Ինեսա Կարապետյան

(0 votes)
There is no translation available.

Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես

Վերարտադրողական ոլորտում սաղմնաբանությունը, լինելով նորագույն ճյուղ,  անպտղությամբ տառապող շատ զույգերի հնարավորություն է տալիս զգալ  ծնող դառնալու  բերկրանքը: Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։  Վերարտադրողական առողջությունը մարդկության զարգացման կարևոր նախապայմաններից է, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը,  ծնելիությունն ու   բնական աճը:

Մեր զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի հրավիրյալ դասախոս, Երևանի պետական բժշկականի համալսարանի  կենսաբանության ֆակուլտետի դասախոս, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան  Ինեսա Կարապետյանը:  

Ինեսա Կարապետյանը ընտրելով մասնագիտություններից դժվարագույնը` երբեք չի զղջացել, առաջնորդվելով իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Նա իր էությամբ նախաձեռնող է, նպատակասլաց, իրեն դիմող զույգերի մտայնությանը անմիջականորեն հետամուտ, և,  որպես այդպիսին,  ստանձնել է մեծ պատասխանատվություն սիրած աշխատանքի նկատմամբ, առանց որի իր կյանքը պարզապես չի պատկերացնում: Ում կարծիքով՝ առողջապահության նվիրյալների մասնագիտությունը  մարդասիրական լինելուց բացի, նախևառաջ ի վերուստ մարդուն տրված  վեհ կոչում է, որին պետք է միշտ հավատարիմ ու նվիրված մնալ` մեծ հոգածությամբ ու հաջողությամբ իրագործելով   այդ բարձր առաքելությունը:

Ի դեպ, վերջերս Ինեսա Կարապետյանը «Որակի նշան» ընկերության կողմից «Տարվա սաղմնաբան» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:

-Ի՞նչ մեթոդ է համարվում կրիոկոնսերվացիան:

-Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է արտամարմնային բեղմնավորման նպատակով: Իր սեփական կենսանյութը սառեցնելով, բուժառուն կարող է հետագայում խուսափել վերարտադրողականության հետ կապված խնդիրներից: Կրիոկոնսերվացիայի ենթարկվում են սաղմերը, ձվաբջիջները և սպերմատոզոիդները: Իրականում, եթե տեխնոլոգիան ճիշտ է կանոնակարգվում, և ընտրվում են ճիշտ որակի սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ, դրանք կարող են երկար տարիներ պահպանվել: Կարելի է պահել անսահմանորեն, այն պահպանման ժամկետ չունի: Պահպանման ժամանակն ընտրում է պացիենտը, նա նաև կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել հետագա պահպանումից և ուտիլիզացման  (ոչնչացման) ակտ կնքել:

 -Ովքե՞ր և ի՞նչ պատճառով են դիմում կրիոկոնսերվացիայի:

-Կրիոկոնսերվացիայի կարող են դիմել կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեփական ձվաբջիջներն ունենալ` հետագայում բեղմնավորման համար: Այս խմբում կարող է լինել կանանց այն հատվածը, որը չի պլանավորում երեխա ունենալ մինչև 36 տարեկանը, սակայն մտավախություն ունի, որ տարիների ընթացքում՝ ձվարանային պաշարի նվազման հետևանքով, հետագայում չի կարողանա հղիանալ:

Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են թվով շատ կենսունակ էմբրիոններ: Այդ էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում:

Կրիոկոնսերվացիայի դիմում են նաև այն դեպքում, երբ զույգի կողմից որոշում է կայացվում ամուսնու երկրից բացակայելու ժամանակ արտամարմնային բեղմնավորում իրականացնել: Այս դեպքում կատարվում է սերմի սառեցում:

Ձվաբջիջների և սերմի սառեցումը կատարվում է ո՛չ միայն ըստ ցանկության, այլ նաև բժշկական ցուցումով: Կանայք, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդությամբ և ստիպված են դիմել ձվարանների վիրահատական միջամտության, որի հետևանքով ձվարանային պաշարը կարող է կտրուկ պակասել, կամ հեռացվում են ձվարանները, նախքան վիրահատությունը կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները, որպեսզի հետագայում սեփական կենսաբանական երեխաներն ունենալ` արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Նույնը վերաբերում է ուռուցքային հիվանդությամբ տառապող տղամարդկանց, որոնք ցանկանում են հետագայում սերունդ ունենալ, պահպանելու համար իրենց գենետիկ պաշարը:  Նախքան վիրահատությունը կամ քիմիաթերապիան, սառեցվում է նրանց սերմը, քանի որ քիմիաթերապիան կտրուկ նվազեցնում է սպերմատոգենեզը և ազդում է սերմի որակի վրա:

-Որքանո՞վ է կարևորվում սաղմի կրիոկոնսերվացիայի դեպքում տարիքը և կոնկրետ ժամանակահատվածը:
-Կնոջ  վերարտադրողական տարիքային շեմը մինչև 36-ն է, բայց 36-ից բարձրի դեպքում` արդեն ըստ ցուցումների, երբ  տեսնում ենք` կա նորմալ որակ: Սերմը  ավելի մեծ տարիքում կարող ենք պահպանել, բայց ձվաբջիջների դեպքում մի քիչ ավելի վաղ են սկսվում որակական իջեցումները։ Սաղմի սառեցումը հաճախ կատարվում է վերարտադրողական խնդիրների ժամանակ: Կրիոկոնսերվացիան նպատակահարմար է կատարել մինչև 36 տարեկան պացիենտների մոտ՝ գենետիկ խնդիրներից խուսափելու նպատակով: 36-ից բարձր տարիքում 3-4 անգամ ավելանում է գենետիկ անոմալիաներով էմբրիոնների ստացման վտանգը, որը կարող է բերել թե՛ հղիություն չգրանցվելուն, թե՛ հղիության զարգացման խախտման և ամենավտանգավորը` պտղի զարգացման արատների:

-Կա՞ սաղմի ընտրման հատուկ մոտեցում` գենետիկ հիվանդություն ունեցողների համար:
-Այժմ կիրառվում է գենետիկ դիագնոստիկա. մինչ սաղմը տեղադրելը, կարողանում ենք ինֆորմացիա իմանալ դրա մասին, որից վերցվում է մի քանի բջիջ, ուղարկվում գենետիկ հետազոտության, հասկանալ դրա պատմությունը։ Ամեն դեպքում այն համարվում է ինվազիվ միջամտություն, և այդ մեթոդի կիրառումից հետո առանձնապես խնդիրներ չեն նկատվել երեխաների մոտ։

Եթե անհատն ունի գենետիկ հիվանդություն, կամ արտահայտված գենետիկ հիվանդությունների ժառանգականություն, սակայն ցանկանում է ունենալ առողջ երեխա, հետագայում ստացված էմբրիոններն անցնում են գենետիկ հետազոտություն, և ընտրվում են գենետիկորեն առողջ էմբրիոնները, հետո միայն կատարվում է էմբրիոնի տեղադրում:

-Պետպատվերի շրջանակներում մինչև ո՞ր տարիքային շեմի զույգերին  է այն հասանելի:

-Մինչև 36 տարեկան ներառյալ զույգերը պետպատվերի շրջանակներում հնարավորություն ունեն օգտվել այդ ծրագրից։ Առաջիկայում նախատեսվում է տարիքային շեմը բարձրացնել, և եթե երկրորդային հղիություն է, և արդեն ունեն մեկ երեխա, երկրորդային հղիությունն էլ ընդգրկեն այդ ծրագրի մեջ, քանզի մեր երկրում ծնելիության խնդիր կա։ Իսկ դոնորական ձվաբջիջների հղիությունը մինչև 43 տարիքային շեմն է։ Մտահոգիչ հարց կա այս ոլորտում, քանի որ գնալով խնդիրը գերակա է դառնում նաև տղաների մոտ, և զույգերը ֆինանսական առումով հնարավորություն չունեն դիմել արտամարմնային բեղմնավորման օգնությանը, բայց հուրախություն մեզ` պետպատվերի շրջանակներում հասանելի ծրագիրը շատ զույգերին ծնող դառնալու բերկրանք պարգևեց։ Իսկ եթե առաջինը չի ստացվում, երկրորդ փորձն արդեն 50 տոկոս պետության աջակցությամբ է իրականացվում։

Կցանկանամ, որ ոչ ոք այս խնդրի առջև չկանգնի, և բոլորն էլ զգան ծնող դառնալու  մեծ բերկրանքը:

-Հասցնո՞ւմ եք արդոք վերապատրաստումների մասնակցել։

-Այո, իհարկե, առողջության ոլորտը մշտապես զարգացող ոլորտ է, պետք է միշտ լինես նորարարությունների զարկերակին, որպեսզի չդոփես տեղում։ Այսօր բավականին շատ են առցանց կոնֆերանսերը։ Հուլիսի 7-ին մեկնել էի վերապատրաստման, Եվրոպական արտամարմնային բեղմնավորման ասոցիացիան կրկին կազմակերպել էր կոնֆերանս: Իրականում նման կոնֆերանսերը շատ հետաքրքիր են անցնում, քանզի լինում են նաև փորձնական աշխատանքային պրոցեսներ, և անզեն աչքով այդ ամենին ներկա լինելը իսկապես հաճույք է։ Ցանկություն ունեմ նաև մեկնել Իսրայել` նորարարությունների հետևից, չնայած մեր կապն իրենց հետ մշտապես կա և միշտ էլ կլինի։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:

-Սաղմնաբանության ոլորտի հետ կապված ասեմ, որ դասավանդում եմ երկու ուսումնական բարձրագույն հաստատություններում, երիտասարդները շատ ոգեշնչված են. թող անհամեստ չթվա, բայց  ես եմ շատ դեպքերում իրենց ոգեշնչում դեպի սաղմնաբանության դժվարին, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ոլորտը: Ոգևորությամբ լցվելն այլ է, բայց եթե արդեն ձեռքդ վերցնում ես անհրաժեշտ գործիքները, այդ ժամանակ ես հասկանում`  դու կկարողանա՞ս այդ մասնագիտության մեջ կայանալ, թե` ոչ, քանզի սաղմաբան լինելու համար մի քանի գծերով պիտի առաջնորդվես, ինչու չէ` նաև բնավորությամբ` հասկանալու համար կարող ես սրտացավ սաղմաբան աշխատել, թե` ոչ։ Սաղմնաբան դառնալ ցանկացողներ կան, բայց սաղմանաբանի աշխատանք գտնելը մեր երկրում խնդիր է։ Իրականում կլինիկաներ կան, որ երկրորդ սաղմնաբան չունեն։ Կասեմ, որ դա շատ սխալ է, պետք է մասնագետները մեկը մեկին լրացնեն, այսպես ասած, երկրորդ աչք պետք է լինի, քանզի մենք գործ ունենք զույգի հետ, և սաղմնաբանի գործն իրականում ծավալուն աշխատանք է։ Մի փուլով չի ընթանում.  մեկ զույգի հետ 5 օր աշխատանք է տարվում մինչև սառեցումը։

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։

-Ոչ,  մի արմատներում չկան բժիշկներ: Իրականում նեղ մասնագիտացման ճանապարհին բախվել եմ շատ դժվարությունների առջև: Ես, ինքս իմ երեխայի դեպքում երբեք չեմ խանգարի մասնագիտական ընտրության հարցում, կցանկանամ ինքը գիտակցորեն մոտենա իր մասնագիտության ընտրությանը։ Բայց իրականում տղաս չի էլ ցանկանում ընտրել բժշկության ոլորտը, ավելի շատ հետաքրքրված միջազգային հարաբերություններով և փիլիսոփայությամբ,  ուսանելով մի շարք երկրներում։ Ամեն  դեպքում  որոշումն իրենն է, ես երբեք չեմ խոչընդոտի իր մասնագիտության ընտրության մեջ:

-Այս տարի   «Տարվա սաղմնաբան» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։

- Իրականում նման մրցանակները ոգեշնչող են, պարտավորեցնող, և շատերի համար սաղմնաբանի աշխատանքը բացահայտված չէ, ինչու չէ նման մրցանակաբաշխությունները բերում են նաև ճանաչելիություն: Սաղմնաբանությունն ունի 20 տարվա պատմություն, ինչքան շատ ես խորանում այս մասնագիտության մեջ, այնքան ավելի բացահայտում ես քեզ համար այս ոլորտը:

 -Ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:

- Ցանկանում է կանանց հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգևին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան:  Ազատ սեռական կյանք վարելուց  մեկ տարի հետո, եթե չի գրանցվում հղիություն, պետք է դիմեն նեղ մասնագետի: Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, տղաս, ընկերներս և մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը        

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր