Բժշկի ճանապարհը կյանքի և առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է
Առողջապահական համակարգը ամբողջ աշխարհում զարգանալով` պարբերաբար նոր նշաձողեր է սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում բժշկության մեջ բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան առաջատար կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ:
- Բժիշկ, որո՞նք են միզածորանի և երիկամների ամենահաճախ հանդիպող բնածին արատները:
-Ամենահաճախ հանդիպողը բնածին արատներից հիդրոնեֆրոզն է, որը ենթակա է վիրահատական միջամտության: Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակաավազանային համակարգի պրոգրեսիվ լայնացումն է և պարենխիմայի բարակումը, որի պատճառը ավազան-միզածորանային սեգմենտից մեզի արտահոսքի խանգարումն է: Դա ժամանակի ընթացքում բերում է երիկամի անվերադարձ ախտահարման, ֆունկցիայի պրոգրեսիվ իջեցման: Առանց բուժման, երիկամն ի վերջո կորցնում է իր ֆունկցիան: Այսինքն` մեզի բնական ճանապարհով ներքև իջնելու ճանապարհին լինում է ինչ-որ խոչընդոտ, խանգարում, որի պատճառով մեզը դժվարությամբ է անցնում դեպի ներքև, որից վեր միզուղիները լայնանում են։
-Ջրգողություն: Կմանրամասնե՞ք:
-Լինում է ամորձու և սերմնալարային ջրգողություն։ Բնածին ջրգողության պատճառը որովայնամզի բունոցային ելունի Օբլիտերացիայի խանգարումն է: Բունոցային ելունը որովայնամզի արտափքումն է, որը լինում է աճուկային խողովակով հղիության 5-րդ ամսում իջնում է դեպի փոշտ, այնուհետև, երբ ամորձին իջնում է իր տեղը՝ 7-8-րդ ամիսներին, ուղին պետք է փակվի։ Երբ չի փակվում, մնում է լայն, դառնում է բնածին աճուկային ճողվածք։ Կարող է մնալ նաև նեղ, և հեղուկը որովայնից կարող է իջնել, բարձրանալ և զարգանում է ջրգողություն։ Եթե շարունակվում է մինչև ամորձու թաղանթները, և հեղուկը շրջապատում է ամորձուն, դա ամորձու ջրգողություն է, իսկ երբ վերջանում է սերմնալարի վրա, դա սերմնալարային ջրգողություն է: Ի տարբերություն աճուկային ճողվածքների` ջրգողությունները շտապ վիրահատության ցուցում չեն պահանջում, մանավանդ` փոքր տարիքում, քանի որ նախ` մոտ 80 տոկոս հավանականություն կա, որ մինչև 2 տարեկանը այդ ելունը կփակվի, ջրգողությունը կվերանա, և երկրորդ` այդ տարիքում բացասական ազդեցություն գրեթե չի ունենում, և ձվիկը չի տուժում։ Այդ իսկ պատճառով մինչև 2 տարեկանը չենք վիրահատում, 2 տարեկանից հետո, եթե չանցավ, անցնելու հավանականությունը գրեթե զրո է, պետք է մինչև 3 տարեկանը այդ վիրահատությունն իրականացվի, քանզի 3 տարեկանից հետո սկսում է խանգարել այդ հեղուկը ձվիկի նորմալ աճին և զարգացմանը։ Եվ երկրորդ տեսակը ձեռքբերովի ջրգողությունն է, որը կարող է զարգանալ տրավմաներից, բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններից հետո։ Եթե պատճառը տրավման է, հետտրավմատիկ ջրգողություն է, գրեթե երբեք չի անցնում: Եթե ցուցվում է վիրահատական միջամտություն, ապա այն տարբերվում է բնածին ջրգողության վիրահատական միջամտության մոտեցումից. այս դեպքում ամորձու թաղանթները, որոնք ինչ-որ պատճառով գրգռված են և սկսում են հեղուկ արտադրել, մասամբ հեռացվում են, մասամբ շուռ են տրվում հակառակ ուղղությամբ, որպեսզի արտադրված հեղուկը դուրս գա ենթամաշկ և այնտեղից ներծծվի։ Եթե ինֆեկցիոն հիվանդություններից, տուբերկուլյոզից կամ բրոցիլիոզից առաջացած ջրգողություն է, ապա առաջնահերթ պետք է հիվանդությունը բուժել, եթե բուժումից հետո մնացորդ մնա, ապա այդ դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն։ Եվ եթե սիստեմային հիվանդություններից առաջացած ջրգողություն է՝ ռեմանտիզմ, պարբերական հիվանդություն և այլ հիվանդությունների պատճառահետևանք, ապա այդ դեպքում կրկին մեծ հավանականություն կա, որ դեղորայքային բուժման դոզավորումը քիչ է լինում: Դեղորայքային դոզան նորմայի բերելու շատ դեպքերում հնարավոր է ջրգողությունը վերանա, և վիրահական միջամտության կարիք չի լինի։
-Պոչուկի բա՞ց, թե՞ փակ վիրահատություններն են նախընտրելի։
-Իրականում բոլոր այն երկրներում, որտեղ բժշկությունը պետական աջակցությամբ է, բժիշկները նախընտրում են փակ վիրահատությունները, քանի որ վիրահատական միջամտության հաջորդ օրը բուժառուները կարող են արդեն դուրս գրվել։ Բնականաբար փակ վիրահատական միջամտությամբ իրակացված վիրահատությունների կրկնվելու հավանականությունը մեծ է, քան բաց վիրահատությունների ժամանակ։ Իսկ բոլոր այն երկրներում, որտեղ ապահովագրական բժշկություն է, նախընտրում են բաց վիրահատություն, քանզի բուժառուն երկար է մնում բուժանձնակազմի հսկողության տակ, հետվիրահատական շրջանը բարդ է, բայց կրկնվելու հավանականությունը՝ քիչ։ Իրականում երկուսն էլ կիրառելի են, բայց սովորաբար որոշումը` բաց, թե փակ, ընտրում ենք վիրահատության ժամանակ: Եթե մեծ խոռոչ է, արտահայտված բորբոքային պրոցես է, թարախալակում կա, դիմում ենք բաց վիրահատություն։ Իսկ եթե շատ փոքր է, բորբոքային պրոցես չկա, բուժառուն շատ նիհար է, ենթամաշկի ճարպը` քիչ, դիմում ենք փակ վիրահատական միջամտությանը:
-Ի՞նչ է դոլիխոսիգման:
-Դոլիխոսիգման հաստաղիքի ավելորդ, երկարացված գալարն է, որը լինում է բնածին կամ ձեռքբերովի։ Բնածին արատի ժամանակ հաստաղու վերջնամասի, սիգմայաձև աղիքն ունի ավելի երկար հատված, որը, հավելյալ գալար առաջացնելով, բերում է փորկապության։
Քանի որ այդ մասում կարող է կղանքի կուտակում առաջանալ, այն սեղմում է նաև միզապարկին` պարբերաբար առաջացնելով միզապարկի աշխատանքի խանգարում: Խնդիրները տարանջատելու համար անհրաժեշտ է կատարել սոնոգրաֆիկ և այլ հետազոտություն, որպեսզի տեսանելի լինի աղիքի վերջնական կառուցվածքը։
-Ի՞նչ ասել է նեյրոգեն միզապարկ:
-Նեյրոգեն միզապարկը շատ բարդ, շատ ծանր վիճակ է, որի պատճառը միզապարկի աշխատանքի կարգավորման նյարդային խանգարումն է։ Ամենածանր ուրոլոգիական խնդիրներից մեկն է` ուռուցքների և միզապարկի էքստրոֆիայի հետ։ Եթե մենք ոչինչ չանենք, գրեթե 100 տոկոս հավանականությամբ բերում է երիկամների շարքից դուրս գալուն, և երեխան միշտ անմիզապահությամբ է տառապում։ Իսկ երբ երիկամներն էլ շարքից դուրս եկան, այդ նույն միզապարկի վրա նոր երիկամի փոխպատվաստում ոչ ոք չի համաձայնի անել, քանզի այդ երիկամն է շարքից դուրս գալու։ Բուժումը պետք է շատ արագ համակարգել։ Արտերկրում` նորմալ առողջապահական համակարգ ունեցող երկրներում, երբ երեխան ծնվում է մենինգոմիելոցելեով, մինչև նեյրովիրաբույժի մոտ ուղղորդվելը, նա անցնում է ուրոլոգիական հետազոտություն, քանզի շատ հաճախ, վաղ սկսելով կատետրներով միզապարկի դատարկումը, փրկվում են երիկամները` առանց որևէ դեղերի, բուժումների կամ վիրահատությունների, մինչ այն տարիքային շեմին հասնելը, երբ կարող են վիրահատական միջամտություն կատարել։ Հետազոտությունները շարունակական բնույթ են կրում, անընդմեջ հսկողություն, պարբերաբար հետազոտություններ, բուժման փոփոխում, անհրաժեշտության դեպքում` վիրահատություն, քանի որ խնդիրը բավականին լուրջ է: Բայց եթե վերը նշված քայլերը կատարվեն գրագետ և համակարգված, կունենանք լավ արդյունք։ Իհարկե, ամեն դեպքում չի կարող դառնալ առողջ միզապարկ, բայց արդեն միզապարկը չի ազդում երիկամների վրա, երիկամները շարքից դուրս չեն գալիս կամ եթե շարքից դուրս են գալիս, ապա միայն 50-60 տարիքային շեմում, ոչ թե, ասենք, 15 տարեկանում: Բուժառուն անմիզապահություն չի ունենում, նա կախյալ չի լինում բուժաշխատողից կամ ծնողից: Բայց դրան հասնելու համար պետք է ամեն ինչ անել, ոչ թե խուսափել բարձրաձայնելուց։
-Բժիշկ, ի՞նչ է կրիպտորխիզմը:
-Կրիպտորխիզմը կամ ամորձու էկտրոպիան ընդհանրացված են մեկտեղ, բայց իրարից տարբերվում են պաթոգենեզով` ծագումով։ Դա ձվիկի բնական իջեցման ճանապարհին ինչ-որ մի տեղ կանգ առնելն է։ Գիտենք, որ ամորձիները սաղմադրվում են գոտկային շրջանում, այնուհետև զարգացման ընթացքում գալիս է դեպի փոշտ, որտեղ էլ ավարտվում է իջեցումը ներարգանդային կյանքի 8-րդ ամսին։ Եթե երեխան ծնվում է 7-րդ ամսին, և ձվիկները տեղում չեն, դա նորմայի սահմաններում է, հիվանդություն չէ, պետք է ուղղակի սպասել, որ պտուղը զարգացում ապրի։ Իսկ եթե այդ իջնելու ճանապարհին ձվիկը կանգ է առնում, դա կոչվում է կրիպտորխիզմ։ Նայած, թե որտեղ է այն կանգ առնում. եթե աճուկային հատվածում է, կոչվում է աճուկային ռետենցիա: Լինում է որովայնային, գոտկային ռետենցիա: Ի տարբերության դրա՝ էկտոպիայի ժամանակ ձվիկը բնական իջեցման ճանապարհից շեղվում է, դուրս է գալիս, գնում ուրիշ ուղղությամբ։ Ըստ նրա, թե որտեղ է տեղակայվում, այդպես էլ կրում է իր անունը։ Կարող է լինել աճուկային, կարող է գնալ դեպի հետանցք, և այլ ուղղվածություն ունենալ։ Կարող է լինել ազդրի վրա` կոչվել ազդրային էկտոպիա: Էկտոպիայի դեպքում ձվիկները սովորաբար լինում են նորմալ ձևավորված, իսկ կրիպտորխիզմի ժամանակ՝ ձվիկները միշտ թերզարգացած են լինում, և ինչքան ավելի վերև են տեղակայված, այնքան ավելի թերզարգացած են լինում։
Իրականում օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը տեղակայված են մարմնի ներսում, իսկ ամորձիները՝ մարմնից դուրս, քանզի բարձր ջերմաստիճանի պայմաններում սպերմատոգեն` սերմ արտադրող բջիջները կամաց-կամաց կարող են ատրոֆիայի ենթարկվել, իսկ մարմնի ներսում և դրսում, բնականաբար, ջերմաստիճանը տարբեր է։ Եվ այս օրգանը, որը չի սիրում տաք պայմաններ, և, բնականաբար, այս դեպքում բնությունը հոգացել է այս օրգանի համար հարմար պայմաններ ստեղծելը։
Իմ ուսանելու տարիներին գտնում էին, որ այս վիրահատական միջամտությունը ճիշտ է կատարել 7 տարեկանից հետո, քանզի կարծում էին, որ հնարավոր է մինչ այդ տարիքը ձվիկն իջնի։ Իրականում, եթե երեխան ծնվել է ժամանակին, այն կարող է իջնել առաջին երեք ամիսների ընթացքում, որից հետո՝ ոչ։ Հետո աստիճանաբար այդ ժամկետները փոփոխման ենթարկվեցին, և այսօր զարգացած բժշկություն ունեցող երկրների գերակշռող մասը գտնում է, որ ցանկալի է այդ վիրահատությունը կատարել վեց ամսականում, ոչ ուշ մինչև մեկ տարեկանը։ ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոններում գտնում են, որ երեք ամսականում, եթե ձվիկը տեղում չէ, պետք է կատարել վիրահատությունը։ Սպասելու կարիք չկա, ցանկալի է մինչև վեց ամսականը։ Մենք հիմա կատարում ենք վեց ամսեկանից սկսած, բայց դա չի նշանակում, որ մեզ դիմում են հենց այդ տարիքից, մենք ունենում ենք այդ հիվանդությամբ տառապող 17-18 տարեկան տղաներ, որոնց մոտ զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ կատարվող հետազոտության ժամանակ հայտնաբերվել է խնդիրը։ Իսկ մեր խնդիրն է այդ պահին փորձել պահպանել գոնե այն, ինչ ունենք, որպեսզի ավելի բարդացումներ չլինեն, անգամ մնացած քսան տոկոսն էլ կարող է որոշիչ լինել ապագա սերունդ թողելու հավանականության մեջ։
Բայց, հուրախություն մեզ, այդ ուշացած դեպքերը գնալով պակասում են։ Կարծում եմ, առաջնային օղակներում այսօր ավելի գրագետ են աշխատում, տեղամասային բժիշկներն ավելի տեղեկացված են, և այսօր բարձիթողի և ուշացած դեպքերի հազվադեպ ենք բախվում։
-Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։
-Մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով: Կցանկանամ` ամեն ոք լինի իր տեղում, լինելուց էլ` գրագետ կատարի իր աշխատանքը: Ուզում եմ մաղթել մեր բնակչությանը լուրջ մոտեցում սեփական առողջությանը, վստահություն բժիշկների նկատմամբ, հավատ, որ ցանկացած բժշկի համար իր հիվանդի առողջացումը բարձրագույն արժեք է, ձգտման բարձրագույն նպատակ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը