Արմինե Մարտիրոսյան

(0 votes)
There is no translation available.


 «Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, քանզի առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը արդիական խնդիր է օտորինոլարինգոլոգիայում:Չնայած օտովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումներին, լսողության խա­նգա­րումներով հիվանդները բավականին շատ են` հատկապես մանկական տարիքի երեխաները և դեռահասները:

Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել  ինչպես չհիմնավորված վիրահատական միջամտություններից, այնպես էլ հետվիրահատական բարդություններից:

Մեր զրուցակիցն է «Աստղիկ» և «Շենգավիթ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի ԼՕՌ-բժիշկ, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու,  դոցենտ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Չնայած իր երիտասարդ տարիքին` վաղուց է համարձակորեն մուտք գործել բժշկության բարդ և միաժամանակ հետաքրքիր աշխարհը, ​և անվարան​ ընթանում է արդեն իսկ ակնհայտորեն հաջողված ճանապարհով:
Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր գրագետ  աշխատանքի, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:

-Բժշկուհի, կխնդրենք մանրամասնել` ո՞ր դեպքում են իրականացնում կոխլեար իմպլանտացիան։

- Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող բուժառուներին հնարավորություն է տալիս վերականգնել լսողությունը: Այն իրականացնում են 4-րդ աստիճանի ծանրալսության դեպքում, և իմպլանտացիայի իրականացման համար ցանկալի տարիքը մինչև 3 տարեկանն է՝ պրոլինգվալ, երբ  երեխայի խոսքը դեռ զարգացած չէ, և պոստլինգվալ, այսինքն` կյանքի ընթացքում կորցրած, եթե լսողական նյարդը ակտիվ է, այսինքն` լսողական սարքերի կրելը,  կիրառումը ընդունելի է, և ուղեղի այդ հատվածը ակտիվ է։

-Լսողական սարքը ո՞ր դեպքերում են կիրառում։

-Լսողական սարքը կիրառելի է ծանրալսության բոլոր աստիճանների դեպքում, սկսած առաջինից մինչև չորրորդ աստիճան։ Լսողական սարքերը լինում են տարբեր երկրների   արտադրության և տարբեր տեսակների։ Այսօր ցանկալի է նորարական թվային լսողական սարքերի կիրառությունը, որոնք արդեն արդի տեխնոլոգիաներով են պատրաստված:  Այսօր առկա են սարքեր, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում և ամբողջությամբ մոտեցված են բնական ականջի գործառույթներին։ 

-Իսկ որո՞նք են աուդիոլոգիական հետազոտության տեսակները, և որ դեպքերում են դրանք կիրառվում։

-Աուդիոմետրիան (լատիներենից ` audīre - լսել և metria - չափել) աուդիոլոգիայի ճյուղ է: Այն ձայնի ինտենսիվության և տատանումների, ինչպես նաև տոնային մաքրության տատանումների համար լսելիության չափման գիտություն է, որը ներառում է շեմեր և տարբեր հաճախականություններ: Աուդիոմետրիկ թեստերը սովորաբար սահմանում են լսողության մակարդակները աուդիո-չափագրիչների օգնությամբ, բայց կարող են չափել նաև տարբեր ձայնային ինտենսիվությունների միջև ընկալման ունակությունը, ճանաչել հնչյունը կամ տարբերակել խոսքը ֆոնային աղմուկից: Հնարավոր է չափել նաև ակուստիկ ռեֆլեքսը և օտոակուստիկ արտանետումները: Աուդիոմետրիկ թեստերի արդյունքներն օգտագործվում են լսողության կորստի կամ ականջի հիվանդությունների ախտորոշման համար:

Աուդիոլոգիական հետազոտությունները լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ։

Սուբյեկտիվ լսողության ախտորոշումը հիմնված է բուժառուի սուբյեկտիվ զգացողության վրա, որոնք են` տոնալ, խոսքային, լսողական զգայունության հետազոտում: Սուբյեկտիվն այն է, երբ բուժառուի մասնակցությունը հետազոտման գործընթացին առկա է: Մեծահասակների մոտ դա տոնալ շեմքային աուդիոմետրիան է: Վերշեմքայինը հայտնաբերում է ձայնի բարձրության արագացված աճի ֆենոմենը, որը վկայում է լսողական անալիզատորի կոխլեար ախտահարման մասին:

Խոսքային աուդիոմետրիան իրականացվում է ձայնամեկուսացված սենյակում՝ լսողության խոսքային ընկալման հետազոտման համար: Այն գնահատվում է տոկոսներով:

Երեխաների մոտ լսողության հետազոտությունն անցկացվում է խաղային ձևով: Ամենաժամանակակից մեթոդը առաջացած լսողական ներուժի գրանցումն է: Մեթոդի իմաստը  ներուժի ազդանշանների նկատմամբ գլխուղեղի կեղևի ռեակցիայի դրդումն է: Արդյունքը գրանցվում է էլեկտրոէնցեֆալոգրամայով:

-Ականջներում ծանրության և աղմուկի զգացումը ինչի՞ պատճառահետևանք է։

-Ականջներում աղմուկի առկայությունը մի շարք հիվանդությունների դեպքում կարող է ի հայտ գալ, օրինակ` օտոսկրելոզի, որն աղմուկ է առաջացնում ականջներում, կարող է լինել նաև ներքին ականջի վնասման կամ անոթային հիվանդությունների դեպքում, երբ  գլխուղեղի անոթներում առկա է որոշակի պաթոլոգիա:

 -Օտիտները և դրանց տեսակները, կմանրամասնե՞ք։

- Վիրուսային կամ ինֆեկցիոն օտիտները  սուր օտիտներն են, որոնք հաճախ հանդիպում են մանկական տարիքում` նրանց մանկական անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններից կախված: Սուր օտիտների դեպքում սկզբնական շրջանում պետք է ճիշտ և գրագետ բուժմոտեցում ցուցաբերվի, քանզի բարձիթողի վիճակից այն կարող է քրոնիկ դառնալ: 

-Արդյո՞ք համագործակցում եք արտերկրի նեղ մասնագետների հետ։

-Այո, համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի և այլ երկրների մասնագետների հետ:  «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվեց ականջի կոխլեար իմպլանտացիա հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։ Առաջին անգամ Հայաստանում կատարվեց արտաքին  ականջի բացակայության վերականգնում և արտաքին լսողական անցուղու` ատրեզիայի վերականգնողական վիրահատություն: Այսինքն` երեխան ունեցավ և՛ արտաքին ականջ, և՛ լսողական անցուղին բացվեց` վերականգնելով լսողությունը: Վիրահատություն, որը Հայաստանում մինչ օրս չէր կատարվել: Պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ այդ մասնագետը համաձայնեց մեզ հետ համագործակցել, և այսօր մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարողանում ենք  մեր ոլորտում գրանցել լրջագույն վիրահատություններ։

-Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը:
-Այս արատն առաջանում է որոշ բացասական գործոնների ազդեցությամբ ներարգանդային կյանքի 9-11 շաբաթականում, քանի որ այդ շրջանում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերից հետագայում ձևավորվում ականջախեցին: Խուղակը ձևավորվում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերի ոչ լրիվ փակվելու հետևանքով:

 Բնածին հարականջային խուղակը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:

  Խուղակը բնածին արատ է, երբ  լսողական անալիզատորի ձևավորման ընթացքում այդ խուղակը չի փակվում, որն առանձնապես իրենից սիմպտոմներ չի ցուցաբերում, անհանգստություն չի պատճառում, բայց եթե բորբոքվեց, կարող է կրել շարունակական բնույթ, որից հետո  թարախային արտադրությունը վերածվում է կիստայի, որը   վիրահատական բուժում է  պահանջում։

-Ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Ցավոք, ծանրալսությամբ տառապող բուժառուների թիվն այսօր բարձր է, որին նպասեց նաև կովիդը:  Բացի դրանից, խնդրին նպաստում են նաև կենսակերպը, քիմիական նյութերի առկայությունը սննդում:

 -Ամեն դեպքում բուժառուն ինչպես հասկանա` խնդրահարույց օջախը որտեղ է, քանի որ գործ ունենք երեք փոխհամաձայնեցված օրգանների հետ` քիթ-կոկորդ-ականջ։

-Մենք ընդհանուր ԼՕՌ բժիշկներ ենք համարվում, բայց կա նաև նեղ մասնագիտացում. ես աուդիոլոգ եմ, բայց դա չի նշանակում, որ չեմ հետազոտում այլ խնդիրներով բուժառուների: Մեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք։

Այսօր, հուրախություն մեզ, մեր հասարակությունը բավականին տեղեկացված է, բավական լավ ուսումնասիրում է բժշկության` իրեն հետաքրքրող ոլորտը, գիտի որ նեղ մասնագետին դիմի, ինչ բարդություններ են իրեն սպասվում։ Շատ հաճախ էլ ինտերնետ հարթակը ողողված է թերի ինֆորմացիայով, այսինքն` բժիշկը, չլինելով նեղ մասագետ, չտիրապետելով ոլորտի վերջին նորարարություններին, ոչ լիարժեք ինֆորմացիա է փոխանցում հանրությանը, որը կարող  է շատերին երկմտանքի առջև կանգնեցնել, թե որպես նեղ մասագետ ում դիմի: Բուժառուին ճիշտ ուղղորդելը շատ կարևոր է: Երբեմն ոչ ճիշտ ընտրության դեպքում այն կրում է շղթայաձև բնույթ` մի բժշկից մյուսի մոտ, որը բուժառուի մոտ կարող է թերահավատություն ստեղծել ոլորտի նեղ մասնագետների հանդեպ, և ինչու չէ  նաև ֆինանսապես տուժեն:  Ասեմ, որ պետպատվերի շրջանակներում շահառուները բավականին մեծ աջակցություն են ստանում, բայց ամեն դեպքում շատ բուժառուներ, ուղղակի ոչ կայուն ֆինանսական վիճակից ելնելով, շատ ժամանակ չեն դիմում բժշկի: Կցանկանամ, որ պետպատվերի շահառուների շրջանակը մեծանա, որպեսզի մեր հասարակությունն իրեն հուզող առողջական խնդիրների դեպքում վստահ դիմի բուժօգնության։ Դիմելիության մշակույթից խոսելով` կասեմ, որ մեր հասարակությունը, չգիտես ինչու, դարձել է շատ ստրեսային, և շատ դեպքերում մենք` բժիշկներս պետք է հոգեբանորեն մոտենանք բուժառուներին, հասցնենք այն գիտակից մակարդակին, որ վստահեն  ու հավատան բժշկին: Իսկ մենք է լիարժեք կզգանք մեր ոլորտում, եթե մեզ դիմած յուրաքանչյուր բուժառուն առողջացած հեռանա։

- Քանի  որ Ձեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, ապա  ներգրավված են  նաև վիրաբույժներ, սուրդոմանկավարժներ, աուդիոլոգներ:

- Այո՛, մեր աշխատանքին պարտադիր մասնակցում են սուրդոմանկավարժները: Չպետք է մոռանալ, որ վիրահատված երեխաները և բժիշկներս պետք է հաղթահարենք դրանից հետո մեր և երեխայի առջև դրված շատ ծանր ճանապարհը:

-Տեղյակ ենք, որ ծննդատներում գործում է սքրինինգային ծրագիր։

-Այո, Հայաստանում 2008 թվականից գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում բացի մի քանի այլ սքրինինգներից, նորածիններին արվում է լսողության սքրինինգ, որի միջոցով որոշվում է՝ արդյո՞ք նրանք ունեն լսողության խանգարումներ, և եթե` այո, հատկապես` ինչպիսի: Սքրինինգային ծրագրի օգնությամբ հենց ծննդատնից աշխատում ենք երեխաներին հետազոտել, որպեսզի հետագայում երեխան հաշմանդամ չմնա։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:

-Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին հետ, ապա  կասեմ, որ  այսօր ինտերնետ հարթակը օգնում է երիտասարդ կադրերին իրենց բուժառուներն իրազեկված պահել հիվանդությունների և դրանց նորարական բուժմոտեցումերի մասին, որն  իրականում բավականին դրական արդյունք է տալիս։

Իրականում նոր սերունդը բավականին պրպտող է, ձգտող, ճկուն միտք ունի, արագ է ընկալում  ուսանածը։

-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք վերապատրաստման դասընթացներ անցնել` Ձեր գերլարված աշխատանքային ռեժիմին համադրելով։

-Այո, բնականաբար, պարտադիր մասնակցում ենք ինչպես մեր երկրում կազմակերպվելիք սեմինարների և կոնֆերանսերի. արտերկրից ժամանած բժիշկների կողմից մեզ մեծ ինֆորմացիա է փոխանցվում մեր ոլորտում իրակացվող նորարարական բուժմոտեցումների մասին` մշտապես մեզ պահելով նորարարությունների զարկերակի վրա, այնպես  էլ  արտերկրում տարին 2 և ավելի անգամ վերապատրաստման դասընթացներին: Եթե չզբաղվենք ինքնակրթությամբ, դոփենք տեղում, բժշկությունը մի օր կվերջանա մեզ համար:

-Իսկ ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։

-Ասոցիացիաները բժիշկներին հնարավորություն են տալիս հենց մեր երկրում անցնել  վերապրաստումներ, նոր գիտելիքների ձեռք բերել, փորձի փոխանակություն իրականացնել ոլորտի մասնագետների հետ, արտերկրի բուժմոտեցումների տարբերակները համեմատել մեր բուժմոտեցումների հետ: Մեր քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիան ամեն ամիս կազմակերպում է նիստ, որտեղ ներկայացվում են թե՛ նոր դեղորայքները, թե՛ մեր ոլորտի նեղ մասնագետների կողմից ներդրված բուժմոտեցման   տարբերակները:

-Բժշկուհի, նախ շնորհավորում ենք, վերջերս «Որակի նշան» ընկերության կողմից արժանացել եք «Տարվա բժիշկ-2025» մրցանակի։ Ըստ Ձեզ` ինչ են տալիս նման մրցանակները բժիշկներին։

-Իրականում լիահույս եմ, որ նման մրցանակները մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, մասնագետներ, որոնք հանրության կողմից արդեն ճանաչված են և վստահություն են ձեռք բերել:

- Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կցանկանաք հասարակությանը:

- Առաջնահերթ մեր հասարակությանը խորհուրդ կտամ, որ փոխեն իրենց կենսակերպը, հոգեբանորեն հավասարակշիռ լինեն, միմյանց հանդեպ սիրով լցվեն, դրական տրամադրվեն և մեծացնեն հավատն առ Աստված: Մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնյա ենք ոչ թե զուտ անունով, այլ մեր ապրած կյանքով, մեր ազգի ճակատագիրը միասնական կերտելու դեգերումներով: Մաղթում եմ, որ առողջ լինեն, քանզի առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը:

Իսկ մեր երկրին մաղթում եմ խաղաղ և անամպ երկինք. խաղաղության պայմաններում, ըստ իս, բոլոր հարցերն արդեն լուծելի են: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք տարել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր