Հռիփսիմե Գրիգորյան

(0 votes)
There is no translation available.

ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. <<Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը>>

Յուրաքանչյուր մարդու կյանքում ընտանիքն ու երեխան գերագույն արժեքներ են, առանց որոնց հազիվ թե մարդը իրեն կատարյալ երջանիկ զգա: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ, ամենավառ գույներով գունավորում են, իմաստ հաղորդում մեր կյանքին: Յուրաքանչյուր մանկան լույս աշխարհ գալով աշխարհը հարստանում է նոր գույներով, մոլորակն ավելի գեղեցիկ ​ է դառնում: Նոր մա՜րդ է ծնվում, ծնողների ու հարազատների երջանկությունը, հասարակության մասնիկը, նրա վաղվա կառուցողն ու ծաղկեցնողը, ևս մեկը, որ ​ կանգուն պիտի պահի երկրագունդը:​

Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրանալու՝ բնությունից տրված կարողությամբ, հատկություններով ու մայրական հազարումի բնազդներով, բայց, ավաղ, նրանց որոշ մասը իրենց բնությամբ զրկվում են մայրանալու երջանկությունից: Երջանիկ է այն կինը, որը կատարել է իր կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ զավակ է լույս աշխարհ բերել։ Ավա՜ղ, ամեն կնոջ չէ, որ բնությունը <<կամենում է>> այդ երջանկությունը: Դժբախտաբար, մայրանալու բախտն ու​ երջանկությունը ոչ բոլոր կանանց է տրվում, ոչ բոլորն են կարողանում զգալ, ապրել, վայելել մայր դառնալու աստվածային զգացողությունը։ ​

Անպտղություն. Ժամանակների մտահոգող խնդիրներից մեկը, պետության համար ռազմավարական նշանակության խնդիր, ժողովրդագրական, վիճակագրական խնդիր, որը ոչ միայն մեր պետության ու հասարակության առջև է ծառացած: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր ընկերություններն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում։

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ  ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում: Ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

«Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում շատ հաճախ անհնարին թվացյալը դառնում է հնարավոր։  Մեր զրուցակիցն է «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնի​ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ​ Հռիփսիմե Գրիգորյանը, որի հետ զրուցեցինք ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին։

Հմայիչ կին է, առավել ևս՝ հաճելի զրուցակից: Իսկ ոչ պակաս հաճելի զրույցից պարզ է դառնում, որ գործ ունենք մարդկային ու մասնագիտական բարձր արժեքների ու որակների տեր ​ անհատականության հետ, որն իր բնագավառում արդեն իսկ կայացած-իրեն հաստատած մասնագետ է: Իսկ բժշկի դիմող յուրաքանչյուրին հե՛նց այս հատկանիշներն են հետաքրքրում: Իր երկարատև բարեխիղճ աշխատանքի շնորհիվ իր այցելուները նրան հենց այդպիսին էլ ​ ճանաչել, ընդունել ու գնահատել են:​ Բժշկուհին իր հաջողության բանալին գտել է ի սկզբանե. դա իր հիվանդների հանդեպ մարդասիրությունից ծնված սերն է:​ Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է մեր հասարակության մեջ դեռևս գոյության իրավունքը պահպանած կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կարողացավ կոտրել այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, նրանց հարկավոր ժամանակ ու ուշադրություն նվիրել, սակայն ընտանիքից դուրս ունենալ նաև իր սեփական աշխարհը, ուր դրսևորվում և նյութականանում են կնոջ մասնագիտական երազանքները: Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է, որն առաջնորդվելով մարդկանց ամեն կերպ աջակցելու մարդասիրական մղումներով՝ ընտրեց այս բարդ ու պատասխանատու մասնագիտությունը։

-Բժշկուհի, ե՞րբ է դրվում անպտղություն ախտորոշումը, և ե՞րբ պետք է դիմել բժշկի օգնությանը։

 -Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ ​ տարի ապրում է կանոնավոր սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում, և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է դա համարել որպես անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու առկա է տղամարդու՞ անպղություն, կնո՞ջ անպտղություն, թե՞ գործ ունենք անպտղության համակցված տեսակի հետ:​

Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է ​ անպտղության ցուցանիշների աճման միտում։ Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը։

-Որո՞նք են անպտղության պատճառները:

-Նախ՝ ասեմ, որ անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղություն ախտորոշվում է, երբ կնոջ մոտ երբևէ հղիություն չի գրանցվել: Երկրորդային անպտղություն ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ կյանքում գրանցվել է հղիություն անկախ նրանից, թե ինչ ճանապարհով և ինչ ելքով է գրանցվել հղիությունը: Անպտղության պատճառ կարող են հանդիսանալ էնդոկրին համակարգի տարբեր խանգարումները, որոնք բերում են  ձվազատման բացակայությունը, արգանդափողային գործոնը, արգանդային պատճառները, որոնցից են թե՛ զարգացման արատները, թե նորագոյացուցությունները, արգանդի միոմաները և պոլիպները, արական գործոնով պայմանավորված, ինչպես նաև՝ անհայտ ծագման անպտղություն: Անհայտ ծագման ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ ախտորոշման արդի մեթոդներով  չեն հայտնաբերել անպտղության պատճառը՝ ո՛չ կնոջ, և ո՛չ էլ տղամարդու մոտ: Եթե խոսենք երկրորդային անպտղության մասին, ապա այս դեպքում կնոջ մոտ բացակայում է հղիությունն առաջին երեխայից հետո կամ նախկին եղած, բայց վիժումերով կամ չզարգացող հղիությամբ ավարտված հղիությունից հետո:

Ամեն դեպքում անպտղության տարածվածությունը, ինչպես շատ երկրներում, մեզանում նույնպես բարձր ցուցանիշներ է գրանցում, և պատկերն այն է, որ ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ, որն իրականում մեր պետության համար շատ լուրջ ժողովրդագրական խնդիր է: Իրականում մեր ազգի աճի ցուցանիշը բավականին ցածր է. որպեսզի ազգը զարգանա և վերարտադրվի, պետք է լինի 2,1 ցուցանիշ, իսկ մեր երկրի դեպքում, եթե, իհարկե, չեմ սխալվում, բավականին ցածր ցուցանիշ է՝ 1,6։

Հարգելիներս, հորդորս այն է, որ առկա որևէ խնդրի դեպքում պետք չէ կորցնել թանկագին ժամանակը, անհապաղ, առանց վարանելու պետք է դիմել համապատասխան նեղ մասնագետների օգնությանը:

 -Ո՞րն է համարվում կնոջ ռեպրոդուկտիվ  շրջանը։

-Կնոջ ռեպրոդուկտիվ վերականգնողական շրջանը հիմնականում համարվում է 20-42 տարիքային շեմը, երբ դեռ հնարավոր է սեփական ձվաբջջով ինքնուրույն հղիանալ։ Իհարկե, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ կնոջ մոտ 35 տարեկանից հետո ռեպրոդուկտիվ պոտենցիալը նվազում է, 40-ից հետո՝ ավելի կտրուկ , իսկ 45-ից հետո՝ նույնիսկ պահպանված դաշտանի պայմաններում, համարվում է, որ սեփական ձվաբջջով հղիանալու շանսերը շատ չնչին են լինում։ Իրականում կարող է մինչև 20 տարեկան էլ կրկին խնդիրներ առաջանան. նկատի առնենք, որ երիտասարդների օրգանիզմը այդ տարիքում, որպես այդպիսին, դեռ կայացած չի լինում, այդ իսկ պատճառով մայրանալու իդեալական տարիքը​ համարվում է 20 տարեկանից սկսած:

-Ե՞րբ է անհրաժեշտություն առաջանում արդեն դիմելու արտամարմնային բեղմնավորման օգնությանը:

-Արտամարմնային բեղմնավորման ցուցումները բազմաթիվ են: Կանանց մոտ կան ցուցումներ, որոնք հիմնականում​ կապված են լինում արգանդափողերի անցանելիության հետ, որով պայմնավորված էլ հայտնաբերվել է այդ մեթոդը:  ԱՄԲ- ն, որպես բուժման մեթոդ, հետագայում սկսել է  կիրառվել նաև տղամարդկանց գործոնների դեպքում, երբ առկա էին սերմի որակի և քանակի ծանր փոփոխություններ: Կանանց ցուցումների մեջ վերը նշեցի փողերի անանցանելիությունը, ինչպես նաև՝ ձվարանների ցածր պաշարը, երբ կնոջը պետք է օգնել շուտ հղիանալ՝ ժամանակ չծախսելով տարատեսակ բուժումների վրա։ Իհարկե, կարող են լինել նաև հորմոնալ էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են ցուցում լինել արտամարմնային բեղմնավորման համար՝ ենդոմետրիոզը , անօվուլյացիան Նորագույն զարգացող մեթոդներից է  արտամարմնային  ձվաբջիջների և ձվարանային հյուսվածքի սառեցումը: Վերջինները հայտնաբերվել են պահպանելու պտղաբերությունն այն կանանց մոտ, ովքեր ունեն տարբեր ուռուցքային խնդիրներ , որոնց պարագայում պետք է անցնեն  քիմիաթերապիա և վիրահատություն, ճառագայթային բուժում․ բոլոր այս մեթոդները կարող են անդառնալի վնասել ձվարանները, և քաղցկեղից բուժվելուց հետո կինն ուղղակի չկարողանա հետագայում մայրանալ։ Իհարկե, նման մեթոդների կիրառումից առաջ պարտադիր է ուռուցքաբանի հետ համատեղ խորհրդատվությունը, հակացուցումների բացակայությունը։ Կանայք ՝ սառեցնելով իրենց ձվաբջիջները կամ սաղմնիկները, հնարավորություն են ունենում հետագայում իրագործելու իրենց մայր դառնալու բաղձալի երազանքը:

Այսօր սկսել է տարածում գտնել մինչև 35 տարեկան չամուսնացած աղջիկների մոտ ձվաբջիջների պահպանումը, քանի որ​ երբեմն երկրորդ կեսին գտնելը դժվար է լինում, ժամանակատար, իսկ ժամանակի և տարիքի հետ  կնոջ օրգանիզմի վերարտադրողական պոտենցիալը նվազում է, և այդ իսկ պատճառով մեր հորդորն է մինչեւ 35 տարեկան աղջիկներին, որոնք չունեն զուգընկեր կամ դեռ չեն պլանավորել ամուսնանալ,​ պահպանեն իրենց ձվաբջիջները ՝ կրիոկոնսերվացիայի ճանապարհով ՝ պլանավորելու հետագա հղիությունը։

 -Բժշկուհի, ովքե՞ր կարող են օգտվել Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրից։

-Բավականին շատ խմբեր են ներգրավված այդ ծրագրի մեջ. ծրագիր, որն հնարավորություն է ընձեռում այն զույգերին, ովքեր չեն կարողանում ծնող դառնալ։ Եթե համեմատելու լինենք նախկին պետպատվերի ծրագրի սահմանափակ խմբերի հետ,  ՀՀ տարածքի մինչև 35 տարեկան բոլոր կանայք կարող են ​ օգտվել արտամարմնային բեղմնավորումից ​ և սերմնավորում անելու հնարավորությունից, և 36-42 տարեկան կանայք կարող են օգտվել ինսիմինացիայից,  պատերազմում զոհված զինվորների ծնողերին արտամարմնային բեղմնավորման մեծ հնարավորություն է​ տալիս թե՛ իրենց ձվաբջիջներով, թե՛ դոնորական ձվաբջջներով։ Պետության կողմից վերջերս ընդունված այս օրենքով կարող են օգտվել անգամ փոխնակ մոր փոխահատուցման ծառայությունից, այն հերոսների մայրիկներին, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ, ովքեր չեն կարող կրել այդ հղիությունը: Սկսել են ներառվել նաև սահմնամերձ գոտու երկրորդային անպտղությամբ տառապող բնակիչները, որոնք ​ դիմում են երկրորդ բալիկի համար, և որոնց ցուցված է արտամարմնային բեղմնավորումը։ Իհարկե, կան որոշ սահմանափակումներ, բայց, միևնույն է, հաշվի առնելով այս ցուցումները սա մեծ աջակություն է պետության կողմից իր քաղաքացուն՝ հաղթահարելու անպտղությունը: Պետբյուջեի միջոցներով արհեստական ​ բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։ Կարծում ենք, որ այս ծրագիրը շատ սպասված էր։

-Ձվաբջջի դոնորություն. ովքե՞ր կարող են լինել դոնորներ, ո՞ր դեպքերում է այս մեթոդի կիրառությունը դառնում անհրաժեշտություն։

-Դոնորները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Դոնորներ կարող են լինել մինչև 35 տարեկան առողջ կանայք, որոնք չունեն առողջական խնդիրներ, գենետիկորեն հետազոտված են: Նրանք պետք է պարտադիր անցնեն մի շարք հետազոտություններ։ Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում: Ձվարանային պաշարի սպառումը կամ նվազումը մի շարք պատճառներ ունի, որոնց մեջ կարևոր է տարիքային գործոնը: Պաշարի սպառում դիտվում է նաև ձվարանների ծանր վարակներից, վիրահատություններից, աուտոիմուն և մի շարք այլ սոմատիկ հիվանդություններից, սթրեսներից, քիմիաթերապիայից հետո, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածության հետևանքով:

-Ի՞նչ պետք է հասկանալ ներարգանդային ինսեմինացիա բառակապակցության տակ։

-Մեր օրերում բավականին հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիա, երբ արգանդի խոռոչ է ներարկվում նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը: Միջամտությունն իրականացվում է​ օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով: Իսեմինացիան համարվում է բավականին արդյունավետ մեթոդ, որը մոտավորապես 3-4 անգամ ավելի է մեծացնում հղիանալու հավանականությունը։ Սերմնավորումը հավասարազոր է մեկ արտամարմնային բեղմնավորման փորձի,​ այն համարվում է առաջնային մեթոդներից մեկը, որի դեպքում կարևոր պայման է, որ ​ արգանդափողերը լինեն անցանելի և, իհարկե, մշակված սերմը սերմի հատուկ քանակությունից պակաս չպետք է լինի, որպեսզի կարողանանք հաջողության հասնել։

-Ի՞նչ պատկեր ունի կանանց և տղամարդկանց մոտ անպտղությունը տոկոսային հարաբերությամբ:

-Նախկինում կարծիք կար, որ անպտղությունն առավելապես դիտվում է կանանց կողմից առկա խնդիրների հետևանքով: Իրականում կանանց և տղամարդկանց մոտ այն հավասարապես է արտահայտված: Կարելի է ասել, որ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են, մեկ երրորդ դեպքերում՝ կանանց, մեկ երրորդ դեպքերում՝ տղամարդկային անպտղություն, իսկ մնացյալ դեպքերում երկուսի գործոնների առկայություն։ Իհարկե, ըստ բժշկական գրականության՝ կան 10 կամ 15 տոկոս դեպքեր, երբ անպտղությունը լինում է անհայտ պատճառագիտության, այսինքն՝ և՛ կինը, և՛ տղամարդը լիարժեք առողջ են, ​ ոչ մի խնդիր չունեն: Ստացվում է, որ կան պատճառներ, որոնք դեռես բացահայտված չեն ժամանակակից գիտության կողմից,​ և կան պատճառներ, որոնք բացահայտվում են ավելի խորը ուսումնասիրությամբ: Անհայտ պատճառի անպտղության բուժման  ցուցումներից է իսեմինացիան, իսկ եթե դա չի ստացվում, ​ դիմում են արտամարմնային բեղմնավորման օգնությանը։ Երբեմն սերմը ինքնուրույն չի կարող բեղմնավորում կատարել, այդ ժամանակ օգնության է գալիս արտամարմնային բեղմնավորման  մեկ քայլ առաջ մեթոդը՝ սերմի ներցիտոպլազմատիկ ներարկումը, ձվաբջջի մեջ այսպես կոչված ICSI-ի, որի էությունն հետևյալն է՝ ուղղակի վերցնում են առողջ սերմը և ներարկում ձվաբջջի մեջ։

-Բժշկուհի, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի միոման։

​-Միոման արգանդի մկանային օջախային գերաճն է: Կախված իր տեղակայումից՝ այն կարող է անպտղության պատճառ դառնալ կամ ընդհանրապես չխանգարել կնոջը: Իհարկե, եթե կա միոմա, պարտադիր առնվազն տարին մեկ անգամ պետք է համապատասխան հետազոտություններ անցնել ՝ հասկանալու համար՝ արդյոք կա՞ վիրահատման կարիք, թե՞ ոչ, որովհետև ​ ոչ բոլոր միոմաներն են ​ վիրահատական միջամտության ենթակա։ Վիրահատման ենթակա են շատ մեծ չափի միոմաները ինչպես նաև արգանդի խոռոչի ներսում  տեղեկայված կամ  արգանդի խոռոչ ներթափանցող միոմատոզ հանգույցները: Կան նաև միոմաներ, որոնք խոռոչից դուրս են աճում և կարող են չխանգարել հղիության ընթացքին: Իհարկե, երբ միոմա կրող կինը հղիանում է, այս դեպքում հղիությունը դասվում է բարձր ռիսկի հղիության շարքին, որովհետև վիժելու, վաղաժամ ծննդաբերելու ռիսկերը մեծանում են: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լինել մանկաբարձ-գինեկոլոգի խիստ հսկողության տակ:

-Բժշկուհի, խոսեք, խնդրեմ, հղիության արհեստական ընդհատումների մասին։

-Շատ հաճախ արհեստական ընդհատումը լինում է  անցանկալի հղիություն  հղիության պարագայում կամ, ցավոք, պտղի սեռով պայմանավորված: Սակայն լինում են​ նաև բժշկական ցուցումներով ընդհատումներ,  երբ հղիությունը վտանգում  է կնոջ կյանքը, կամ առկա են պտղի զարգացման արատներ։ Բժշկական ցուցումով ընդհատումները կատարվում է միայն բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ։  Արհեստական ընդհատումը կնոջ օրգանիզմի համար կարող է ունենալ մի շարք ծանր հետևանքներ: Եթե հղիությունն ընդհատվում է դեղորայքի միջոցով, այն կնոջ օրգանիզմում առաջացնում է հորմոնալ ֆոնի մեծ տեղաշարժ։ Երբ դեղորայքն ընդունում են առանց բժշկի ցուցման, այն կարող է բերել արյունահոսության, ընդհուպ մահվան ելքով։ Իսկ երբ հղիությունն ընդհատվում է գործիքային միջամտությամբ, այն կարող է հանգեցնել տարատեսակ խնդիրների։ Դրանք կրելով վարակային բնույթ՝​ կարող են առաջացնել կպումներ, ընդհուպ անգամ արգանդի թափածակում։ Այդ իսկ պատճառով պետք է լինեն խիստ բժշկական ցուցումներ, և նոր միայն կատարվի արհեստական ընդհատում։ Ես հորդորում եմ կանանց՝ եթե հղիություն չեն պլանավորում, անշուշտ, իրենց գինեկոլոգի ցուցումով, պաշտպանվելու համար կարող են օգտվել որևէ հակաբեղմնավորիչ մեթոդից, ոչ թե ամեն անգամ ընդհատել անցանկալի հղիությունը, որը, ցավոք սրտի, մեզանում մեծ տարածում ունի։

Բայց հուրախություն մեզ՝ ներկա սերունդն ավելի տեղեկացված է, ավելի գրագետ, երիտասարդ կանայք հիմնականում միայն բժիշկների ցուցումներից ելնելով են օգտվում համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներից ու մեթոդներից:

 -Այսօր, կարծեք թե, երիտասարդ կանայք բավականին շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման: Ի՞նչ կասեք այդ առումով։ Արդյոք այս մոտեցումն ավելի՞ ընդունելի է:

- Կեսարյան հատումների թիվը մեր ժամանակներում իսկապես ​ աճում է ամբողջ աշխարհում: Կեսարյան հատումը օրգանիզմի համար արդեն իսկ համարվում է տրավմա, այն նախընտրելի է միայն խիստ ցուցումների դեպքում, մինչդեռ մեր տարածաշրջանում շատ մեծ տարածում ունի: Բանն այն է, որ երիտասարդ ծննդկանների մոտ բնական ճանապարհով ծննդալուծման նկատմամբ կա չհիմնավորված վախ, մինչդեռ  պետք է խնդրին գիտակցաբար մոտենալ, և չպետք է վախենալ բնական ճանապարհով ծննդաբերելուց: Չպետք է վախենալ ցավից, ​ քանզի երեխային​ գրկելիս​ ծննդաբերական ամեն ցավ կմնա անցյալում: Պետք է հիշել, որ​ կեսարյան հատման հետվիրահատական շրջանն ավելի բարդ է, այդ շրջանում ցավերը կարող են տևել մոտ 4-6 շաբաթ։ ​

 -Վերջին տարիներին երիտասարդները մինչև ընտանիք կազմելը հետազոտման նպատակով ավելի հաճախ են դիմում գինեկոլոգի ծառայություններին:

-Շատ գովելի է և գրագետ մոտեցում է մինչ ամուսնությունն ու հղիությունը պլանավորել հետազոտում անցնել, քանի որ  հանկարծակի հայտնաբերված խնդիրների դեպքում հնարավոր կլինի նախապես բուժում անցնել ՝ արդյունքում նվազեցնելով հետագայում չհղիանալու կամ վիժում ունենալու հավանականությունը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք անպտղությամբ տառապող ամուսնական զույգերին:

-Վերարտադրողական բժշկությունը անընդհատ զարգացող գիտություն է, որը երբեմն, ցավոք սրտի, արձանագրում է նաև անհաջող ելքեր։ Իհարկե, մենք անում ենք հնարավորն ու անհնարինը լավագույն արդյունքներին հասնելու համար, բայց, բնականաբար, բոլորս գիտակցում ենք, որ  չենք կարող մշտապես 100 տոկոսանոց արդյունք ապահովել։ Իսկ մեր այն զույգերին, որոնց ​ մոտ չի ստացվում բնական ճանապարհով հղիանալ, հորդորում եմ երբեք չընկճվել, չհանձնվել, հավաքելով իրենց վերջին ներուժը՝ պայքարել և հավատով անցնել այդ դժվարին, բայց այնքան բաղձալի ճանապարհը: Ծնող դառնալու,​ մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին։

Ուզում եմ, որ եմ մեր կանայք սիրեն իրենց, լինեն առողջ ու երջանիկ, ուզում եմ, որ խուսափեն հղիության ուղղակի սեռով պայմանավորված ընդհատումներից՝ հիշելով, որ, վստահաբար, աշխարհում մի տեղ կա մի զույգ, որը երազում է ծնող դառնալ:

Կյանքի բոլոր ասպարեզներում ու փուլերում կանայք շարժիչ ուժ են, դեռևս երեխայի պրենատալ շրջանից մինչև խորը ծերություն, երբ երազում ես օրվա հոգսերից հետո մի պահ գլուխդ դնել մորդ ծնկներին, կամ մայրդ առնի քեզ իր ափերի մեջ, կտրվես իրականությունից, ընդարմանաս ու հասկանաս, որ կա կյանքում իրական ու անփոխարինելի ՍԵՐ....

Հաճախ ժպտացեք, սիրելի կանայք, սեր տվեք, սեր առեք, ապրեք ու ապրեցրեք....

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր