ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

 Առողջությունից ավելի կարեւոր ու անգնահատելի բան չկա

Առողջությունը բոլոր ժամանակներում մարդկության անփոխարինելի կապիտալն է, որի  պահպանման ուղղությամբ ազգերը մեկտեղում են գիտական ողջ ներուժը` փորձելով  բացահայտել կատարելության գաղտնիքներն ու լուծում տալ դեռեւս առկա խնդիրներին: ԼՕՌ հիվանդությունները, ցավոք, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը ու տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի եւ ականջի հիվանդությունների առաջացմանը:  Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը (ԼՕՌ) բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է: Այս ոլորտը մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ,  ով ունի  տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ եւ, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Հետեւողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլեւ արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:

-Ի՞նչ է քրոնիկական տոնզիլիտը, ի՞նչ տեսակներ ունի, եւ որո՞նք են դրա առաջացման պատճառները:
-Քրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ախտահարումն է եւ դասվում է վերին շնչուղիների հիվանդությունների շարքին: Առաջացման հիմնական պատճառը բերանի խոռոչի բակտերիալ հավասարակշռության խանգարումն է, որի պատճառով խոռոչ են ներթափանցում պաթոգեն միկրոբներ, ախտահարում քմային նշիկները, եւ սկսվում է սուր բորբոքում: Քմային նշիկները համարվում են առաջնային պաշտպանիչ օրգաններից մեկը եւ մասնակցում օրգանիզմի ընդհանուր իմունային համակարգի գործունեությանը: Քրոնիկական տոնզիլիտն ունի երկու տեսակ` կոմպենսացված եւ դեկոմպենսացված:

-Ի՞նչ նորարական վիրաբուժական մեթոդներ են այսօր արդիական։

-Արդի բժշկության մեջ խորհուրդ է տրվում նշիկների վիրահատությունը կատարել ընդհանուր անզգայացման պայմաններում,  որը հնարավորություն է տալիս ավելի լիարժեք տարանջատել նշիկը մկանային հյուսվածքից ու հեռացնել այն: Ընդհանուր անզգայացման պայմաններում, երբ հիվանդը քնած է, հնարավոր է մշակել մազանոթները, որոնք հետագայում կարող են արյունահոսել: Դա ավելի ապահովություն է տալիս հիվանդին, հետվիրահատական շրջանի ցավերն են սկսում ավելի նվազ լինել, քանի որ նախկին բութ անջատման եղանակով չի արվում։

-Մեծ տարիքում իրականացվո՞ւմ է նշիկների վիրահատություն:

-Իրականում ցանկալի է վիրահատությունը իրականացնել մինչեւ քառասուն տարեկանի շեմը, բայց կան դեպքեր, որոնք անհապաղ վիրահատություն են պահանջում, օրինակ, սուր աբսցեսներ, որոնց բուժումը խնդիրը չի լուծում, եւ անհրաժեշտություն է լինում նշիկները հեռացնել: Կամ լինում են նշիկների քրոնիկական բորբոքմամբ պայմանավորված ռեւմատիկ հիվանդություններ, երբ պացիենտը մեզ դիմել է արդեն բավականին ծանր վիճակում, եւ կա ռեւմատոլոգների ցուցում այն մասին, որ նշիկները չհեռացվելու դեպքում իրենց մոտ բուժման բարեհաջող ելք չի կարող ապահովվել։ Վիրահատությունը, իհարկե, կարելի է կատարել նաեւ մեծ տարիքում, բայց հետվիրահատական շրջանը երկար է տեւում, եւ այդ ընթացքում պետք է շատ ավելի զգոն, հետեւողական լինել: Քրոնիկական տոնզիլիտը շատ անգամ բերում է ռեւմատիկ հիվանդություների, որի ընթացքում վնասվում են հոդերը, շատ աննկատ ձեւով՝ սիրտը։ Անգամ վաղ տարիքում  մեկ անգինա տանելու դեպքում ոչ ոք երաշխավորված չէ հիվանդանալուց, քանի որ նշիկները, կարծես թե, հանդիսանում են դարպասներ դեպի արյունատար համակարգ եւ բերանի խոռոչ:

-Քթի ադենոիդը ի՞նչ է իրենից ներկայացնում։

-Քթի ադենոիդը լինֆատիկ հանգույց է, որը հաճախ մեր վրացի գործընկերներն անվանում են երրորդ նշիկ, գտնվում է քիթըմպանում, մանկական հասակում այն անպայման լինում է, տարիքային նորմա է, որը ուղղակի չպետք է խանգարի շնչառությանը: Ու, եթե այն չափերով մեծանում է՝ փակելով շնչառությունը, եւ բուժման մեթոդները լիարժեք չեն, այդ դեպքում դիմում ենք վիրահատության,  որպեսզի քթըմպանը ազատվի՝ բացելով շնչառությունը: Դա կարող է լինել վաղ մանկական, մանկական տարիքում, որոշակի դեպքերում, լինելով բարորակ գոյացություն, բայց լավ արյունամատակարարող, ավելի մեծ տարիքում էլ կարող է ի հայտ գալ։ Ու, եթե տասնչորս-տասնհինգ տարեկանում դեռ ադենոիդը պահպանված է, մեր գործընկերները պետք է ավելի զգոն լինեն, քանի որ յուվենիլ անգիոֆիբրոմա կարող է ի հայտ գալ: Նման դեպքերում պացիենտը պետք է ուղարկվի հյուսվածքաբանական հետազոտման, վիրահատությունից հետո էլ ավելի զգույշ եւ ուշադիր մշակվեն,  աճման տեղերը այրվեն, որ կրկնվելու հավանականությունը քիչ լինի: Իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում, պետք է իրականացվի համապատասխան բուժում, որ կրկնվելու հավանականությունը բացառվի։

-Միջնապատի թեքությունը հիմնականում ինչի՞ կարող է հանգեցնել։

-Այն հիմնականում կարող է հանգեցնել շնչառության դժվարացման, որը կարող ունենալ իր բացասական հետեւանքերը. քրոնիկական հոգնածություն, քնից արթնանալուց հետո՝ բերանի մշտական չորություն, որոշ դեպքերում՝ գլխացավեր: Դրանք ունեն երկու պատճառ. առաջինը՝ թթվածնի քաղց, երկրորդը՝ մեխանիկորեն միջնապատի ոսկրային կատարը կարող է այնպես արտահայտված լինել, որ խեցին մի փոքր մեծանալու դեպքում, կպչելով կատարին, կարող է ցավը ճառագայթորեն տարածվել դեպի գլուխ՝ նյարդերը սեղմվելով: Եվ հաճախ պացիենտները մեզ դիմում են նյարդաբանների ցուցումով, նյարդաբանների մոտ գլխացավերի դեմ բուժում անցնելուց հետո, եւ շատ դեպքերում վիրահատությունից հետո ցավերն անցնում են։

-Ի՞նչ է քթի ապնոէն։

-Քթի ապնոէն շնչառության կանգ է քնի ժամանակ։ Այն շատ անգամ առաջանում է քնած ժամանակ շնչառական ուղիների փակվելու պատճառով, իսկ սկզբնական պատճառը կարող է լինել առաջնային քթային դժվարաշնչությունը, որը պայմանավորված է թեք միջնապատով, մեծ խեցիներով, պոլիպներով, մանկական հասակում՝ ադենոիդներով: Երկար ժամանակ ոչ թե քթով, այլ բերանով շնչելու հետեւանքով քմային վարագույրը՝ քիմքի մկանները, կախվում են, ու հատկապես մեջքի վրա պառկած ժամանակ լեզուն ծանրանում, հետ է գնում, եւ քիմքը կպչում, փականի պես փակվում է, որի ժամանակ շնչելը դառնում է անհնարին: Դրան նպաստող շատ մեծ գործոն է նաեւ մարմնի ավելորդ զանգվածը, որի դեպքում ստոծանու վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է լինում ներշնչման ժամանակ, եւ թոքերը չեն կարողանում լիարժեք բացվել, որը կրկին բերում է բերանային շնչառության: Քթի ապնոէն երկու բաղադրիչ ունի. առաջինը՝ մեխանիկական՝ քիթ, քիմք, վերը նշված մնացյալը, եւ կենտրոնական: Դրա պատճառն այն է, որ ուղեղում կա մի հատված, որը պատասխանատու է շնչառության համար, համարվում է կիսաավտոնոմ հատված: Ու, եթե մենք արթուն վիճակում, այսպես ասած, գիտակցորեն շնչում ենք, ապա քնած ժամանակ նույն հատվածը ավտոնոմ այդ աշխատանքը կատարում է մեր փոխարեն, բայց մեքենայաբար փակման պատճառով որոշակի ժամանակահատվածով նորից կարող է հետաձգվել ներշնչելու պահը։ Այսինքն՝ մեր ուղեղը ամեն անգամ գերծանրաբեռնված լինելու ժամանակ կարող է ուշացնել ներշնչման պահը, ինչը, ցավոք սրտի, կարող է բերել վատ հետեւանքների, կոպիտ ասած, կարող է ավելի հաճելի լինել չշնչելը, քան շնչելը։

-Աղմուկն ականջներում ու ծանրալսությունն ինչի՞ հետեւանք են։  

-Ականջներում աղմուկ լինելու ժամանակ պետք է զգուշանալ առաջին հերթին լսողական նյարդի վնասումներից, չնայած աղմուկ կարող է լինել տարբեր պատճառներից: Ամեն դեպքում պետք է շտապ տարվեն հետազոտություններ, որպեսզի արդյունքում չունենանք լսողական ներվի վնասում,  այսինքն՝ պետք է գտնել աղմուկի բուն պատճառը, օրինակ, շատ անգամ արյան զարկերակային ճնշման բարձրացումը բերում է հենց անոթային խնդիրների: Դեռեւս պտղի սաղմնային կյանքի չորրորդ ամսվանից, երբ սկսում են զարգանալ լսողական օրգանները, լսողական նյարդի վրայով շատ մոտիկ անցնում է այն սնուցող անոթը, եւ արյունը նրա միջով անցնելու ժամանակ առաջացնում է մշտական ալիքաձեւ աղմուկ: Որպեսզի մենք ցանկանանք հասկանալ, թե դա մոտավորապես ինչ աղմուկ է, բացարձակ լռության մեջ կարող ենք խխունջը մոտեցնել ականջին եւ կլսենք ծովի ալիքների ձայն: Սակայն իրականում խխունջից ծովի ալիքների ձայն չի գալիս, պարզապես բարձր ճնշման դեպքում մեր լսողական նյարդի սնուցումը կարող է վատանալ, տարբեր պատճառներով անոթների վնասման ժամանակ էլ կրկին աղմուկ կլսվի: Այսինքն, երբ անոթերով արյունը վատ, ուրիշ հաճախությամբ է անցնում, մենք սկսում ենք լսել այդ աղմուկը, որը կարող է լինել սկզբնական ազդանշան, որ լսողական նյարդը լավ չի սնուցվում: Արյան խտության բարձր լինելու դեպքում նույնպես պետք  ուշադիր լինել, արյան մակարդելիությունը լավացնող դեղամիջոցներ ընդունել, որպեսզի սնուցումը անոթներում լավանա։

Ծանրալսությունն ավելի հաճախ ի հայտ է գալիս տարեց մարդկանց մոտ, բայց կարող է ի հայտ գալ նաեւ երիտասարդների մոտ, որի պատճառը կարող են լինել երկար ժամանակ ինչ-որ հաստոցի մոտ աշխատելը, պայթյունները, որոշակի դեպքերում՝ վիրուսային հիվանդությունները, որոնք կարող են բերել լսողական նյարդի վնասման: Դա կարող է լինել հակաբիոտիկների կիրառման ժամանակ, որոնք կարող են նյարդի վրա թողնել օտոտոքսիկ ազդեցություն՝ վնասելով այն: Երբեմն էլ միջին ականջում հեղուկ է հավաքվում, եւ ճիշտ բուժլուծում չստանալու դեպքում հեղուկը կարող է մնալ այնտեղ եւ ունենալ թունավոր ազդեցություն՝ հանգեցնելով լսողական նյարդի վնասման: Իսկ տարեցների մոտ հիմնականում սնուցման խանգարումները, անոթների նեղացումը, ճնշման բարձրացումը, արյան խտացումն ու վերը նշված մի շարք այլ դրդապատճառները կարող են բերել լսողական նյարդի վնասման։ Ականջի նեւրիտների ժամանակ շատ կարեւոր է դրանց վաղ հայտնաբերումը, երբ հնարավոր է նյարդի ամբողջական կամ մասնակի վերականգնումը: Իսկ ավելի բարդացած դեպքերում դա գործնականում անհնար է դառնում։

-Ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում ապրել»։
-Կարծում եմ՝ ավելի շատ «երիտասարդացում ապրել են» ալերգիկ հիվանդությունները, որոնք դրսեւորվում են փռշտոցով, քթային արտադրությամբ, քթի լորձաթաղանթի խեցիների այտուցով, հոտառության նվազմամբ, որից հետո վնասված նյարդային բջիջները կարող են չվերականգնվել։  

Եթե վիրուսային հիվանդություններից կամ գոռալուց հետո ձայնի խռպոտությունը չի անցնում երկու շաբաթվա ընթացքում, ձայնալարերի վնասումից խուսափելու համար պացիենտը պարտադիր պիտի դիմի բժշկի: Ցանկացած բարձիթողի վիճակ, ուշացում կարող է դառնալ տարբեր գոյացությունների առաջացման պատճառ, քանի որ քիթ-կոկորդ-ականջը  փոխհամակցված օրգաններ են, եւ պետք  տարվի համակցված հետազոտում ու բուժում։

Նշեմ, որ հոտի եւ համի կենտրոնները տեղակայված են նույն տեղում՝ քթի մեջ, եւ հաճախ վիրուսով ախտահարվելու ժամանակ նյարդային բջիջներն էլ են որոշակի ձեւով ընդգրկվում վնասման պրոցեսի մեջ: Շատ անգամ դրանք ինքնուրույն վերականգնվում են, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ հոտի զգացողությունը երկար ժամանակ չի վերականգնվում: Երկու շաբաթ չվերականգնվելու դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, որպեսզի հնարավորինս շուտ հոտառական ուղիները բացվեն, դեղորայքի միջոցով այդ հատվածի այտուցները վերացվեն, հոտառական նյարդերը սկսեն սնուցվել, որպեսզի դա հետագայում չազդի նաեւ համի կենտրոնի վրա: Այդ նպատակով շատ անգամ կիրառվում են նյարդի սնուցումը բարելավող դեղամիջոցներ, պարզապես պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ ու ժամանակին դիմել բժշկի՝ արդյունքում ունենալով բուժման ավելի լավ ելքեր։

-Որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը:

-Մարդկանց հորդորում եմ ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը, ավելի լավ ճանաչել օրգանիզմը եւ ինչ-որ ֆիզիոլոգիական փոփոխություններ նկատելիս ավելի վաղ շրջանում դիմել բժշկի: Կցանկանամ, որ երիտասարդությունը ավելի իրազեկված լինի, դիմի բժշկի կանխարգելիչ բուժօգնության նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան հետագայում բուժել այն: Ցավոք սրտի, ինտերնետաբուժությունն ավելի շատ է ակտիվացել, մարդիկ գտնում են իրենց ցանկացած ինֆորմացիան եւ փորձում ինքնաբուժությամբ զբաղվել, որը վնասում է եւ խոչընդոտում բժիշկների աշխատանքին: Ինտերնետ պորտալը պետք է օգտագործվի խելամիտ սահմաններում: Պետք է հասարակության մեջ ձեւավորվի այն գիտակցությունը, որ դեղորայքային բուժումը նշանակվում է միայն բժշկի, այլ ոչ թե հարեւանի, բարեկամ-հարազատի կողմից: Մարդկանց մաղթում եմ լինել առողջ, քանի որ առողջությունից ավելի կարեւոր ու անգնահատելի բան չկա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր