ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Հայ կանայք իրենց առողջության նկատմամբ շատ անուշադիր են

 

bestgroup.am  կայքի զրուցակիցը բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ է։

- Պարոն Քոչարյան, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է, ախտորոշման ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում։

- Մենք կիրառում ենք ավանդական հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային շերտագրություն (КТ), որոնք կատարվում են գերժամանակակից, ամենավերջին սերնդի սարքերով։ Այս պահին մեր հետազոտման սենյակում տեղադրված է համաշխարհային չափանիշներով էքսպերտ դասի լավագույն սարքը, որը ճշգրիտ և արագ պատասխան ստանալու հնարավորություն է տալիս։ Այս բաժանմունքի համար՝ արդեն վերջին՝ չորրորդ սերնդի սարքն ենք գնում։

Հարկ է նշել, որ մենք զարգացնում ենք նաև ինտերվենցիոն ռադիոլոգիան, դա КТ-ի, ռենտգենի կամ սոնոգրաֆիայի հսկողության տակ կատարվող միջամտություններն են, բիոպսիաները։ Դրանով հիմնականում զբաղվում է մեր բաժանմունքի ղեկավար Հայկ Գյուրջյանը։

- Ախտորոշման ոլորտում նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե՞ լրացնելու միմյանց։

- Լրացնելու։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ մի երեսուն տարի առաջ Հայաստանում չունեինք համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային շերտագրության սարքավորումներ, ապա կարող ենք ասել, որ շատ բաներ փոխարինեցին: Իսկ այսօր, հատկապես ռադիոլոգիայում, այդ տեխնոլոգիաները մեկը մյուսին լրացնում են։ Գինեկոլոգիայում, օրինակ, ունենք հետազոտման ստանդարտներ՝ տրանսվագինալ սոնոգրաֆիա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, որոշ իրավիճակներում մեկն է առավելություն ունենում հետազոտման համար, մեկ այլում՝ մյուսը։ Օնկոգինեկոլոգիայի պարագայում երեքն էլ պարտադիր կիրառվում են։

- Ի՞նչ է սքրինինգը, և ի՞նչ է սքրինինգային ծրագիրը։

- Սքրինինգ նշանակում է ընտրություն։ Այլ կերպ ասած՝ հետազոտվողների ընդհանուր զանգվածից ընտրում ենք ռիսկային խումբը։ Մեզ մոտ հիմնականում հղիության սքրինինգն է արվում։ Սքրինինգային հետազոտությունները երկուսն են և արվում են հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում։ Առաջին եռամսյակում սքրինինգի հիմնական նպատակը ժառանգական հնարավոր հիվանդությունների հայտնաբերումն է, որոնք հետագա հետազոտությունների կարիք են ունենում։ Հիմնականում կատարվում է գենետիկ ոչ ինվազիվ պրենատալ թեստավորում (ՆԻՊՏ-ը), որն իհարկե որոշակի սահմանափակումներ ունի և վերջնական ախտորոշում չէ։ Եթե տվյալ փուլում այդ մեթոդով որևէ շեղում է հայտնաբերվում, ապա անցնում ենք ինվազիվ գենետիկ հետազոտություններին։ Տասներեք շաբաթականում կիրառում ենք քորիոն բիոպսիա, կորդոցենտեզ, իսկ տասնվեց շաբաթականից հետո՝ ամնիոցենտեզ։ Նյութն ուղարկվում է գենետիկ քննության, որի արդյունքում ստանում ենք մանրամասն պատասխանը։ Սա ամբողջ աշխարհում ընդունված հետազոտման եղանակ է։ Ցավոք, ելնելով մեր ազգային առանձնահատկություններից, այս գործընթացում որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Կան մարդիկ, որոնք բացարձակապես այս մեթոդներին և հետազոտություններին չեն հավատում և ասում են՝ երեխան կծնվի, հետո կտեսնենք։ Լինում է և այլ ծայրահեղություն, երբ անգամ փոքր կասկածի պարագայում ցանկանում են անմիջապես ընդհատել հղիությունը, ինչն անընդունելի է։

- Պարոն Քոչարյան, գոյություն ունեն ուլտրաձայնային հետազոտության ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հստակ չափորոշիչներ, որոնք կիրառվում են ՀՀ բոլոր բուժկենտրոններում։ Ելնելով ձեր երկարամյա փորձից, որևէ բան կառաջարկեի՞ք ներառել։

- ՀՀ առողջապահության նախարարության կողմից հղիության ամբողջ ընթացքի համար հաստատված է երեք սքրինինգային հետազոտություն։ Առաջինն արվում է 11-14 շաբաթականում, երկրորդը՝ 18-21, իսկ երրորդը, որը սոնոգրաֆիա է և սքրինինգ չի համարվում, արվում է 32-34 շաբաթականում։ Բոլորիս է հայտնի, որ կեսարյան հատումների թիվն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճել է։ Այն կանանց, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել, խորհուրդ է տրվում դաշտանի անգամ մեկ շաբաթ ուշացման պարագայում պարտադիր սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Քանի որ այսօր ունենք նոր արտարգանդային հղիության ձև, երբ պտղաձուն իջնում և ամրանում է կեսարյան հատման սպիի մեջ։ Ուշ ախտորոշման ժամանակ շատ բարդ է լինում դեղորայքային միջամտություն կիրառել և հավանականությունը, որ կինը արգանդը կկորցնի, բավականին մեծ է, քանի որ, ընկերքի հյուսվածքն աճում է այդ սպիի մեջ և նրան անջատել գրեթե անհնար է։ Իսկ երբ հղիությունը հայտնաբերում ենք փոքր պտղաձվի փուլում, ապա դեղորայքային ընդհատում հնարավոր է լինում կատարել։ Սա այսօր բավականին տարածված երևույթ է։ Միայն մեզ մոտ այս տարվա մեջ տասից ավելի նման դեպք ենք ունեցել, ու փառք Աստծո, ոչ մեկը արգանդի հեռացմանը չի հասել։ Կառաջարկեի սա հաշվի առնել, քանի որ եթե ուղղորդվենք նրանով, որ առաջին հետազոտությունն անցնելու են 11 շաբաթականում, ապա այս դեպքում դա շատ ուշ է։

Լավ կլիներ, որպեսզի 26-30 շաբաթականում դոպլեր հետազոտություն կատարվեր։ Ռուսաստանի Դաշնությունում դա արվում է պարտադիր կարգով, մեզ մոտ՝ բժիշկների հայեցողությամբ կամ հղիների ցանկությամբ։ Մեր բաժանմունքում այդ հետազոտությունը մենք կատարում ենք, որովհետև 21 շաբաթականի և 33 շաբաթականի միջև բավականին մեծ ժամկետ է և առնվազն երեք ամիս պտուղը չհսկելը խնդրահարույց կարող է լինել։

Շատ կարևոր են նաև ոչ հղի կանանց սքրինինգները։ Բազմաթիվ խնդիրներ կան՝ վզիկի, կրծքագեղձի քաղցկեղ, էնդոմետրիում և այլն։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ օրինակ, կինը պարտադիր կրծքագեղձի սոնոգրաֆիա անցնի և տարին կամ գոնե երկու տարին մեկ՝ մամոգրաֆիկ հետազոտություն։ Ցավոք, շատ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը, որը վաղ հայտանբերելիս գրեթե հարյուր տոկոսով ենթակա է լիարժեք ապաքինման, հայտնաբերվում է այն փուլում, երբ անելիքներն արդեն սահմանափակ են։

- Իսկ սոնոգրաֆիան հակացուցում ունի՞։

- Ոչ, այդ մեթոդի հիմնական առավելությունը այն է, որ որևէ հակացուցում չունի, դա ոչ ճառագայթ է, ոչ ինվազիա է։ Այն անվնաս է և հնարավոր է կրկնել շատ անգամներ։ Մենք ունենք հղիներ, որոնք օրումեջ պարտադիր հետազոտվում են, դրանք կատարվում են դոպլերի վատ ցուցանիշի, պտղի ներարգանդային աճի դանդաղման, վիժման սպառնալիքի, հեմատոմաների և այլ վտանգավոր դեպքերի ժամանակ։

- Ելնելով ձեր աշխատանքային փորձից, արդյո՞ք շատացել են պտղի հետ կապված շեղումները։

-  Այո, շատացել են, դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներ են՝ սխալ սննդակարգը, վատ էկոլոգիան, ավելի ուշ վերարտադրողական ֆունկցիայի մասին հիշելը, այլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը։ Այդ ամենը հանգեցնում է շեղումների թվի մեծացմանը։ Սուբյեկտիվ պատճառներ են համարվում այն դեպքերը, երբ մարդիկ որոշակի կասկած ունենալու պարագայում դիմում են ինձ, հաշվի առնելով այս ոլորտում ունեցած իմ տարիների փորձը։ Այդ իսկ պատճառով ստացվում է, որ ինձ դիմողների շրջանում շատացել են պտղի հետ կապված շեղումները, ինչը չեմ կարող ասել ընդհանուրի մասին։

- Ձեր կարծիքով, հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ։

- Ցավոք, հայ կանայք իրենց առողջության նկատմամբ շատ անուշադիր են։ Համեմատության կարգով կուզենամ ռուսների օրինակը բերել, քանի որ հիմա Հայաստանում բավականին շատ ռուսներ են ապրում։ Եթե ասվում է՝ ձեզ երեք ամիս կամ մեկ տարի անց կրկնակի այց է անհրաժեշտ, նրանք ճիշտ այդ օրը գալիս են։ Իսկ եթե կոնկրետ հետազոտության կարիք չկա, ապա պարտադիր տարին մեկ հետազոտվում են։ Մեր կանայք, ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն այցելում։ Յուրաքանչյուր ոք, կապ չունի կին, թե տղամարդ, պետք է տարին մեկ պարտադիր հետազոտվի։ Արդյունավետ պայքարի միակ ձևը բոլոր տեսակի հիվանդությունների և հատկապես ուռուցքների դեմ՝ վաղ ախտորոշումն է։

- Ելնելով ձեր տարիների փորձից, ո՞ր հիվանդություններն են ավելի երիտասարդացել։

- Բոլորը, առաջին հերթին օնկոլոգիան։ Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում այնպիսի հիվանդություններ ենք հայտնաբերվում, որոնք նախկինում անգամ չենք էլ պատկերացրել։

- Եթե հետազոտության արդյունքում չարորակ գոյացություն եք հայտնաբերում, դուք իրավասո՞ւ եք այդ մասին հայտնել բուժառուին։

- Այո, իհարկե, իրավիճակով պայմանավորված։ Եթե կինը մենակ է եկել հետազոտման, ապա միանգամից նման լուր հայտնելը կարող է խնդրահարույց լինել։ Հիմնականում հայտնում ենք կնոջն ուղեկցող հարազատներին։ Բայց, ասեմ, որ մեր հետազոտության պատասխանը հարյուր տոկոսանոց ախտորոշում չէ։ Ռադիոլոգը հիմք ընդունելով հետազոտման միջազգային չափորոշիչները միայն գրանցում է իր կասկածը։

Վերջնական ախտորոշումն արվում է բիոպսիայից հետո, որը տալիս է հյուսվածքաբանը։ Հնարավոր է, որ շատ նման լինի չարորակ գոյացությանը, բայց վերջնական հետազոտման արդյունքում հերքվի։ Ռադիոլոգը հայտնում է իր կասկածը և հորդորում, որ չանտեսեն, դիմեն նեղ մասնագետի և շարունակեն հետազոտությունը։

- Մասնագետներն իրենց կայացման ճանապարհին ունենում են ուսուցիչներ, ձեր նեղ մասնագիտացման հարցում ո՞ւմ եք ուսուցիչ համարում։

- Սոնոգրաֆիայի այբուբենը ամբողջովին սովորել եմ Խոջոյան Ռուզաննա Լևոնովնայից, որը մինչ օրս աշխատում է «Դիագնոստիկա» ՓԲԸ բժշկական կենտրոնում։ 1996 թվականին, երբ ես ընդունվեցի Կլինիկական օրդինատուրա, այդ կենտրոնը միակն էր, որը հագեցած էր անհրաժեշտ ռադիոլոգիական սարքավորումներով և միակն էր, որ ուներ համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ։ Ուսուցիչներ շատ եմ ունեցել, բայց առանձնակի կցանկանամ նշել Նիկողոսյան Հայկ Արայիչին և Ղազարյան Արմեն Կարպովիչին։

- Պարոն Քոչարյան, դուք նաև դասավանդում եք, որպես դասախոս, ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդ կադրերի մասին։

- Փայլուն երեխաներ իսկապես կան։ Այսօրվա երիտասարդությունը շատ տարբերվում է իր տեսակով, ինչպես նաև տարբերվում են մեզանից։ Այն հնարավորությունը, որն այսօր ընձեռված է նրանց, մենք չունեինք։ Եթե մի հարցի պատասխանի համար մենք գնում էինք գրադարան, ժամերով փնտրում և անգամ չգիտեինք կգտնենք, թե ոչ, ապա այսօր, ունենալով ձեռքի տակ այնպիսի մեծ ռեսուրսներ, ինչպիսիք են համացանցը, տարբեր գիտական, մասնագիտական խմբեր, հեշտությամբ հնարավոր է գտնել յուրաքանչյուր հարցի պատասխան։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, ցանկությունն է և ճիշտ ընկալումը, ինչը, ցավոք, այսօրվա ուսանողներից, օրդինատորներից քչերն ունեն։ Իսկ ժամանակը ցույց է տալիս, որ արդյունքի են հասնում նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են։

- Ըստ ձեզ, բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում

- Ըստ իս՝ առաքելություն։

- Եվ մեր զրույցի ավարտին ձեր խորհուրդը մեր ընթերցողներին։

- Խորհուրդ կտամ ճիշտ սնվել, հնարավորինս քիչ նյարդայնանալ, ավելի լավատես լինել, յուրաքանչյուրն իր չափով ակտիվ ֆիզիկական կյանք վարի։ Հակառակ պարագան հանգեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների, որոնք էլ հիմնականում դառնում են հիվանդությունների, ուռուցքների զարգացման պատճառ։ Խորհուրդ կտամ լսել սեփական օրգանիզմը և պարբերաբար հետազոտվել, դա միակ ճանապարհն է՝ անցանկալի պրոցեսները կանխելու։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր