Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
- Director: Արմեն Հարությունյան
- Address: ՀՀ, ք. Երևան, Ազատության պող. 18
- Maps: www.babajanyancollege.am
- Phone: +374 (010) 285320, (010) 282979
- Schedule: Աշխատանքային ժամեր - երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Քոլեջի տնօրեն` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Քրիստափորի Հարությունյան
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը հանրապետության միջին մասնագիտական երաժշտական կրթության բնագավառի առաջատար հաստատություններից մեկն է, որը հիմնադրվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին:
Իր շուրջ 50-ամյա պատմության ընթացքում Քոլեջը երաժշտական մասնագիտական կրթություն է տվել 5000-ից ավել պատանիների: Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են` ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ. օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանն ու Էմմա Պապիկյանը, դաշնակահարներ Աշոտ Խաչատրյանն ու Ջուլետտա Վարդանյանը, ջութակահարներ Աննա Հարությունյանն ու Լուսինե Աղաբաբյանը, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայանն ու Ստեփան Բաբաթորոսյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյանն ու Կամո Սեյրանյանը, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյանը, Սուսաննա Սաֆարյանը, Մանիկ Գրիգորյանը և այլք:
Այսօր քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ` երգչախումբ, լարային քառյակ, կամերային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ: Գործում է նաև երաժշտաթատերական ստուդիա: Կազմակերպվում են բազմապիսի համերգներ և թեմատիկ միջոցառումներ: Իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ` գործող բոլոր մասնագիտությունների գծով:
Ուսումնական հաստատության ջանքերով 1996թ.-ից կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների վեց հանրապետական մրցույթ:
2011թ.-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության և քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպվել են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երեք մրցույթ-փառատոն, որոնց մասնակցել են շուրջ 300 պատանի ու երիտասարդ դաշնակահար Երևանից, Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից և Չինաստանից:
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը կրող այս մրցույթի դափնեկիրներից շատերն ունեն արդեն բազմաթիվ նվաճումներ, իսկ նրանցից երեքը` Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանը և Ժորա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակակիր են:
Քոլեջի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են մայրաքաղաքի մշակութային կյանքին, միջազգային ու հանրապետական տարբեր մրցույթների, փառատոների, ստուգատեսների, զբաղեցնում մրցանակային տեղեր:
Քոլեջի շրջանավարտները ստանում են համապատասխան որակավորում հետևյալ մասնագիտություններով` դաշնամուր, լարային գործիքներ, փողային և հարվածային գործիքներ, ժողովրդական գործիքներ, երգեցողություն (դասական, ժողովրդական, էստրադային), երգչախմբավարություն, երաժշտության տեսություն:
Սովորելով մեր քոլեջում` ուսանողները ոչ միայն ձեռք են բերում երաժշտական հիմնավոր և կայուն գիտելիքներ, հմտանում կատարողական արվեստում, ստանում մասնագիտական որակավորում, այլ նաև մասնակցում են քոլեջի ուսանողական բազմաբովանդակ երաժշտամշակությաին կյանքին: