Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել
Բժիշկն իր աշխատանքով գրում է սեփական կենսագրությունը, ստեղծում այն պատմությունը, որը դառնում է հանրության սեփականությունը, որտեղ հստակ երեւում է նրա արհեստավարժությունն ու նվիրվածությունը աշխատանքին ու մարդկանց։
«Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից»։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին` «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանին: Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:
-Հիպոպարաթիրեոզ, ի՞նչ պաթոլոգիա է, կմանրամասնե՞ք:
- Հիպոպարաթիրեոզը մի հիվանդութուն է, որը պայմանավորված է մեր օրգանիզմում հարվահանաձեւ գեղձերի կողմից արտադրվող պարատհորմոնի ցածր սեկրեցիայով կամ իսպառ բացակայությամբ։ Պարատհորմոնը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակությունը, հետեւաբար դրա դեֆիցիտը հանգեցնում է ծանր հիպոկալցեմիայի, այսինքն` արդյունքը լինում է կալցիումի բացակայությունը արյան մեջ: Առաջացման պատճառները տարբեր են, բայց ամենից շատ հանդիպում է
հետվիրահատական հիպոպարաթիրեոզը` որպես վահանաձև գեղձի վիրահատության բարդություն։
Կալցիումի պակասը օրգանիզմում արտահայտվում է մկանային ջղակծկումներով, հատկապես վերին եւ ստորին վերջույթների, ինչպես նաեւ դեմքի մկանների, կարող են կծկվել նաեւ ներքին օրգանների մկանները, արդյունքում զարգանում է բրոնխոսպազմ, կոկորդի սպազմ, կլման ակտի խանգարում, ստամոքս-աղիքային տրակտում կարող է լինել լուծ, փորկապություն, ինչպես նաեւ փսիխոգեն խանգարումներ, որն արտահայտվում է ծանր նեւրոզով, հիշողության կորստով, անքնությամբ եւ դեպրեսիայիով։ Նման դեպքերում պացիենտները հակված են ամբողջ կյանքում ստանալ կալցիումի ու ակտիվ վիտամին D-ի դեղամիջոցներ։
-Վահանաձև գեղձի դեմ ուղղված հակամարմինների բարձր մակարդակի դինամիկայում հսկողությունը որևէ նպատակ ունի՞, թե` ոչ։
-Սովորաբար վահանաձև գեղձի նկատմամբ հակամարմինների մակարդակը ստուգում ենք առաջին այցի ժամանակ ախտորոշումը հստակեցնելու համար` կա արդյո՞ք աուտոիմուն պրոցես, թե՝ ոչ։ Այնուհետև ոչ հաճախ ենք ստուգում, քանի որ դրանք բավականին երկար են պահպանվում։ Իսկ բուժման նշանակման համար հակամարմինների բարձր մակարդակը էական նշանակություն չունի, քանի որ բուժառուին հորմոնալ բուժում նշանակվում է միայն այն դեպքում, երբ կա վահանաձև գեղձի հորմոնների նորմայից շեղումներ, այսինքն՝ դիսֆունկցիա։ Հակառակ դեպքում, երբ միայն հակամարմիններն են բարձր, նշանակվում են միայն իմունիտետը լավացնող պրեպարատներ։ Վահանաձև գեղձի հորմոնները հսկողության տակ ենք պահում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, իսկ կայուն էութիրոզի դեպքում` 6 ամիսը մեկ։
-Ի՞նչ է տալիս մեզ քրոմ պիկոլինատը։
-Քրոմը դա միկրոէլեմենտ է, ինչպես կալցիումը, մագնեզիումը, իսկ քրոմ պիկոլինատը նույն քրոմն է, որը կապված է պիկոլինաթթվի հետ, ինչն ապահովում է դրա ավելի լավ յուրացումը օրգանիզմի կողմից։ Քրոմը նշանակվում է որպես նիհարեցնող միջոց, քանի որ այն ակտիվորեն մասնակցում է ճարպերի ու ածխաջրածինների նյութափոխանակությանը, այն համագործակցում է ինսուլինի հետ, որը օրգանիզմին օգնում է ավելի լավ յուրացնել գլյուկոզան` նվազեցնելով շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։ Որքան շատ քրոմ է պարունակվում մեր սննդակարգում, այնքան քիչ ուտելու ցանկություն է լինում։ Հետեւաբար ունի նաեւ ախորժակ փակող հատկություն։
-Ցինկի անբավարարությունը ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։
-Վերջին շրջանում կորոնավիրուսով պայմանավորված շատ ենք լսում ցինկի կարեւորության եւ օգտակարության մասին, եւ բժիշկները իրենց դուրս գրած դեղատոմսում անպայման ներառում են այս միկրոէլեմենտը։ Բանն այն է, որ ցինկը մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համար նույնպես կարեւոր տարրերից մեկն է, որի դեֆիցիտը հանգեցնում է լուրջ խանգարումների։ Ցինկը ամրապնդում է օրգանիզմի իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը, մասնակցում սպիտակուցների սինթեզի, ինչպես նաեւ մեր օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործառույթներին։ Օրգանիզմում ցինկի ցուցանիշի պակասի դեպքում առաջանում է աճի դանդաղում, արյան ճնշման ցածր ցուցանիշներ, ախորժակի կորուստ, ոսկրերի աճի դանդաղում, համի եւ հոտի զգացողության կորուստ, դեպրեսիա, չոր մաշկ, քաշի կորուստ, գունատ մաշկ, աղիների թուլություն, մազաթափություն, հոգնածության զգացում, եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն։ Մարդկային օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն ցինկ արտադրել, ինչը նշանակում է, որ այն բավարար քանակությամբ ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ցինկով հարուստ մթերք կամ այն ստանալ համապատասխան դեղամիջոցների տեսքով։ Ցինկի օրական անհրաժեշտ քանակը կանանց դեպքում 8մգ է, իսկ տղամարդկանց համար` 11մգ։
- Ի՞նչ հորմոն է օքսիտոցինը և ի՞նչ գործառույթ է այն կատարում։
-Օքսիտոցինը հորմոն է, որն արտադրվում է գլխուղեղի հիպոթալամուսի շրջանում, այն կարգավորում է մեր օրգանիզմում մի շարք գործառույթներ։ Լայնորեն կիրառվում է մանկաբարձության բնագավառում, երբ ծննաբերող կնոջը ներարկում են օքսիտոցին, որպեսզի ուժգնանան ծննդաբերական կծկանքները, առաջացնի ընկերքի ծննդաբերությունը կամ կանխարգելվի արգանդային առատ արյունահոսությունը։ Իսկ երբ կինը կերակրում է կրծքով, օքսիտոցինը օգնում է, որ կաթը կաթնածորաններով դուրս գա։ Այն նաեւ կարեւոր դերակատարություն ունի գլխուղեղի այնպիսի գործունեությանը, որն ուղղված է մարդկանց հետ փոխհարաբերություններ ստեղծելուն։ Այս հորմոնը օգնում է, որ մարդիկ ճանաչեն մեկը մյուսին, նպաստում է հավատարմության եւ հոգատարության զգացումների ձեւավորմանը, իսկ կանանց օգնում է իրենց նորածին երեխայի հետ առավել մերձենալուն։ Օքսիտոցինը արտադրվում է նաեւ սեռական հարաբերության ժամանակ, որը մարդկանց պարգեւում է սեռական հաճույքի զգացում։ Հետեւաբար օքսիտոցինը անվանում են նաեւ սիրո եւ հավատարմության հորմոն։ Դուք կարող եք նաեւ հանդիպել օքսիտոցինի սփրեյ, որը գովազդվում է որպես հավատարմության եւ հրապուրանքի զգացումներ առաջացնող միջոց, սակայն նման պնդումները դեռեւս ապացուցողական հիմք չեն ստացել։ Ինչպես նաեւ կատարվում են մի շարք հետազոտություններ օքսիտոցինային բուժումը կիրառել նաեւ աուտիզմով տառապող երեխաների մոտ, սակայն այդ պնդումները դեռ հետազոտությունների փուլում են։
-Որո՞նք են հիպոթիրեոիդիզմի ախտանշանները։
-Նախ ասեմ, որ հիպոթիրեոզի ժամանակ ընկնում է վահանաձև գեղձի ակտիվությունը, եւ գեղձը չի կարողանում համապատասխան քանակով թիրոքսին հորմոն արտադրել։ Պատճառները տարբեր են` սկսած բնածին հիպոպլազիաներով, վերջացրած աուտոիմուն գենեզով։ Վերջին շրջանում շատ հաճախ հանդիպում են աուտոիմուն գենեզի հիպոթիրեոզները։ Իսկ վահանաձև գեղձը, կարելի է ասել, համարվում է մեր օրգանիզմի ղեկավարը, եւ դրա թերֆունցիայի պատճառով տուժում է մի շարք օրգան համակարգերի գործունեությունը։ Ախտանիշները, որոնք լինում են հիպոթիրեոզի ժամանակ, հետեւյալն են` հոգնածության զգացում, քնկոտություն, ալարկոտություն, մազաթափություն, մաշկի չորություն, թեփոտում, ցրտի նկատմամբ գերզգայունություն եւ անտանելիություն։ Հիպոպարաթիրեոզով տառապող բուժառուները հիմնականում շատ մրսկան են, փորկապություն, քաշի ավելացում, դեմքի այտուցվածություն` հատկապես առավոտյան ժամերին, ձայնի խռպոտում, մկանային թուլություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հիշողության թուլացում կարող է լինել, սրտխփոց, սրտի ռիթմի խանգարում` բիադիկարդիա, տրամադրության անկում, դեպրեսիա եւ այլ ընթացիկ խանգարումներ։
-Կարո՞ղ է հիպոթիրեոզը առաջացնել անպտղություն։
-Այո, նույնիսկ ենթակլինիկական կամ թեթեւ հիպոթիրեոզը կարող է հանգեցնել հնարավոր անպտղության եւ վիժման։ Հիպոթիրեոզը բարձրացնում է պրեէկլամսիայի, պերինատալ մահացության ռիսկը, ինչպես նաեւ կապված է հեստացիոն դիաբետի եւ վաղաժամ ծննդաբերության հետ։ Հետեւաբար իմ խորհուրդն է` բոլոր այն կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, պարտադիր անցնեն վահանաձև գեղձի հետազոտություն, եթե կա հորմոնների խախտում, ապա անպայման ստանան համապատասխան բուժում, կարգավորեն դիսֆունկցիան, այնուհետև նոր պլանավորեն հղիություն։
-Փոփոխական տրամադրություն, ի՞նչ պաթոլոգիայի պատճառահետևանք է։
-Տրամադրությունը կարեւոր գործոն է մարդու զգացմունքային ներաշխարհը բացահայտելու համար։ Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատը ընկալում է դրական, իսկ վատ, տխուր տրամադրությունը ընդհակառակը առաջացնում է դժգոհություն, տագնապ, տհաճ զգացողություններ։ Տրամադրության փոփոխություն կարող են լինել ինչպես վահանաձև գեղձի թերֆունցիայի, այնպես էլ գերֆունկցիայի դեպքում։ Թերֆունցիայով տառապող մարդիկ ավելի հավասարակշռված են, դանդաղախոս, ալարկոտ, խուսափում են մարդաշատ վայրերից, ավելի դժվարությամբ են մտնում կոնտակտի մեջ եւ ավելի անտարբեր են շրջապատի նկատմամբ։ Իսկ վահանաձև գեղձի գերֆունկցիայիով կամ այսպես կոչված` թիրոտոկսիկոզով տառապող մարդիկ ավելի դյուրագրգիռ են, շուտ են բռնկվում, հուզվում, լացում, հետեւաբար ավելի զգայուն են։ Եվ նման գանգատներ ի հայտ գալու դեպքում ցանկալի է հետազոտել վահանաձև գեղձի ֆունկցիան։
-Ի՞նչ նյութերի թվին է պատկանում սերոտոնինը։
-Սերոտոնինը, ինչպես այն անվանում են երջանկության հորմոն, արտադրվում է գլխուղեղում եւ կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչն է։ Բնականաբար բարձրացնելով սերոտոնինի մակարդակը` մենք կարող ենք բարելավել մեր հոգեկան վիճակը, մոտիվացիան, ուշադրությունը, հիշողությունը, ինչպես նաեւ սեռական ցանկությունը։ Այնուամենայնիվ, հակադեպրեսանտները բժիշկների ընտրությունն են սերոտոնինի մակարդակի բարձրացման համար, բայց դրանց կիրառումը հաճախ ունենում է անցանկալի կողմնակի ազդեցություններ։ Նշենք մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է բարձրացնել օրգանիզմում սերոտոնինի մակարդակը. Նախևառաջ սննդակարգում ավելացնել տրիպտոֆան, որն ամինաթթու է և օգնում է մեր օրգանիզմում սերոտոնինի արտադրությանը։ Տրիպտոֆան պարունակող մթերքներն են ձուկը, անյուղ միսը, հնդկահավը, կաթնամթերքը, ընկույզը եւ սերմերը։ Ցանկալի է հաճախ մերսում կատարել, որով կբարձրանա տրամադրությունը, եւ նվազեցնել կորտիզոլի` սթերսի հորմոնի մակարդակը։ Իսկ սթերսը, ինչպես գիտենք, արգելափակում է սերոտոնինի արտադրությունը։ Պետք է շատ օգտագործել B խմբի վիտամիններ, հատկապես B12, B6, որոնք նույնպես կարող են օգնել սերոտոնինի արտադրությանը։ Շատ կարևոր է նաեւ արեւի տակ մնալը, այսինքն` վիտամին D-ի նորմալ քանակը օրգանիզմում, որը նույնպես շատ կարևոր է սերոտոնինի համար, ինչպես նաև մագնեզիումի ընդունումը։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը, ընթերցողներին:
-Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել, օգտագործեք քաղցր, որը նույնպես բարձրացնում է տրամադրություն, փորձեք մեդիտացիա, մարմնամարզություն, շատ օգտագործեք վիտամին C, քանի որ այն ամուր կապված է տրամադրության հետ եւ ունի նաև հակադեպրեսանտ հատկություն։ Նվազեցրեք սթրեսը, սթրեսի հորմոնը` ինչպիսին է կորտիզոլը, որի դեմ պայքարի միջոցը դրական մնալն է եւ ձեր մասին հոգ տանելը։ Առողջ եղեք: