Գրանդ Քենդի
- Director: Արամ Ղազարյան
- Address: ՀՀ,ք. Երևան, Մասիսի փ. 31
- Maps: www.grandcandy.am
- Phone: +374 10 445 663
- Schedule: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Ուրբաթ 09:00-18:00
- Email address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
“Գրանդ Քենդի” ընկերությունն այսօր Հայաստանի տեղական արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա: Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ամբողջութամբ քայքայվեց: 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց «Հայհրուշակ» ԲԲԸ: Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը «Հայհրուշակ» գործարանի հիմքի վրա հիմնադրեց “Գրանդ Քենդի” հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը: Դրան հաջորդեցին բոլոր սարքավորումների արդիականացումը և նորագույն հոսքագծերի գործարկումը:
2000 թ. ապրիլին՝ վերակառուցման հսկայածավալ աշխատանքներից հետո, գործարանը տվեց իր առաջին արտադրանքը, որն իսկույն ուրույն տեղ զբաղեցրեց տեղական շուկայում և կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց տեղական սպառողների մոտ՝ դուրս մղելով թուրքական և պարսկական արտադրանքը հայաստանյան շուկայից:
Այժմ “Գրանդ Քենդի” ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ: “Գրանդ Քենդին” Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունը կարողացավ իր հաստատուն տեղը զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի, ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ: “Գրանդ Քենդի” ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:20005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով:
“Գրանդ Քենդի” ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ “Գրանդ Քենդին” բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: “Գրանդ Քենդիի” համար հաճախորդների առողջությունը գերակա խնդիր է: Հենց դրա համար էլ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում ընկերության կենտրոնական լաբորատորիայում, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն էլ ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը: Լաբորատոր ստուգումը կարևորվում է գործող միջազգային նորմերի համապատասխանության տեսանկյունից: Որակի չափանիշներից անգամ չնչին շեղման դեպքում տվյալ բաղադրատարրը չի թույլատրվում կիրառել արտադրության մեջ:
2001թ.-ին “Գրանդ Քենդին” իր սպառողներին ներկայացավ նաև պաղպաղակի արտադրությամբ: Այն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Իր արտադրանքի բարձր որակը կայուն պահելու նկատառումներից ելնելով՝ 2006թ.-ին “Գրանդ Քենդին” հիմնեց գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրություն, իսկ 2007թ.ին՝ ամենաարդիական սարքավորումներով զինված տպարան:
2008 թվականին ընկերությունը հիմնադրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սուրճի արտադրությունը: Արտադրանքի համար որպես հումք օգտագործվում են արաբիկա և ռոբուստա ամենաբարձրորակ սուրճի տեսակները:
2010թ. “Գրանդ Քենդին” սկսեց արտադրել խմորեղեն: Որակյալ խմորեղենն արժանացավ սպառողների բարձր գնահատականին: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ արտադրական պայմաններում պատրաստել «տնական» խմորեղեն:
2012 թ. “Գրանդ Քենդին” հիմնադրեց ալյուրի արտադրությունը: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաիներ և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր արտադրում է լավագույն որակական հատկություններն ունեցող ալյուր:
Սարքավորումների պարբերաբար թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է ընձեռում ընկերությանն արագորեն արձագանքել շուկայի փոփոխություններին և պահպանել առաջատարի դիրքերը:
2010թ. սեպտեմբերի 10-ին “Գրանդ Քենդի” ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:
2000թ.-ից սկսվել է “Գրանդ Քենդի” ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը «Պոնչիկանոցն» է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
“Գրանդ Քենդի”-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ: “Գրանդ Քենդին” այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից: “Գրանդ Քենդի”-ի ողջ անձնակազմը` սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի՝ “Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար”, և առաջնորդվում է “Մեր որակը մեր հպարտությունն է” կարգախոսով:
Image Gallery
https://bestgroup.am/en/production/food/264-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A4-%D6%84%D5%A5%D5%B6%D5%A4%D5%AB#sigProIdd650bcd4f5