Մարգարիտ Գրիգորյան

(0 votes)
There is no translation available.

Մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին

Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում մեր երկրում ծնելիության աճի մասին: Ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման անհրաժեշտ բոլոր միջոցները:
Անպտղության բուժումը ռազմավարական նշանակություն ունի, այն նաև ժողովրդագրական ու վիճակագրական խնդիրներ է լուծում։ Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր ընկերություններն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում…
Երեխան ծնողների համար նոր, հետաքրքիր, չբացահայտված աշխարհ է, սիրո և հիացմունքի անկրկնելի դրսևորում, որը ծնողի  առօրյան լցնում է ու իմաստավորում  նրա կյանքը:
Եվ ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունն արդեն վաղուց  կարողացել է ձեռնոց նետել անպտղությանը՝ շնորհիվ  բժշկագիտության առաջընթացի, ինչպես նաև այս ոլորտի  նվիրյալ ու անձնուրաց բժիշկների:
Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, սակայն երբ կողքիդ կա գրագետ և փորձված մասնագետ, ապա իրականանում են նույնիսկ ամենահամարձակ ու անիրականանալի թվացող երազանքները:
Մեր զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրության բաժանմունքի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Անպտղությունը դատավճիռ չէ» գրքի հեղինակ Մարգարիտ Գրիգորյանը: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Բժշկուհու  համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և նա  ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու  այնքան բաղձալի բերկրանքը:

- Բժշկուհի, արդյո՞ք այսօր անպտղությունը կարող ենք համարել դատավճիռ:
-Այսօր` օր օրի զարգացում ապրող տեխնիկական դարաշրջանում, անպտղությունն արդեն կարող ենք համարել բուժելի հիվանդություն, քանզի վերարտադրողական բժշկությունը սրընթաց վերելք է ապրում, և մեծ մասամբ անպտղությամբ տառապող և պայքարող զույգերն այսօր, հուրախություն մեզ, կարող  են զգալ ծնող դառնալու բերկրանքը։

-Ո՞ր տարիքային շեմը կարող ենք համարել անպտղություն։
-Մենք` ռեպրոդուկտոլոգներս, սիրում ենք «երիտասարդ» կանանց հետ աշխատել, քանզի նրանց հղիանալու հավանականությունը ավելի բարձր է, քանի որ 40 տարեկանից հետո այդ տոկոսը սկսում է աստիճանաբար նվազել, իսկ 45 տարեկանից հետո, հղիությունը պրակտիկորեն դառնում է անհնար: Իհարկե, լինում են նաև դեպքեր, որ Աստծո մեծագույն կամքով  հրաշքներ են կատարվում, և մեծ տարիքում կինը հղիանում է։

-Ի՞նչ պատկեր ունի կանանց և տղամարդկանց  անպտղության տոկոսային հարաբերակցությունը:
-Հիմնականում հավասարապես է բաշխված` մոտավորապես 40 տոկոսը տղամարդկանց, 40 տոկոսը կանանց մոտ, և 20 տոկոսով զույգը միաժամանակ կարող է ունենալ խնդիրներ։

-Այսօր, կարծես թե, երիտասարդ կանայք բավականին շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման: Ի՞նչ կասեք այդ առումով։ Արդյո՞ք այս մոտեցումն ավելի ընդունելի է:
-Կեսարյան հատումների թիվը մեր ժամանակներում իսկապես  աճում է ամբողջ աշխարհում: Բանն այն է, որ երիտասարդ ծննդկանների մոտ բնական ճանապարհով ծննդալուծման նկատմամբ կա չհիմնավորված վախ, մինչդեռ  պետք է խնդրին գիտակցաբար մոտենալ, և չպետք է վախենալ բնական ճանապարհով ծննդաբերելուց: Իհարկե, ցանկացած բժիշկ դեմ կլինի կեսարյան հատումով ծննդալուծմանը, եթե չկան ցուցումներ, քանզի այն  թելադրում է վիրահատական միջամտություն, և կեսարյան հատումների պատճառով հետագայում կարող է կինը հանգել անպտղության։

-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում։
-Արտարգանդային հղիության պատճառագիտությունը մինչ օրս դեռևս լիովին բացահայտված չէ, բայց մեր աշխատանքային պրակտիկայից ելնելով` սեռավարակները, օրինակ` խլամիդիոզը, գոնորեան բերում են փողերի ախտահարման` արդյունքում բարձրացնելով արտարգանդային հղիության զարգացման ռիսկը։ Նաև կա հետազոտություններ արդյունքում ապացուցված տեսակետ, որ այն կարող է զարգանալ ծխող և անառողջ ապրելակերպ վարող կանանց մոտ։ Սակայն իրականում վերը նշեցի, որ վերջնակապես բացահայտված չէ պատճառագիտությունը։

-Ի՞նչը կարող է համարվել հղիության համար բացարձակ հակացուցում։
- Ելնելով կնոջ առողջական վիճակից` հղիությունը կարող է հակացուցվել։ Օրինակ` արգանդի բացակայություն կամ արգանդի արատներ, կամ սրտի արատ, լյարդի ցիրոզ եւ այլ հղիության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող կանանց խորհուրդ ենք տալիս  դիմել փոխնակ մայրության ծրագրին։

-Բժշկուհի, ովքե՞ր կարող են օգտվել Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրից։
-Հուրախություն մեզ, այս տարի պետպատվերի շրջանակում ծրագիրն ավելի ընդլայնվեց, այսօր արդեն մեզ կարող են դիմել առաջնային անպտղություն դեպքում, այսինքն` այն զույգերը, ովքեր երեխան չունեն, մեզ կարող են դիմել մինչև 40 տարեկանը, իսկ այն զույգերը, որոնք ունեն արդեն մեկ բալիկ, մեզ կարող են դիմել մինչև 36 տարեկանը, նաև  մինչ 40 տարեկան միայնակ կանայք, որոնք  չունեն զուգընկեր։

- Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։
-Վիժման տարբեր պատճառներ կան` հորմոնալ դիսբալանս, ինֆեկցիաներ, արյան մակարդելիության խնդիրներ, արգանդի արատներ, կարող են լինել նաև ժառանգական նախատրամադրվածություն կնոջ կամ ամուսնու մոտ, և իհարկե կան չբացահայտված պատճառագիտությամբ վիժումներ, բայց պետք է հիշենք, որ 1-2 վիժումները կարող են լինել պատահականություն և չկրկնվել։ Սակայն, երբ կինը վիժում է 3 և ավելի անգամ, ուրեմն` միանշանակ խնդիր կա, որը պետք է բացահայտել։ Վիժման կարող է հագեցնել նաև «հիվանդ» սաղմիկի խնդիրը, արդյունքում լինում է վիժում, որպեսզի առողջական խնդրով երեխա չծնվի։ Այսինքն` զույգը կարող է խնդիր չունենալ, ուղղակի կարող է պատահականության սկզբունքով «հիվանդ»  սաղմիկի ձևավորվել, և վիժում գրանցվել, որպեսզի հիվանդ բալիկ լույս աշխարհ չգա:

-Ի՞նչ պետք է հասկանալ  ներարգանդային ինսեմինացիա բառակապակցության տակ։
-Մեր օրերում բավականին հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիա, երբ արգանդի խոռոչ է ներարկվում նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը: Միջամտությունն իրականացվում է օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով: Իսեմինացիան համարվում է բավականին արդյունավետ մեթոդ: Սերմնավորումը համարվում է առաջնային մեթոդներից մեկը, որի դեպքում կարևոր պայման է, որ  արգանդափողերը լինեն անցանելի և, իհարկե, մշակված սերմը սերմի հատուկ քանակությունից պակաս չպետք է լինի, որպեսզի կարողանանք հաջողության հասնել։
Մենք դիմում ենք այդ միջամտությանը այն դեպքում, երբ կա չբացահայտված, անհայտ պատճառի անպտղություն, եթե կան սերմի հետ կապված խնդիրներ, բայց ոչ շատ արտահայտված: Նաեւ դիմում ենք այն դեպքում եթե կան անհամատեղելիություն, իմունոլոգիական գործոն, այսինքն կնոջ վզիկի մեջ սպերմատոզոիդները մահանում են:

-Արտամարմնային բեղմնավորման դիմած կանայք արդյո՞ք գործընթացի ընթացքում ունենում են ցավային սինդրոմ։
-Հիմնականում` ոչ, սովորաբար այն անցավ պրոցեդուրա է, ցավային սինդրոմ լինում է ձվաբջջի պունկցիայի ժամանակ (բայց որպեսզի ցավ չզգան, այն  կատարվում է ներերակային անզգայացման տակ): Նշեմ, որ սաղմերը տեղադրելուց հետո չենք թողում կինը պառկած վիճակում մնա, քանզի պրակտիկան մեզ ցույց տվեց, որ պառկած վիճակը չի կարող նպաստել արդյունավետության բարձրացմանը։ Իրականում տեղադրումից 1-2 րոպե հետո կարող են վեր կենալ ու գնալ տուն։
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները օր օրի սրընթաց զարգացում  են ապրում։ Այսօր կարևոր է, որ կարող ենք  ստուգել սաղմիկի վիճակը. առողջ է, թե` ոչ, զարգացում են ապրել խթանիչ նյութերը, ավելի շատ որակյալ ձվաբջիջներ ենք կարողանում ստանալ, կան բավականին որակյալ նյութեր լավ սաղմիկների ստացման համար։ Գերժամանակակից ինկուբատորներ կան, որոնց մեջ ավելի բարենպաստ պայմաններում զարգացում են ապրում որակյալ սաղմիկները։ Արտամարմնային բեղմնավորումից առաջ հետազոտությունները շատ գրագետ են կազմակերպվում, և մենք ամեն ինչ անում ենք այս մեթոդի արդյունավետության բարձրացման համար։

-Ձվաբջջի դոնորություն. ո՞ր դեպքերում է այս մեթոդի կիրառությունը դառնում անհրաժեշտություն։
-Կան դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորում և դոնորական սերմով, կախված թե զույգերից ում մոտ է առկա խնդիրը: Դոնորական ձվաբջիջներին դիմում են այն դեպքում, երբ  կինը չունի սեփական ձվաբջիջներ, կամ տարիքային բարձր շեմից ելնելով`  որակապես առողջ ձվաբջիջներ չունի: Այդ մեթոդով կանայք մեր երկրում` մինչև 52 տարեկանը ներառյալ, կարող են հղիություն գրանցել։ Սակայն եթե ցանկանում են սեփական ձվաբջջով մայրանալ, պետք է ավելի գիտակից մոտենան այդ խնդրին`շտապեն, դիմեն ավելի վաղ տարիքում։ Բայց իմ աշխատանքային փորձից ելնելով, հանդիպել եմ դեպքերի, թե ինչպես են կանայք դոնորական ձվաբջիջներով լույս աշխարհ եկած երեխաներին վերաբերվում  իրենց հարազատ երեխաների պես, քանզի պտղի զարգացումը  հենց իրենց արգանդում է լինում, և հոգեբանական խնդիրներ չեն ունենում։

-Բժշկուհի, ձվաբջիջների սառեցումը պիտանիության ժամկետ ունի՞, թե` ոչ:
-Ոչ, պիտանիության ժամկետ չունի, այն կարելի է սառեցնել և տարիներով պահպանել, բայց այն ցանկալի է սառեցնել մինչև 38 տարեկանը: 38 տարեկանից հետո շատ են դիմում, բայց արդյունավետությունը ցածր է լինում այդ տարիքում: Պետք է աղջիկները և կանայք տեղեկանան, որ եթե չեն ցանկանում վաղ մայրանալ, ապա ձվաբջիջների սառեցման պետք է դիմեն մինչև 38 տարեկանը։ Անկեղծ կլինեմ` ասելով, որ մինչև 35 տարեկանն է ավելի արդյունավետ։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Ինքս երիտասարդ կադրերին մեծ սիրով  եմ իմ փորձը փոխանցում: Ի վերջո, ոչինչ հավերժ չէ, պետք է գան մեզ փոխարինողներ։ Ժամանակին ինձ եղել են կրթողներ, և իրենց փորձը փոխանցող բժիշկներ, և եղել են նաև չփողանցողներ, ես բոլորից էլ շատ շնորհակալ եմ։ Ես իրականում գրքասեր եմ, ինձ համար իմ ամենամեծ ուսուցիչները  գրքերն են։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ուղին։ Դուք կուղղորդե՞ք արդյոք ձեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
-Ոչ, ես երբեք չեմ ուղղորդում իրենց, թող իրենք ինքնուրույն ընտրեն իրենց սիրելի և նախընտրելի մասնագիտությունը: Ես չեմ սերմանում սեր դեպի բժշկությունը, եթե ընտրեն դեմ չեմ լինի, բայց իրականում պետք է սիրով կատարես քո աշխատանքը, որ ստանաս դրա պտուղները։

-Ի՞նչ խորհուրդ կտայիք անպտղությամբ տառապող ամուսնական զույգերին:
- Կցանկանամ, որ մեր գենոֆոնդը մեծանա, շատ բալիկներ լույս աշխարհ գան, քանզի մեր ազգը այս վերջին տարիներին ինչերի միջով անցավ` բոլորս էլ գիտենք։ Մենք մնացել ենք մի բուռ ազգ, օդի և ջրի պես պետք է, որ բազմանա մեր ազգը։ Կցանկանամ, որ մարդիկ ձգտեն շատ երեխաներ ունենալ, մեզ պես փոքր ազգերի համար դա կենսական նախապայման է։
Վերարտադրողական բժշկությունը անընդհատ զարգացող գիտություն է, որը երբեմն, ցավոք սրտի, արձանագրում է նաև անհաջող ելքեր։ Իհարկե, մենք անում ենք հնարավորն ու անհնարինը լավագույն արդյունքներին հասնելու համար, բայց, բնականաբար, բոլորս գիտակցում ենք, որ  չենք կարող մշտապես 100 տոկոսանոց արդյունք ապահովել։
Երեխաները ծնվում են Աստծո կամոք: Իսկ մեր այն զույգերին, որոնց  մոտ չի ստացվում բնական ճանապարհով հղիանալ, հորդորում եմ երբեք չընկճվել, չհանձնվել, հավաքելով իրենց վերջին ներուժը՝ պայքարել և հավատով անցնել այդ դժվարին, բայց այնքան բաղձալի ճանապարհը: Ծնող դառնալու, մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին։ Մենք էլ` որպես նեղ մասնագետներ, պատրաստ են ծնող դառնալու երազանքով ապրող զույգերին  աջակցել: Երբեք չպետք է հիասթափություն ապրել և ետ կանգնել պայքարի ճանապարհի կեսից։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր