ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆ

(3 votes)
There is no translation available.

Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով

Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ դրանք լրացվում են հերոսության քողով: Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր`   հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության: Մեր հյուրը սրտաբան, <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի թերապիայի բաժանունքի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոլորտի գերակա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Տիկին Սաիյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

-1994թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում անցել կլինիկական օրդինատուրա, այնուհետև աշխատել նույն բաժանմունքում։ Երկու տարի հետո ինձ առաջարկվեց ընդունարանի վարիչի պաշտոնը, որը փորձել եմ համատեղել իմ կլինիկական գործունեության հետ:  2007 թվականից աշխատել եմ թերապիայի գծով փոխտնօրեն, բայց երբեք չեմ դադարեցրել իմ կլինիկական գործունեությունը, շարունակել եմ ընդունել և բուժել իմ հիվանդներին: Այս երկու գործերը, կարծես, մեկը մյուսին լրացնում են։

-Ձեր բաժանմունք հիմնականում ո՞ր հիվանդներն են դիմում։

-Հիվանդների ընդունում եմ սիրտ-թոքային բաժանմունքում, որտեղ հիմնականում հոսպիտալացվում են սրտաբանական և թոքաբանական խնդիրներով տառապող անձինք: Ընդհանրապես օրգանիզմի օրգանները փոխհամակցված են, փոխկապակցված, և դժվար է ասել, թե որ բաժանմունքն ինչ հիվանդների է ընդունում։ Իհարկե, որոշակի ուղղվածություն կա, բայց միևնույն է, եթե մի օրգանը  հիվանդ է, ապա այն որևէ ձևով ազդում է այլ օրգան համակարգերի վրա, իսկ սիրտն ու թոքն իրար ավելի արագ են լրացնում թե՛ հիվանդելիության, թե՛ հիվանդացության տեսակետից:

-Հասցնո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Շատ հաճախ չէ, բայց հատկապես վերջին շրջանում տարեկան երկու անգամ կարծես ինքս ինձ պարտադրում եմ ժամանակ հատկացնել վերապատրաստումներին, քանի որ դրանք այսօր շատ կարևոր նախապայմաններ են մեզ համար։ Բժիշկը պարզապես ի վիճակի չէ ամեն մի նորություն կարդալ, ընկալել, իսկ առանց դրանք իմանալու անհնար է առաջ շարժվել հոսքին համընթաց:

-Սիրտ-անոթային ոլորտում  ավելի շատ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացել:

-Երևի թե սրտի իշեմիկ հիվանդությունը. լինում են դեպքեր, որ 20 տարեկան երիտասարդներն են ինֆարկտով հոսպիտալացվում մեզ մոտ։ Նախկինում, համենայնդեպս, մեր ուսանողական տարիներին այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Երևի այդ տարիներին ախտորոշումն էր դժվար, և այդ հիվանդությանն այլ անվանում էին տալիս։ Իշեմիկ հիվանդության տանող ռիսկային գործոններ են համարվում սնունդը, մեր էկոլոգիան, սթրեսները...

-Իշեմիկ հիվանդության դեպքում ո՞ր տարիքն է ավելի խոցելի համարվում:

-Խոցելի տարիքը 35-55 տարեկանն է, բայց այսօր բժշկությունն այնքան է զարգացել, ինֆարկտն այնպես են բուժում, որ հետագայում, այսպես ասած, տեղն էլ չի երևում, իսկ ստենդավորման պայմաններում դա փրկություն է համարվում։ Դա էլ իր հերթին կրճատում է անաշխատունակությունը, հիվանդները ապաքինվում են ամբողջությամբ:

- Արդյոք հնարավո՞ր է մեր երկրում սիրտ-անոթային բոլոր հիվանդությունների բուժումն իրականացնել, թե ամեն դեպքում արտերկիր մեկնելու կարիքը զգացվում է:

 -Պետք է նշեմ, որ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության առումով Հայաստանը չի զիջում եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին։ Դա այն բնագավառն է, որտեղ մենք համարյա թե նրանց հավասար քայլում ենք: Շատ ցանկալի կլիներ, որ մյուս հիվանդությունների դեպքում էլ այդպիսի զարգացում ապրեր մեր երկիրը։ 

- Բժշկուհի՛,  տեսնելով  այսօրվա ուսանողներին՝ ի՞նչ կարծիք եք կազմում մեր առողջապահական համակարգի ապագայի մասին։

-Ցանկանան թե ոչ, այսօրվա պայմաններում նրանք դառնալու են լավ բժիշկներ, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ է, և բոլորն էլ ստիպված են լինելու հաշվի առնել դա։ Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով։ Հիվանդն է իր բժշկին ընտրում, ու եթե վերջինս չլինի պատասխանատու, ժամանակակից պահանջներին համապատասխան, պացիենտը շատ շուտ դա կզգա և կընտրի մեկ ուրիշին։ 

- Եվ վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը կարողանա գնահատել այն, ինչ ունի: Երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդները մեզ դիմում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Կցանկանամ, որ նրանք երբեք չդիմեն ինքնաբուժության, գնահատեն և փայփայեն իրենց ունեցածը: Դրա համար պետք է միշտ կապ հաստատեն բժիշկների հետ, և մենք՝ բժիշկներս,  կտանք շատ լավ խորհուրդներ: Եղե՛ք առողջ, սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր