ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԵՊՀ)
- Director: .
- Address: ՀՀ,ք. Երևան, Ալեք Մանուկյան փող., 1 շենք
- Maps: www.ysu.am
- Phone: (+37410) 555240, Ֆաքս` (+37410) 554641
- Schedule: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Ուրբաթ 08:30-17:00
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Յուրաքանչյուր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանի առաջին Հանրապետությունը:
1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:
Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:
Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:
Հատկապես 1960 - 1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն, զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը:
1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:
1994 թ-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1700 ուսանողներ:
Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 207-ը պրոֆեսորներ են, 581-ը` դոցենտներ, 375-ը` ասիստենտներ, 453-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 15 ակադեմիկոսներ և 19 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: