ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք

Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր  տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց ու վերածվում է ապրելակերպի:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ, ընտրել է բժշկի մասնագիտությունը եւ երբեք չի զղջացել, առաջնորդվել է իր եւ այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Նման մասնագետը, բնականաբար, չի կարող սիրված չլինել պացիենտների, հասարակության կողմից:

 -Ի՞նչն եք համարում ամենաէականը բժշկի մասնագիտության մեջ:

 -Առաջնահերթը համարում եմ գիտելիքները եւ աշխատանքային փորձը, այնուհետեւ՝ սերը մասնագիտության ու մարդու հանդեպ եւ, ի վերջո, համբերատարությունը։

 -Ի՞նչ կասեք Ձեր՝ մարդ-բժիշկ էության  մասին:

 -Սեփական անձի մասին, առհասարակ, խոսել չեմ սիրում եւ կարծում եմ՝ կերպարս ինձ ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Երեւի ամենահատկանշականն այն է, որ միշտ ձգտում եմ լավագույնին, եւ ինձ համար ամենաանընդունելի կարգավիճակը ցանկացած պարագայում միջակությունն է: Ուստի պահանջկոտ եմ թե՛ ինքս իմ, թե՛ դիմացինի, բոլորի   նկատմամբ, ովքեր իմ՝ լավագույն արդյունքի հասնելու գործում նույնիսկ չնչին մասնակցություն ունեն։ Օրվա ամենասիրելի ժամանակահատվածն ինձ համար պացիենտներին լսելն ու նրանց հետ զրուցելն է, որն իմ աշխատանքի շարունակությունն է: Յուրաքանչյուրից այնքան բան կարելի է սովորել: Եվ, ի վերջո, երբ լսում ես նրանց պատմությունները կամ գուցե նաեւ՝ խնդիրները, զգում ես, որ արդեն իսկ աջակցում ես թեկուզ միայն լսելով կամ խորհուրդներ տալով։ 

-Ձեր արմատներոմ կա՞ն բժիշկներ:

-Ոչ, իմ արմատներում չկան բժիշկներ, ու նաեւ դա ինձ դրդեց ընտրել բժշկության ոլորտը, որ կարողանամ իմ հարազատներին օգնել առողջական խնդիրների դեպքում: 

 -Ունենո՞ւմ եք հիասթափություններ կյանքում, աշխատանքային միջավայրում եւ ինչպե՞ս եք դուրս գալիս դժվարին, բարդ իրավիճակներից:

 -Երիտասարդ տարիքում հիասթափություններ հաճախ էին լինում: Սակայն տարիների փորձառությունը, իմացությունը օգնում են նաեւ կյանքին, դժվարություններին այլ կերպ վերաբերվել եւ դիմանալ: Բացի այդ, մասնագիտական դժվարին պահերին խորհրդակցում եմ ավագ գործընկերներիս հետ, իսկ կյանքում խորհրդատու են ընտանիքիս անդամները։  Այնպես որ, հիմա հիասթափությունները, անկումային պահերը հազվադեպ են։

- Ձեր երեխաները բժշկի մասնագիտությո՞ւն են ընտրել:

-Անկեղծորեն ասեմ, որ ես եմ աղջկաս հետ կանգնեցրել բժշկությունից: Ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը, ու, եթե ինձ կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, միանշանակ կընտրեի բժշկության ոլորտը: Բայց, նաեւ տեսնելով դրա հետ կապված ահռելի դժվարությունները, չեմ ցանկանա՝ իմ աղջիկն էլ անցնի այդ նույն ճանապարհով, որը ընտանիքի հետ դժվար համատեղելի է:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային շերտագրումը:

-Համակարգչային շերտագրումն (ՀՇ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է՝ հիմնված ռենտգենյան ճառագայթների վրա: Ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա համակարգչային մշակումներ,  տալիս է օրգան-համակարգերի ամբողջական պատկերը՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիական փոփոխությունները:

Համակարգչային շերտագրման միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղում, կրծքավանդակի եւ որովայնի խոռոչների օրգաններում, հետորովայնամզային տարածությունում եւ փոքր կոնքում, անոթներում, քիթ-կոկորդ-ականջ օրգաններում, ոսկրերում ու հոդերում, ինչպես նաեւ ողնաշարում առկա ախտաբանական շատ փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ: Այն բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ եւ չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, դրանց բնույթը, տարածվածության աստիճանը եւ անոթավորումը  որոշելու համար:

Համակարգչային շերտագրում իրականացնելու բացարձակ հակացուցումներ չկան, իսկ հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են` ալերգիկ հիվանդություններ (հատկապես՝ բրոնխիալ ասթմա), յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա, երիկամային անբավարարություն, հղիություն, վահանաձեւ գեղձի հիպերթիրեոզ: Համակարգչային շերտագրումը բավականին ինֆորմատիվություն ունի, սակայն չենք կարող այն համարել մեզ ամբողջական ինֆորմացիա տվող հետազոտման մեթոդ: Այդ առումով առաջինը բժշկի ուղեղն է, ապա նոր միայն՝ այդ մեթոդները: Իսկ ընդհանրապես ուռուցքը հայտնաբերելու առումով բազմաթիվ նրբություններ կան:

Ասեմ, որ COVID-19-ի համար համակարգչային շերտագրման ժամանակ կոնտրաստ նյութ կիրառել անհրաժեշտ չէ, քանի որ առանց դրա էլ համակարգչային շերտագրությունը տալիս է հստակ պատկեր: Այն շատ ինֆորմատիվ է թոքերի ախտահարման աստիճանը եւ բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Իհարկե, ես կողմնակից եմ պատվաստմանը, քանի որ մեզ փորձը ցույց տվեց, որ պատվաստված մարդկանց մոտ մահացության տոկոսը բավականին ցածր է:

Մեր բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով, այստեղ իրականացվում են եվրոպական ստանդարտներին բացարձակապես չզիջող հետազոտություններ: Եվ ես կցանկանայի, որ հանրությունը ավելի լուրջ վերաբերվի հետազոտություններին, վստահի բժիշկներին եւ հետազոտվի միայն բժշկի ցուցումով:

-Որքա՞ն ժամանակը մեկ կարող է իրականացվել համակարգչային շերտագրումը:

-Ամեն դեպքում մենք գործ ունենք բարձր դոզայով ճառագայթման հետ, եւ ՀՇ-ն պետք է պարտադիր լինի բժշկի ցուցումով: Տարեկան ճառագայթման դոզա գոյությունի ունի, որի սահմանը պետք չէ անցնել: Իհարկե, լինում են ծանր դեպքեր, երբ շերտագրման անհրաժեշտությունը ավելի կարեւոր է, քան այդ դոզայի չափը: Մենք կիրառում ենք ծրագրեր, որոնք առավելագույն չափով պակասեցնում են ճառագայթման  չափը:

-Երբ հիվանդի մոտ ախտորոշվում է  չարորակ գոյացություն, Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է նրան հայտնել այդ մասին:

-Իհարկե, արգելելու կամ հայտնելու առումով գործող օրենք գոյություն չունի մեր հանրապետությունում, եւ դա արվում է զուտ  մարդկայնորեն: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում ասել պացիենտին այդ մասին՝ աշխատելով հոգեբանորեն չազդել նրա վրա:

-Ըստ Ձեզ, մեր երկրում ռադիոլոգիան ի՞նչ մակարդակ ունի:

-Վստահ կարող եմ ասել, որ մեր ռադիոլոգիան առաջատար դիրքերում է գտնվում, եւ ես բարձր եմ գնահատում մեր խոշորագույն կլինիկանների մասնագետների անձնվեր, անմնացորդ նվիրված աշխատանքը, քանի որ միանշանակ ճշգրիտ ախտորոշումից է կախված բուժման հետագա ընթացքը:

-Ի՞նչ կասեք ձեր կլինիկայի երիտասարդ կադրերի մասին:

-Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են թե՛ թերացողներ, թե՛ ձգտող-պրպտողներ: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ հենց այդ ձգտող-պրպտողներն ապագայում իրենց մասնագիտության մեջ կլինեն առաջատար դիրքերում, քանի որ նաեւ նրանց հնարավորություններն են ավելի շատ, քան մեր ժամանակներում էր: Նկատի ունեմ թե՛ հարուստ գրականությունը, թե՛ ինտերնետ պորտալը: Այժմ՝ COVID 19-ի շրջանում, առցանց շփումներն են շատացել, եւ մասնագետներին հնարավորություն է ընձեռվում առցանց մասնակցել միջազգային կոնֆերանսների: Իսկ նախկինում միայն վերապատրաստումներն էին արտերկրում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք եւ կհորդորեք հասարակությանը:

-Մենք այս մեկ տարվա ընցացքում ունեցանք բավականին մեծ մարդկային ու նաեւ հոգեբանական կորուստներ պատերազմի ու համավարակի հետեւանքով, եւ ես շատ եմ խնդրում  մեր հասարակությանը ավելի շատ հետեւել առողջությանը. ամեն անհատ պետք է հայ ազգի գոյատեւման մասնիկը լինի: Կցանկանամ, որ մեր առողջապահական ոլորտը ավելի շատ ֆինանսավորվի, որպեսզի հիվանդը սոցիալական ծանր վիճակի պատճառով չխուսափի գոնե տարին մեկ անգամ հետազոտվելուց, որպեսզի մեզ չդիմեն հիվանդության բարդացած փուլում, երբ արդեն ուշ է լինում ինչ-որ բան անել բուժման լավագույն ընթացքի համար: Հայ կանանց, մայրերին հորդորում եմ ծնելիության մակարդակը բարձրացնել, որպեսզի նաեւ այդպես մեր հայ ազգին օգնենք վերականգնվել: Ես Արցախի ծնունդ եմ, տարա հոգեբանական սարսափելի սթրես ու չեմ կարող բառերով արտահայտել ցավս եւ ցասումս: 44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող հաղթահարվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Բայց պատերազմի մասին հիշողությունը միայն վիշտ չէ: Դա հիշողություն է թեժ մարտերի, մեր զինվորների խիզախության ու սխրանքների մասին, իրենց որդիներին առաջնագիծ ճանապարհած մայրերի անքուն գիշերների եւ նրանց տոկունության մասին…

 Համբերություն ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր