ԱՆՆԱ ՓԻՐՈՒԶՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Բոլորս բավականին լավ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը

Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը` ՈՒՁՀ, սոնոգրաֆիան, ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը,  հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակը չի վնասում  մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:  Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և  կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ  ԱՆՆԱ  ՓԻՐՈՒԶՅԱՆՆ է,  ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները:

-Նշենք, որ բժշկուհին հետազոտություններն  անցկացնում է  Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի ախտորոշիչ  սարքով, որն  համարվում է աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից մեկը։Սարքի շնորհիվ արդեն հնարավոր է տեսնել նախկինում  «անտեսանելի» համարվող պատկերները:

- Բժշկուհի Փիրուզյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

- Ինստիտուտ ընդունվել եմ Ռուսաստանի Դաշնությունում,  այնուհետև ուսումս շարունակել՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո անցել եմ  ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության, այնուհետև աշխատանքի եմ անցել «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնում որպես բժշկուհի-թերապևտ: Միաժամանակ դասավանդել եմ «Դեղաբանություն» առարկան «Էրեբունի» բժշկական քոլեջում: Ի դեպ, թերապիայի իմացությունն ինձ շատ է օգնում սոնոգրաֆիկ ախտորոշման մեջ: Մի քանի տարի հետո, թողնելով դասախոսական աշխատանքը, ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա՝ ռադիոլոգիայի ճյուղով, որից հետո անցել աշխատանքի որպես պրակտիկ սոնոգրաֆիստ: Ցանկացած բժիշկ պարտադիր այդ ուղին պետք է անցնի: Վերապատրաստումներ անցել եմ բավականին շատ, ընթացքում էլ արդեն ձեռք եմ բերել պրակտիկա, մասնագիտական փորձ: Պրակտիկան ձեռք է բերվում այն ժամանակ, երբ բժիշկն աշխատում է հիվանդի հետ, և միայն այդ ժամանակ բժիշկը բժիշկ է դառնում: Ամեն հիվանդ տարբերվում է մյուսներից, և ճիշտ է ասված, որ բժիշկը պետք է բուժի հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը: Գիտելիքները, որ ձեռք ես բերել տեսականորեն, պրակտիկայում կիառվում է բազմաթիվ հիվանդների ախտորոշելուց հետո:

- Կարողանո՞ւմ եք  արդյոք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Իհարկե, եթե քեզ անհրաժեշտ է տվյալ վերապատրաստումը, ուրեմն պետք է որոշ ժամանակով կտրվես աշխատանքից, պարտադիր ժամանակդ տրամադրես նաև վերապատրաստումների:

- Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ մեթոդներ, կխնդրեինք նկարագրել սոնոգրաֆիա ախտորոշումը:

-Սոնոգրաֆիան բժշկության մեջ կարող ենք համեմատել ռենտգենի հետ, քանի որ դա ճառագայթային ախտորոշում է: Ասեմ, որ 20-րդ դարում բժշկության մեջ եղել են մի քանի հեղափոխություններ։ Դրանից մեկը ռենտգեն ճառագայթային մեծ գյուտի հայտնաբերումն է, որը մինչ օրս մեզ թույլ է տալիս ախտորոշում կատարել, իսկ  20 դարի սկզբում «Պինիցիլին» դեղամիջոցի հայտնաբերումն է: Ավելի ուշ զարգացում է ապրել ռադիոլոգիայի մյուս ճյուղը` ուլտրաձայնային հետազոտությունը, իսկ այս տարիներին՝ արդի «МRТ» և համակարգչային տոմոգրաֆիան: Սոնոգրաֆիայի դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ չկա ճառագայթային ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, գնային առումով այն ավելի մատչելի է, եթե համեմատում ենք մյուս հետազոտությունների հետ: Սոնոգրաֆիան այդ պահին մեզ շատ ինֆորմացիա է տալիս, բազմաթիվ օրգաններ կարող ենք հետազոտել. և՛ որովայնային խոռոչում խորը տեղակայված, և՛ մակերեսային օրգաններ: Կարելի է նշել վահանաձև գեղձի, կրծքագեղձի հետազոտությունները, որոնք այսօր շատ հրատապ են։ Կարող եմ առանձնացնել տղամարդկանց մոտ սեռական օրգանների հետազոտությունը, ինչպես նաև սրտի, պտղի ուլտրաձայնային հետազոտությունը, որը շատ կարևոր է պտղի զարգացման արատները կանխարգելելու համար: Մի խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությունն այսօր բժշկության մեջ շատ կարևոր դեր ունի, իսկ ես էլ այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր ունեն նոր դարաշրջանի տեխնիկա, որը թույլ է տալիս շատ ճշգրիտ ախտորոշում կատարել: Այսօր ախտորոշումը բժշկության մեջ շատ-շատ է զարգացել, որն էլ իր հերթին բերում է հիվանդության՝ ժամանակին կանխարգելմանը: Մեր հասարակության գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն մտածելակերպը, որ անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել, որովհետև հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը հիվանդի փրկությունն է: Մինչդեռ մեզ այցելում են խորը ստադիաներում, երբ արդեն հնարավոր չէ ոչինչ անել: Լավագույն տեխնիկան օգնում է բժշկին, լրացնում է նրա աշխատանքը, փոխում բժիշկների կյանքի որակը, աշխատանքը որոշ չափով հեշտացնում։  

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ  չարորակ ուռուցք հայտնաբերելու դեպքում հայտնում եք նրան իր հիվանդության մասին։

-Այդ հարցը մինչ օրս մնում է ինձ համար շատ-շատ ցավոտ: Շատ դժվար է հիվանդին ասել այդ լուրը, բայց դա բժշկի պարտականություն է, և պետք է անել այն առավելագույն զգուշությամբ ու հիվանդի համար հասկանալի լեզվով բացատրել հիվանդության լրջության աստիճանը, բուժման անհետաձգելիությունը: Եվ եկեք չմոռանանք, որ ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ախտորոշման առաջին օղակը, և որևէ գոյացություն հայտնաբերելիս մենք միշտ առաջարկում ենք ախտորոշման այլ տարբերակներ` «КТ», «МRТ» կամ գոյացության բիոպսիա: Պետք է յուրաքանչյուր հիվանդին յուրովի մոտեցում ցուցաբերել: Բժիշկը առաջնահերթ պետք է հոգեբան լինի: Կշեռքի  մի նժարին դրված է պատասխանատվությունը, մյուսին` այն գիտակցությունը, որ դու կարող ես հիվանդին օգտակար լինել, շատ դեպքերում էլ, ինչու ոչ, նաև կյանքը փրկել:

-Ներքին օրգանների հետազոտման նպատակով կատարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ հիվանդի կողմից:

-Այո: Հիվանդը պետք է սոնոգրաֆայի գա սոված վիճակում, բնականաբար, դատարկ աղիներով, որպեսզի բժիշկն էլ կարողանա ճշգրիտ ախտորոշում կատարել: Իսկ միզապարկը պետք է լիքը լինի, քանի որ միզապարկը մեզ համար հանդիսանում է, այսպես ասած, հեղուկով լցված պատուհան, քանի որ ճառագայթը հեղուկի միջոցով շատ լավ է անցնում։

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել և մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

-  Այդ առումով ես ինձ շատ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնց էլ միշտ շնորհակալ եմ իմ մասնագիտական ուղու ու հասած արդյունքների համար: Իմ մասնագիտական գործունեության կայացման մեջ կարևորագույն դերակատարություն է ունեցել իմ ամենակարևոր ուսուցիչը՝ <<էրեբունի>> բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Շատ տարիներ առաջ, նա մեզ` երիտասարդ ուսանողներիս, իր հետ տանում էր վիրահատարան, և իմ կյանքի առաջին վիրահատությունը ես տեսա նրա կատարմամբ, որն էլ շատ ցնցող ու տպավորիչ ազդեցություն թողեց: Եվ այդ պահից սկսած՝ ես վստահ և հստակ որոշեցի, որ պետք է միանշանակ լավ բժիշկ դառնամ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:

 -Կոչ եմ անում բոլորին հետազոտվել ժամանակին՝ տարին գոնե երկու անգամ: Ընդ որում, պետք է կատարվի ընդհանուր ստանդարտ փաթեթ հետազոտություն: Իսկ  եթե մարդը ունենում է թեկուզ աննշան գանգատ, թող  անհապաղ դիմի բժշկի: Բժիշկներին էլ կցանկանամ կուռ առողջություն, սթրեսակայունություն, ամուր նյարդեր, և բժիշկ թող աշխատի այն մարդը, ով իր մեջ ունի այդ ներքին ուժը, այդ կոչումը, ով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ունի յուրովի մոտեցում, ինչը բուժման համար շատ կարևոր նախապայման է. բժշկի ասած մի խոսքը կարող ճակատագրական լինել:

Սիրելիներս, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի և առողջության նկատմամբ, գնահատեք կյանքը,  քանի որ այն Աստծո կողմից մեկ անգամ է մեզ ընձեռվում: Սիրեք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր