ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՇԱՏ  ՏԱՐԱԾՎԱԾ Է «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ»  ԲՈՒԺՈՒՄԸ

Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ խուսափել հետվիրահատական բարդություններիցԿահավորված, նորագույն սարքերով համալրված քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում փորձառու և բանիմաց բուժանձնակազմը` պրոֆեսոր Արթուր  Շուքուրյանի գլխավորությամբ,  ջանք չի խնայում հնարավորինս արդյունավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:

Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՂԱՄ  ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է: Հիանալի մարդ, իր գործի գիտակ, բժիշկ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ ու մատչելի բացատրել հիվանդության սկզբնաղբյուրները և բուժման ընթացքն իր առանձնահատկություններով ու նրբություններով:

 - Պարոն Խանդանյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել  Ձեր աշխատանքային ուղին:

- 1993թ. Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նույն համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա` «էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա: Այն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի նույն հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Մինչև 2005թ. դասավանդել եմ Հայկական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ամբիոնում, իսկ 2005թ. սկսած առ այսօր դասավանդում եմ ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2004 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ`ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի  գիտական աստիճան: 2007թ. Սկսած` այդ նույն ամբիոնի դոցենտ եմ: 2010-2015թթ. աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ գլխավոր խմբագիր և տնօրեն` միաժամանակ շարունակելով իմ գիտական և բժշկական գործունեությունը ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2011-2015թթ. աշխատել եմ ՀՀ Առողջապահության նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ:

Շուտով կավարտեմ դոկտորական գիտական թեզի մշակումը, որը վերաբերում է խռմփոցին և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերին:

- Իսկ Ձեր բաժանմունքում կամ ամբիոնում կատարվո՞ւմ են  արդյոք գիտական աշխատանքներ, և ի՞նչ ուղղվածություն ունեն դրանք:

-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքում՝ պրոֆեսոր Շուքուրյանի ղեկավարությամբ  կատարվել և կատարվում են այդ ոլորտին առնչվող տարբեր ուղղվածության գիտական աշխատանքեր, որոնք վերաբերում են քթի, ըմպանի, կոկորդի և ականջի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ եղանակներին ու նոր մոտեցումններին: Այդ ամենը գալիս է բաժանմունքի ղեկավարից, քանի որ պրոֆեսոր Շուքուրյանը պարտադրում ու, միևնույն ժամանակ, հնարավորինս աջակցում է ինչպես մեր բաժանմունքի, այնպես էլ ամբիոնի մյուս բժիշկներին՝ զբաղվելու գիտական աշխատանքով ու նպաստում նրանց առաջընթացին, որը շատ ողջունելի է և հետաքրքիր: Բաժանմունքը հագեցած է  ժամանակակից բազմաթիվ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել նման գիտական աշխատանքներ: Մեզ մոտ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ: Առաջին անգամ մեր բաժանմունքում են կատարվել սենսոնևրալ ծանրալսությամբ տառապող երեխաների լսողության վերականգնման վիրահատությունները: Գիտական աշխատանքների և կատարված բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ առաջարկվել են տարբեր վիրահատությունների ձևափոխված նոր եղանակներ, որոնք նպաստել են վիրահատական արդյունքների արդյունավետության բարձրացմանը:

- Բժիշկ, ասում են, որ քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ լինել: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:

- Ասեմ, որ քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությոնը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: Իհարկե, այս բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, սակայն մեր բնակչությունը հաճախ ժամանակին չի դիմում բժշկի, որպեսզի հիվանդությունը հնարավորինս շուտ ախտորոշվի, և հնարավոր լինի կանխարգելել հետագա բարդությունները:

-  Վերջին տարիներին  քիթ-կոկորդ-ականջի ի՞նչ հիվանդություններով  են ավելի շատ դիմում քաղաքացիները:

- Անկեղծ ասած, մարդկանց՝ տարբեր հիվանդություններով դիմելիությունը նույնն է, սակայն պետք է նշել, որ որոշակի հիվանդություններ ունեն սեզոնային բնույթ, օրինակ, ալերգիկ ռինիտները, որոնք գարնանը` ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում, ավելի սրանում են, և տվյալ հիվանդների քանակը շատանում է։ Կարող եմ  նշել նաև  սուր  տոնզիլիտները, որոնք ձմռան և ամռան ամիսներին ավելանում են: Պետք է հավելեմ, որ նկատվում է ալերգիկ ռինիտով հիվանդների քանակի աճ, որը, հավանաբար, պայմանավորված է մթնոլորտային օդի աղտոտմամբ, ծաղիկների փոշոտմամբ, սննդով և այլն: 

-Արդյոք  հակվա՞ծ  եք  այն  մտքին, որ տեխնիկայի  պակասը  կարող է լրացնել բարձրակարգ հմտությունների տեր բժիշկը:

- Իհարկե, տեխնիկայի պակասը հնարավորինս լրացվում է բժշկի բարձր որակավորմամբ, սակայն բարձրակարգ տեխնիկան, միանշանակ, առավելագույնս հեշտացնում է բժշկի աշխատանքը, ինչպես նաև կարող է նպաստել վիրահատությունների որակի լավացմանը: Մենք ունենք բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները բժշկական լավագույն ծառայություններն ապահովելու համար: Ունենք նույնիսկ որոշ սարքավորումներ, որոնք Երևանի շատ-շատ կլինիկաներում չկան:

-  Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:

- Մեր բաժնի ղեկավար պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ ստեղծված են բավականին ամուր կապեր եվրոպական և ամերիկյան տարբեր բժշկական հաստատությունների հետ, և մեր բժիշկների մեծ մասը առնվազն տարին մեկ անգամ վերապատրաստման նպատակով մեկնում է արտասահմանյան տարբեր կլինիկաներ։ Մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների, միջոցառումների, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ միջազգային փորձին: Կատարվում է փորձի փոխանակում, համեմատում ու գնահատում ենք նրանց և մեր բուժման եղանակների արդյունավետությունը։ Ու պետք է նշեմ, որ մեր և միջազգային բազմաթիվ կլինիկաներում կատարվող բուժման եղանակներն ու արդյունավետության աստիճանը գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ուղղակի կա հիվանդների դիմելիության քանակական տարբերություն։   

-   Կխնդրենք մի փոքր խոսել ծանրալսություն հիվանդության մասին:

- Ծանրալսության առաջացման պատճառները տարբեր են: Տարբերում են հաղորդչական ու սենսոնևրալ տիպի ծանրալսություն: Առաջին դեպքում ախտահարվում է ձայն հաղորդող, իսկ երկրորդում՝ ձայն ընկալող ապարատը: Բոլոր դեպքերում բուժման մոտեցումները տարբեր են` կապված ծանրալսության ձևի, աստիճանի, վաղեմության, առաջացման պատճառների հետ և այլն: Եթե ծանրալսությունը չի հաջողվում բուժել ո՛չ դեղորայքային, ո՛չ էլ վիրահատական եղանակներով, ապա օգտագործվում են լսողական ապարատներ, որը կարող է բավականին լավացնել լսողությունը և էականորեն փոխել նման մարդկանց կյանքի որակը: Ես արդեն նշել եմ, որ կա վիրահատական բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջությամբ կորցված լսողությունը: Այն կոչվում է կոխլեար իմպլանտացիա, այսինքն, երբ հատուկ սարք է տեղադրվում ներքին ականջում, որն էլ ձայնը ընկալելու հնարավորություն է տալիս: Դա բավականին թանկարժեք, բայց, միաժամանակ, արդյունավետ վիրահատություն է, քանի որ նման հիվանդներն ապաքինվելուց հետո վերադառնում են լիրաժեք կյանքի, ընդգրկվում հասարակության մեջ, և նրանց կյանքի որակը էականորեն փոխվում է: Ներկայումս կա ծրագիր, ըստ որի՝ բոլոր նորածինները ենթարկվում են սքրինինգային հետազոտության, և դա թույլ է տալիս հայտնաբերել այն երեխաներին, որոնք կարող են ուենալ բնածին ծանրալսություն: Վեց ամիս հետո կրկին կատարվում է հետազոտություն, ու, եթե ի հայտ են գալիս կասկածելի նշաններ, նրանք ընդգրկվում են այդ ծրագրում` հետագայում ավելի մանրակրկիտ հետազոտություն անցնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատություն:

- Արդյոք համագործակցո՞ւմ եք քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հետ:

-  Անշուշտ: Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան գործում է արդեն 10 տարուց ավելի, և մենք նաև տարբեր այլ միջազգային ասոցիացիների անդամ ենք ու սերտորեն համագործակցում ենք դրանց հետ: Ես Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հիմնադիր անդամ եմ ու գլխավոր քարտուղարը: Ամեն տարի մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, այլ միջոցառումների և  մենք Հայաստանում անցկացնում ենք տարբեր գիտաժողովներ: Արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնք մասնակցում են դասախոսություններով, ինչպես նաև ներկայացվում են Հայաստանի բժիշկների կատարած գիտական աշխատանքները, և այդ սերտ համագործակցությունը նույնպես նպաստում է բուժման նորագույն առաջատար եղանակների ներդրմանը:

-  Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Նախ, կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն իրենց առողջությանը, հետևեն և ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների:  Մինչդեռ մեզ մոտ բժշկի դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ արտերկում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, և ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում անգամ մարդիկ կարողանում են դիմել բժշկի, իսկ մեր բնակչության մեծ մասը ստիպված է լինում վճարելու: Եվ հաճախ, լինելով անվճարունակ, չեն դիմում բժշկի։ Թեև մեզ մոտ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է, բայց նույնիսկ այնտեղ չեն դիմում: Գուցե դա նաև տեղեկատվության պակասի պատճառով է։

Չեմ կարող չնշել ևս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք սրտի, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողների, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են և դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։  Մյուս բացասական երևույթը, որը կցանկանայի նշել, այսպես կոչված` «հարևանային» բուժումն է. հիվանդը գտնում է,  որ, եթե իր հարևանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի: Ուզում եմ ընթերողներին  խորհուրդ տալ զերծ մնալու չմտածված քայլերից, և մաղթում եմ ամուր առողջություն ու երկարակեցություն: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր