Երանուհի Վարագյան

(0 votes)
There is no translation available.

Առողջությունը ետք է վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների

Քիթ-կոկորդ-ականջաբանությունը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջարկված ուղղություններից մեկը: Մասնագետների հավաստմամբ՝ մեր տարածաշրջանում բժշկության քիթ-կոկորդ- ականջաբանության ճյուղում ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը:

Մեր զրուցակից «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի»  քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, ԼՕՌ հիվանդությունների և  բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ: Վերապատրաստման եւ վարպետության դասեր է անցել Բելգիայի Բրյուսել, Ֆրանսիայի Փարիզ, Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում, ինչպես նաեւ Ալեքսանդրիայում, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո), Գերմանիայում, Սինգապուրում, երկու անգամ Ավստրիայում, այնուհետեւ Զազբուրգում, Վիեննայում եւ Դուբայում։

Բժշկուհին ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Նա հանրության շրջանում ճանաչված է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին  այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ: Այս ամենը լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի  վերաբերվել յուրովի՝ պատրաստ լինելով հանուն նրա առողջության սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը:

-Բժշկուհի, Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում: 

-Իհարկե, Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը առաջատար դիրքերում է, որի վկայությունն է միջազգային ֆորումներում մեր մասնագետների բարձրակարգ մասնակցությունները, փորձի փոխանակումները և վերջապես, մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացումը։

-Բուժառուն ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի: 

-Իրոք, այս երեք փոխհամակցված օրգաններից որևէ մեկի ախտահարումը անպայման ազդում է մյուս երկու օրգանների վրա, ուստի բուժառուն շատ հաճախ չի կարող հստակ կողմնորոշվել, թե որտեղ է տեղակայված առաջնային խնդիրը, այդ իսկ պատճառով պետք է վաղ դիմել նեղ մասնագետի օգնությանը, այլապես բուժումը երկարատև կլինի` ուղեկցվող սրացումներով և բարդություններով։

-Ի՞նչ է օտիտը։

-Օտիտը  ականջաբորբն է. մեր լսողական օրգանն ունի երեք բաժիններ` արտաքին, միջին և ներքին։ Այս բոլոր երեք բաժիններից  մեկի ախտահարումը առաջացնում է օտիտ, որի տեսակներն են` արտաքին օտիտ, միջին օտիտ և ներքին օտիտ։ Լինում են սուր, ենթասուր, խրոնիկական օտիտներ, ինչպես նաև կարող են հանդիպել չոր կատարալ, էքսուդատիվ օտիտներ։ Եթե մենք փորձենք խոսել օտիտների ծագումնաբանության, առաջացման պատճառների, ախտահարման, բուժման և կանխարգելման մասին, մեր ժամանակը հավանաբար չի բավարարի։

-Խոսենք հարքթային խոռոչների բորբոքային խնդիրներից. մանրամասնեք, խնդրեմ, դրանք։

-Հայտնի է, որ քթի յուրաքանչյուր կողմում կան օդակիր խորշիկներ, որոնք ապահովում են թե քթային նորմալ շնչառությունը, դրա ֆունկցիան, օդի արիացիան, հետևաբար բավականին մեծ նշանակություն ունեցող տարածքներ են դրանք, որոնք մասնակցում են օդի մաքրմանը և հոսքին։ Շատ հաճախ, քանի որ քթի լորձաթաղանթը կապ ունի նաև քթի խոռոչների լորձաթաղանթի հետ, երկարատև, ձգձգվող, քթային վերքերի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսը կարող է տարածվել նաև այս խոռոչների վրա` առաջացնելով խոռոչի լորձաթաղանթի այտուց, և բնական ուղիների սաուստիաների փակվածություն։ Խոռոչի ներսում զարգանում են ճնշման բարձրացում և արտադրության կուտակումներ, որն էլ իր հերթին բերում է ծանրության զգացում, ցավ, ջերմության բարձրացում։ Ուստի` նախ պետք է ապահովել վերը նշված խոռոչների արիացիան, օդի մուտքը խոռոչ, հոսքը  դեպի քթի անցուղիները` քչացնելով այտուցվելու հավանականությունը։ Այս խոռոչների բորբոքումը կարող է տարածվել դեպի քթի անցուղիները` հետևաբար պակասեցնելով այտուցը։ Այն կարող է առաջանալ ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների պատճառով, հատկապես վերծնոտային խոռոչների բորբոքումն առաջանում է ստոմատոլոգիական ծառայությունների արդյունքում պլոմբանյութերի ներթափանցումից: Արյան համակարգի հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները նույնպես կարող են խոռոչների բորբոքման պատճառ դառնալ։

-Պոլիպոզ ռինիտ, ի՞նչ հիվանդություն է այն և ինչպե՞ս է արտահայտվում։

-Պոլիպոզ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ հիվանդությունն է, առաջանում է լորձաթաղանթի` ալերգենի նկատմամբ տևական կոնֆլիկտի հետևանքով, և արդյունքում տեղի է ունենում լորձաթաղանթի դիմադրողականության անկում, այտուց, լորձաթաղանթի հյուսվածքի գերաճ, ինչպես նաև բարորակ գոյացության` պոլիպի առաջացում։

- Ի՞նչ խնդիրների հետևանք է քթի չորությունը։

-Հայտնի է, որ քթի ֆունկցիայի նորմալ աշխատանքը կարգավորելու համար պետք է քթի լորձաթաղանթը լինի խոնավ: Քթի չորության պատճառ կարող է առաջանալ շնչուղիների տևական ինֆեկցիոն հիվանդությունների, լորձաթաղանթի վնասման, սկլերոտիկ փոփոխությունների, ինչպես նաև խեցիների բացակայության պատճառով։ Լորձաթաղանթը արտադրում է պաշտպանողական նյութ՝ մուտին, որն ապահովում է լորձաթաղանթի դիմադրողականությունը։ Ուստի երբ բացակայում են խեցիները, որ լինում է հետվիրահատական շրջանում կամ հիվանդություններից հետո սկլերոտիկ փոփոխությունների ժամանակ, երբ բջիջը չի կարող արտադրել մուտին, ինչպես նաև տևական քիմիական նյութերի առկայությունը, քթի անոթասեղմիչ կաթիլները  նպաստում են քթի լորձաթաղանթի վնասմանը և լորձի արտադրությանը։ Ի վերջո, արդյունքում քիթը մնում է անպաշտպան և չոր:

-Այժմ էլ կոկորդի նորագոյացություններից խոսենք։

-Կոկորդի նորագոյացությունները կարող են լինել բարորակ, չարորակ, որոնց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տևական ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես նաև քիմիական նյութերի բացասական ազդեցությունները, ծխախոտը, ալկոհոլը, իմունային համակարգի խաթարումը, նաև դեղորայքի երկարատև ընդունումը։ Գոյացությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև մասնագիտությունները, օրինակ` հռետորները, երգիչները, որոնց մոտ առաջանում են ձայնալարերի բարորակ գոյացություններ, այսպես կոչված` երգեցիկ հանգույցներ, որոնք ձայնալարի մշտական և բարձր ամպլիտուդով շփման պատճառով են զարգանում։ Կարող են այլ օրգան համակարգերի ուռուցքային գոյացություններից արյան միջոցով թափանցել կոկորդ։ Էթալոգիայի, բուժման և կանխարգելման նպատակով պետք է անպայման ախտորոշվի, թե ինչ տեսակի ուռուցք է, որտեղից է արմատապես ի հայտ գալիս, և ինչ դեղամիջոցներով կարել է կազմակերպել բուժմոտեցումները, որը կարող է լինել խիստ անհատական բնույթի։

-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Երիտասարդացել են ալերգիկ բնույթի, պոլիպոզ, ուռուցքային հիվանդությունները` կապված շրջակա միջավայրի և օդի աղտոտվածության հետ, ինչպես նաև տարաբնույթ դեղորայքների անկառավարելի օգտագործման և անորակ սննդի օգտագործման հետևանքով։

-Ֆարինգիտը և դրա տեսակները։

-Ֆարիգիտը ըմպանի հետին պատի լորձաթաղանթի բորբոքումով ուղեկցվող հիվանդություն է, որն առաջանում է քթային դժվարաշնչության պատճառով, բերանային շնչառության հետևանքով, որի արդյունքում առաջանում է լորձաթաղանթի տեղային սառեցում,  իմունիտետի տեղային իջեցում, որը հանգեցնում է լորձաթաղանթի այտուցի և բորբոքման:  Պատճառ կարող են հանդիսանալ հաճախակի և քրոնիկական տոնզիլիտները, բերանի լորձաթաղանթի  և ատամների բորբոքումները, քրոնիկական այլ հիվանդությունները, որոնք տեղակայված են բերանում։ Լորձաթաղանթը չորանում է, սկսում է լորձաթաղանթի մեջ ֆոլիկուլների մեծացում՝ սկլերոզացիա, հաճախակի այտուց, որն ուղեկցվում է նաև տեղային ցավային զգացողությամբ, կլման ակտի դժվարացմամբ, ջերմության տատանումներով և կյանքի որակի իջեցմամբ:

-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։

-Քթի խոռոչում ամեն կողմից ունենք խեցիներ, որոնք մասնակցում են քթի խոռոչում լորձային արտադրության` մուցինի առաջացմանը, որի պատճառով քթի մեջ զարգանում է պաշտպանական ֆունկցիա` խոնավացնելով խոռոչը։ Երբ ախտահարվում են խեցիները, խեցիների հյուսվածքի փափարային մարմինը վերածվում է սկլերոտիկ օջախների, և խեցին դժվարությամբ է կրճատվում, կամ չի կրճատվում` առաջացնելով խիստ դժվարաշնչություն։ Քանի որ խեցիները մեր քթի խոռոչում 90 տոկոսով ապահովում են խոնավությունը, ցանկալի չէ խեցիները լիովին հեռացնել, կատարել կոնխոտոմիա։ Ներկայումս խեցիների բուժմոտեցումների մեջ կան տարբեր տեսակներ, երբ հիպերտրոֆիայի ենթարկված խեցիներում կատարում ենք վազոտոմիա, անոթներն ենք հատում, կոագուլացիա կամ ռադիոալիքային ձայնային ալիքով դեզինգրետացիա՝ կրճատում։ Եթե այս մեթոդները չեն օգնում, և արդեն խնդրի լուծումը խեցիների հեռացմամբ է լուծվում, ուստի ցանկալի չէ կատարել ամբողջական հեռացում, այլ` մասնակի կամ առաջային բևեռի կամ հետին բևեռի մասնակի կոնխոտոմիա։

-Նշիկները հեռացնելուց հետո  հետագայում  արդյո՞ք կա հետվիրահատական բարդությունների  առնչվելու հավանականություն։

-Նշիկների հեռացման հետվիրահատական շրջանի բարդություններից առաջնայինը համարվում են արյունահոսությունները, որոնք կարող են լինել սուր և ուշացած։ Սուր, երբ հետվիրահատական առաջին մինչև 5 օրերին տեղի է ունենում ֆիբրոզ փառերի անջատում, և ուշացած, որը կարող է լինել 14-րդ օրից հետո: Լինում են նաև դեպքեր, երբ 20-րդ օրը ռեգեներացիայի արդյունքում նոր անոթներ են ձևավորվում, սակայն լորձաթաղանթը բավականին փխրուն և բարակ է, և կարող են թափանցելիության բարձրացման հաշվին զարգանալ արյունահոսություններ։ Նշիկների հեռացման մյուս բարդությունը ֆարինգիտների զարգացումն է, այսինքն` երբ նշիկը բացակայում է, ըմպանի հետին պատի լորձաթաղանթում եղած նույն գեղձային հյուսվածքը իր վրա է վերցնում ըմպանի պաշտպանական ֆունկցիան և կարող է հիպերտրոֆիայի ենթարկվել ինֆեկցիաներից, մրսածությունից իմունտիտի անկման հետ և զարգանալ ֆարինգիտներ։

-Ի՞նչ է բնածին հարականջային խուղակը։

-Խուղակները  ականջի տարբեր բաժիններում ոչ անատոմիական համակցումներ են, որոնք լինում են արտարգանդային կյանքում տարած հիվանդությունների, ինչպես նաև ժառանգական հիվանդությունների արդյունքում։ Հաճախ հանդիպող խուղակներից են ականջի պարույրի առաջնային հատվածում գտնվող խուղակները, որոնք կամ բացվում են դեպի արտաքին աշխարհ կամ լսողական անցուղու մեջ։ Այս խուղակների պատը հարուստ է ճարպային բջիջներով, ինչպես նաև ծծումբ արտադրող բջիջներով ճարպային բջիջները հարուստ միջավայր են ինֆեկցվելու համար, որոնք էլ հաճախակի պատճառ են հանդիսանում թարախակալման: Երբեմն նաև խուղակի բնական ուղին փակվում է, և զարգանում են թարախապալարներ։ Խիստ ցավոտ են և պատճառ են հանդիսանում ջերմության բարձրացման, ինքնազգացողության վատացման։ Խուղակների բուժման միակ եղանակը վիրահատական ճանապարհն է։

-Ականջների աղմուկը, հատկապես տարեցների շրջանում, մեծ տարածում ունի:  Որո՞նք են դրա տեսակներն ու առաջացման պատճառները։

-Վերը նշեցինք, թե որ հիվանդություններն են երիտասարդացում ապրել, միանշանակ կարող եմ ասել, որ` նաև ականջի աղմուկը։ Եթե նախկինում ականջի աղմուկը համարվում էր տարեցների հիվանդություն, այսինքն` լսողական անալիզատորի սկլերոտիկ փոփոխությունների արդյունքում զարգացած հիվանդություն, ապա այսօր այն ավելի երիտասարդացում է ապրել: Պատճառը կարող են լինել ինչպես սուր, քրոնիկական, ինֆեկցիոն հիվանդությունները, այնպես էլ գլխուղեղի փորոքներում տեղի ունեցող ախտահարումները, քիմիական նյութերի արդյունքում առաջացած ախտահարումները։ Կարող է նաև հիվանդության պատճառ լինել ողնուղեղի պարանոցային ողերի արանքում աղերի բյուրեղների ճնշումը նյարդային վերջույթների վրա: Արդյունքում զարգանում է կորտյան օրգանի լսողական նյարդի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ախտահարում։ Սուր ախտահարման ժամանակ վերականգնման հնարավորությունները ավելի շատ են, իսկ քրոնիկականի դեպքում կարող են անդառնալի փոփոխություններ զարգանալ։ Այսինքն` կարող է հիվանդությունը հաջորդ փուլում վերածվել տինուտուսի, մի հիվանդություն, որի ընթացքում լսողական անալիզատորի սկլերոտիկ ախտահարումը անդառնալի է, այսինքն` ամբողջ կյանքի ընթացքում ականջի աղմուկը չի անցնում։ Նման դեպքերում հիվանդների հետ աշխատում են հոգեբանները` եղած աղմուկի հետ ընտելացնելու և նյարդային վիճակից հանելու համար։ Այս հիվանդության պատճառ կարող է լինել բարձր աղմուկը, վերջին ժամանակներում պատերազմի դաշտում դեպքերի հետ կապված ականների պայթյուններից մեր երիտասարդների մոտ շատ հաճախ հանդիպող այս հիվանդությունը, որը, ցավոք սրտի, կամ չի բուժվում, կամ շատ դժվարությամբ է հիվանդության ընթացքը թեթևանում։

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Ես կասեի` բժշկությունը բավականին հուսալի ձեռքերում է, ունենք խելացի, ձգտող, պրպտող, աշխատասեր նեղ մասնագետներ, որը հուսադրող է և հպարտացնող։

-Մեր ընթերցողները ԼՕՌ հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ ու գիտելիքներ   ստացան: Սակայն մասնագիտական խոսքից  զատ, մարդիկ  կարևորություն են տալիս բժշկի  խորհուրդ-հորդորներին: Արդ, Ձեր  ուղերձը  մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

-Չնայած մեր հասարակությունը բավականին զարգացած է և  տեղեկացված, սակայն չլինելով մասնագետ` շատ հաճախ նույնականացնում են հիվանդությունները և հետևաբար` բուժմոտեցումները։ Բժիշկը բազմակողմանի է մոտենում յուրաքանչյուր բուժառուի խնդրին, անհատական բուժմոտեցում է ցուցաբերում, հետևաբար բուժումն  իրականացնում է անհատական։ Իրականում լավ է, որ տեղեկացված են, բայց պետք է առողջությունը վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների։ Առողջ եղեք։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր