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները վերջին դարաշրջանում որակավորվում են որպես համաճարակ: Իհարկե, հասկանալի է, որ դրանք վարակիչ հիվանդություններ չեն, սակայն տարածվածության աստիճանը (աշխարհի ամեն երկրորդ-երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ) թույլ է տալիս այդպես արտահայտվել: Ավելի շատ տարածված են ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, սննդային եւ դեղորայքային ալերգիան, նաեւ, ինչու ոչ, մաշկաբորբը: Պատճառները բազմազան են, եւ ես առաջին հերթին հակված եմ մտածելու, որ կարեւոր դեր է խաղում նյարդային սթրեսը, որը նպաստում է ալերգիկ հիվանդությունների տարածմանը: Իհարկե, պատճառներից են սննդամթերքը եւ սննդամթերքի մեջ օգտագործվող շատ հավելումները: Ի դեպ, ես շատ մեծ նշանակություն եմ տալիս սննդամթերքի որակին եւ օդի աղտոտվածությանը: Առանց բժշկի նշանակման դեղորայքի լայնածավալ ընդունումը, կոսմետիկ եւ բուժիչ նպատակներով տարբեր միջոցների լայնածավալ օգտագործումը նույնպես շատ մեծ դեր են խաղում ալերգիկ հիվանդությունների տարածման հարցում:
-Ի՞նչ կասեք հղիների շրջանում հիվանդության տարածվածության մասին:
-Այսօր, ցավոք սրտի, ալերգիկ հիվանդությունները բավականին տարածված են հղիների մոտ, իսկ, քանի որ դրանք կրում են ժառանգական բնույթ, պատկերացրեք, թե ապագայում ինչպիսի տարածվածություն ենք ունենալու: Արդեն քսան տարի ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայությունը, հղիներին ընդունում եմ ե՛ւ «Էրեբունի» հիվանդանոցից, ե՛ւ տարբեր այլ ծննդատներից: Հղիներին վերաբերվում եմ շատ նուրբ եւ զգույշ, հորդորում եմ գինեկոլոգներին ալերգիկ հիվանդությունների կասկածի դեպքում վաղ շրջանում կազմակերպել ալերգոլոգի զննում, քանի որ ժամանակին կանխարգելումը բերում է բավականին լավ արդյունքների: Երբեմն կարծրատիպ կա. ապագա մայրերը մտածում են՝ արդյոք իրենք կարո՞ղ են տանել հղիությունը մինչեւ վերջ, եթե տառապում են ասթմայով, քրոնիկական եղնջացանով, ռինիտով, արդյոք իրենց ցուցվա՞ծ է հղիանալը եւ երեխա ունենալը: Ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ հակացուցում չկա, պարզապես պետք է վաղ շրջանում ախտորոշել ալերգիկ հիվանդությունը, կատարել դինամիկ հսկողություն ամբողջ հղիության ընթացքում:
-Այսինքն՝ գոյություն ունի ժառանգական նախատրամադրվածությո՞ւն:
-Ալերգիան երբեւիցե ձեռքբերովի չի լինում, միշտ այդ հիվանդներն ունենում են բնածին ատոպիայի հակում: Երբ բացատրում եմ, որ դա եկել է ժառանգաբար, պարզապես հիմա է արտահայտվել, նրանց համար դա անակնկալ է լինում: Ալերգիան, ցավոք սրտի, կարող է թաքնված լինել, ոչ մի կերպ չարտահայտվել, մեկ էլ ինչ-ինչ պատճառներից կարող է ի հայտ գալ: Պատճառները բազմազան են. մի հիվանդ նշում է սննդային ինչ-որ խանգարում, մյուսը՝ դեղորայքային բուժումից հետո, երրորդը՝ կլիմայական փոփոխությունները, նյարդային սթրեսը, կոսմետիկ միջոցները, ինֆեկցիոն կամ այլ հիվանդությունից հետո ի հայտ գալը…
-Մազերը ներկելուց հետո նույնպե՞ս կարող է ի հայտ գալ ալերգիկ ռեակցիա:
-Այո՛, հատկապես մազերի գունաթափման ընթացքում ծանր դեպքեր են լինում:
-Ալերգիաները հիմնական բուժում ունենո՞ւմ են, թե՞ իրենց հետքը թողնում են:
-Ես շատ ցավոտ եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ հիվանդները ասում են՝ ես ալերգիկ եմ, ես անբուժելի եմ: Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ ալերգիաները քրոնիկ ընթացքով հիվանդություններ են, եւ զարմանալի է, թե ինչու են հենց ալերգիային այդպես ցավոտ վերաբերվում՝ մտածելով, որ իրենք անբուժելի են: Եթե մարդ ծնվել է այդ հակումով, այն վերացնել, իհարկե, անհնար է, սակայն վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխարգելել հետագա սրացումները եւ խուսափել բարդություններից: Կա շտկում, որը պահանջելու է մշտապես դեղորայքի ընդունում, կա շտկում, որը ժամանակավոր բուժման ընթացք է ունենալու:
-Շատերն ինքնաբուժությամբ են զբաղվում հարեւանի խորհրդով:
-Այո՛, ցավոք, մեր ազգին դա շատ բնորոշ է: Չնայած վերջին տարիներին մեծ նվաճում ունենք այն առումով, որ շատ իրազեկված, պարտաճանաչ են դարձել, ժամանակին այցելում են բժշկի, հետազոտվում եւ կատարում բժշկի ցուցումները:
-Որոշ մետաղներ ալերգիկ երեւույթներ առաջացնո՞ւմ են:
-Ոսկին ու արծաթը նման բան չեն առաջացնում, այլ մետաղները կարող են շատ խիստ արտահայտված ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչեւ բշտիկների առաջացում, երկրորդային բորբոքային պրոցես, սնկային երեւույթներ:
-Մի քիչ մանրամասն կխոսե՞ք կոսմետիկ միջոցներից ալերգիայի առաջացման մասին:
-Կոսմետիկ միջոցները նույնպես առաջացնում են խիստ ալերգիկ ռեակցիաներ: Կան հիվանդներ, որոնք մշտապես ունեն այդ խնդիրը, այսինքն՝ չեն կարողանում օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, օծանելիք եւ այլն: Փառք Աստծո, այժմ կան համապատասխան հիպոալերգիկ խնամքի միջոցներ եւ դեկորատիվ կոսմետիկա: Մեր նպատակը ոչ միայն հիվանդությունը շտկելն է, այլ կյանքի որակը ապահովելը. ամեն ոք պետք է օգտվի կյանքի բարիքներից՝ չունենալով ալերգիկ ռեակցիա:
-Դուք դասավանդում եք բուհում, ի՞նչ կասեք երիտասարդների մասին:
-Ես դասավանդում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ մեծ ուրախություն, ոգեւորություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի մեծ ձգտումով, եռանդով շնորհալի ուսանողներ ունենք: Եվ համոզված եմ, որ ապագա բժշկությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Մենք, ցավոք, ապրում ենք շատ վատ, մեր փոքր ազգի համար՝ ողբերգական ժամանակահատված՝ պատերազմ, կորոնավիրուսային վարակ: Հետպատերազմյան շրջանում մարդիկ շատ են հուսահատված, ինչը կարող է կործանարար լինել: Մենք պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով, նվիրվածությամբ եւ անշահախնդրությամբ աշխատենք ամենքս մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ:
Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն եւ համբերություն: