ՆԵՐՍԵՍ ՔԱՐԱՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

ՆԵՐՍԵՍ ՔԱՐԱՄՅԱՆ. <<Մենք այսօր լիովին տիրապետում ենք քաղցկեղի հետազոտման և բուժման  արդի մեթոդներին>>                            

Հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիր ամբողջ աշխարհում, քանի որ հիվանդացությունն ու մահացությունը շարունակում են աճել՝ չնայած բուժման ու դեղորայքային նոր, արդիական մեթոդներին ու միջոցներին: Այս առումով Հայաստանը հետ չի մնում միջազգային չափանիշներից: Հայկական բժշկությունը արագ յուրացնելու և կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մենք այսօր լիարժեք տիրապետում ենք քաղցկեղի հետազոտման և բուժման նորագույն տեխնոլոգիաներին ու մեթոդներին:

Ի՞նչ է քաղցկեղը՝ մահվան դատավճի՞ռ (ի դեպ, հասարակության որոշ մասի  գիտակցության մեջ դեռևս կենսունակ է  նման կարծրատիպային ընկալումը), թե՞ մեկն այն հարյուրավոր հիվանդություններից, որը կանխարգելման, հետազոտման ու բուժման կարիք ունի: Բժշկությունը  շատ գրագետ ձևով տվել է այս հարցի պատասխանը: Քաղցկեղը ճակատագիր է, իր բնույթով բազմապատճառային հիվանդություն, երբ մի քանի տասնյակ կամ մինչև իսկ հարյուրավոր պատճառներ օրգանիզմում հանգեցնում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման:

Գրագետ բժշկի մոտ բուժվելու պարագայում հիվանդը ապաքինվելու ավելի մեծ շանս ունի, սակայն բուժման ամենատարբեր մեթոդներից ու մոտեցումներից զատ ուռուցքաբանության մեջ ևս կարևոր մի կետ կա՝ հիվանդի հոգեբանական վիճակը: Հոռետեսական տրամադրվածությունը, հոգեբանական ճնշվածությունը նպաստում են ուռուցքային գոյացության արագ զարգացմանը: Նրանք, ովքեր հավատում են իրենց հիվանդության բուժելի լինելուն, ավելի շուտ են վերագտնում առողջությունը: Կարևոր է նաև վստահության հաստատումը բուժառուի և բժշկի միջև: Քաղցկեղի բուժումը համատեղ լրջագույն աշխատանք է, որ բուժառուն ու բժիշկը իրականացնում են միասին՝բուժառուին այս կամ այն չափով  բնականոն կյանք վերադարձնելու նպատակով:

Այս և այլ հարցերը փորձեցինք քննարկել հանրապետության հանրաճանաչ ուռուցքաբանններից  մեկի հետ:

Մեր զրուցակիցն է ռադիացիոն ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնի ավագ ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը. հրաշալի բժիշկ, որի պատկառելի վաստակը, աշխատանքային բազմամյա փորձը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած ավանդը մշտապես բարձր են գնահատվել հիվանդների կողմից և այսօր էլ մեծ համարում ունեն հանրության շրջանում: 

 - Պարոն Քարամյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

- Մասնագիտության ընտրության հարցում իրենց ազդեցությունն  են ունեցել մի քանի գործոն: Անչափ կարևոր դեր է խաղացել այն  հանգամանքը, որ ես ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում և փոքրուց, ինչպես ասում են, շնչել այդ մթնոլորտում: Ասել է թե և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ  ձևավորման  ընթացքում ծնողներս եղել են կողքիս: Գալով արմատներիս՝  հպարտությամբ ասեմ, որ Ալեքսանդր Թամանյանի ծոռն եմ: Մեր բժշկական գերդաստանի պատմությունն սկսվում է իմ տատիկից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հոսպիտալի պետ և պատերազմի ավարտից հետո՝ առաջին շրջանային ուռուցքաբաններից Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը՝ 40 տարուց ավելի: Ուռուցքաբան է եղել և հայրս՝ պրոֆեսորի կոչմամբ, երկար տարիներ ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության ծառայությունը: Եվ վերջապես ես՝ գերդաստանի արդեն երրորդ սերունդը, դարձյալ ուռուցքաբան- ճառագայթաբան:

Ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը (նախկինում ինստիտուտ)՝ 1996թ. ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա ուռուցքաբանության գծով և 1998թ. ավարտելով օրդինատուրան՝ անմիջապես աշխատանքի անցել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որպես ռադիացիոն ուռուցքաբան։ Այստեղ էլ, 21-ամյա աշխատանքային տարիներին,  զուգահեռ զբաղվել եմ  նաև գիտական աշխատանքով՝ 2004-2015 թթ. պաշտպանելով  թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ 2009թ. դասավանդել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում, այնուհետև տեղափոխվել եմ Առողջապահության ազգային ինստիտուտ, որպես ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, իսկ այժմ այդ նույն ամբիոնում պրոֆեսորի պաշտոն եմ զբաղեցնում: Այդ ընթացքում հարկ եղավ ակտիվորեն ձեռնամուխ լինել ճառագայթային թերապիայի կամ ռադիացիոն ուռուցքաբանության վերազինման ու արդիականացման աշխատանքներին, մանավանդ որ խորհրդային միության փլուզմամբ ուռուցքաբանության այս ճյուղը զգալի նահանջ էր ապրել: Համագործակցել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, իրականացրել  մի շարք շատ հաջողված համատեղ նախագծեր և արդյունավետ համագործակցության շնորհիվ կարողացել ենք զգալիորեն ընդլայնել մեր տեխնիկական հնարավորությունները՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին: Նշված համագործակցության արդյունքում մենք կարողացանք ստեղծել ինչ-որ մի հիմք, որը հիմա զարգացման շարունակական փուլի մեջ է, և որի ուղղությունը, ինչպես նաև  նախագծերի մի մասը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, և  պատասխանատու, իրականացրել եմ ես: Հպարտությամբ կասեմ, որ ռադիոթերապիան Հայաստանում մշտապես զարգանում է 1998 թ. մինչ այժմ՝ նոր դժվարամատչելի տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր ժողովրդին:

2019 թվականից աշխատում եմ <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնում որպես ռադիացիոն ուռուցքաբան՝ շարունակելով խորանալ ուռուցքաբանության մեջ և տիրապետելով ժամանակակից բուժական արդի տեխնոլոգիաներին ու բուժման նորագույն մեթոդներին։ Լինել բժիշկ, առավել ևս ուռուցքաբան, չեմ վարանի ասել՝ այն շատ ծանր և պատասխանատու աշխատանք  է, քանի որ ավելի հաճախ ես առնչվում ծանր ճակատագրերի հետ, համակվում հիվանդների ապրումներով ու դժվարություններով: Հաճախ հաղթող ես դուրս գալիս, բայց երբեմն էլ՝  հակառակը: Պետք չի առանձնացնել քաղցկեղ բուժող բժիշկներին մնացած բժիշկներից, որովհետև բժիշկը Աստծո գործիքն է աշխարհում, նրա նպատակը մեկն է՝ կարեկից ու սատար լինել հիվանդին, բուժել նրան, օգնել բարելավելու նրա կյանքի որակը:

-Որո՞նք են ռադիոթերապիայի տեսակները։

-Ուռուցքաբանության մեջ չարորակ նորագոյացությունների բուժումը պահանջում է համալիր գրագետ մոտեցում:  Չարորակ նորագոյացությունների բուժման մեջ երեք կիրառելի հիմնական մեթոդներ կան: Առաջինը վիրաբուժական միջամտությունն է, որը որպես արդյունավետ բուժման մեթոդ, մինչ օրս շարունակում է հիմնականում  առաջնային դեր ունենալ: Երկրորդը դեղորայքային բուժումն է, երբ նախկինում քիմիոթերապիա էր, սակայն այսօր իր մեջ ընդգրկում է  իմունոթերապիան, թիրախային թերապիան, հորմոնոթերապիան և մնացյալները, որ հավաքական գաղափար են, և այս ամենը ես ընդհանուր առմամբ դեղորայքային բուժում եմ համարում: Եվ երրորդը` ճառագայթային բուժումը, որը կիրառելիության մեջ է սկսած 1896 թվականից։ Վերջինս, իհարկե, պայմանավորված է ռիսկի տարբեր գործոններով, ինչպիսիք են մթնոլորտի աղտոտվածությունը, քաղցկեղածին գործոնների ավելացումը և՛ սննդի մեջ, և՛ մթնոլորտում, որոնք էլ հիվանդության առաջացման պատճառ են դառնում:

Տարբերում են ռադիոթերապիայի երեք հիմնական տեսակներ. hեռահար ռադիոթերապիա, բրախիթերապիա և համակարգային ռադիոթերապիա: Երեքն էլ այսօրվա դրությամբ Հայաստանում կիրառության մեջ են:

-Ինչպե՞ս կգնահատեիք ուռուցքաբանության առաջընթացը վերջին տարիներին: Ինչո՞վ է հատկապես այն արտահայտվում ձեր կենտրոնում:

-Այս տարիների ընթացքում ուռուցքաբուժությունը բուռն զարգացում է ապրել, քանի որ բժշկագիտության ցանկացած նվաճում, ցանկացած տեխնոլոգիա գտել է իր կիրառելիությունը մեր մասնագիտության մեջ։ Համաձայն միջազգային ստանդարտների՝ ուռուցքային  հիվանդություններով  տառապողների մոտավորապես 50-60% - ը ենթակա է  ճառագայթային բուժման: Մի շարք երկրներում այդ տոկոսն հասնում է մինչև 70 և ավելիի: Մեր կենտրոնում ռադիոթերապիայի սարքավորումների ավելացման և մասնագետների վերապատրաստմամբ նրանց մակարդակի բարձրացման շնորհիվ այսօր մեր բուժառուներին տրամադրվում են լավագույն ռադիոթերապևտիկ ծառայություններ նվազագույն բուժման ծախսերով, այնպես, որ կարիք չլինի հիվանդներին արտերկիր ուղարկել:

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> կենտրոնում այս պահի դրությամբ իրականացնում ենք հեռահար ճառագայթային թերապիա: Բուժումն իրականացնում ենք համաշխարհային <<Վարիան>> ընկերության սարքի միջոցով, որը կոչվում է գերժամանակակից գծային արագացուցիչ: Արագացուցիչը հեռահար կերպով, առանց որևէ մարմնական կոնտակտի դեպի ուռուցքը, թիրախավորում է ճառագայթային փունջ: Մեզ մոտ իրականացվում է երկու տեսակի ճառագայթային բուժում` 3D կոնֆորմալ և IMRT: Առանձնահատուկ անդրադառնալով ինտենսիվությունը կարգավորող ճառագայթային թերապիային ( IMRT)՝ պետք է նշել, որ այն միակն է Հայաստանում և համարվում է նորագույն մեթոդ աշխարհում: Վերջինիս գլխավոր առավելությունն այն է, որ ճառագայթային փունջն ազդում է կոնկրետ ուռուցքի վրա՝ խնայելով վերջինիս շրջապատող հյուսվածքներն ու օրգանները:

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնում IMRT-ի կիրառումը առաջինն է Հայաստանում,  իսկ կենտրոնը մեր երկրում ճառագայթային թերապիայի բուժման առաջին մասնավոր մասնագիտացված հաստատությունն է, որն առաջին անգամ ՀՀ-ում շահագործեց աշխարհահռչակ <<Վարիան>> ընկերության արագացուցիչը։ Մեր գերնպատակն է քայլ առ քայլ մեծացնել կենտրոնի տեխնիկական հնարավորությունների շրջանակը: Նախկինում, հետևողականորեն  շարունակել ենք համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, որոշ չափով կարողացել ենք պահպանել մակարդակ և որակ, սակայն պահանջվող ֆինանսական միջոցները դուրս էին Առողջապահության նախարարության հնարավորություններից: Եվ երևի թե օրինաչափ էր, որ այդ տարիներին բուժման նպատակով  արտերկրներ հիվանդների զգալի արտահոսք եղավ։   

<<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնը գործում է 2018 թվականից, և մենք կարողացանք ձեռք բերել սարք, որն ապահովում է մասնավորապես չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդների 90%-ը՝ նվազեցնելով Հայաստանից հիվանդների արտահոսքը արտերկրներ և ապահովելով որակյալ բուժում՝ համաձայն միջազգային բոլոր ուղեցույցների և համապատասխան բուժման որակի բոլոր պահանջների։ Այսօր արդեն հարյուրավոր բուժառուներ հասցրել են բուժում ստանալ ինտենսիվությունը մոդուլացնող նորարարական  մեթոդով, ինչը  նշանակում  է չվնասել առողջ հյուսվածքներն ու օրգանները թիրախը բուժելու ընթացքում։ Խոսքը նույն << Ներկայումս, <<Իրա Մեդիքլ Գրուպ>> բժշկական կենտրոնը պլանավորում է շահագործման հանձնել ևս մեկ հեռահար բուժման և մեկ բրախիթերապիայի նորագույն սարքեր, որոնք արդեն իսկ գտնվում են ՀՀ տարածքում: Այս պլանների անխոչընդոտ իրականացման դեպքում մենք հնարավորություն կստանանք ընդլայնել մեր ծառայությունների սպեկտրը և ընդգրկել ավելի շատ քանակով բուժառուների:

 Մենք ունենք մի շարք նպատակներ, որոնք իրականացնում ենք ըստ հերթականության՝ ի նպաստ մեր հայրենակիցների առողջության։ Քաղցկեղի ցուցանիշներն այսօր սարսափելի են թվում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ ստանան պատշաճ ու գրագետ բուժում, լինեն տեղեկացված և այդ առումով՝ կրթված։ Այս սարքավորումով հնարավոր է իրականացնել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների բուժումը։

Մի շարք պաթոլոգիաներ կունենան բուժման ճիշտ ընթացք, և առաջին սարքավորման փորձը թույլ է տալիս բուժառուներին վստահել արդյունքներին։

Քաղցկեղով հիվանդները  պետության կողմից զգալի աջակցություն են ստանում։ Քաղցկեղի բուժման մեջ, մյուս կիրառելի մեթոդների համեմատ, ամենամատչելին ռադիոթերապիան է։ Առողջապահության նախարարությունը համավճարի տեսքով ապահովում է ծախսի բավականին զգալի մասը՝ այն վերցնելով իր ուսերին, իսկ որոշ դեպքերում հիվանդները բուժում են ստանում զեղչված տարբերակով,  որոշ կատեգորիաների դեպքում   բուժումը լիովին անվճար է՝ պետության հաշվին: Սոցշահառուների և մանկական տարիքի երեխաների բուժումն իրականացվում է  բացարձակապես պետպատվերի շրջանակներում։

-Ի՞նչ նպատակով է նշանակվում ճառագայթային բուժումը։

-Ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման ամենաարդիական մեթոդներից մեկն է, որը Համաշխարհային Առողջապահության կազմակերպությունը թույլ է տալիս առաջարկել մեծ թվով ուռուցքաբանական հիվանդների  բուժման դեպքում:

Օրինակ՝ օժանդակ ճառագայթային բուժումը, երբ այն նշանակվում է նախա- կամ հետվիրահատական շրջանում: Մինչվիրահատական շրջանում օժանդակ ճառագայթային բուժումն արվում է վիրահատության ընթացքը  է՛լ ավելի ապահով դարձնելու, ուռուցքի հետագա տարածումը կանխելու և վիրաբույժի համար հնարավորություն ստեղծելու ավելի ազատորեն կատարել վիրահատությունը։ Բացի վերը նշվածներից, կան նաև որոշ պաթոլոգիաներ, որոնց դեպքում ճառագայթային բուժումը դառնում է բուժման հիմնական մեթոդ, որն իր արդյունավետությամբ չի զիջում վիրահատական մեթոդին, և որից հետո հիվանդի կյանքի որակը զգալի վնաս չի կրում: Շատ անգամ կոկորդի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատությանը փոխարինող արդյունավետ միջոց է համարվում ճառագայթային բուժումը, որի կիրառմամբ ունենում ենք բացարձակ լավագույն արդյունք: Այդպես նաև մաշկի քաղցկեղի դեպքում, երբ ընտրությունը թողնվում է բուժառուին, քանի որ ամբողջ աշխարհում մաշկի քաղցկեղի դեպքում ընդունված չէ վիրահատական բուժումը: Եվ վերջին տարբերակը.  վիրահատական մեթոդը կիրառելի չէ հիվանդության բարձիթողի դեպքերում: Երբ քաղցկեղն արդեն թևակոխել է 4-րդ փուլ, լիարժեք բուժման մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, և հիվանդն ունենում է սաստիկ ցավեր: Ճառագայթային բուժումն այդ դեպքում կիրառվում է ամոքիչ նպատակներով, որոշ չափով փոփոխելու կյանքի որակը և տևողությունը: Օրինակ՝ ոսկրային մետաստատիկ հիվանդության դեպքում  հիմնական նպատակները նշվածներն են:  Իհարկե, կան նաև այլ բուժական մեթոդներ:

-Ի՞նչ  տեղ  ու  դեր  ունեն  բժշկի  Ձեր  պրակտիկայում  բժիշկ–հիվանդ  հարաբերությունները:

-Մենք հիվանդին վերաբերվում ենք որպես հարազատի: Մեր հիվանդների բուժումը նվազագույն ծախսերով և առավելագույն հարմարավետությամբ կազմակերպելը, հարգանքը և հոգատարությունը նրանց նկատմամբ մեր առաջնային նպատակն է: Յուրաքանչյուր այցելուի դեպք ենթակա է առանձին քննության ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ։ Ես  մտածում եմ, որ մենք պետք է ոչ մի պարագայում չթուլանանք, հիվանդներին ներշնչենք  քաղցկեղի ահից թոթափվելու, հիվանդության առաջ չընկրկելու արիություն: Կարողանանք համոզել-հավատացնել նրանց, որ  ովքեր հավատով են լցված, հաղթում են հիվանդությանը: Եվ արդյունքի հասնելով՝ պետք է իրենք էլ խորհուրդ տան շրջապատի մարդկանց հետազոտվել և ամենաչնչին փոփոխություն իսկ հայտնաբերելու դեպքում դիմելով բժշկի՝կանխել  քաղցկեղի առաջացումը, խուսափելով  քիմիաթերապիայի  բարդություններից: Ժամանակին հետազոտվելը հազար չարիք կարող է կանխել: Նույնը կարող ենք ասել հիվանդության վաղ շրջանում բուժումն սկսելու վերաբերյալ: Հավատացեք սյս ասպարեզում երկարամյա փորձ ունեցողիս, կարող է իսկական հրաշք տեղի ունենալ:

 -Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ո՞վ է նա. ու՞մ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ ուսուցիչ կարող եմ համարել հայրիկիս, չնայած հնարավորություն եմ ունեցել վերապատրաստվել  Եվրոպայի և այլ երկրների առաջատար մասնագետների մոտ, բայց ինձ համար առաջին և անփոփոխ ուսուցիչ նա է եղել՝ իմ հայրը։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին: Ձեր երեխաների դեպքում այդ ավանդույթն արդյոք պահպանվե՞լ է։

-Ոչ:  Ունեմ 3 երեխա, և նրանցից ոչ մեկը չի ընտրել բժշկությունը: Երեխաներս չցանկացան բժիշկ դառնալ, առողջապահության ոլորտը իրենցը չէ՝ այսպես էին մտածում։ Ես նրանց երբեք ոչ մի հարցում չեմ դրդել, չեմ ուղղորդել, ազատ եմ թողել իրենց որոշման մեջ,  միայն աշխատել եմ աջակից և թիկունք լինել իրենց ցանկացած ընտրության մեջ:  

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ինչպիսի՞ն եք պատկերացնում բժշկության  ապագան։ 

-Դրական վերաբերմունք ունեմ Ձեր հարցի վերաբերյալ: Այո,  տաղանդավոր, պատրաստված,  բանիմաց, նորին ձգտող  հրաշալի երիտասարդ սերունդ ունենք, որն եկել է մեզ փոխարինելու, իսկ մեզ մնում է միայն նրանց աջակցել փորձ ձեռք բերելու մեջ։ Մեր կողքին կրթված և գիտակից երիտասարդ բժիշկներ են, ուրախալի է, երբ տեսնում ես, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, ինչպիսի խնամք են տածում առ իրենց գործը, առ հիվանդը:  Եվ այլևս կասկածի տեղ չի մնում առ այն, որ բժշկության ապագան հուսալի ձեռքերում է, որ հերթափոխում  գրագետ, մատը նորի զարկերակին պահող մասնագետներ են:

 - Հետաքրքիր ու բովանդակալից զրույցն ամփոփենք մեր  ընթերցողներին Ձեր մաղթանք-հորդորով:

-Բնականաբար, բժշկից միշտ սպասում են առողջությանը վերաբերող խոսք ու մաղթանքներ: Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել, մինչև իսկ՝ նաև խնդրել, որ առօրյա հոգսերի մեջ ժամանակ հատկացնեն իրենց առողջությանը: Փորձեն հաճախ տեղեկանալ իրենց առողջական վիճակին, հաճախ հետաքրքրվել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է իրենց օրգանիզմի հետ, և անհրաժեշտության դեպքում անմիջապես այցելեն բժշկի: Սա իր հերթին:  Սակայն ես մտահոգ եմ նաև մեր ազգի ճակատագրով, մեր երկրի վաղվա օրով: Մեր ազգին կցանկանայի մի քիչ բախտներս բերեր, երկիրն հանգստանար, խաղաղությունը, հաջողակությունը մեզ անհրաժեշտ է օդ ու ջրի պես, իսկ մնացյալ հարցերում շատ բան կախված է մեր լրջմտությունից։ Առողջությունը կապահովենք, եթե թունելի վերջում տեսնենք լույս, մարդիկ կսկսեն լավատես լինել, հոգեպես ավելի խաղաղ ու հանգիստ կլինեն, ավելի քիչ կհիվանդանան։ Մաղթանքս ու փափագս է, որ մեր երեխաներն ու թոռներն ապրեն խաղաղ երկնքի տակ։ Մենք մանկությունից դաստիարակվել ենք հայրենասիրությամբ տոգորված, որ պետք է մնանք մեր երկրում՝ արարելու,  ապրեցնելու, շենացնելու մեր հայրենիքը։ Մենք չենք պատրաստվում լքել մեր տունը, մեր երկիրը։ Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր ապագա հաղթանակների ու հարատևման ամենամեծ ու հուսալի  գրավականն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր