Եվա Ռևազյան

(0 votes)
  • Address: 1
  • Phone: +374 () 000 000
There is no translation available.

Սա իմ կոչումն է. բժիշկ-ճառագայթաբանը՝ իր մասնագիտության մասին

Բժշկությունն օրըստօրե զարգանում է՝ մարդկությանը թույլ տալով այլևս չվախենալ այս կամ այն հիվանդությունից, քանի որ հայտնաբերվել է բուժման միջոցը: Գնալով կատարելագործվում են նաև բժշկական տեխնոլոգիաները. մարդն իր ուղեղի անսահման հնարավորությունների գործադրմամբ հորինում ու ստեղծում է այնպիսի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մարդու օրգանիզմն ուսումնասիրել անգամ ներսից: Այսօր այդպիսի զանազան հնարավորություններ կան՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա և այլն: Եվ հիմնականում հենց այս մեթոդներն են, որոնք հստակ ու վերջնականապես կարողանում են ախտորոշել՝ առկա՞ է արդյոք մարդու մոտ այս կամ այն հիվանդությունը, թե՞ ոչ:

Անկախ ախտորոշումից՝ բժիշկը պիտի կարողանա հիվանդությունն այնպե՛ս ներկայացնել պացիենտին, որ նա երբեք չմտածի, թե դա դատավճիռ է: Բժիշկ-ճառագայթաբան և բժիշկ-սոնոգրաֆիստ Եվա Ռևազյանը, որն աշխատում է ոչ միայն մեծերի, այլև երեխաների հետ՝ սկսած նորածնային տարիքից, կարողանում է հիվանդներին այնպիսի մոտեցում ցուցաբերել, որի շնորհիվ բարեհամբույր և սրտացավ բժշկուհու մոտից բոլոր պացիենտները հեռանում են հանգիստ և հույսով ու հավատով առ այն, որ իրենց հիվանդությունը բուժելի է, և իրենք, անշուշտ, կապաքինվեն:

Այսպես՝ Bestgroup.am-ի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան, «Վալիդուս» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դասախոս և պարզապես՝ անչափ հմայիչ ու բարի հայուհի Եվա Ռևազյանը:

-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե ինչո՛վ է զբաղվում բժիշկ-ճառագայթաբանը, և ինչով՝ բժիշկ-սոնոգրաֆիստը:

-Ես կատարում եմ բոլոր խոշոր և մանր հոդերի, ինչպես նաև՝ նորածինների և հղիների սիմֆիզների ու նյարդերի սոնոգրաֆիկ հետազոտություններ, իսկ ռադիոլոգիայից կատարում եմ ՄՌՏ հետազոտություն: ՄՌՏ-ով հետազոտում եմ գլուխը, ողնաշարը, բոլոր հոդերը և մկանները:

Սոնոգրաֆիկ հետազոտությունն իր առաձնահատկություններն ունի, ՄՌՏ-ն՝ իր:

-Ո՞րն է ավել արդյունավետ:

-Սոնոգրաֆիկ հետազոտությունն ունի մի շարք առավելություններ: Նախ՝ այն ոչ ինվազիվ հետազոտություն է, կատարվում է ռեալ ժամանակահատվածում, բացարձակ անվնաս է, չի ճառագայթում, հետազոտության ժամանակ կարող ենք կատարել բազմաթիվ պրոբաներ, հետևել ջրի աշխատանքին, համեմատել աջ և ձախ սիմետրիկ հոդերը մեկը մյուսի հետ և այլն:

ՄՌՏ հետազոտությունն այդ առումով մի քիչ զիջում է սոնոգրաֆիկ հետազոտությանը. ՄՌՏ-ով չենք կարող համեմատություն կատարել, ՄՌՏ հետազոտությունը տևում է ավելի երկար, այն ունի որոշ հակացուցումներ, օրինակ՝ նոր վիրահատված, ստենտավորված պացիենտներին մինչև 15-րդ օրը հետազոտելու իրավունք չունենք, նաև պրոթեզավորված պացիենտներին չի կարելի հետազոտել մագնիսի պատճառով… Պրոթեզները, էնդոպրոթեզները, սրտի պեյսմեկերները, ականջի լսողական սարքերը և այլն՝ դրանք արդեն բարդացնում են ՄՌՏ հետազոտության կատարումը: Բացի այդ՝ նորածիններին չենք կարող ՄՌՏ անել, որովհետև երեխան պետք է անշարժ պառկի, ինչը բարդացնում է հետազոտություն կատարելը: Նորածիններին ՄՌՏ անում ենք անզգայացմամբ, իսկ սոնոգրաֆիա հանգիստ կարողանում ենք անել շարժվող, լացող երեխային:

Սոնոգրաֆիայի մյուս առավելությունն այն է, որ այստեղ տարածական խնդիր չկա՝ ի տարբերություն ՄՌՏ-ի, որի ժամանակ պացիենտները նեղ խողովակի մեջ են պառկում, ինչը շատ դժվար է կլաուստրոֆոբիկների համար. նրանք գրեթե չեն դիմանում 10-15 րոպե՝ ՄՌՏ հետազոտություն կատարելիս:

-ՄՌՏ-ի մասին, կարելի է ասել, առասպելներ են տարածված: Կարո՞ղ ենք պնդել, որ այն լիովին անվտանգ է:

-ՄՌՏ հետազոտությունն օֆիցիալ համարվում է անվտանգ, այն կարող ենք կատարել նորածիններին, միջին տարիքի մարդկանց, մեծերին, ծերերին, կարող ենք հստակ կատարել հղիներին՝ առանց կոնտրաստային նյութի ներարկման, այն չի ճառագայթում, ոչ մի կողմնակի էֆեկտ չի առաջացնում, համարվում է բացարձակ անվնաս հետազոտություն՝ ի տարբերություն ԿՏ և ռենտգեն հետազոտությունների, որոնք ճառագայթում են:  ՄՌՏ-ն կարող ենք կրկնել բազմաթիվ անգամեր՝ մեկ օր հետո, մեկ շաբաթ հետո՝ չվախենալով նրա բացասական ազդեցություններից, հետևանքներից: Կարող ենք մի քանի անգամ հետազոտել՝ անգամ կոնտրաստով: Ճիշտ է, տրավմաների դեպքում առաջնային ԿՏ են անում, սակայն հղիության առկայության պարագայում, երբ հակացուցված են ԿՏ-ն ու ռենտգենը, կատարում ենք ՄՌՏ և դարձյալ կարողանում ենք պատասխանել շատ հարցերի:

-Բժշկուհի, Ձեզ համար մարդու կմախքի՞ վիզուալիզացիան է ավելի հետաքրքիր, թե՞ գլխուղեղի, և ինչու՞:

-Սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ մենք կարող ենք ուսումնասիրել հոդերի բոլոր փափուկ կոմպոնենտները՝ ի տաբերություն ռենտգենի և ԿՏ-ի, որոնք կարողանում են վիզուալիզացնել ոսկրային համակարգը՝ պարզելու համար՝ արդյոք կա՞ կոտրվածք և այլն: Մինչդեռ հոդերի սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով կարողանում ենք վիզուալիզացնել փափուկ հյուսվածքները, ջլային, կապանային համակարգը, սինովյալ թաղանթները, հոդաշապիկը, այնտեղ առկա օտար ստրուկտուրաները, մենիսկների վիճակը՝ մենիսկալ ապարատները, մկանային համակարգը և այլն:

Բազմաթիվ սպորտսմենների մոտ, օրինակ, մկանային խնդիրներ են լինում, և շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիագնոզել, տարբերակել մկանային վնասվածք և մկանային ձգվածություն հասկացությունները, որովհետև դրանք տակտիկական տարբեր բուժումներ են պահանջում, նաև սպորտով զբաղվելու կամ դադարեցնելու հարց պետք է որոշվի, դրա համար այդ դիֆերենցումը շատ կարևոր է: Դա սոնոգրաֆիկ հետազոտությունից բացի՝ ՄՌՏ-ով ևս կարող ենք անել:

Ինչ վերաբերում է հարցին, թե վիզուալիզացիայի ո՛ր տարբերակն է ինձ համար ավելի հետաքրքիր, նշեմ, որ ՄՌՏ-ն այլ աշխարհ է, սոնոգրաֆիան՝ մեկ այլ, յուրաքանչյուրով տարբեր բաներ ենք ակնկալում տեսնել: Դժվարանում եմ առաձնացնել, ուղղակի ՄՌՏ-ում պատրաստի նկարներն ենք ստանում, ապարատը ստանում է նկարները, որոնք մենք պարզապես թերթում ենք և տեսնում խնդիրը, իսկ սոնոգրաֆիկ հետազոտությունն ունիկալ է նրանով, որ մենք ինքներս ենք ստանում մեր պատկերները, ինքներս ենք ստեղծում և դրանով համապատասխան ախտորոշում կատարում:

-Իսկ առհասարակ՝ ի՞նչն է գրավում Ձեզ Ձեր մասնագտության մեջ, ինչու՞ ընտրեցիք այս մասնագիտությունը:

-Մանկուց երազել եմ զբաղվել բժշկությամբ, մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս եղել է բժիշկ՝ միշտ նվիրված իր գործին, միշտ տեսել եմ, և ինձ շատ-շատ է դուր եկել մարդկանց օգնելու, միշտ պատրաստ լինելու կարողությունը: Ես ինքս շատ մարդասեր եմ ու նույնիսկ մանկուց, երբ իմ ներկայությամբ որևէ մեկը վատ էր զգում, կամ որևէ միջադեպ էր լինում, ներքուստ ինչ-որ բան ինձ ուղղակի մղում էր այդ ուղղությամբ: Եվ ես հասկացա, որ դա իմ կոչումն է: Մեծ բարդությունների միջով եմ անցել, շատ բաներ եմ հաղթահարել, և, բարեբախտբար, ստացվել է ընդունվել համալսարան… Սիրով անցա այդ բոլոր բարդ տարիները և անցա այս աշխատանքին՝ հասկանալով, որ իմ մասնագիտությունը շատ կարևոր է, որոշիչ, օգնում է շատ կյանքեր փրկել, մարդկանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել…

Շատ կարևոր է ճիշտ խոսելը պացիենտի հետ: Անկախ այն բանից, թե ինչ ենք ախտորոշել, շատ կարևոր է դա ճիշտ մատուցելը՝ ինչ է կատարվում, ինչ կարելի է անել, ինչ կլինի հետո, և ում պետք է դիմել, որպեսզի հիվանդը ճիշտ ընկալի, հասկանա, չշփոթվի, գիտակցի, թե ինչ է կատարվում իր հետ և չհուսահատվի; Օրինակ՝ իմ պացիենտները, անկախ դիագնոզից, միշտ հեռանում են բավարարված, հանգիստ և մեծ հույսով ու հավատով լի:

-Սահուն մոտեցանք մեր մյուս հարցին. այսպես ասած՝ վատ ախտորոշումներն ինչպե՞ս եք հայտնում պացիենտին, դժվա՞ր է:

-Նախ՝ շատ ծանր եմ տանում, երբ «վատ» ախտահարումներ եմ տեսնում պացիենտների մոտ, մանավանդ, երբ տարիքային շեմն ավելի ցածր է լինում:  Առաջին հերթին փորձում եմ հաղթահարել իմ էմոցիաները, այնուհետև, ինձ հավաքելով, ասում եմ: Սակայն պացիենտին սովորաբար չենք ասում, շատ հաճախ խոսում ենք հարազատների հետ, և նրանց որոշմամբ է լինում՝ ասե՞լ պացիենտին, թե՞ ոչ: Շատ դեպքերում նրանք չեն ցանկանում, որ պացիենտն իմանա իր ախտորոշման մասին, ասում ենք հարազատներին, բացատրում ենք, տրամադրում և հուշում հետագա քայլերը՝ ուղղորդելով համապատասխան մասնագետի մոտ:

-Իսկ տոկոսային առումով ավելի շատ «լավ»՝ դրակա՞ն ախտորոշումներ են լինում, թե՞ «վատ»՝ բացասական:

-Ավելի շատ դրական ախտորոշումներ են լինում: Քովիդային պայմաններում, երբ բոլորը մի քիչ ահաբեկված և շփոթված են, առավել ևս՝ երբ քովիդ տանելուց հետո բոլորի մոտ անհասկանալի գլխապտույտներ են լինում, գլխացավեր և այլն, շատերն անհանգստացած դիմում են, մենք ժխտում ենք, և մարդիկ հանգիստ գնում են: Նաև երբ պատվաստումներից հետո որոշ շեղումներ են լինում, երբ մարդիկ դարձյալ գլխացավ ու գլխապտույտ են ունենում, շտապում են մեզ մոտ՝ կարծելով, թե որևէ խնդիր ունեն: Մենք դարձյալ ժխտում ենք. բարեբախտաբար, առայժմ նման բաներ չեն եղել:

-Ո՞ր հիվանդությունների ախտորոշումներն են ավելի հաճախակի դարձել:

-Դիագնոստիկ մեթոդների զարգացման ֆոնին սկսել են շատ ախտորոշվել ցրված սկլերոզները: Հետաքրքիր է, որ միջազգային գրականության մեջ էլ է նշված, և իմ դիտարկումները ևս փաստում են, որ դա հայերի մոտ շատ է հանդիպում:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Առայժմ դժվարանում ենք ասել, երևի գենետիկան է: Շատ դաժան ախտորոխում է, և, ցավոք, սկսել է շատ հանդիպել…

-Բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բոլորին կմաղթեմ սիրել իրենց, զբաղվել իրենց առողջությամբ, չվախենալ այցելել բժշկի, հետևել առողջությանը և չգնալ բժշկի միայն այն դեպքում, երբ որևէ խնդիր կա, այլ կատարել պրոֆիլակտիկ այցելություններ, քանի որ վաղ ախտորոշման դեպքում բուժման ելքը միանշանակ ավելի հաջող է լինում:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր