ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- Address: ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 17 շենք
- Maps: www.armspu.am
- Phone: Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն` +374-10-597000, ռեկտորի ընդ.` +374-10-597001, պրոռեկտոր` +374-10-597003, քարտուղար.` +374-10-597008 Ֆաքս` +3741-10-59 70 08
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է Մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը:
Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը Համալսարանի խորհուրդն է, որը ներկայումս նախագահում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Կառավարման մարմին է հանդիսանում նաև բուհի գիտական խորհուրդը, որի նախագահն է ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող Մայր բուհն է: 2004-2005 ուսումնական տարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթություն՝ համապատասխան ուսումնական պլաններով և ծրագրերով:
Առկա և հեռակա ուսուցմամբ՝ համալսարանում սովորում է ավելի քան 12.000 ուսանող: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է ԳԱԱ-ի ակադեմիկոսներով և թղթակից անդամներով, դասավանդում է գիտությունների 100 դոկտոր և 373 թեկնածու:
Համալսարանի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են 10 ֆակուլտետները, 51 ամբիոններն ու 8 համահամալսարանական ամբիոնները, վարչությունները, գիտաուսումնական կենտրոններն ու ինստիտուտները, ծառայությունները, հենակետային վարժարանը (ավագ դպրոց), Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցը, գիտական գրադարանն ու եռաչափ թանգարանը:
Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական փորձը հարմարեցնելով ավանդական մոտեցումներին:
Համալսարանում գործում են նաև սփյուռքահայ և հայրենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ իրականացնող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, նորաստեղծ Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև Հոգեբանության գիտահետազոտական, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի և «Նաիրի» ինժեներական լաբորատորիաները:
Մանկավարժական համալսարանն ակտիվ համագործակցում է ինչպես տեղական ուսումնական հաստատությունների և պետական այլ կառույցների հետ, այնպես էլ ընդլայնում և ամրապնդում է միջազգային կապերը. վերջին տարիներին բուհը համագործակցության հուշագրեր է կնքել օտարերկրյա առաջատար համալսարանների հետ՝ ինչպես ուսումնական ծրագրերի, այնպես էլ դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Համալսարանն ունի ինքնակառավարվող երկու մարմին՝ Արհեստակցական կազմակերպություն և Ուսանողական խորհուրդ, տարբեր մասնագիտությունների գծով սահմանված է 25 անվանական կրթաթոշակ:
Համալսարանում գործում է Լրատվության և հանրության կապերի հետ վարչություն, որի կազմում գործող 1800 տպաքանակով լույս տեսնող «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի, եռալեզու armspu.am (aspu.am) պաշտոնական կայքի և Առաջին համալսարանական ռադիո Ֆամայի radiofama.am-ի միջոցով իրականացնում է բուհի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ տրամադրում:
Համալսարանն այսօր էլ հաստատուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի և գիտության տարբեր ոլորտների պատմության մեջ ամրագրելով գիտնականների նոր անուններ ու ձեռքբերումներ: