Ալեքսանդր Արզումանյան

(0 votes)
There is no translation available.

Ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը

Համաշխարհային մասշտաբով դիտարկելիս վստահորեն կարելի է ասել, որ մեզանում բժշկության բոլոր ճյուղերի մասնագետները նեղ մասնագիտացման մեջ բավականաչափ տեղեկացված և արհեստավարժ են, իրենց մասնագիտական պատրաստվածությամբ ու հմտություններով չեն զիջում արտասահմանյան գործընկերներին և կարող են կանգնել աշխարհի առաջադեմ երկրների համանման մասնագետների կողքին՝ նրանց հավասար: Հայաստանն այսօր իրավամբ կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ և եզակի բուժօգնություն ցուցաբերող բժիշկների մեծ բանակով:

Բժշկության խիստ դրական կողմերից է նաև ապացուցողական բժշկության և աշխատանքի ալգորիթմների ներդրումն այս ոլորտում: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Բժշկության առաջընթացը ինչ-որ առումով կյանքի առաջընթացն է: Չէ՞ որ եթե մարդն առողջ չէ, չի կարող լիարժեք լինել ստեղծելու, արարելու նրա ձգտումն ու կարողությունը: Ահա այստեղ է բժշկի առաքելությունը՝ մարդուն առողջություն պարգևել: Եվ յուրաքանչյուր բժիշկ դրան էլ կոչված է՝ օգնել մարդուն հաղթահարելու առողջությանը սպառնացող   ամեն մի հիվանդություն, ազատվելու մարմինն ու հոգին պատած տարբեր ախտերից:  

Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը և օրթոպեդիան համաշխարհային սանդղակում բավականաչափ բարձր դիրքերում են, և մասնագետների խոսքերով՝ ոլորտը համակողմանիորեն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ վնասվածքաբանությունը, կարիք ունի անընդհատ նորացվելու և կատարելագործվելու: Այսինքն՝ չպետք է սպասել, թե ինչ-որ ժամանակ ինչ-որ նորություններ մեզ կհասնեն, պետք է մշտապես պրպտել, բացահայտել աշխարհում հայտնաբերված ու արդեն իսկ կիրառություն գտած նորը և ինտենսիվորեն տեղայնացնել: Եվ այստեղ էլ՝ կատարողական տեխնիկայի, կատարողական վարպետության, իմպրովիզացիոն մտածելակերպի ու մոտեցումների տեսանկյունից,  մենք չենք զիջում առաջատար երկրներին:      http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Մարդու, առավել ևս  բժշկի համար  մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիր­ները: Հետևաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:

-Պարոն Արզումանյան, սովորաբար ո՞ր խնդիրների դեպքում են Ձեզ դիմում:

-Մեր բաժանմունքի գործառույթների մեջ մտնում են սուր վնասվածքների և օրթոպեդիկ տարբեր խնդիրների բուժումը, ինչպես նաև մեզ .մոտ կատարվում են ախտահարված հոդերի վիրահատություններ, էնդոպրոթեզավորումներ, իրականացվում են տարբեր տիպի վնասվածքաբանական խնդիրներից սկսած՝ մինչև օրթոպեդիկ տարատեսակ վիրահատական միջամտություններ և բուժում։ Հիմնականում իրականացվում են օրթոպեդիկ միջամտություններ` կոնքազդրային և ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ուսահոդի և ծնկան հոդի, ինչպես նաև ոտնաթաթի և սրունքթաթային հոդի այլ վնասվածքների բուժում։ Առավել հաճախ իրականացնում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ՝ կախված հիվանդի գանգատներից, խնդրի առաջացման պատճառից: Էնդոպրոթեզավորման դիմում ենք բազմակի հետազոտություններից հետո, երբ բուժառուի մոտ գանգատները ծայրահեղ աստիճանի են հասնում, և հիվանդը իր շարժունակության մեջ լուրջ սահմանափակումներ է ունենում։ Վերջին շրջանում ավելի հաճախակի դիմում են նրանք, ովքեր նախկինում տարել են բավականին ծանր կովիդ: Եղել են հիվանդներ, որոնք խնդիրներ են ունեցել պատվաստումից հետո։ Մենք փորձում ենք տարբերակել՝ կախված օրգանիզմի անհատական վիճակից: Կովիդն իր բացասական հետևանքներն է թողել հիվանդի առողջության վրա, և ունեցել ենք մոտավորապես 20-25 հիվանդ, որոնք կոնկրետ վիրահատվել են հետկովիդային բարդությունների հիման վրա: Այսինքն՝ զարգացել է ասեպտիկ նեկրոզ, իսկ մինչ կովիդով հիվանդանալը հիվանդը խնդիր չի ունեցել: Վիրահատել ենք մոտավորապես 8-9 հիվանդ, որոնց մոտ պատվաստումից հետո բարդություններ են ի հայտ եկել։ Փառք Աստծո, մեր այս հիվանդների առողջական վիճակն այժմ բավարար է, նրանք այլևս գանգատներ չունեն, սակայն, ավաղ, դեռ շարունակում են մեզ դիմել այդպիսի գանգատներով հիվանդներ:

-Խոսենք էնդոպրոթեզավորումների և դրանց ժամանակակից  մեթոդների մասին:

-Հոդի էնդոպրոթեզավորումը հոդի բաղադրիչների իմպլանտներով փոխարինման վիրահատություն է: Իմպլանտներն ունեն առողջ հոդի անատոմիկ ձև և թույլ են տալիս կատարել բոլոր շարժումները:  Հոդերի էնդոպրոթեզավորման ինովացիոն մեթոդն այսօր հանդիսանում է առաջատար ամբողջ աշխարհում։ Հոդի էնդոպրոթեզավորման նպատակը ցավային սինդրոմի նվազեցումն է և հոդի գործառույթի վերականգնումը: Հոդի փոխարինումն արդյունավետ է, իսկ երբեմն էլ՝ հոդի գործառույթի վերականգնման միակ եղանակը, որը թույլ է տալիս բարելավել մարդու կյանքի որակը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ վիրահատություններ։ Այս ամենը թույլ  է տալիս նվազեցնել հնարավոր բարդությունները, կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը, հիվանդին վերադարձնել իր բնականոն կենսակերպին՝ առանց ցավերի և լիարժեք շարժունակությամբ։  էնդոպրոթեզավորումն իրականացնում են հոդերի մաշվածության` արթրոզի դեպքում, բացի դրանից կան զոնաներ, օրինակ՝ կոնքազդրային հոդի ազդրի գլխիկի կոտրվածքից հետո պրակտիկորեն այն չի սնուցվում, այդ դեպքում էլ հոդը դարձյալ փոխվում է էնդոպրոթեզավորմամբ, ասենք՝ ինչ-որ ժամանակ վիրահատվել է ծունկը, որից հետո զարգացել է մաշվածություն՝ դեֆորմացիա, այդ դեպքում նույնպես կատարվում է էնդոպրոթեզավորում: Էնդոպրոթեզավորման նպատակով օգտագործվում են էնդոպրոթեզներ արտադրող առաջատար ֆիրմաների պրոթեզները: Յուրաքանչյուր պրոթեզ անցնում է բազմաստիճան ստուգում:Վիրահատությունից առաջ իրականացվում է հիվանդի մանրակրկիտ հետազոտություն, որի ընթացքում որոշվում են վիրաբուժական միջամտության անցկացման ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև կատարվում է անհրաժեշտ պրոթեզի մանրակրկիտ չափում և ընտրություն: Սովորաբար հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների և թույլ են տալիս գրեթե բոլոր դեպքերում հասնել հիվանդի շարժունակության ակտիվության վերականգնման, ինչպես նաև ազատում են նրան տարիների ցավից:

-Կարող են, արդյո՞ք, լինել հետվիրհատական բարդություններ էնդոպրոթեզի տեղադրումից հետո և ինչպիսի՞ք։

յո, իհարկե, ցանկացած վիրահատական միջամտությունից հետո կարող են լինել հետվիրահատական բարդություններ: Ինչպես առհասարակ վիրաբուժության մեջ, այնպես էլ էնդոպրոթեզավորման մեջ կարող են լինել այդպիսիք: Լինում են դեպքեր, երբ օրգանիզմը մետաղը չի ընդունում, օրգանիզմի կողմից այն համարվում է օտար մարմին, որովհետև մեր օրգանիզմը անընդմեջ սինթեզում է հակամարմիններ: Ոչ ոք ապահովագրված չէ դրանից, և հնարավոր բարդությունները, ելնելով հայկական մենթալիտետից, նախապես քննարկվում են բուժառուների և նրա հարազատների հետ բավականին պարզ ու հասկանալի, որպեսզի նրանք գիտակցեն, որ հնարավոր է լինեն հետվիրահատական բարդություններ, որն հետագայում ենթադրում է լուրջ և միաժամանակ ծախսատար բուժում: Այդ իսկ պատճառով մինչ էդոպրոթեզավորումը մենք մանրամասնորեն հետազոտություններ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք ինֆեկցիոն բարդությունների առաջացման հավանականությունը, քանզի յուրաքանչյուր ոք հնարավոր է օրգանիզմում ունենա վարակի աղբյուր, օրինակ` փչացած  ատամ, դա ևս կարող է համարվել ներքին վարակի աղբյուր։ Էնդոպրոթեզավորումից առաջ պետք է  հայտնաբերել վարակի աղբյուրը և չեզոքացնել այն, պետք է ազատվել հավանական վարակի աղբյուրների առկայությունից, որից հետո նոր միայն կատարել էնդոպրոթեզավորումը:

-Ի՞նչ ասել է հոդերի երկրորդային իմպլանտացիա՝ ռիվիզիաներ։ Մանրամասնեք, խնդրեմ։

-Պրոթեզավորումը Հայաստանում սկսել է 90-ականների սկզբին: Հիմա եկել է այն ժամանակը, երբ տեղադրված նախկին պրոթեզների ժամկետն ավարտվում է, ինչպես ցանկացած մեխանիկական դեկալ, շատ դեպքերում կատարում ենք հնի փոխարինումը նոր ժամանակակից էնդոպրոթեզներով, ինչպես նաև ունենում ենք ռիվիզիաներ ոչ ճիշտ տեղադրված էնդոպրոթեզների դեպքում՝ տեղադրված կամ արտերկրում, կամ հայաստանյան այլ կլինիկաներում։ Սա բավականին լուրջ միջամտություն է։ Հոդերի երկրորդային իմպլանտացիան՝ ռիվիզիաները, կատարվում են կրկնակի իմպլանտացիայի անհրաժեշտության դեպքում, որն առաջանում է հոդերի մաշվածության կամ բարդությունների ժամանակ։ Նշեմ նաև, որ մեզ մոտ շատ հաճախ բացառում են հետվիրահատական ռիսկերը, երաշխավորում արդյունավետ բուժում ու կրճատում ապաքինվելու ընթացքը։

-Ի՞նչ է ասեպտիկ նեկրոզը։

-Ասեպտիկ նիկրոզը ազդոսկրի գլխիկի սնուցման խանգարում է: Քանի որ գլխիկն ունի սնուցման մի քանի հատվածներ, սնուցողը հիմնականում ազդոսկրի գլխիկի  զարկերակն է, որը ժամանակի ընթացքում փակվում է՝ մոտավորապես 35 տարեկանից հետո, այնտեղ մնում է արդեն կողմնային զարկերակային համակարգով և սինովյալ հեղուկի միջոցով սնուցվող հատված, որն արդեն հիմնականում ավելի թույլ է, քանի որ ազդոսկրի գլխիկի  զարկերակը խանգարում է սնուցումը, և գլխիկի արյան շրջանառության բացակայության հետևանքով սկսվում է ձևափոխվել: Բացի դրանից, երբ առաջանում են կողմնակի  խնդիրներ, լինեն դրանք կովիդ կամ վնասվածք, հանգեցնում են բավականին լուրջ խնդիրների:

-Ի՞նչ է իրենց ներկայացնում արթրոզ կոչվող հիվանդությունը:

-Արթրոզը նույնպես մեծ տարածում ունեցող հիվանդություն է, և մինչ օրս դրան նպաստող գործոնները լիովին պարզաբանված չեն: Այն հոդերի քրոնիկ դեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում վնասվում են հոդի հոդավորման բոլոր կառուցվածքները ՝ աճառային, ոսկորային, կապակցված հյուսվածք (կապաններ և հոդային տոպրակ): Արթրոզների ժամանակ նկատվում է լոկալ կետային ցավ՝ հոդաճեղքի կողմնային հատվածներում, շարժումների ժամանակ լսվում է խրթոց՝ կրեպիտացիա, լինում է մկանային կարկամություն, շարժումների սահմանափակում: Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես խոշոր (ծնկային, կոնքազդրային, սրունքաթաթային, արմնկային), այնպես էլ մանր, այդ թվում ողնաշարի (սպոնդիլոարթրոզ) հոդերը: Այն կապված է նաև նյութափոխանակության խանգարման հետ: Արթրոզ շատ հաճախակի հանդիպում է կանանց մոտ դաշտանադադարի շրջանում, լինում են արթրոզներ սնուցման խանգարման հետ կապված, այսինքն՝ կապված սննդակարգի հետ, օրինակ՝ կալցիի պակասի հետևանքով առաջանում է ենթաաճառային հյուսվածքի շրջանի փափկեցում, որի հետևանքով ախտահարվում է նաև աճառային հյուսվածքը,  առաջանում են միկրովնասվածքներ աճառային հյուսվածքներում, և զարգանում են արթրոզներ։ Դա էլ, ի վերջո, հանգեցնում է հոդամակերեսների դեֆորմացիայի, աճառային շերտի քայքայման, որի հետևանքով առաջանում են սուր ցավեր, շարժումների սահմանափակում, ընդուպ մինչև անշարժացում տվյալ հոդում, որը կարող է հանգեցնել հաշմանդամության: Խոշոր հոդերում արթրոզի զարգացումը բերում է կայուն հաշմանդամության: Օստեոպորոզը նույնպես կարող է նպաստել արթրոզի զարգացմանը:

-Կոքսարթրոզ և գոնարթրոզ, կտարբերակե՞ք։

-Կոքսարթրոզը և գոնարթրոզը արթրոզների տեսակներ են, կոքսարթրոզը՝ կոնքազդրային հոդի, գոնարթրոզը՝ ծնկահոդի։ Կախված հիվանդության աստիճ.անից, դեֆորմացիայից և հիվանդների գանգատներից՝ բուժման տարբեր միջոցներ ու մոտեցումներ կան: Արթրոզների վերջնական բուժումը էնդոպրոթեզավորումն է՝ արհեստական հոդի տեղադրումը, բայց մինչ այդ բուժառուն նախապես անցնում է մանրակրկիտ հետազոտության փուլեր: էնդոպրոթեզավորումը, իհարկե, արդյունավետ ելք է, և մենք դրանով զբաղվում ենք խիստ մասնագիտացված. շատ արագ և որակով իրականացվում է գրագետ վիրահատական միջամտություն, անցնում ենք շատ ճիշտ հետվիրահատական ռեաբիլիտացիա, բուժառուին արագ ոտքի ենք կանգնեցնում՝ ազատելով ձեռնափայտից։ Մինչ այդ, երբ արթրոզները չեն հասել իրենց, այսպես ասած, զարգացման ավարտին, կարելի է պայքարել հոդի կյանքի երկարացման համար։

-Ձեր դիտարկմամբ, հոդային հիվանդություններից որո՞նք են երիտասարդացում ապրել։

-Այսօր որոշակի չափով երիտասարդացել են ուսահոդի հիվանդությունները՝ կապված երիտասարդների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ. շատ հաճախ մարզաս.րահներում ոչ ճիշտ ծանրություն բարձրացնելու հետևանքով երիտասարդների մոտ տրավմատիկ խնդիրներ են առաջանում՝ վերը նշված կոքսարթրոզ և գոնարթրոզ, ինչպես նաև առնչվում ենք հետկովիդային խնդիրների հետ։

- Ըստ Ձեզ՝ բժշկական տուրիզմը ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում։

-Բժշկական տուրիզմը համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից է: Բժշկագիտության հարաճուն զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը և բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը: Շնորհիվ ժամանակակից բժշկության որոշ ուղղությունների՝ Հայաստանում աստիճանաբար զարգանում է բժշկական տուրիզմը: Մեր բուժկենտրոնում պատշաճ կերպով կարևորվում է Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարը՝ խստորեն պահպանելով ընդունող երկրում համապատասխան բուժծառայությունների գին-որակ հարաբերակցությունը։ Բուժծառայություններ ստանալու նպատակով Հայաստան ժամանած արտերկրացին առաջինն ակնկալում է այն արդյունքը, որի համար գալիս է, այնուհետև հնարավորություն է ունենում նաև ծանոթանալ երկրին, մարդկանց, սովորույթներին, մշակույթին։ Աշխարհի ամենաապահով երկրների ցանկում ընդգրկված մեր երկիրը լիովին կարող է բավարարել բժշկական տուրիզմի համար Հայաստան այցելած օտարերկրացու ակնկալիքները, այն է՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ։

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն և հավատ: Ուզում եմ, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում մեր հայրենակիցները տոգորվեն մեծ հավատով թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, միշտ հիշեն, որ ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը: Բժիշկն իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս, նա ամեն միջոցի կդիմի, կգտնի նորանոր ելքեր՝ բարվոքելու, թեթևացնելու, իր հիվանդի վիճակը, ժամանակ առաջ ոտքի կանգնեցնելու նրան: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը սովորություն դարձնի լրջորեն հետևել սեփական առողջությանը, հետևողականորեն հոգ տանի իր առողջության համար: Ի՞նչ մի դժվար բան է գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել։ Վաղ փուլում առողջական խնդիրներն ի հայտ բերելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ժամանակին և ճշգրիտ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։

Առույգ ու խաղաղ պահեք ձեր հոգեաշխարհը: Երջանիկ լինելու համար պետք է գնահատել կյանքի ամեն մի պահը, այն դարձնել տոն: Իսկ մարդը կատարյալ երջանիկ կարող է լինել, երբ բավարար չափով առողջ է: Եվ հենց այս չարաբաստիկ համավարակի շրջանում կցանկանայի, որ հասարակությունը որոշակի դասեր քաղի: Համավարակը չէ, որ պետք է մեզ հասկացնի սեփական առողջությունն ու կյանքը գնահատելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եթե լավ մտածենք, կհամոզվենք, որ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարևորում: Իսկ սեփական առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեմն չենք գտնում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պետք է սիրենք մեզ, պահպանենք այն, ինչ ունենք: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի գոհունակ ժպիտն է, երախտագիտության սրտաբուխ խոսքերն ու հազարբերան օրհնանքը:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր