Նաիրի Մարգարյան

(0 votes)
There is no translation available.

Այսօր նյարդավիրաբուժությունն հագեցած  է առավել արդյունավետ վիրահատական միջոցներով, ինչի շնորհիվ  հաջողվում է հաղթահարել տարբեր աստիճանի  բարդության  նյարդավիրաբուժական հիվանդություններ 

Նյարդավիրաբուժությունը բժշկության վիրաբուժական մասնագիտություններից ամենաերիտասարդներից է: Այն վիրաբուժության ճյուղ է, որն իր մեջ ներառում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների բուժումը վիրահատական ճանապարհով։ Գնալով ընդլայնվում ու առռաջընթաց է ապրում նյարդավիրաբուժության ոլորտը․ ոլորտ, որ ժամանակի պահանջներին համընթաց զարգացմամբ արդեն իսկ դասվում է բժշկության ապագա առաջատար գիտությունների շարքին։ Ներկա ժամանակներում նյարդավիրաբուժությունն հագեցած է առավել արդյունավետ վիրահատական միջոցներով, ինչի շնորհիվ էլ համապատասխան ցուցումների առկայության դեպքում  հաջողվում է հաղթահարել տարբեր աստիճանի  բարդության  նյարդավիրաբուժական հիվանդություններ ու իրավիճակներ։

Մեր զրուցակիցն է <<Էրեբունի>> ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ-նյարդավիրաբույժ Նաիրի Մարգարյանը: Որքան էլ գայթակղիչ է բժշկի աշխատանքը, նույնչափ պարտավորեցնող և դժվար է, ու ըստ մեր զրուցակցի՝ բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն, բարություն է պահանջում, քան շատ այլ մասնագիտություններ։ Բժիշկն այս համոզմանն է եկել իր աշխատանքի ընթացքում և ի սկզբանե գտել է հաջողության բանալին. դա  մարդասիրությունից ծնված սերն է իր հիվանդների հանդեպ: Բոլորիս լավ հասկանալի է հիվանդի հոգեբանությունը։ Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարևորում է մարդկային վերաբերմունքը: Բուժմանն հավասար՝ հիվանդին  իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել  բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին բուժման արդյունավետության գրավական է:       

-Պարոն Մարգարյան, գլխուղեղի ուռուցքներից կխոսե՞ք:

-Գլխուղեղի ուռուցքը գանգի խոռոչում ոչ նորմալ հյուսվածքի աճ է։ Ուռուցքը կարող է աճել ինչպես գլխուղեղի ներսում, այնպես էլ նրա կողքին՝ սեղմելով այն։ Տարբերում են գլխուղեղի ուռուցքների երկու հիմնական խումբ` գլխուղեղից կամ նրա թաղանթներից աճող ուռուցքներ (առաջնային) և մետաստատիկ ուռուցքներ (երկրորդային), որոնք այլ օրգաններից տարածվում են դեպի գլխուղեղ։ Գանգի խոռոչի ներսում առաջացող ուռուցքներից են, օրինակ, գլիոմաները, մեդուլոբլաստոմաները, մենինգիոմաները, հիպոֆիզի ադենոման, կրանիոֆարինգիոմաները և այլն։ Գլխուղեղի մետաստատիկ ախտահարում հաճախակի առաջանում է թոքերի, կրծքագեղձի, մաշկի, աղիների և այլ օրգաններում առաջնային ուռուցքների առկայության դեպքում։ Չարորակ և բարորակ ուռուցքների  ախտանշանները սկզբնական շրջանում սկսվում են ցավային ախտանիշով: Գլխուղեղի ուռուցք ունեցող անձը կարող է ունենալ տարբեր գանգատներ ՝ գլխացավ, սրտխառնոց եւ փսխում, ձեռքի կամ ոտքի թուլություն, խոսքի խանգարում, տեսողության կամ լսողության խանգարում, վարքի փոփոխություն, ցնցումներ և այլն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է գտնվում ուռուցքը, որ կենտրոնների ախտահարումն է առաջացնում և այլն։ Սկզբնական շրջանում ուռուցքները երբեմն կարող են զարգանալ առանց որոշակի գանգատների։

-Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան։

-Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի (ողերի) անատոմիական ամբողջությունը վերականգնող վիրաբուժական մեթոդ է: Ողնաշարի վնասվածքների հետևանքով ողնաշարային սյունը և նրա առանձին ողերը կարող են վնասվել (կոտրվել, դեֆորմացվել)՝ թուլացնելով ողնաշարի ամրությունը: Դա հաճախ առաջացնում է ոչ կայուն ողնաշար, որի բուժումն  առանձնահատուկ բուժական մոտեցում է պահանջում:
Վերտեբրոպլաստիկայի մեթոդներից է ողի մարմնի ցեմենտավորումը, որի ժամանակ ձևափոխված ողի մարմնի մեջ ներարկվում է ոսկրային ցեմենտ, որը երկբաղադրիչային ասեպտիկ սոսնձի համակարգ է՝ արագ չորացող և պնդացող:

-Ճողվածքների վերաբերյալ, որոնք, ի դեպ, լայն տարածում ունեն,  ի՞նչ կասեք։  Կխնդրեի փոքր-ինչ մանրամասնել:

-Ճողվածքների ցավային ախտանշանն արտահայտվում է թմրածության զգացումով, ցավի ճառագայթմամբ դեպի վերջույթներ։ Ավելի շատ հանդիպում են պարանոցային ճողվածքներ, որոնց ժամանակ լինում են պարանոցի, ուսի, թևի ցավեր, թմրածություն, իսկ գոտկային հատվածի ճողվածքի ժամանակ ցավը ճառագայթում է դեպքի ոտքեր: Կրծքային ճողվածքներ շատ քիչ են հանդիպում։
Լինում են նաև քրոնիկ դեպքեր, երբ հիվանդը մեզ դիմում է արդեն պարալիզված վիճակում, և այսպիսի դեպքերում մեր անելիքը վիրահատելն է՝ հնարավորության սահմաններում  փրկելու վնասված նյարդը։ Թեև միանշանակ չի կարելի ասել, սակայն կարող է լինել և  ճողվածքի կրկնվելու հավանականություն: Իհարկե, ցանկացած վիրահատություն կարող է կրկնվել, բայց եթե վիրահատությունը կատարվի գրագետ և պրոֆեսիոնալ, կրկնվելու հավանականությունը քիչ կլինի։

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Վստահորեն կասեմ, որ ես ունեցել եմ լավագույն ուսուցիչներ: Այդպիսին կարող եմ համարել անվան բժիշկներ Մամիկոն Եղունյանին, Կարապետ Մոմջյանին և երջանկահիշատակ Վահրամ Համբարձումյանին․ մարդիկ, որոնք անմնացորդ  նվիրումով ու ջանադրությամբ իրենց գիտելիքները փոխանցել են ինձ և վստահել են մեզ՝ երիտասարդներիս, ինքնուրույն վիրահատություններ կատարել: Ես նրանցից շա՜տ բան սովորեցի՝ գիտելիքներից մինչև բժշկի էթիկա ու մարդկայնություն։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ իմ մասնագիտական կայացման ճանապարհին ինձ նրանց հանդիպեցրեց:

-Ի՞նչ կասեք առողջապահության առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակը մեծ դեր ունի հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման գործում, և ներկայումս  մեծ աշխատանք է տարվում այդ օղակի դերի է՛լ ավելի բարձրացման ուղղությամբ: Իրականում վաղ հայտնաբերված հիվանդության բուժումն ավելի լիարժեք և արդյունավետ է։
Պետք է առաջնային օղակներում իրականացվի համակցված և գրագետ բուժօգնություն, և խնդրի վաղ հայտնաբերման շնորհիվ հիվանդները պետք է ուղղորդվեն համապատասխան կլինիկաներ, որպեսզի չբախվենք արդեն բարդացած դեպքերի: Իսկ մարզային բժշկության մեջ արդեն իսկ ուրախալի փաստ ունենք․ արդեն իսկ կա դրական դինամիկա՝ մարզային առողջապահական հաստատությունները ապահովվում են նորագույն հետազոտական ու բուժական սարքավորումներով, ձեռք է բերվում ժամանակակից տեխնիկա։ Անշուշտ, գովելի շարժ է։

-Բժիշկ Մարգարյան, մեր ժամանակներում բժշկությունը սրընթաց  զարգանում է, և հարկ է, որ բժիշկն իրազեկ  լինի համաշխարհային արդիական նորարարություններին։ Դուք հասցնո՞ւմ եք վերապրաստումների գնալ, կատարելագործել Ձեր գիտելիքները՝ հասու լինելու  նորագույն բուժական մեթոդներին ու միջոցներին:

-Այո, իհարկե, գիտելիքները համալրելը բժշկի համար այսօր մեծ կարևորություն ունի։ Ցանկացած ասպարեզում, բժշկության մեջ է՛լ առավել, նորի հետ համընթաց չքայլեցիր, տեղդ չես գտնի, արածդ գործը բուժառուներիդ վստահություն ու գոհություն չի բերի: Վերջին վերապատրաստումը մեկ տարի առաջ եմ անցել գլխուղեղի և պարանոցի անոթների միկրովիրաբուժական տեխնիկայի գծով, ՌԴ-ի   մայրաքաղաքում։ Մի շարք այցելություները Մոսկվայի առաջատար կլինիկաներ ինձ համար մեծ փորձ ձեռք բերելու  լավագույն հնարավորություն էր՝ գլխուղեղի անոթային խնդիրների ուղղությամբ։ 

-Ձեր կարծիքով՝ մեր բժշկությունը արդյոք համընթա՞ց է եվրոպական չափանիշներին:

-Եթե հաշվի առնենք մեր բժիշկների պատրաստվածությունը, մասնագիտական կարողությունները, ունակությունները, գիտելիքները, վստահորեն կարելի է ասել, որ շատ դեպքերում մենք չենք զիջում եվրոպական մասնագետներին, առաջատար երկրներում կիրառվող բուժման միջամտություններին եղանակներին ու մեթոդներին: Մեր և նրանց բուժական համակարգերի միջև տարբերություն կա թերևս առողջապահության կազմակերպման և պետության կողմից առողջապահության ֆինանսավորման միջև, սակայն կարծում եմ՝ դա ժամանակի խնդիր է, և հուսով եմ, որ մոտ ապագայում այդ խնդիրն էլ կլուծվի: Անշուշտ, դեռևս մեծ է տեխնիկական հագեցվածության տարբերությունը, սակայն այդ առումով զգալի առաջընթացը հուսադրող է: Որպես խոսուն օրինակ, կարող եմ բերել օրթոպեդիայում կիրառվող իմպլանտների բազմազանությունը Հայաստանում. Այժմ մեզանում գործածության մեջ առկա են համաշխարհային համբավ վայելող գրեթե բոլոր ընկերությունների իմպլանտները:

-Այսինքն՝ Ձեր դիտարկմամբ, մեր առողջապահությունը ընդհանուր առմամբ բարձր մակարդակի վրա՞ է:

-Այո՛: Նույնը կարող ենք ասել և նյարդավիրաբուժության վերաբերյալ՝ որպես հայ բժշկագիտության մի առանձին ճյուղի։  Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում կատարվում են գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտություններ, ընդ որում, նույնպիսի առաջնակարգ տեխնոլոգիաներով ու վիրահատական եղանակներով, որպիսիք կիրառվում են արտասահմանյան առաջադեմ երկրներում։

-Ի՞նչ կասեք Ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

-Ունենք շատ խելացի ու լավ պատրաստված երիտասարդ մասնագետներ: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր տեղեկատվական բազան ավելի հարուստ է, հասանելի է համաշխարհային մասնագիտական գրականությունը, ավելի շատ են մասնագիտական շփումները, փորձի փոխանակումը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Մի խոսքով՝ հնարավորություններն ավելի են շատացել, բժշկության որակն ավելի է բարձրացել, այդ մասին է վկայում նաև երիտասարդ բժիշկների մեծ ներգրավվածությունն աշխատանքներին: Կարծում եմ՝ այդ առումով որևէ խնդիր չունենք: Երիտասարդ կադրերը գիտակցում են որ պետք է անցնել դժվարին ճանապարհ, ուղղակի չպետք է դոփել տեղում, այլ մշտապես պրպտել, տեղեկանալ ոլորտի առաջխաղացմանը միջազգային ասպարեզում, ջանալ, որ  սխալվելու հավանականությունը քիչ լինի կամ ընդհանրապես բացառել այն: Եվ կա՛ն, զգալի են այդ ամենի երաշխիքները՝ նկատելի է երիտասարդ մասնագետների՝ ավելիին հասնելու, իրենց գործն ավելի լավ անելու եռանդն ու ձգտումը։ Ես վստահ եմ, որ մեր բժշկության  ապագան հուսալի ձեռքերում է:

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ամփոփիչ խոսքս սկսեմ մեր ժողովրդին առողջության մաղթանքով։ Իսկ առողջ լինելու համար յուրաքանչյուրս պիտի հոգ տանի իր մարմնի համար։ Շատ կցանկանայի, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն  իրենց  սեփական մարմնի նկատմամբ։ Ցավոք, մենք հաճախ զլանում ենք հիշել մեր այդ կարևոր ու առաջնահերթ պարտավորության մասին՝ ավելի հաճախ նեղվելով ու մտահոգվելով ծանոթ- բարեկամի խնդիրներով և նրանց իրենց առողջությանն հետևելու խորհուրդներ տալով։ Իսկ իրե՞նցը․․․ Բժշկին մնում է հորդորել, եթե կուզեք՝ նաև խնդրել մարդկանց՝ հաճախակի հետազոտվեք, հարգելիներս, չէ՞ որ այսօր Հայաստանում  առկա են ամենանորագույն սարքավորումներ և համապատասխան մասնագետներ, որոնք ձեզ կօգնեն այս կամ այն հիվանդությունից ապահովագրվելու և ժամանակին հիվանդության առաջն առնելու՝ բարդացումների ու սրացումների հավանականությունը  երբեմն հավասարեցնելով նվազագույնի։ Մինչդեռ ոչ հեռու անցյալում մարդիկ այդ ամենի համար ստիպված էին բռնել օտար երկրների ճամփան։
Գնահատեք ու պահապան եղեք ձեր առողջությանը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր