ԳԱԳԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Կանայք մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը

Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ: Բժիշկն ամեն օր տասնյակ մարդկային կյանքերի հետ է գործ ունենում, ապրում նաև նրանց ապրումներով, քաջալերում ու բուժում: Մեր զրուցակիցը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ  ՋԻԼԱՎՅԱՆՆ է, բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել մեծ պրոֆեսիոնալությամբ, մարդ, որն իրեն դիմող հիվանդներին տալիս է հոգեկան ուժ և հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

 - Պարո՛ն  Ջիլավյան, մի փոքր պատմեք  Ձեր անցած ճանապարհի մասին, մինչ օրս ի՞նչ մասնագիտական գործունեություն եք  ծավալել:

-1979թ. ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` կարմիր դիպլոմով: 1979-1981թթ. անցել եմ կլինիկական օրդինատուրա Սանկտ Պետերբուրգում՝ ուռուցքաբանության Ն.Ն. Պետրովի անվան գիտահետազոտական ինստիտուտում` ուռուցքաբանության գինեկոլոգիա մասնագիտությամբ: 1981թ.-ից սկսած՝ արդեն  աշխատել եմ Հայաստանի Հանրապետությունում՝ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ սկզբից որպես բժիշկ, իսկ 1993թ. մինչ օրս՝ որպես օնկոգինեկոլոգիայի  բաժանմունքի ղեկավար: 1984թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը Սանկտ Պետերբուրգում «Ձվարանների սերոզ ցիստադենոկարցինոմաների ռեցիդիվների բուժում» թեմայով, իսկ 2002թ.  Երևանում պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն «Վերտհայմի վիրահատությունից հետո բարդությունների պրոֆիլակտիկան և բուժումը արգանգի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ» թեմայով:

- Կխնդրենք խոսել  Ձեր  ղեկավարած բաժանմունքի մասին:

- Ասեմ, որ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը բաղկացած է 40 մահճակալներից և միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծված է զբաղվելու օնկոգինեկոլոգիայով: Բուժում ենք տարբեր տեսակի հիվանդություններ, այսինքն` տարբեր լոկալիզացիայի՝  արգանդի վզիկի չարորակ ուռուցքի,  արգանդի մարմնի, ձվարանների, արտաքին սեռական օրգանների: Բուժվում են նաև բարորակ և սահմանային ուռուցքներով հիվանդներ, այսինքն` բոլոր տիպի ուռուցքները: Մեզ մոտ կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ, որոնք ընդունված են Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Մեր կենտրոնում ունենք նաև օնկոգինեկոլոգիական ճառագայթային բաժին և երկու քիմոթերապայի բաժանմունք: Ուստի այս բաժանմունքների առկայության դեպքում հիվանդները մեզ մոտ ստանում են կոմպլեքս բուժում, և դա միակն է մեր հանրապետությունում, որտեղ հիվանդը հնարավորություն ունի  առանց հիվանդանոցը փոխելու ստանալ միաժամանակ այդ կոմպելքս բուժումը: Իհարկե, չեմ ցանկանում գովազդել մեզ՝ ասելով, թե մի՛ գնացեք Գերմանիա բուժման նպատակով, եկեք մեզ մոտ, բայց հավատացեք՝ այն, ինչ կատարվում է ուրիշ երկրներում, նույն մակարդակով կատարվում է նաև մեզ մոտ: Արդյունքները բավականին դրական են: Մեր կողմից կատարվել է վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մեր բուժման արդյունավետությունը գրեթե չի զիջում միջազգային չափորոշիչներին:

- Ձեզ հիմնականում ո՞ր հիվանդությունների դեպքում են ավելի շատ դիմում։

- Հիմնականում դիմում են երեք օնկոլոգիական պաթոլոգիաների դեպքում՝ արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանի քաղցկեղի: Ցավոք սրտի, արգանդի վզիկի և ձվարանի քաղցկեղի ժամանակ դիմում են, երբ արդեն բավականին քիչ է լինում օգնելու հավանականությունը, երբ հիվանդությունն արդեն բավականին ուշացած փուլում է: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում կանանց՝ ժամանակին դիմելիությունը և հիվանդության վաղ փուլում ախտորոշումը:

- Պարոն Ջիլավյան,  բժշկին դիմելու կուլտուրան զարգացա՞ծ է մեր տարածաշրջանում։

- Ասեմ, որ բավականին դրական փոփոխություններ կան այդ առումով, եթե համեմատում ենք 5 տարի առաջվա հետ: Այժմ կանայք և աղջիկները սկսել են իրենց առողջությանը ավելի շատ հետևել: Բայց, ամեն դեպքում, հիմնականում դիմում են Երևանի և մեծ քաղաքների կանայք, իսկ փոքր քաղաքներում, գյուղերում ապրող կանայք շատ քիչ են դիմում, իսկ դա նշանակում է, որ բժշկին դիմելու կուլտուրան դեռ բարձր չէ շատերի մոտ: Դիմում են այն ժամանակ, երբ, ժողովրդի լեզվով ասած, դանակը հասնում է ոսկորին: Մեր նպատակը և գերխնդիրն է այդ շրջաններում կանանց մեջ այդ կուլտուրան զարգացնելն է,  որպեսզի առաջնահերթ նրանք իրենց առողջությանը հետևեն:

- Արդյոք կարողանո՞ւմ եք  զուգահեռ  ձեր աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Այո: Ամեն տարի տարբեր երկրներում մասնակցում ենք գիտաժողովների, օրինակ, Ռուսաստանում, Ֆրանսիայում, իսկ այս տարի նոյեմբեր ամսին գնալու ենք Ավստրիա: Հիմա ավելի շատ վերապատրաստվում ենք էդոսկոպիկ վիրաբուժության մեջ. իմ բժիշկը վերապարտրաստվել է Հունաստանում, իսկ ես 2-3 անգամ՝ Ֆրանսիայում: Աշխատում ենք ետ չմնալ բժշկության բնագավառի նորարարությունների հոսքից:

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր կանանց և աղջիկներին:

- Կանանց կմաղթեմ առողջություն, հաջողություններ կյանքում: Թող սիրեն և սիրված լինեն: Մեր կանայք մեզ շատ-շատ պետք են, թող ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, և բոլորս պիտի միշտ գիտակցենք, որ կանայք մեր մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր