ՆԱՐԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Իմ առաքելությունը այս աշխարհում բուժօգնության բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելն ու մարդուն օգնելն է

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում  ճարպակալումը դարձել է մեծ տարածում ունեցող խնդիր` լուրջ սպառնալիք հանդիսացող դարի հիվանդություն, որի դեմ անհրաժեշտ է պայքարել:

Ճարպակալումն ինքնին զուտ էսթետիկ խնդիր չէ, այն խրոնիկ հիվանդություն է, որը պատճառ է հանդիսանում բազում այլ հիվանդությունների առաջացման համար: Այն  սովորաբար հանգեցնում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոգեբանական բարդությունների և այլ հիվանդությունների առաջացմանը:

Ըստ մասնագետների` ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի կալորիաները գերազանցում են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ կալորիաների քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպով, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ: 

Մեծ հաշվով, ճարպակալման դեմ պայքարի ժամանակակից մոդելը մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք է, որի ընթացքում պետք է կիրառել բոլոր հասանելի մեթոդները՝ սկսած սովորությունների փոփոխումից մինչև վիրաբուժական միջամտություններ:  

Այս և այլ խնդիրների շուրջ http://bestgroup.am/ կայքը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ ՆԱՐԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, լավ կազմակերպված աշխատանքի շնորհիվ կատարում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` նրանց վերադարձնելով կյանքի մեծագույն պարգեւներից մեկը` առողջությունը:

-Բժշկուհի,  ճարպակալման խնդիրների հետ Հայաստանում բախվում է ամեն երրորդ մարդ:  Ո՞րն է խնդրի նման լայն տարածվածության պատճառը և ի՞նչ լուծումներ եք առաջարկում պացիենտներին:

-Ճարպալակումը, այսօր, իսկապես, բավականին լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Այո, մենք առնչվում ենք նաև գենետիկական գործոնով պայմանավորված ճարպակալման դեպքերի հետ, բայց իրականում ճարպակալման տեսակարար կշռի մեջ դրանք  մեծ տոկոս չեմ կազմում՝ 5-10 տոկոս: Տարիների ընթացքում ճարպակալման պատճառները  մնացել են անփոփոխ՝ ֆիզիկապես ոչ ակտիվ, նստակյաց կյանք, սննդի չարաշահում՝ քաղցրավենիք, ճարպոտ սնունդ և մրգեր:

 Ճարպակալմանը նպաստող գործոններից է նաև ոչ վաղ քնելը, քանի որ գիշերն արտադրվող մելատոնին հորմոնը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նորմալ քաշի պահպանմանը: Այսօր բավականին քիչ է ֆիզիկական ակտիվությունը,  բոլորը ձգտում են ոտքով չքայլել, վարել մեքենա: 

 Որոշ հիվանդություններ կարող են նպաստել ճարպակալմանը, օրինակ վահանաձև գեղձի թերֆունկցիան, քանի դրա ժամանակ դանդաղում է նյութափոխանակությունը։ Սակայն մեր փորձը ցույց է տվել, որ վահանաձև գեղձի թերֆունկցիայի ժամանակ ճարպակալում հազվադեպ է դիտվում:

Կան որոշ հիվանդություններ, օրինակ Կուշինգի հիվանդությունը (նաև Կուշինգի համախտանիշ), որը բերում է մակերիկամներում գլյուկոկորտիկոիդների գերարտադրությանը, ինչը բերում է  հիվանդագին ճարպալակման և տարբերվում է սովորական ճարպակալումից: Պացինտներն ունենում են կիսալուսնաձև դեմք, մարմնի ճարպակալում և ավելի բարակ վերջույթներ: Ի դեպ, նման ճարպակալում կարող է առաջանալ նաև գլյուկոկորտիկոիդ հորմոնների (օր․ պրեդնիզոլոն) ավելցուկի ընդունման արդյունքում։

Բայց հիմնականում ճարպակալաման ժամանակ դիտվող հորմոնալ շեղումները հետևյալն են՝ հիպերինսուլինեմիա, հիպերպրոլակտինեմիա, ձվարանների ֆունկցիայի մարում։

 Հիպերինսուլինեմիայի ժամանակ  դեռևս չկա շաքարային դիաբետ, սակայն ճարպակալման հետևանքով բջիջները դառնում են ոչ զգայուն նորմալ քանակի ինսուլինի  նկատմամբ  և, որպեսզի գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում պահպանվի, ենթաստամոքսային գեղձը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել գլյուկոզայի մակարդակը կանոնակարգելու համար, և արդյունքում այդ բարձր ինսուլինի մակարդակը հյուսվածքներում բերում է ճարպի կուտակման, և հետագայում, եթե այդ խնդիրը չի շտկվում, պացիենտի մոտ կարող է զարգանալ  շաքարային դիաբետ: Այսինքն՝ դառնում է արատավոր շղթա՝ ճարպակալումը բերում է հիպերինսուլինեմիայի, հիպերինսուլինեմիան խորացնում է ճարպակալումը։

Ճարպակալումը բերում է մետաբոլիկ սինդրոմի զարգացմանը: Այն սիմպտոմոկոմպլեքս է, որի ժամանակ դիտվում է բարձր խոլեստերինի մակարդակ, բարձր գլյուկոզա, զարկերակային գերճնշում, քաշի ավելցուկ: Այս սինդրոմը կարող է բերել նաև անոթներում աթերոսկլերոզի առաաջացմանը, այդ թվում կորոնար անոթների, հանգեցնելով սրտամկանի ինֆարկտին, նաև շաքարային դիաբետի։    Ճարպակալման ժամանակ երբեմն դիտվում է նաև երկաթի դիֆիցիտ: Այս դեպքում քաշի իջեցմանը նպաստում են նաև երկաթի պրեպարատների ընդունումը։

 Նշենք նաև, որ կանանց մոտ 40 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է մարել ձվարանների ֆունկցիան, իսկ էստրոգենները նաև մետաբոլիկ հորմոններ են, որոնք խթանում են նյութափոխանակության գործընթացը , և, բնականաբար, մարելու հետ զուգընթաց ճարպակալման հավանականությունը մեծանում է:

Երբ դաշտանադադարի շրջանում կինը բավականին գիրանում է, և իրեն դիետոթերապիան չի օգնում, այդ դեպքում իրականացվում է գինեկոլոգի հետ համակցված աշխատանք և քննարկվում հակաբեղմնավորիչների նշանակման հավանականությունը: 

Ճարպակալմանը նպաստող մյուս հաճախ հանդիպող հորմոնալ խնդիրների շարքին է դասվում նաև պրոկլատինի բարձրացումը կամ հիպերպրոկլատինեմիան:

Եթե ճարպակալման պատճառը լինում է հիպերինսուլինեմիան, նշանակվում է ինսուլին իջեցնող պրեպարատ, եթե հիպերպրոլակտինեմիան՝ պրոլակտինը իջեցնող դեղորայք։ Սակայն անկախ պատճառից ճարպակալման բուժման մեջ ամենակարևորը մնում է դիետոթերապիան, ֆիզիկական ակտիվությունը:

Այսօր իմ պրակտիկայում կան շատ պացինտներ, ովքեր ունեն քաշի ավելցուկ, և մենք փորձում ենք ճիշտ սննադակարգով, մեր մասնագիտական խորհուրդներով արձանագրել քաշի իջեցում, որպեսզի հետագայում հիվանդը չբախվի շաքարային դիաբետի կամ սիրտ-անոթային հիվանդությունների հետ:

Պետք է լրջորեն վերաբերվել խնդրին և ակտիվ պայքարել ճարպակալման դեմ:

Այսօր աշխարհում մեծ տարածում են գտնում ճարպակալման դեմ պայքարի վիրահատական մեթոդները: Հայաստանում՝ նույնպես: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ի զորու չէ սննդակարգ պահպանել, զբաղվել ֆիզիկական ատիվությամբ: Երբ դեղորայքային բուժումն էլ իր ազդեցությունը չի տալիս, այդ դեպքում դիմում են արդեն բարիատրիկ վիրահատությանը, որը շատ դեպքերում իրոք բավականին էֆեկտիվ է և կիրառվում է ամբողջ աշխարհում: Պետք է ուղղակի հետվիրահական շրջանում լինել բժշկի հսկողության տակ, ընդունել վիտամինային կոպլեքսներ: 

Վիրահատությունները բաժանվում են երկու խմբի. վիրահատություններ, որոնք բերում են ընդունվող սննդի ծավալի նվազման և վիրահատություններ, որոնք բացի այդ`  նվազեցնում են  նաև աղեստամոքսային տրակտից ներծծման հնարավորությունները: Ստամոքսի օղակավորումը, ծալքավորումը և երկայնակի մասնահատումը ՝ sleeve gastrectomy-ն, ճարպակալման դեմ պայքարի առաջին տիպի վիրահատություններից են: 

-Բժշկուհի, խոսենք մազակալումից և դրա պատճառագիտությունից:

- Հիրսուտիզմը՝ մազակալումն ունի տարատեսակ պատճառագիտություն: Ըստ մեր ամենօրյա պրակտիկայի, առաջնային հանդիպող պատճառներից է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որն էլ իր հերթին դրսևորվում է մի քանի սիմպտոմներով: Առաջինը դաշտանային ցիկլի և օվուլացիայի բացակայությունն է, միջինում՝ տարին 3-4 անգամ: 2-րդը՝ սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ ձվարաններում պոլիկիստոզի պատկերն է, 3-րդը՝ մազակալումը։ Եթե վերը նշված սիմպտոմներից 2-3-ը դրական են, բժիշկը արդեն կարող է դնել դիագնոզ: Հաճախ պոլիկիստոզի ժամանակ հիվանդներն ունենում են ավելցուկ քաշ, բայց ոչ միշտ։

Պոլիկիստոզը համարվում է գենետիկ սինդրոմ, որի բուժումը իրականացվում է գինեկոլոգի  և էնդոկրինոլոգի համատեղ աշխատանքի արդյունքում:

Մազակալման կարող են հանգեցնել նաև այլ հիվանդություններ, օրինակ պրոլակտինի գերարտադրոթյունը, վահանաձև գեղձի դիսֆունկցիաները: Սակայն  ամենաշատ հանդիպողը մակերիկամների ոչ օրգանական՝ ֆունկցիոնալ բնույթի խանգարումներն են, հիմնականում պայմանավորված սթրեսի հետևանքով առաջացած մակերիկամի ֆունկցիոնալ գերակտիվությոամբ (սթրեսի ժամանակ  սթրեսի հորմոն կորտիզոլի գերարտադրությանը զուգահեռ զարգանում է նաև մակերիկամային արական հորմոնների գերարտադրություն, ինչն էլ կարող է բերել մազակալմանը): Իհարկե մակերիկամի օրգանական խանգարումները, օրինակ Կուշինգի սինդրոմը, մակերիկամի ուռուցքները, ֆերմենտոպաթիաները, նաև ձվարանների ուռուցքները ևս բերում են ավելորդ մազակալման, սակայն սրանք հազվադեպ են հանդիպում։

 Իհարկե, լինում են նաև գենետիկ պատճառներով պայմանավորված մազակալման դեպքեր, նաև մազակալում,  որի պատճառագիտությունը հայտնի չէ: Բնականաբար, եթե բուժող էնդոկրինոլոգը գտնում է պատճառը, նշանակում է համապատասխան դեղորայքային բուժում:

Իսկ արդյոք բուժումից հետո մազերը թափվում են, թե ո՞չ: Դա բավականին ինդիվիդուալ է, լինում են դեպքեր, երբ թափվում են, լինում են դեպքեր, որ պետք է կոսմետոլոգի հետ զուգահեռ աշխատանք տանել և դիմել տարբեր մազահեռացման միջոցների: Իսկ եթե ունենք վահանաձև գեղձի խնդիր, պետք է խուսափել լազերային էլեմետներ պարունակող միջոցներից:

Լինում է նաև դեղորայքային հիրսուտիզմ, որն առաջանում է կորտիկոստերոիդների և այլ դեղամիջոցների (հիմնականում հորմոնային) ընդունման հետևանքով: Այդ ժամանակ՝ բուժման ընթացքում, առաջին իսկ հնարավորության լինելու դեպքում պետք է դադարել ընդունել այդ դեղամիջեցները, կամ փոխարինել դրանք մեկ ուրիշով:

Սակայն խիտ մազածածկույթը ոչ միշտ է որևէ ախտաբանության նշան: Երբեմն դա կարող է պայմանավորված լինել նաև գենետիկ հակվածությամբ: Այս դեպքում լինում է ընտանեկան կամ գենետիկ հիրսուտիզմ: 

-Եվ որպես վերջաբան`  Ձեր մաղթանքը և հորդորը մեր հասարակությանը:

 -Ըստ իս, բժշկի մասնագիտությունը տարիների ընթացքում վերածվում է առաքելության: Տարիների ընթացքում ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնց վրա է պետք կենտրոնանալ և հաղթահարել: Չեն մոռացվում միայն չլուծված խնդիրները: Դրանք չեն էլ կարող մոռացվել, որովհետև ես դրանց լուծումը դեռ փնտրում եմ: Միգուցե նաև սա է այն շարժիչ ուժը, որը ինձ տարբեր ափեր է գցում լուծումներ փնտրելու և չլուծված խնդիրները չմոռանալու համար: Ես ինքս ինձ համար ամրագրել եմ, որ իմ առաքելությունը այս աշխարհում բուժօգնության բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելն ու մարդուն օգնելն է: 

Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ ես կարծում եմ, որ բժշկությունը վերջ չունի, իսկ բժիշկը տեղում դոփելու իրավունք չունի: Ներկայումս ինձ համար ես գերխնդիր եմ համարում հնարավորություններիս սահմաններում միջազգային վերջին ձեռքբերումները «ծաղկաքաղի» տեսքով Հայաստանում ներդնելը, դրանց մեր իրականությանը ադապտացնելը և կիրառելը:

 Նորագույն տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում ինչպես ուսման, այնպես էլ գործնական աշխատանքի համար: Կարծում եմ, որ ցանկության դեպքում սովորելու հնարավորություն միշտ կա:

Կհորդորեմ մեր հայրենակիցներին վարել ակտիվ կենսակերպ, ֆիզիկական ատիվություն ձեռք բերել, ունենալ ճիշտ սննակարգ, աշխատել քիչ առնչվել սթրեսային իրավիճակների հետ և լինել ուրախ ու երջանիկ:

Առողջ եղեք, սիրեք Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր