ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

                                                                                                       Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի 

 21-րդ դարում բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն, ինչպես  առողջապահական այլ ոլորտների, այնպես էլ ակնաբուժության մեջ կարևորվում է  բանիմաց  մասնագետներին ժամանակին դիմելը: Ընդհանրապես բուժառուի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է վստահելի համագործակցություն, առավել հեշտ են լուծվում խնդիրները: 

Մեր զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար  ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։ 

Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան այդ ճանապարհին, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ արդյունավետ: Եվ մեր զրուցակիցը նման երջանիկներից է: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց: 

Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Ընտրելով  բժշկի դժվարին ու պատասխանատու մասնագիտությունը` երբեք չի զղջացել` մշտապես բարձր դիրքերում պահելով ամենօրյա տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Եվ իզուր չեն ասում՝ հիվանդի համար բժշկի հոգատար ու մարդկային վերաբերմունքը բուժման կեսն է։

-Բժշկուհի, տեղյակ ենք, որ գլաուկոմա հիվանդությունը համարվում է «տեսողության համր գող»։ Կտարբերակե՞ք, թե որոնք են բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմայի տեսակները։ 

-Այո, ինչպես նշեցինք, գլաուկոմա հիվանդությունը համարվում է տեսողության գող, քանի որ ազդում է տեսողական նյարդի վրա։ Ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում տեսողական նյարդը ճնշման տակ է, և  էական չէ` բարձր է ճնշումը, միջին է, երբեմն ցածր է, միեւնույնն է, տվյալ նյարդի համար այդ ճնշումը համարվում է բարձր։ Եվ տեսողությունը վատթարանում է այն պատճառով, որ տեսողական նյարդը աստիճանաբար վնասվում է։ Մարդիկ դա երկար ժամանակ չեն զգում եւ անգամ, երբեմն գալիս են բավականին բարձր տեսողության սրությունով, քանզի բարձր ճնշման տակ հատակի կենտրոնական մասը ժամանակավորապես ավելի ակտիվ է աշխատում։ Հետո տեսողական նյարդը շատ է վնասվում, եւ տեսադաշտի փոփոխությունները բերում են նրան, որ մարդը նկատում է, որոշ մանր փոփոխություններ աստիճանաբար տեսադաշտից կորցնում է։ Իսկ եթե խոսենք բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմաներից, դրանք պայմանավորված են, այսպես կոչված, անկյունով։ Այսինքն` ներակնային ճնշումն իր մակարդակը պահում է  շնորհիվ անկյան արտահոսքի։ Աչքի ներսում կա այնպիսի մի հատված, որը կոչվում է աչքի անկյուն. դա արցունքի հետ կապ չունի, այլ ներակնային հեղուկի մասին է խոսքը, եւ այդ հեղուկը անկյունից աստիճանաբար դուրս է գալիս։ Բաց անկյան ժամանակ անատոմիապես անկյունը բաց է. հարց է առաջանում` բա ինչո՞ւ է գլաուկոման զարգանում: Որովհետև, երբ  ասում ենք բաց կամ փակ անկյուն, նկատի ունենք անատոմիական կառուցվածքը: Ըստ կառուցվածքի` բոլոր շերտերը առկա են, եւ արտահոսքը լինում է: Փակ անկյան ժամանակ ոչ բոլոր շերտերն են առկա։ Այդ դեպքում հեղուկն ինքն իրեն, անգամ առողջ անկյունում, արտահոսքի հնարավորություն չունի։ Դրա համար փակ անկյան ժամանակ առաջին հերթին պետք է կատարվի լազերային միջամտություն, որպեսզի բացվի, ուղղվի այս անկյունը: Այն արվում է 40 տարեկանից հետո։ Մինչեւ 40 տարեկանը, իմաստ չունի, քանի որ երիտասարդների գլաուկոման` բաց թե փակ անկյուն, զարգանում լրիվ այլ կերպ։ Փակ անկյան ժամանակ անկյունը լազերով բացելուց հետո հետեւում ենք, որ այս անատոմիապես բաց անկյունն իր գործառույթը կատարի։ Եվ հենց բաց անկյուն գլաուկոման դրանով է տարբերվում, որ այն անատոմիապես բաց է, բայց ֆունկցիոնալ գործունեության տեսակետից` անկյունը թերի է աշխատում՝ խցանված է, նեղացած, չի թողնում, որ անգամ բաց վիճակում հեղուկը լիրաժեք արտահոսք անի, եւ այդ դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը: Բաց անկյուն գլաուկոմայի դեպքում կատարվում է մեկ այլ լազերային միջամտություն, միայն այն դեպքում, եթե տեսողական նյարդը լավ վիճակում է եւ թույլ է տալիս այդպիսի միջամտություն։ Եթե տեսողական նյարդը շատ է վնասված, լազերային միջամտությունը կարող է իրենից վտանգ ներկայացնել։ Այդ իսկ պատճառով գլաուկոմայի բաց անկյան ժամանակ, եթե նյարդը դեռ լավն է, կարելի է այդ միջամտությունը: Իսկ եթե նյարդը վնասված է, ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում՝ բաց թե փակ, արդեն մտածում ենք վիրահատության մասին։  Եվ բաց անկյուն գլաուկոմայի տարբերությունն այն է, որ այստեղ հանգիստ կարող ենք կատարել ստենտավորում կամ շունտավորում, այսինքն` անկյունը բաց է, թերի է աշխատում, եւ ստենտով կամ շունտով բացում ենք այդ թերացումները, իսկ փակ անկյուն գլաուկոմայի ժամանակ ստենտավորումը իմաստ չունի, տեղ չկա տեղադրելու, եւ վիրահատելով պետք է արհեստական տեղ ստեղծել։

-Գլաուկոմայի ժամանակ, ովքե՞ր կարող են ռիսկային խմբում գտնվել, եւ արդյո՞ք հիվանդությունը ժառանգական բնույթ կրում է։ 

-Այո, գլաուկոման ինքնին ժառանգական բնույթ է կրում, անգամ` երեխաների մոտ։ Ուղղակիորեն կա գեն, որը պայմանավորված է գլաուկոմայի զարգացմանը ուղղված, եւ ինչ-ինչ սոցիալական պայմանների, նյութափոխանակության խանգարումների պատճառով աչքն էլ դառնում է շատ թիրախային եւ ավելի զգայուն, իսկ ներակնային ճնշումը տվյալ նյարդի համար հանդիսանում է ավելի բարձր։ 

Ռիսկի խմբի մեջ առաջին հերթին մտնում են հեռատեսությամբ տառապողները, աչքեր, որտեղ հիմնականում աչքի անկյունը նեղ եւ փակ է լինում, ինչի համար ասիական երկրների մարդիկ ունեն փակ անկյուն, եւ միշտ լազերը կատարվում է, քանի որ իրենք գենետիկորեն ունեն նեղ աչքեր, աչքի նեղ անկյուն,  որոնց հեշտ է լազերային միջամտություն կատարել։ Կարճատեսությամբ տառապողների մոտ պատկերն այլ է, շատ զգայուն են եւ ռիսկային գոտում են բաց անկյուն գլաուկոմայի ժամանակ։ Թիրախային խմբի մեջ են նաեւ բարձր արյան ճնշում ունեցող հիվանդները, որոնց մոտ արյան ճնշում տատանումներն էլ բերում նրան, որ սնուցումը տեսողական նյարդի շուրջը վնասված է լինում: Ինչպես նաեւ շաքարային դիաբետով եւ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ, որոնց մոտ անոթային համակարգը կարող է թերանալ, արդյունքում թերի սնուցել տեսողական նյարդը: Բոլոր վերը նշվածները գլաուկոմա հիվանդության թիրախային խմբի մեջ են։ Ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք ունեն աչքի տարբեր հիվանդություններ` սկսած կատարակտից ընդհուպ աչքի բորբոքային հիվանդություններ։ Չգտնվելով բժիշկների հսկողության տակ, կամ թեկուզ գտնվում են, բայց պատշաճ չեն կաթեցնում  աչքի կաթիլները, անպայման ի վերջո երկրորդային գլաուկոմա են ունենում։ Այդ իսկ պատճառով էլ բժշկի հսկողության տակ լինելը շատ կարեւոր է, և «տեսողության գող» ասված հիվանդությունը  երբեք չլինի։

- Պոզներ-Շլոսման սինդրոմ (PSS)։ Կմանրամասնե՞ք։

-Այդ սինդրոմը գլաուկոմայի մի խումբ է, որը մինչ օրս տարբեր տեսություններ է ունեցել։ Ժամանակին այն համարվել է բորբոքում։ Այնուհետև համարվել է գլաուկոմա, հետո`  փակ անկյուն, նաև անվանում էին վիրուսային բորբոքում: Արդի տեսլականը այս հիվանդության վերաբերյալ կամ այլ կերպ երբեմն ասում են գլաուկոմա ցիկլիտիկ կրիզ, երբ վիլյար մարմնի՝ թաղանթի մի հյուսվածքի բորբոքման պատճառով ոչ թե ինֆեկցիան է, այլ ուղղակի ինչ-ինչ պատճառներով այն բորբոքվում է եւ սկսում է համեմատաբար ավելի շատ արտադրել առաջնային խցիկի հեղուկ, եւ այս հեղուկը չի հասցնում դուրս գալ, որովհետև անկյունը նեղանում է, և դրա հետեւանքով հետեւից սեղմում է հյուսվածքը, մի կողմից հեղուկն է շատ արտադրվում, մյուս կողմից անկյունը թերանում իր գործառույթը, և սկսում է կուտակվել հեղուկը։ Եվ շատ հաճախ ընթանում է  հենց փակ անկյուն գլաուկոմայի ձեւով։ Ամենադժվարը, երբ մարդը ունենում է անատոմիապես փակ անկյուն` զուգակցված Պոզներ-Շլոսման սինդրոմով, այսինքն` ասեպտիկ ոչ ինֆեկցիոն,  բորբոքման պատճառով ավելորդ հեղուկ է կուտակվում աչքի ներսում եւ բերում կտրուկ ճնշման բարձրացմանը։ Այս տիպի գլաուկոմայի բուժումը ոչ միայն ճնշումը իջեցնելով է, այլ հակաբորբոքայիներ նշանակելով։ Սա ուղղորդվում է ցավերով, ճնշման կտրուկ բարձրացումով: Շատ նման է փակ անկյուն գլաուկոմայի սուր նոպայի, ի տարբերություն նրան, որ այստեղ բիբը չի լայնանում, եւ չենք ունենում ծիածանաթաղանթի շուրջը ատրոֆիկ վնասված օջախներ։

-Գլաուկոմայի պրոգրեսիայի հսկման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ։

-Ակնաբույժի  ստուգումը, թե տեսողական նյարդը ինչ վիճակում է, նաև ներակնային ճնշման ստուգում` հասկանալու ապագա բուժման ընթացքը` հետեւելով նախկին եւ ներկա  ցուցանիշները։ Պետք է կարգավորել ճնշումը` հասկաալու համար` կա՞ն արդյոք տեսողական նյարդում փոփոխություններ, թե` ոչ։  Այսինքն` գլաուկոմայի ժամանակ լինում է տեսողական նյարդի վնասում։ Ամբողջ մեր հսկողությունը կատարվում է տեսադաշտի վրա, թե ինչ փոփոխություններ են ժամանակի ընթացքում նկատվում տեսադաշտում։ Կան նաեւ օսիթի օկուլյար կոլեհեր տոմոգրաֆիա, որը ցույց է տալիս այս նյարդաթելերի ամենաանտեսանելի հատվածում եղած փոփոխությունները` բարակո՞ւմ են արդյոք նյարդաթելերը, թե` ոչ։ Եվ եթե այդ բարակումը կրում է շարունակական բնույթ, ուրեմն իրականացվող բուժումը թերի է, չպիտի շարունակվի։ Այսինքն` այս հետազոտությունը ցույց է տալիս տեսողական նյարդի վնասումը համակարգչային տեխնիկայի միջոցով։

-Կոմբինացված վիրահատությունների օգնությանը ե՞րբ եք դիմում։

-Այն դեպքում, եթե տեսողական նյարդը արդեն 80 տոկոսով եւ ավելի վնասված է, եւ մենք ստիպված պետք է  կատարենք կատարակտի դեմ միջամտություն, այս դեպքում միայն կատարակտի միջամտությունը իմաստ չունի։ Շատ հաճախ գնում ենք կոմբինացված վիրահատությունների, քանզի կատարակտի միջամտությունը կատարելուց հետո կա, այսպես կոչված, հիպերտենզիֆազա, այսինքն որոշ ժամանակ հետո ճնշումը կարող է բարձրանալ։ Եթե 80 տոկոսով վնասված նյարդի ճնշումը բարձրացավ, անպայման կկորցենք նյարդը։ Այդ իսկ պատճառով հաճախ այդ դեպքերում կատարակտի հետ զուգակցված կատարում ենք գլաուկոմայի համակցված վիրահատություն էֆֆեկտիվ արդյունք ունենալու համար։ Բացի դրանից, կոմբինացված վերահսկողություն կատարում ենք այն դեպքում, եթե բուժառուի մոտ բարձր է ճնշումը, եւ ինչ դեղորայք ընդունվում է, չի իջնում:  Բայց եթե բուժառուն ունի նաեւ կատարակտա, որը խանգարում է իրեն, եւ շատ հաճախ մենք ստիպված ասում ենք, որ եթե նրա ցանկությունն է մեկ անգամ վիրահատարան մտնելով` ստանանք արդյունքը, դիմում ենք կոմբինացված վիրահատության։ Մենք աշխատում ենք հիմա շատ չկատարել կոմբինացված միջամտություններ, քանզի  ներվիրահատական ռիսկը կրկնապատկվում է։ Բայց երբեմն ստիպված ենք լինում` ե՛ւ բուժառուի շահերից ելնելով, ե՛ւ բժշկական տեսակետից։ Նախկինում օրական 4-5 կոմբինացված վիրահատություններ էինք կատարում, այսօրվա մեր ռեժիմի մեջ  30 վիրահատությունների ընթացքում 1 բժշկի կողմից կարող ենք 1-2 կոմբինացված վիրահատություն կատարել։ 

- Հնարավո՞ր է գլաուկոմայի կրկնվելու հավանականությունը վիրահատելուց հետո։ 

-Գլաուկոմայի  վիրահատության իմաստն այն է (ոչ թե շունտավորման, այլ` վիրահատության), որ մենք նոր տեղ ենք ստեղծում, ձեւավորում, որպեսզի կոմպենսացնենք բնությունից արդեն թերացած հատվածը, տեղ ենք ստեղծում, որպեսզի արտահոսքը լիրաժեք տեղի ունենա։ Այս տեղը կարող է ապագայում փակվել, այսինքն` սպիանալ։ Եթե բուժառուն սպիացման հակում ունի, որոշ դեպքերում շատ փոքր տոկոս է կազմում։ Եվ այն դեպքում, երբ փակվում է գլաուկոմայի վիրահատությունից անմիջապես հետո, եթե ճնշումը բարձրանում է, լազերով կտրում ենք կարը եւ 3 տարվա կտրվածքով  կարգավորում ենք ներակնային ճնշման մակարդակը: Բայց 3 տարի հետո կարող է սպիանալ, այս դեպքում էլ ստիպված ենք լինում հատուկ խողովակներ, ապարատներ տեղադրել, որպեսզի սպիացման պրոցեսը կապ չունենա արդյունքի հետ։ 

-Աչքի իմպլանտացիա հասկացություն կա՞ արդյոք ակնաբուժության մեջ։ 

-Աչքի իմպլանտացիա հասկացություն ամբողջ աշխարհում գոյություն չունի։ Սա միֆ է, կա աչքի տարբեր հատվածների իմպլանտացիա, օրինակ` եղջերաթաղանթի, ոսպնյակի, գոյություն ունի կոնկրետ խողովակների ստենտերի իմպլանտացիա, բայց աչքը` որպես այդպիսին, փոխել անհնարին է, քանզի գիտենք, որ աչքը ցանցաթաղանթն է, որը  ուղեղի շարունակություն է դեպի արտաքին աշխարհ։ Քանզի այսօր, երբ գիտությունը դեռևս չի գտել ուղեղի փոխպատվաստում, աչքն էլ փոխպատվաստել անհնար է։
-Գլաուկոմայի լազերային միջամտությամբ բուժման մեջ արդյոք կա՞ն նորարարական մոտեցումներ, որոնց մասին կցանկանայիք խոսել։ 

-Վերը նշեցի` հիմնականը փակ անկյունը բացելն է եւ բաց անկյան վրա աշխատելը։ Համեմատաբար նոր մեթոդ է սելեկտիվ լազերային տրաբեմուլոպլասիկան, որի իմաստն է այնպես աշխատել անկյան վրա, որպեսզի կողքի հարակից հյուսվածքները չվնասենք։  Մենք դեռ մեր կլինիկայում 2012 թվականին իրականացրել ենք այս մեթոդները, բայց այսօր սա ապարատային բուժման օգնությամբ է իրականացվում, որոնք  ավելի լավացնում են տրաբիկուպլասիկայի արդյունքը։ Այսինքն` սարքավորումներն են նոր, բայց միջամտությունը նույն է։ 

- Պերդյուի համալսարանի ամերիկացի գիտնականները կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել գլաուկոմայի վաղ ախտորոշման համար, ի՞նչ ոսպնյակներ են դրանք։

-Արդեն բավականին ժամանակ է կան այդ ոսպնյակները, որոնք ինֆորմացիա են հասցնում ներակնային ճնշման մակարդակի եւ ներակնային ճնշման տատանման մասին։ Այսինքն` այդ ոսպնյակը, երբ իմպլանտացվում է աչքի մեջ, տեղադրված չիպը չափում է ներակնային ճնշումը` անկախ կողմնակի ազդեցությունից։ Սա ավելի լավ մեթոդ է գիտական աշխատանքների իրականացման ժամանակ։ Մենք էլ ունենք այսպիսի առաջարկ և շուտով կիրագործենք, որ ոսպնյակը իմպլանտացվի հատուկ սարքով, որը կչափի ներակնային ճնշման մակարդակը օրվա կտրվածքով, որի օգնությամբ բժիշկը կհսկի` արդյո՞ք նորմայում կամ ոչ նորմայի սահմանում է տատանվում ներակնային ճնշումը, որպեսզի ճիշտ համակարգված և ժամանակին բուժումը կատարվի։

- Տեղյակ ենք, որ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի է ունեցել «Ակնաբուժության հեռանկարները. Հայաստանի և Վրաստանի փորձը» խորագրով գիտաժողով։ Կմանրամասնե՞ք։

-Շատ հետաքրքիր կոնֆերանս էր Վրաստանի կոլեգաների հետ համատեղ։ Ընդամենը 8 զեկույց ամեն կողմից, բայց մեկը մյուսից` հագեցած, մեկը մյուսից` շատ հետաքրքիր։ Եվ գլաուկոմայի վերաբերյալ շատ նորանոր տեղեկատվություն եղավ։ Ես միշտ ցիտում եմ ԱՄՆ մեր կոլեգաների ասածը եւ Վրաստանի պատվիրակությունը նույնպես հաստատեց այն, որ Հայաստանի գլաուկոմայով հիվանդները շատ երջանիկ են: Իրականում պարծենում եմ այդ փաստով, քանզի մեր կլինիկայում կատարվում է գլաուկոմայի բուժման ամենավերջինը, նորագույնը, եւ միշտ մեր հսկողության տակ են մեր բուժառուները։ Վրաստանի բժիշկներն էլ փաստեցին մեր կլինիկայի առաջադեմ եւ բարձր մակարդակը, ժամանակին բուժօգնություն ցուցաբերելը, եւ իրենք էլ կիսվեցին իրենց փորձով,  որն էլ մեզ համար էր շատ հետաքրքրական:   Պատրաստվում ենք, որ մեր համագործակցությունը կրի շարունակական բնույթ։ Ամենակարեւորը մեզ մոտ պետք է ուսուցանվեն Վրաստանից ժամանած բժիշկները, եւ այդ պահին արդեն մեկ հոգի ունենք, որ եկել է ուսանելու աչքի տարբեր հիվանդությունների բուժման նորագույն մեթոդները։ Մենք էլ պատրաստվում ենք մի քանի ամիս հետո իրենց այցելել կոնֆերանսի մեր համագործակցության շարունակելու համար։

-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:       

- Ինքս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչն եմ, եւ ինձ համար ուսուցանելը եւ երիտասարդ կադրեր պատրաստելը շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ մենք ունենք փայլուն երիտասարդություն, հանգիստ եւ վստահորեն կարող եմ ասել հենց գլաուկոմայի բաժանմունքի մասին, որ երիտասարդ կադրերն արդեն ինքնուրույն սկսում են աստիճանաբար վիրահատություններ կատարել, եւ ամենակարեւորը ակտիվ մասնակցում են թե՛  տեղական, թե՛ միջազգային կոնֆերանսերին, և իրենց գրագետ զեկույցներով օժանդակում են  մեր աշխատանքին:  Գլաուկոմայի տեսակետից իրենք էլ են աստիճանաբար ներգրավվում բոլոր գիտական աշխատանքների մեջ, որպեսզի տեղեկացված լինեն գլաուկոմայի բուժման նորագույն միջամտություններին հենց սկզբնական փուլերում։ Մենք ամերիկյան ծրագրի հետ էլ ունենք գլաուկոմայի հետ կապված մեկ լավ հետազոտություն` հայտնաբերելու Հայաստանում  փակ անկյուն գլաուկոմայի քանակը, տոկոսը եւ բուժել դրանք, որի մեջ ներառված է երիտասարդ սերունդը։ Կարծում եմ, որ մեր ակնաբուժության ապագան ապահով ձեռքերում է։ Իրականում մեր աջակցությունն էլ իրենց պետք է մեծ լինի:  Հաճախ  իրենք ավելի առաջադեմ են նորարական բուժմոտեցումները ներդնելու համար։ 

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Ամենակարեւորը կցանկանայի, որ մեր բուժառուն լինի ավելի տեղեկացված ու ավելի գրագետ։ Իրականում մարդը կարող է շատ գրագետ եւ  զարգացած լինել, բայց իր հիվանդության մասին շատ տեղեկացված չլինել։ Կցանկանայի, որ մեր բուժառուներն ավելի հետևողական լինեն բժիշկների ցուցումներին։ Չգիտես ինչու, շատ հաճախ բժշկի ասածը դրվում է կասկածի տակ: Իրականում լրատվական միջոցներով տեղեկատվության տարածումը բավականին օգնում է, որ բուժառուներն ավելի գրագետ եւ հետեւողական մոտենան իրենց խնդրին: Պետք է հետեւողական լինեն գլաուկոմայի վիրահատությունից հետո դեղորայքի պարտադիր կաթեցմանը։ Թողնելով բարձիթողի մեր ցուցումները` հաճախ տրտնջում են, որ արդյունք չեն տեսնում։ Պետք է հետեւողական լինեն, եթե բուժառուն գիտի` ինչ ճանապարհ պիտի անցնի  բժշկի հետ, ավելի գիտակից է մոտենում իր խնդրին, որն էլ հետագայում օգնում է բուժման ընթացքին։ Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի: Իրականում ոչ ոք չի պատկերացնում, թե բժիշկը ինչի միջով է անցնում, որպեսզի բուժառուն իր կորցրած առողջությունը հետ բերի, հատկապես գլաուկոման ինքնին տարիքային շեմ է ընդգրկում։ Եվ շատ հաճախ մեծահասակների հետ աշխատելով` բժիշկն իրոք անցնում է մեծ դժվաությունների միջով` թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես։Ինչպես ասում են, երբ հիվանդությունը գալիս է, բժիշկը եւ բուժառուն մի կողմի վրա են, իսկ հիվանդությունը` մյուս, միասին հիվանդությանը հաղթելը ավելի հեշտ է։ Իսկ որպես մաղթանք` բոլորիս  առողջություն, որ այն միշտ իրենց մոտ հսկելի լինի։ Եվ կարևոր մի բան, որը  ոչ միայն անհրաժեշտ է մեր երկրին, այլ ամբողջ աշխարհին. թող խաղաղություն լինի թե՛ երկրում, թե տանիքներում, թե իրենց ուղեղում, հարաբերություններում, հոգիներում։ Անամպ ու կապույտ երկինք, որպեսզի մենք էլ կարողանանք արարել մեր երկրում։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր