Լիլիթ Այվազյան

(0 votes)
There is no translation available.

Սիրելինե՛րս, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը

​Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը նախևառաջ պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գերճշգրիտ արդյունքներ:​ Արժեքավոր է ռադիոլոգների և առողջապահության այդ ոլորտի մասնագետների​ աշխատանքը, ովքեր օգտագործում են պատկերման տեխնոլոգիաներ՝ ախտորոշելու հիվանդությունների լայն սպեկտր և ճառագայթաբանությունը որպես մասնագիտություն խթանելու համար: ժամանակակից առողջապահության ոլորտում կարևոր ներդրում է ախտորոշիչ պատկերման և ճառագայթային թերապիայի վերաբերյալ հասարակության իրազեկությունը բարձրացնելու հնարավորությունը:Մասնագիտության զարգացումը` իր պատկերային տեխնոլոգիաներով, փոխկապակցված լինելով արհեստական բանականության զարգացման հետ, համարվում է առողջապահական ոլորտի հետագա զարգացման գրավականը:

​Մեր զրուցակիցն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային կենտրոնի ռենտգեն ախտորոշման բաժանմունքի բժիշկ ռադիոլոգ, Հայաստանի Հանրապետության ռադիոլոգների ասոցացիայի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Լիլիթ Այվազյանը:

-Բժշկուհի, ի՞նչ հետազոտություններ են իրականցվում Ձեր անմիջական մասնակցությամբ:

​-Ասեմ, որ հիմնականում զբաղվում եմ ռենտգենոլոգիայով, կրծքավանդակի, ոսկրային համակարգի, աղեստամոքսային տրակտի հետազոտություններով, ինչպես նաև զուգահեռ հետազոտություններ եմ իրականացնում դենսիտրոմետիկ սարքով։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն 3 տարի գործում է նաև ռենտգենօստեոդենսիտոմետրիայի կաբինետը, որը վերազինվել է Հայաստանում եզակի <<Hologic>> ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով: Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս հավաստիորեն որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման, վաղ ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության հսկողության համար: Սարքն ունի օրթոպեդիկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետազոտել և գնահատել ոսկրային հյուսվածքի վիճակը պրոթեզավորված հոդի շրջանում, այսինքն՝ տեղեկանալ, թե պրոթեզավորված հոդի հարակից ոսկրերն ինչ վիճակում են: Սարքի առավելությունն է ոսկրի, մկանի և ճարպային հյուսվածքների ուսումնասիրությունը, մեծ ճշգրտությամբ ախտորոշումը, ինչը հաշվարկված է տոկոսային հարաբերությամբ, բարձր զգայունությունը և ռենտգեն հետազոտության մինիմում դոզան, որը համեմատական կարգով կազմում է կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի մեկ տասներորդականը։ Այս հետազոտությունից առաջ նախապես պատրաստվել պետք չէ, հետազոտության ընթացքը կարճատև է, և պատասխանն արագ​ տրամադրվում է պացինետին: Հետազոտությունից առաջ անպայման պիտի հաշվարկել է​ FRAX-Ը:

​-Ի՞նչ է FRAX-ը:

​-FRAX-ը նախատեսված է հաշվելու համար 10-տարում կոնքի կոտրվածք ունենալու հավանականությունը և 10-տարում օստեոպորոտիկ գլխավոր կոտրվածքներ (կլինիկորեն արտահայտվող կողերի, կոնքի, նախաբազկի կամ ազդրի պրոքսիմալ կոտրվածքներ) ունենալու հավանականությունը, հիմնվելով ազդրի վզիկի BMD–ի և կլինիկական ռիսկի գործոնների վրա։ FRAX-ի հաշվման ալգորիթմը հասանելի է ժամանակակից BMD սարքավորումներով։

-Ի՞նչ է դենսիտոմետրիան, ո՞ւմ է այն ցուցված, և որո՞նք են այս հետազոտության առավելությունները:

​-Դենսիտոմետրիան դա ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է , որը լինում է ռենտգենյան և ուլտրաձայնային: Ամբողջ աշխարհում հետազոտության ստանդարտ է համարվում ռենտգեն դենսիտոմետրիան, որը կարող է տալ հստակ ախտորոշում՝ կա՞ արդյոք խնդիր, թե` ոչ:

​Դենսիտոմետրիան պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում։ Միակ հակացուցումը հղիություն է։ Նաև ցանկալի չէ հետազոտությունից առաջ պացիենտը անցած լինի որևէ կոնստրակտային հետազոտություն,օրինակ` ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություն բարիումով, որը կարող է խանգարել դենսիտոմետրիկ հետազոտության արդյունքներին։

​Դենսիտրոմետրիան խորհուրդ է տրվում անցնել բոլոր 60 տարեկանից բարձր կանանց եւ 70 տարեկանից բարձր տղամարդկանց, ինչպես նաև էնդոկրին հիվանդությունների դեպքում, այն պացիենտներին, ում մոտ ախտորոշվել է կոտրվածք` աննշան տրավմայի հետևանքով: Պոստմենոպաուզալ կանանց և 50-69 տարեկան տղամարդկանց՝ հաշվի առնելով ռիսկային գործոնների պրոֆիլը:

​Այն անձանց, որոնց մոտ ախտորոշվել է​ ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը։

​Այն պացիենտներին, որոնք այնպիսի դեղամիջոցներ են ընդունում, որը նվազեցնում է ոսկրի խտությունը, օրինակ`  կորտիկոստերիդներ, հակաբեղմնավորիչներ, հորմոնալ որևէ դեղամիջոցներ։ Նաև խորհուրդ է տրվում    ճարպակալման դեպքում։ Խորհուրդ է տրվում նաև ուռուցքային հիվանդություն ունեցողներին, այն կանանց, որոնց մոտ հեռացված են ձվարանները, քիմիաթերապիայից հետո։

​Դենսիտոմետրիան ցուցված է նաև այն պացինտներին, որոնց հարազատների մոտ 30 տարեկանից հետո ախտորոշվել է օստեոպորոզ, այսինքն՝ մեծ դեր է տրվում ժառանգական գործոնին: Կարող են հետազոտվել նաև ցածրահասակները, մարմնի քիչ քաշ ունեցողները, նստակյաց կյանքով ապրողները, ինչպես նաև կալցիումի և D վիտամինի պակաս ունեցողները։

​-Ի՞նչ է ոսկրերի միներալային խտությունը:

​-Ոսկրերի միներալային խտությունը ոսկրի մեկ միավորին բաժին ընկած միներալի չափն է, չափվում է դենսիտոմետրիկ հետազոտությամբ:

 -Բժշկուհի, իսկ ի՞նչ հիվանդություն է օստեոպորոզը:

​-Օստեոպորոզը հաճախ համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, սակայն շատ կարևոր է իմանալ, որ 35 տարեկանից հետո ոսկրերում կալցիումի քանակը սկսում է պակասել, իսկ արդեն 50-ին մոտ շատ արագ ավելի նվազում: Օստեոպորոզը ենթակա է բուժման, եթե այն ախտորոշվում է վաղ փուլերում: Կարող եմ ասել, որ դասական ռենտգենաբանական հետազոտությամբ ևս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, բայց միայն այն դեպքում, երբ ոսկրային հյուսվածքի կորուստը գերազանցում է 30 տոկոսը։ Դենսիտրոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի մինչև 2-5 տոկոս կորուստը, ինչն անգնահատելի​ նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման ամենավաղ փուլում:

​​ -Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

​-Այո, իհարկե, վերջերս​ ​ մասնակցել եմ Վրաստանում կազմակերպված կոնֆերանսի։ Քանի որ տեխնոլոգիաները միշտ զարգանում են, դրան զուգընթաց պարզապես պետք է առաջ շարժվել, որպեսզի չլճանալ։ Նշեմ, որ վերջերս​ վերապատրաստում եմ անցել և փորձի փոխանակում ստացել` աշխատելով Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան գիտահետազոտական ուռուցքաբանական կենտրոնում, վերջին շրջանում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների, որոնք հիմնականում նվիրված էին ռադիոլոգիային, իմ նեղ մասնագիտացմանը: Մոտ ապագայում պատրաստվում եմ Մոսկվայի բժշկության կենտրոնում կայանալիք կոնֆերանսին, և նշեմ նաև, որ արդեն երկու ամիս է, ինչ ուսանում եմ Առաջնորդության զարգացման և ինովացիայի ակադեմիայում, ասեմ, որ բավականին գիտելիքներ է տալիս, հետաքրքիր և գիտակից մարդկանց հետ շփում , փորձի փոխանակում։ Ասեմ , որ հաճախում եմ մեծ սիրով։

​​ -Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ նաև մանկավարժական գործունեություն եք ծավալում, մի փոքր կխոսե՞ք դրա մասին։

​-Այո, ես  դասավանդում  եմ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնում։ Ցանկանում եմ ասել, որ դասավանդումը տալիս է ինձ մղիչ ուժ` առաջ շարժվելու,​ միշտ նորը արարելու և գիտելիքներս փոխանցելու, իսկ այժմյան սերունդը շատ հետաքրքրասեր է, խելացի, պրպտող, ձգտող։ Իրենք  իրենց հարցերով պարտավորեցնում են, որ միշտ լինեմ նորարարությունների զարկերակին։

​​ -Որպես վերջաբան` ի՞նչ մաղթանք և խորհուրդ կտաք:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ կոլեգաներին ամենօրյա դժվարին, պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար, շնորհակալություն իմ պացիենտներին վստահության համար, քանզի վստահությունն է, որ մեզ առաջնորդում է կատարելագործվել: Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրում։
​Իսկ մեր հայրենակիցներին կոչ եմ անում` սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, հաճախակի անցեք հետազոտություններ, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր