ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

<<Կհորդորեմ ամեն ինչից  վեր դասել Աստծո պարգևած առողջությունը>>

Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը։ Եվ չնայած անընդմեջ առնչվելով ծնողների, բարեկամների և ծանոթների  սրտային հիվանդությունների, ու ցավոք սրտի մահով ելքերի հետ, շատերը շարունակում են անտեսել դրանց կանխարգելումը՝ մինչև առաջին լուրջ խնդիրների ի հայտ գալը։ Հիվանդություններ, որոնք բազմագործոնային են և զարգանում են տարիների ընթացքում։

Մասնագետների խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունները զարգանում են երկարատև` հաճախ առանց ախտանշանների։ Վաղ փուլում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը թույլ է տալիս լիարժեք կանխել կամ էապես նվազեցնել հիվանդացության դեպքերի և դրանց բարդությունների ռիսկը։

Մեր զրուցակիցն է  «Երևան» բժշկագիտական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ:        

Արամ Չիլինգարյանը եզակի անհատականություն է` մարդկային բարձր արժեքներով, իր գործին ու հայրենիքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նա երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէ`լինելով հայրենիքի հոգսերին արձագանքող ու այդ հոգսերով ապրող մասնագետ ու քաղաքացի։ 

-Պարոն Չիլինգարյան, ինչպե՞ս է տարիքային շեմը ազդում սրտի աշխատանքի վրա, և ո՞ր տարիքից պետք է սկսել ուշադրություն դարձնել սրտի առողջությանը։

- Կարծում եմ` առողջ ապրելակերպը պետք է ձևավորվի դեռ պատանեկությունից, քանի որ հենց այդ շրջանում են ձևավորվում ապագա ռիսկերը։ Իրականում սիրտ-անոթային հիվանդությունները հանկարծակի ի հայտ չեն գալիս. դրանց իրականում նախորդում է բավականին երկար և մեծ «նախապատրաստական» շրջան, որը կարող է լինել անցավ, առանց որևէ գանգատների։ Բայց աստիճանաբար անառողջ ապրելակերպի տարբեր ռիսկի գործոնները` նստակյաց կյանքը, ծխելը, ավելորդ քաշը, սթրեսի անկառավարումը և նրանց հետևանքով առաջացած բարձր զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, և ընդհանրապես  չհետևողական լինելը աստիճանաբար կարող են բերել սրտի հիվանդությունների զարգացմանը միջին և ավելի բարձր տարիքի անձանց մոտ։ Եվ շատ հաճախ մարդկանց թվում է, թե իրենք լիովին առողջ են, սակայն իրականում իրենց պոտենցիալ հիվանդության հիմքերը արդեն վաղուց դրված են լինում։ Հետևաբար, հիվանդության զարգացումը արդյունք է բավականին երկար տարիների, և կարևոր է ոչ թե բուժել արդեն զարգացած հիվանդությունը, այլ կանխարգելել այն, քանի որ մենք չենք կարող լիարժեք բուժել, և բնականաբար միայն կարող ենք դեղամիջոցների շնորհիվ նվազեցնել արդեն իսկ առկա գանգատները, թողնելով հիվանդությունը օրգանիզմում: Ցավոք սրտի հիվանդությունը բուժառուին ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում, մենք ուղղակի աշխատում ենք կանխել հետագա զարգացումը՝ դեղամիջոցների, միջամտությունների և «ուշացած» ճիշտ ապրելակերպի միջոցով։

-Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը, և որոնք են դրա առաջացման հիմնական գործոնները։

-Սրտամկանի ինֆարկտը սրտի անոթներում առաջացած սուր խցանումն է, որն կարող է զարգանալ ժամերի ընթացքում, անգամ մեկ օր անց, եթե մարդը ունի անառողջ ապրելակերպ անոթներում կարող է առաջանալ խցանում և ամենահաճախը՝ այն անոթներում, որոնցում մեկ օր առաջ չէր զգացվում ոչ մի էական խցանում։ Փոքր <<վահանիկ>> ճաք է տալիս, և պարունակությունը արյան հետ խառնվելով թրոմբի ձևավորման արդյունքում առաջացնում է խցանում: Եվ  թյուր է այն կարծիքը, որ, եթե հետազոտման արդյունքում անոթներում  խցանում չի հայտնաբերվել, ուրեմն իրենց մոտ սրտամկանի ինֆարկտ առկա չէ: Դա իհարկե այդպես չէ: Անոթների հետազոտումը չունի <<կանխատեսման արժեք>>, և այն կարող է միայն փաստել այն, որ այդ պահին խցանված անոթ չկա: Սակայն անգամ մեկ օր անց, եթե մարդը ունի վերը նշված անառողջ ապրելակերպը, չհսկվող զարկերակային հիպետենզիա և կամ շաքարային դիաբետ, հավանականությունը մեծ է, որ կարող է զարգանալ սրտամկանի ինֆարկտ: Այդ իսկ պատճարով կանխարգելման միակ միջոցը՝ առողջ ապրելակերպն է: Սրտամկանի ինֆարկտի ժամանակ անոթի խցանման պատճառով սրտամկանը արյուն չի ստանում և ինչպես ամեն օրգան առանց սնուցում ստանալու մեռուկանում է, ինչը անդառնալի հետևանք կարող է թողնել: Հետևանքներն են՝ արտամղման գործառույթի նվազում, հետագա սրտային անբավարարություն և առիթմիաների զարգացում: 

-Ինչո՞վ է պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը:

-Սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը կապված է ինչպես բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական գործընթացների հետ, որոնք հանգեցնում են քրոնիկ հիվանդությունների սրացման: Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և առիթմիաներով տառապող հիվանդներին: Հիվանդություններ, որոնք ավելի հաճախ սրվում կամ առաջանում են տարվա ցուրտ ամիսներին, քանի որ ցուրտը անոթները ավելի <<սեղմած>> վիճակում է պահում և սրտի աշխատանքը համեմատաբար ավելի ծանրաբեռնում: Իհարկե, բնականաբար, ավելի խոցելի են այն բուժառուները, որոնք ունեն վերը նշված ռիսկի գործոնները: 

- Ի՞նչ դեր ունեն արյան անոթները սրտի առողջ և լիրաժեք աշխատանքի մեջ։

-Անոթների վիճակը շատ կարևոր է սրտի աշխատանքի համար։ Նույնիսկ մինչև 70% նեղացման դեպքում անոթները կարող են բավարար արյան շրջանառություն ապահովել, և մարդը որևէ գանգատ չունենա։ Անոթի խցանում կարող ենք համարել արդեն 70-75% դեպքերում։ Թեև կարող են  լինել  դեպքեր, երբ մինչև 80% նեղացումը կարող է նորմալ արյան շրջանառություն ապահովել։ Սակայն դա չի նշանակում, որ խնդիր չկա։

Մենք հաճախ կատարում ենք ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստեր՝ հասկանալու համար արդյո՞ք տվյալ անոթը կարողանում է բավարարել օրգանիզմի պահանջները։ Եթե այո, ապա նույնիսկ նեղացած անոթը կարող է ֆունկցիոնալ առումով բավարար լինել և նրան բացելու կարիք չլինի։ Իսկ, եթե լիրաժեք կատարում է իր ֆունկցիան, բնականաբար պետք չէ դիմել որևէ  ինվազիվ միջամտության, քանի որ անոթը կարող է անատոմիական կառուցվածքով լինել նեղ, բայց ֆունկցիոնալ առումով նորմալ գործունեություն ապահովել։ Սակայն նորից եմ կրկնում, դա չի նշանակում, որ խնդիր առկա չէ, և տվյալ պարագայում դեղորայքային բուժումը անհրաժեշտ է: Իսկ եթե խցանումը 90% և ավելի է, բնականաբար այն չի կարող լիարժեք կատարել անոթների սնուցում, և, սովորաբար քրոնիկ նեղացումների դեպքերում, եթե դեղորայքը չի օգնում, ապա պետք է խցանված անոթը <<բացել>>։ Հետագայում բուժումը լինում է դեղորայքային, քանի որ անոթի <<բացելը>> չի լավացնում հիվանդության ելքի կանխատեսումը (պրոգնոզը): Սուր սրտամկանի ինֆարկտի ժամանակ <<պատասխանատու>> խցանված անոթը պետք է միանշանակ <<բացել>>:

- Արդյո՞ք կարող են որոշ վարակիչ հիվանդություններ ազդել սրտամկանի աշխատանքի վրա։                         

-Այո, միանշանակ կարող են, վիրուսները առաջին հերթին բերում են միոկարդիտի՝ սրտամկանի բորբոքման, հիվանդություն, որն ինքնին  դժվար է ախտորոշվում, և կարող է բերել սրտի լայնացման` առաջացնելով քրոնիկ սրտային անբավարության: Պետք է անմիջապես անցնել դեղորայքային բուժման, հորմոնալ թերապիա ընդունել, քանի որ վիրուսների վրա անտիբիոտիկները չեն ազդում։ Վիրուսը կարող է բերել նաև պերիկարդիտի՝ սրտի թաղանթի բորբոքման, որն իր հերթին բերում է հեղուկի կուտակման` սեղմելով սրտամկանը, իսկ արյան բակտերիալ վարակի դեպքում մանրէները կարող են արյան միջոցով անցել փականներ` առաջացնելով արդեն էնդոկարդիտ, պաթոլոգիա, որը կարող է  ճակատագրական լինել ախտորոշումը ուշացնելուց։

-Որքանո՞վ է կարևոր ջրի ճիշտ օգտագործումը և օրգանիզմում հեղուկների հավասարակշռությունը սրտի աշխատանքի համար։

-Միանշանակ, ջուրն անհրաժեշտ է ճիշտ չափաբաժիններով ընդունել, քանզի ջրի ընդունումից մեր օրգանիզմում առաջին հերթին բավականին արդյունավետ սկսում են գործել երիկամները, մաքրվում և  օրգանիզմից դուրս են գալիս թույները։ Մենք չենք կարող ընդունել այնքան քանակի շատ ջուր, որի դեպքում արյան ծավալը մեծանա, ու սիրտը չկարողանա, այսպես ասած, շահագործել այն ամբողջ օրգանիզմում։ Կան որոշ հիվանդներ, որոնց դեպքում մենք սահմանափակում ենք ջրի ընդունումը։ Սովորաբար սրտային հիվանդության կրողները պետք է պարտադիր ընդունեն օրական 1-1.5 լիտր ջուր, քանի որ միզամուղ դեղամիջոցներ են ընդունում, որը կարող է պակասեցնել արյան ծավալը, և կարող են հակառակը՝ ավելի վատթարացել հիվանդի վիճակը։ Սովորաբար պետք է հետևել օրգանիզմի պահանջին, և ըստ դրա` ընդունել ջրի  ցանկալի չափաբաժինը, իսկ եթե բերանում չորության զգացում է, ուրեմն ջրի քանակը պակասել է օրգանիզմում, և այն պետք է պարտադիր լրացնել։                     

-Շատերին կհետաքրքրի, թե սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանդիպում, և ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացել»:

-Մեզանում սիրտ-անոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, որի արտահայտումներից մեկն է սրտամկանի ինֆարկտը, որն իրոք երիտասարդացել է, և որի հիմքում ընկած է սրտամկանը սնուցող պսակաձև զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումը: Ընդհանրապես «երիտասարդացումը» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ զգալի առաջընթաց է ապրել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը, որը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ շրջանում: Առաջին հերթին նոր տեխնոլոգիաների ներդրումն է առաջընթաց ապրել, էլեկտրասրտագրության սարքերը շատ ավելի որակյալ արդյունք են տալիս, ինչպես նաև այսօր էխոսրտագրության վերջին սերնդի լավագույն սարքերի մեջ դրված է արհեստական ինտելեկտ, առկա են այնպիսի օպցիաներ, որոնք շատ են օգնում ճշգրիտ ախտորոշման ցուցանիշների համար, և կարող են հիվանդությունը ախտորոշել ավելի վաղ շրջանում: MRT հետազոտության և շերտազատման սարքերի որակն է լավացել, սարքեր, որոնց շնորհիվ ավելի վաղ փուլերում կարող ենք հայտնաբերել առկա սրտային պաթոլոգիաները։ Բացի դրանից, հիվանդությունները, իսկապես, որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև փոխվել է կյանքը, անգամ ծխախոտն է փոխվել, փոխվել է սննդի որակը, շատացել են արհեստական նյութերը: Նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը, ծխելը, չմարզվելը, քրոնիկ սթրեսը սիրտ-անոթային հիվանդությունների համար պարարտ հող են ստեղծում՝ լայնորեն բացելով սրտի <<դռները>>: Մյուս կողմից՝ վստահորեն կարող եմ ասել, որ մեզանում սրտաբանությունը մեծապես զարգացած է. բժշկության այս ճյուղում դեղորայքային թերապիայի առումով մենք պրակտիկորեն լիովին տիրապետում ենք եվրոպական չափանիշներին և ժամանակակից բուժական մեթոդներին: Կարծում եմ, որ մոտ ապագայում վիրահատական միջամտությունների առումով տեխնիկական հագեցվածության մակարդակը նույնպես լիովին կհասնի լավագույնի։

-Բժի՛շկ, սիրտ-անոթային հիվանդությունները կրո՞ւմ են ժառանգական բնույթ:

-Իհարկե` այո,  գենետիկայում տղամարդիկ հիվանդանում են մինչև 55 տարեկանի, իսկ  կանայք` 65 տարեկանի շեմը: Չնայած այդ տարիքային շեմն այսօր երիտասարդացում է ապրել, քանի որ այսօր բուժառուն իր առողջության մասին քիչ է մտածում, չի հետևում սննդի որակին, տարբեր քիմիական հավելումներով սննդամթերք է օգտագործում, և խոլեստերինի մակարդակի բարձացումն արյան մեջ բերում է սրտային հիվանդության զարգացման: Այսօր, կարծես թե, նաև ծխախոտի որակն է վատացել, բայց ես ընդհանրապես երբեք չեմ ողջունել ծխախոտի օգտագործումը: Իրականում հիվանդության համար գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք անձը պետք է վերացնի: Եթե մենք ունեք դրանցից մեկը կամ մի քանիսը, և  քայլեր չենք ձեռնարկում դրանք հաղթահարելու ուղղությամբ, ուրեմն մենք արդեն պոտենցիալ հիվանդ ենք: Սրտի աշխատանքը համեմատաբար ավելի ծանրաբեռնված և չծանրաբեռնված, միևնույն է գտնվում ենք բարձր ռիսկի տակ: Իսկ, եթե վարենք առողջ ապրելակերպ, մեր ժառանգական գեները «կքնեն», քանի որ ռիսկի գործոնների կիրառելիության դեպքում մենք  «արթնացնում ենք» այդ գեները:

-Ի՞նչ ազդեցություն ունեն օդի աղտոտվածությունը և շրջակա միջավայրի գործոնները սրտային պաթոլոգիաների զարգացման մակարդակի վրա։

-Այսօր, արդի բժշկագիտության մեջ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք բացահայտում են, որ շրջակա միջավայրի օդի աղտոտվածությունը և աղմուկը լուրջ ազդեցություն ունեն մեր առողջության վրա։ Դրանք համարվում են շրջակա միջավայրի արտաքին սթրեսի գործոններ և կարող են նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Արդի բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ աղմուկը և օդի աղտոտվածության ազդեցությունը հիվանդությունների զարգացման վրա մեծ դեր են խաղում։

-Անքնությունը և քնի պակասը կարո՞ղ է անդրադառնալ սրտի վրա։

-Միանշանակ` այո։ Քնի պակասը  համարվում է առաջին ռիսկի գործոններից մեկը բարձր զարկերակային ճնշման համար։ Մարդիկ, որոնք քնում են օրական քրոնիկ դարձած 5–6 ժամ և ավելի քիչ, ավելի հաճախ ունենում են զարկերակային բարձր ճնշում, ավելի բարձր սթրեսի մակարդակ, որոնք ինքնին կարող են բերել սիրտ-անոթային խնդիրների։ Նորմալ քունը պետք է լինի սովորաբար առնվազն 7 և ավելի ժամ։ Քիչ քնելը բերում է անառողջ կյանքի, ռեժիմի խանգարման, ախորժակի բարձացման, նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման: Հեռախոսներով տարված` ավելի քիչ են քնում, որն ինքնին կարող է բերել լարվածության, նյարդային գրգռվածության և հորմոնալ համակարգի ֆունկցիաների խանգարման։

-Ի՞նչ կապ կա շաքարային դիաբետի և սրտային հիվանդությունների միջև։

-Շաքարային դիաբետը անմիջական ռիսկի գործոն և պատճառահետևանք է համարվում սիրտ-անոթային հիվանդությունների համար։ Այն բերում է անոթների նեղացմանը (աթերոսկլերոզի) և կարող է առաջացնել վաղ սրտամկանի կարծրացման, ինչպես նաև սրտամկանը սնուցող նյարդերի ռեգուլացիայի խանգարման գործոններ, որոնք բերում են  սիրտ-անոթային հիվանդությունների ավելի վաղ զարգացման։

-Որքա՞ն հաճախ պետք է բուժառուն չափի արյան ճնշման մակարդակը և ի՞նչ հաճախականությամբ հետազոտություններ անցնեն առողջ սիրտ ունենալու համար։

-Եթե գանգատներ չունեն, ապա արյան ճնշումը կարելի է չափել  ամիսը 1-2 անգամ։ Ցանկալի է օգտվել էլեկտրոնային տոնոմետրից, որի ցուցանիշները հանրության մեջ այնքան էլ ընդունելի չեն, քան սովորական տոնոմետրից չափումը։ Ըստ իս` այն ավելի ճշգրիտ ցուցանիշ է ապահովում։ Իսկ եթե պացիենտն ունի բարձր ճնշման խնդիր, բնականաբար նա ավելի հաճախ է չափում ճնշումը։  Պետք է ամենօրյա մոնիտորինգ անել` գրելով առավոտյան և երեկոյան գրանցված ցուցանիշները։ Բայց, եթե ամեն օր պարտադիր դեղամիջոցներ է ընդունում, ապա պետք է գոնե շաբաթը մեկ չափել։ Իսկ ինչ վերաբերում է բժշկական ընդհանուր հետազոտություններին՝ եթե գանգատներ չկան, առկա չեն առողջական խնդիրներ և ռիսկի գործոններ, երիտասարդ տարիքում ցանկալի է երկու տարին մեկ անգամ, 50 տարեկանից հետո՝ տարին մեկ անգամ։ Իսկ եթե արդեն առկա են  խնդիրներ, բնականաբար, վերահսկումը պետք է ավելի հաճախ իրականացնեն։

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը, ի՞նչ ուղերձ ունեք մեր ընթերցողներին:

-Ամենակարևոր խորհուրդը՝ սիրել, հարգել և հոգ տանել առողջությանը։ Կհորդորեմ մեր հանրությանը առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից, հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Շատ հաճախ մարդիկ իրենց անտեսում են հանուն ուրիշների։ Մարդը պետք է առաջին հերթին սիրի իրեն, լինելով առողջ, որպեսզի կարողանա սիրել և անհրաժեշտության դեպքում աջակցել նաև իրեն  շրջապատող մարդկանց։ Եթե անձնապես անմնացորդ նվիրվում ես շրջապատող մարդկանց, կներեք, դա սեր չէ,  դա «աղավաղված ծառայություն» է, այն դեպքում, որ քեզ անգամ դրա համար չեն խնդրել, բնականաբար, չեն էլ գնահատելու։ Պետք է առաջին հերթին միշտ դու լինես, հետո նոր ընտանիքը, քանզի քո առողջությունից և հաջողակ լինելուց է կախված ընտանիքի անդամների բարեկեցությունը։ Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում, տարակուսելու, իր մոտ ծագած խնիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն, ստանալով սխալ պատկերացումներ ու այդ պատճառով գնալով սխալ ուղղությամբ, պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է:

Առողջ եղեք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր