ԲՈՒԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԺՇԿԻ ՀԵՏ
Բժշկի մասնագիտությունն անչափ բարդ է ու պատասխանատու. չէ որ բժիշկը գործ ունի մարդկային կյանքի հետ, և նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆՆ է, ով աշխատում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ներքին հիվանդությունների դիագնոստիկայի ամբիոնում»՝ պրոֆեսորի պաշտոնում: Ունի աշխատանքային շուրջ 42 տարվա ստաժ, որից 37 տարին՝ ԵՊԲՀ-ում: Հիվանդների տածած վստահությունը, նրանց սերն ու հարգանքը բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականն են, և նա փոխադարձ սիրով ու անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:
- Պարոն Եգանյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
-Դպրոցը «Ոսկե մեդալով» ավարտելուց հետո մասնագիտական ուսուցումս սկսել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Այն գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել եմ Մոսկվայի թիվ 1 Պետական բժշկական ինստիտուտի «Թերապիայի» և «Ախտաբանական անատոմիայի» ամբիոններին կից ասպիրանտուրա, որտեղ կատարել եմ էքսպերիմենտալ և կլինիկական գիտական աշխատանք՝ ավարտելով այն թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ: Վերադառնալով Հայաստան՝ Երևանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում եղել եմ կրտսեր գիտաշխատող, նաև աշխատել բժիշկ Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում։ Դրանից հետո՝ 1980թ., մրցույթով ընդունվեցի աշխատանքի Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի ամբոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող:
1992 թ. պաշտպանել եմ դոկտորական ատենախոսությունս՝ «Պարբերական հիվանդության ժամանակ ստամոքս-աղիքային ուղու ախտահարումների ախտածագումը և կլինիկական նշանակությունը» թեմայով: 1993 թ.-ից աշխատել եմ Պետական բժշկական համալսարանի թերապիայի և դիագնոստիկայի ամբիոններում՝ պրոֆեսորի պաշտոնում: Գիտական աշխատանքներ կատարելով՝ միաժամանակ ընդունել եմ հիվանդներ և գիշերային հերթապահություններ եմ կատարել: Հեղինակ եմ 185 տպագիր գիտական աշխատանքների, որոնց թվում՝ 2 մենագրությունների, 1 գյուտի, 5 ռացիոնալիզատորակաև գիտապրակտիկ առաջարկությունների և մարսողական համակարգի հիվանդություններին նվիրված ուսումնական ձեռնարկի: Բազմիցս անցկացրել եմ սեմինարներ և կարդացել դասախոսություններ Երևան քաղաքի և մարզային կենտրոնների պոլիկլինիկաների ու հիվանդանոցների բժիշկների համար՝ ներքին օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդներին նվիրված թեմաներով:
- Ձեր կարծիքով ո՞րն է հիվանդության բուժման արդյունավետության երաշխիքը:
- Առաջին երաշխիքը հիվանդի համագործակցությունն է բժշկի հետ բուժման գործընթացում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հիվանդը վստահում և հավատում է բժշկին: Երկրորդը ճիշտ ախտորոշումն է, քանի որ, եթե ճիշտ ախտորոշես, ճիշտ էլ կբուժես: Իսկ ախտորոշման գործում, իմ կարծիքով, առաջնայինը հիվանդի հետ մտերմիկ զրույցն է, այլ ոչ թե գործիքային կամ լաբորատոր տվյալները: Հիվանդի հետ զրույցի ժամանակ բժիշկը պարզում է հիվանդության պատմությունը, տարբեր ախտաբանական նշանների ընթացքը, նրանց զարգացման հերթականությունը, հիվանդի վնասակար սովորությունները, կենցաղային պայմանները, տնտեսական վիճակը, ժառանգական տվյալները, ուղեկցող կամ նախորդող հիվանդությունները և այլ կարևոր, հիվանդության զարգացման համար նպաստավոր նշանակություն ունեցող փաստեր: Երբեմն նույնիսկ փոքր տարիքում կրած հիվանդությունները կարող են հետք թողնել մեծ տարիքում հիվանդի ներկայիս առողջական վիճակի վրա: Օրինակ, սուր աղիքային վարակը մանկական տարիքում կարող է հետագայում քրոնիկական գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառ դառնալ: Հիվանդության անամնեզից, կյանքի պատմությունից բացի, շատ կարևոր են հիվանդի գանգատները: Ուսանողներին միշտ ասում եմ, որ պետք է առանձնացնել հիմնական գանգատը շատ մանրակրկիտ, պետք է պարզել հիմնական գանգատի մանրամասները։ Եթե դա ցավն է, ապա ինչի՞ց հետո է ցավն առաջացել, ինչպիսի՞ պատճառներից է ցավը սրանում կամ թեթևանում, ինչպիսի՞ն է ցավի տեղակայումը, ճառագայթումը, տևողությունը, կապը սնունդ ընդունելու և քաղցած վիճակի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրվա ժամերի և այլնի հետ: Այդ ամենը կարևոր նշանակություն ունի ճիշտ ախտորոշման համար: Զրույցից և հայացքով հիվանդին ուշադիր զննումից հետո նոր միայն կարելի է ամփոփում կատարել և, գալով մի եզրակացության՝ նախնական ախտորոշման, անցնել հիվանդի մարմնի ֆիզիկական հետազոտման՝ շոշափելով, բաբախելով և լսելով (նկատի ունեմ աուսկուլտացիան ֆոնենդոսկոպով կամ ստետոսկոպով): Շատ ժամանակ ես իմ ուսանողներին ասում եմ՝ շատ մի՛ տարվեք գործիքային լաբորատոր քննությունների տվյալներով. դրանք լրացուցիչ օգնություն են բժշկի համար, բայց օգնում են այն դեպքերում միայն, երբ արդեն հիվանդի հետ շատ մանրակրկիտ զրույց ես ունեցել, պարզել ես հիվանդության և կյանքի պատմությունը, գանգատները, կատարել ես ֆիզիկական հետազոտումը: Նման կլինիկական հետազոտումը թույլ է տալիս նախնական ախտորոշում կատարել, որը հետագայում 90 (եթե ոչ ավել) տոկոսով սովորաբար հաստատվում է գործիքային և լաբորատոր քննությունների շնորհիվ: Վերջիններիս նշանակությունը, անկասկած, կարևոր է նրանով, որ դրանք օգնում են հայտնաբերել հիվանդության սկիզբը, երբ դեռ չկան գանգատները: Դա շատ արժեքավոր է, քանի որ թույլ է տալիս պրոֆիլակտիկ նպատակով կատարել կանխարգելիչ միջոցառումներ և բուժում՝ կանխելով հիվանդության հետագա զարգացումը: Հիվանդության բարդություններն էլ, իրենց հերթին, ունեն ծածկընթաց շրջան, որի ժամանակ հիվանդության բարդության երևույթները դեռ ի հայտ չեն եկել, բայց կարող ենք հայտնաբերվել գործիքային կամ լաբորատոր քննությամբ, և այդ շրջանում դրանք ավելի հեշտ են հետ զարգանում ժամանակին ընձեռված բուժման շնորհիվ:
- Ներքին հիվանդություններից որո՞նք են եղել Ձեզ առավել հետաքրքրող և հետազոտման առարկա հանդիսացող հիվանդությունները:
-Ասեմ, որ ինձ միշտ հետաքրքրել են ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների և պարբերական հիվանդության ախտորոշումը և բուժումը: Պարբերական հիվանդությունը, որը, ցավոք սրտի, մեծ տարածվածությում ունի մեր երկրում, ոչ հազվադեպ բարդանում է, այսպես կոչվող, ամիլոիդոզով, որի հետևանքով կարող է զարգանալ երիկամային անբավարարություն: Տվյալ ծանր ճակատագրական բարդությունը ժամանակին հայտնաբերելու համար մեր համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Սոմա Համբարձումյանի հետ մշակել ենք ամիլոիդոզի նոր ախտորոշման մեթոդ արյան իմունոցիտոքիմիական քննության միջոցով, որի համար ստացել ենք գյուտի արտոնագիր: Ի տարբերություն ընդունված ախտորոշիչ մեթոդների, մեր կողմից առաջարկված մեթոդը չի պահանջում հիվանդի օրգանների հյուսվածքի կենսազննում՝ բիոպսիա: Ինչ վերաբերում է գաստրիտի, խոցային հիվանդության բուժմանը, ապա ես և իմ դիսերտանտը՝ Կարինե Ինջիգուլյանը, գիտական կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտման միջոցով ապացուցել ենք, որ կարելի է կրճատել երկու շաբաթից մինչև մեկ շաբաթ հակահելիկոբակտերիալ անտիբիոտիկների կիրառումը այդ հիվանդությունների ժամանակ՝ լրացնելով բուժումը պրոբիոտիկներով, որոնք ունեն հակահելիկոբակտերիալ ազդեցություն և միաժամանակ կանխում ու վերացնում են անտիբիոտիկների կողմնակի երևույթները: Կցանկանայի նաև խոսել հիպերտոնիա կոչվող հիվանդության մասին, որը 50-ից բարձր տարիք ունեցողների մոտ կազմում է 50 տոկոս, իսկ այդ 50 տոկոսի կեսն էլ տեղյակ չէ, որ հիպերտոնիա ունի: Պարտադիր ցանկացած հիվանդի ճնշումը պետք է ստուգել ծածկընթաց հիպերտոնիկ հիվանդությունը հայտնաբերելու համար և, անկախ գանգատների բացակայությունից, կազմակերպել տվյալ հիվանդության բուժումը: Եթե անձը ճնշում ունի առանց բնորոշ գանգատների, կամ էլ, եթե տեղյակ չէ ու համապատասխան դեղորայք չի ստանում, բնականաբար, սիրտը մեծ ծանրաբեռնվածության տակ է, և այդ դեպքում ձախ փորոքը գերաճ է ունենում, ինչը վտանգավոր հետևանքների կարող է բերել: Նշենք, որ ձեռքերի միջոցով բաբախելով հիվանդի կրծքավանդակը սրտի շրջանում, այլ կերպ ասած. պերկուսիայի միջոցով էլեմենտար կերպով այդ գերաճը կարող է հայտնաբերվել և այդ ուղղությամբ հիվանդին ավելի խորը հետազոտելուց հետո համապատասխան բուժում նշանակել, որը կկանխի հիվանդի մոտ սրտամկանի ինֆարկտի, ուղեղի կաթվածի, սրտային անբավարարության, առիթմիաների զարգացման և այլ հիվանդությունների ռիսկը:
Գործիքային հետազոտման վերաբերյալ ուզում եմ նշել, որ երբեմն դրա կարիքն էլ չի լինում։ Գալիս են հիվանդներ, ցանկանում են «կատե» անելու ուղեգիր, բայց շատ անգամ կլինիկական և ավելի մատչելի գործիքային հետազոտումները ոչ միայն խնայում են հիվանդի գումարը, այլև նա խուսափում է ավելորդ ճառագայթումից:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հիվանդությունը հիվանդագին վիճակ ստեղծող ախտածագման և առողջածին մեխանիզմների պայքարի գործընթաց է, այլ կերպ ասած, հիվանդությունը հենց այդպես միայն ախտածագում չէ, այլ նաև միաժամանակ սանոգենեզ է: «Սանուս» նշանակում է առողջություն: Կան սանոգենատիկ մեխանիզմներ, որոնց խթանումը վերականգնողական թերապիայի մի մասն է կազմում: Խթանիչ, պաշտպանողական մեխանիզմները կարգավորող գործոնները, որոնց մենք, ցավոք, շատ հաճախ անտեսում ենք, բուժման կարևոր բաղադրիչը պետք է լինեն: Այդ բաղադրիչին արդյունավետ բուժման համար և հետագա սրացումների կրկնողությունը կանխելու գործում ես մեծ նշանակություն եմ տալիս:
- Պարոև Եգանյան, արդյոք մեր հանրությունն ունի՞ բժշկին դիմելու կուլտուրա:
- Հիվանդները դիմում են մեզ, երբ «դանակն արդեն ոսկորին է հասնում», չի կարելի թույլ տալ որ հիվանդությունը ծանրանա ու խորանա: Վախենում են գնան բժշկի, քանի որ մտածում են, որ հնարավոր է ավելի բարդ բաներ բացահայտվեն: Պետք է վերջապես զարգանա այդ կուլտուրան մեզ մոտ, չթողնենք բարդանա հիվանդությունը, նոր դիմենք բժշկին:
- Բժիշկ, կխնդրեի խոսեք պարբերական հիվանդության մասին:
-Պարբերական հիվանդությունը դրսևորվում է շճաթաղանթների ասեպտիկ (ոչ վարակային) բորբոքումով՝ պերիտոնիտով և պլևրիտով, պերիկարդիտով: Հիվանդությունը ինքնաբորբոքային հիվանդություն է, գենետիկորեն պատճառը պարզ է, բայց ախտածագումը լիովին պարզաբանված չէ: Այդ հիվանդության բարդության զարգացման դեպքում ամենաթիրախային օրգանը երիկամներն են, որտեղ ոչ նորմալ, ամիլոիդ կոչվող կարծր նյութ է կուտակվում՝ ի վերջո առաջացնելով երիկամային անբավարարություն: Սուրցավային նոպաները կապված են արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների ներսից բորբոքային մեդիատորների (հաղորդիչների) մեծ քանակով արտանետման հետ: Բորբոքային և հակաբորբոքային մեդիատորների համակարգում կան ճնշող հաղորդիչ գործոններ, դրանք այդ հիվանդի մոտ լինում են գենետիկորեն պայմանվորված՝ ուղղակի դեֆեկտավոր: Ժամանակ առ ժամանակ այդ բորբոքային մեդիատորները ճնշող գործոնների թուլության պատճառով դուրս են գալիս արյան մեջ՝ առաջացնելով տենդ և ոչ վարակային ասեպտիկ բորբոքում շճաթաղանթներում, հոդերում, երբեմն՝ մաշկում: Պարբերական հիվանդությունը այս օրերին բուժվող հիվանդություն է, եթե բուժում հասկացողության տակ մենք հասկանանք նոպաների վերացումը և ամիլոիդոզ բարդության կանխարգելումը: Կարելի է ասել՝ մի գրպանում ունես հիվանդությունը, մյուսում` նրա դեմ դեղամիջոցը, որի շնորհիվ կարող ես պրակտիկորեն առողջ զգալ և ապրել մինչև 80-90 տարի: Պարբերական հիվանդության դեղամիջոցը կոչվում է <Կոլխիցին>, որն ունի բուսական ծագում: Բույսը աճում է Կոլխիդայում: Դեռ հին ժամանակներում հույները գիտեին այդ բույսի մասին և օգտագործում էին հոդատապի` «պոդագրա» կոչվող հիվանդության բուժման համար: Անցյալ դարի 70-ական թվականներից դեղն սկսեցին օգտագործել և նրա բուժիչ արդյունքը հայտնաբերեցին պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ: Դրական արդյունքը կայանում է նրանում, որ դեղորայքը ոչ միայն կանխում է բորբոքային նոպաները՝ ապահովելով նորմալ կյանքի որակ, այլև, ամենակարևորը` կանխում է հնարավոր բարդությունները: Դեղամիջոցը, 90-95 տոկոսով արդյունավետ է, սակայն` լինում են դեպքեր, երբ գենետիկան իր դերը կատարում է, և, ցավոք, լինում է հիվանդների մի խումբ, որի վրա լիարժեք չի ազդում այդ բուժումը: Ի դեպ, այդ դեղամիջոցը Հայաստանում անվճար է տրամադրվում մեծահասակ հիվանդներին՝ տեղամասային պոլիկլինիկաներում, իսկ մանկական տարիքում գտնվողներին՝ «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնում: Հիշեցնեմ նաև, որ իմ և համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Սոմա Համբարձումյանի կողմից մշակված պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզի ախտորոշման նոր մեթոդը (արտոնագիր թիվ 2876) արյան իմունոցիտոքիմիական քննության միջոցով, որը չի պահանջում հիվանդի օրգանների հյուսվածքի կենսազննում՝ բիոպսիա, ի տարբերություն ընդունված ախտորոշիչ այլ մեթոդների, թույլ կտա հայտնաբերել տվյալ բարդությունը հիվանդների մոտ ամենավաղ շրջանում, երբ դեռ բացակայում են մեզի կողմից ախտաբանական փոփոխությունները, ինչը մեծ երաշխիք է այդ բարդության արդյունավետ բուժման համար:
-Իսկ արդյոք պարգևի արժանացա՞ք այդ գյուտի համար:
- Գիտեք, պարգևները միշտ էլ ուշանում են: Կարևորը դա չէ, կարևորն այն է, որ այդ գյուտը ներդրվի Հայաստանի առողջապահության ոլորտում: Այս ամսվա մեջ պետք է կայանա կլոր սեղան «Կենսաբժշկության կիրառական խնդիրները» խորագրով: Այդ կլոր սեղանին մասնակցելու են պրակտիկ բժշկական հիմնարկների և բժշկական խոշոր կենտրոնների ներկայացուցիչները, ազգային ակադեմիայի գիտնականները, բժշկական համալսարանի դասախոսները և այլոք: Ես պատրաստել եմ ելույթ, որում առաջարկելու և հիմնավորելու եմ մեր գյուտի լայն կիրառումը պարբերական հիվանդության դեպքերում: Հույս ունեմ, որ ինձ և իմ համահեղինակ Ս.Համբարձումյանին կհաջողվի ապացուցել գյուտի առավելությունները և մեր առաջարկությունը՝ ներդնել այն պրակտիկ բժշկության մեջ, կնդունվի: Դա թույլ կտա բոլոր պարբերական հիվանդների մոտ հանրապետությունում կատարել այդ հետազոտությունը կյանքի ընթացքում մի քանի անգամ, քանի որ դա միայն արյան հանձնելու հետ է կապված, այլ ոչ թե օրգանի կենսազննման՝ բիոպսիայի: Դա կնպաստի ամիլոիդոզ բարդության ժամանակին հայտնաբերմանը ու, հետևաբար, նրա արդյունավետ բուժմանը:
- Գիտենք, որ նաև դասավանդում եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և գործ ունենք ուսանողների հետ: Ի՞նչ կարծիքի եք՝ մեր բժշկական համակարգին ապագայում ի՞նչ է սպասում:
-Մեր հասարակության մենթալիտետը փոխվել է. փող վաստակելը դարձել է աշխատանքի հիմնական նպատակը, իսկ ուսանողությունը հասարակության մի մասն է: Նախկինում հանդիպում էին և՛ ծույլ, և՛ թերի ունակություններ ունեցող ուսանողներ, իսկ հիմա կան նաև ուսանողներ, որոնք, ընդունակ լինելով, սովորելու ձգտում չունեն։ Նրանք ուղղակի գալիս են դասի, քանի որ ծնողների ցանկությամբ ընդունվել են վճարովի ուսուցման, սակայն ցանկություն չունեն բժիշկ դառնալու, իսկ նրանց առաջնային նպատակը ապագայում փոխշահավետ բիզնեսով զբաղվելն է։ Բայց կան նաև լավ և գերազանց ուսանողներ, որոնք իրենց մասնագիտության մեջ հաջողության հասնելու ձգտում ունեն: Խմբում տասը ուսանողից երեք-չորսը նման ուսանողներ են: Վատ ուսանողներից համալսարանը ազատվում է: Սակայն ես կարծում եմ, որ բժիշկը միջակ լինելու իրավունք չունի: Միաժամանակ կարծում եմ, որ ուսուցումը և նոր գիտելիքների ձեռքբերումը գործնական աշխատանքի ընթացքում բոլոր մասնագիտությունների և հատկապես բժշկության մեջ պետք է լինեն անդադար շարունակական:
- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք հանրությանը առողջ ապրելու համար:
- Բոլորին մաղթում եմ առողջություն, հիվանդներին՝ շուտ ապաքինում: Թող ոչ ոք երբեք չհիվանդանա: Շատ կարևոր է ռեժիմը, հետևեք ձեր սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, որն օգնում է նաև նյարդային սթրեսային վիճակներից հանելուն: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ և անվտանգ հակասթրեսային ազդեցությունը ֆիզիական ակտիվությունն է: Օրական 10-15 րոպե մարմնամարզությունը առողջ ապրելակերպի պարտադիր բաղադրիչն է: Երկար կյանք բոլորին, առողջ եղեք: