ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ Featured

(3 votes)
There is no translation available.

 Ցանկության և ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի

Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում,  ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Իրականացվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն:

Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիմածնոտային վիրաբույժ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի  ղեկավար ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ է։

-Տիկի՛ն Պողոսյան, խնդրում ենք մի փոքր պատմել Ձեր անցած ճանապարհի մասին:

-1996թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատալոգիական ֆակուլտետը, որից հետո արդեն նեղ մասնագիտացում  եմ անցել ստոմատոլոգիայով և դիմածնոտային վիրաբուժությունով: Առաջին քայլերը դիմածնոտային վիրաբուժության մեջ 2000թ. կատարել եմ հայրիկիս` Յուրի Պողոսյանի ղեկավարությամբ` կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա իմ առաջին և հիմնական ուսուցիչն է եղել այս ոլորտի նվաճման ճանապարհին: 2003 թվականից  միասին հիմնեցինք դիմածնոտային վիրաբուժության կլինիկա ներկայիս «Մուրացան» հիվանդանոցում  (այն ժամանակ կոչվում էր <<Հայք>> բժշկական կենտրոն), որտեղ ես բաժանմունքի վարիչն էի: 2010թ. կլինիկան տեղափոխվեց  Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այստեղ շարունակում եմ աշխատանքս որպես դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար: Ընթացքում անցել եմ շատ վերապատրաստումներ, որոնց թվում՝ նաև արտերկրում: 2003 թ. պաշտպանեցի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ. ստացա դոցենտի գիտական կոչում: 2012թ. ստացել եմ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի ու դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսորի կոչում:

-Կարևորո՞ւմ եք վերապատրաստումները, մասնակցո՞ւմ եք դրանց։

-Իհարկե անչափ կարևորում եմ: Դրանք օգնում են մեզ աճել մեր մասնագիտությոն մեջ, տեղեկացված լինել աշխարհում կիրառվող նոր վիրահատական կամ կոնսերվատիվ բուժման մեթոդների մասին, փորձի փոխանակում կատարել մեր արտերկրյա գործընկերների հետ, ծանոթանալ տեխնիկայի նորագույն նվաճումներին:

-Կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Իհարկե, ուզենք թե չուզենք, համատեղում ենք, որովհետև առանց դրա հնարավոր չէ։

-Իսկ ինքներդ սովորեցնո՞ւմ եք նորավարտ սերնդին Ձեր մասնագիտությունը:

- Իհարկե: Մեր բազայում ուսուցում են անցնում թե՛ ուսանողները, թե՛ կլինիկական օրդինատորները: Սիրում եմ երիտասարդ և ձգտում ունեցող սերնդին սովորեցնել ոչ միայն մասնագիտության հիմունքները, այլ նաև կիսել այն բոլոր գաղտնիքները, որ պաշարել եմ տարիների փորձի ընթացքում: Նրանք մեր ապագան են:

-Իսկ Հայաստանում  կա՞ դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիա:

-Այո, այն հիմնվել է դոցենտ Գրիգորի Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Կարևոր է ունենալ ասոցիացիա, որը կմիաձուլի բոլոր դիմածնոտային վիրաբույժներին`թե՛ լուծելու ընդհանուր խնդիրներ, թե՛ հավաքների ժամանակ ծանոթանալու մեկս մյուսի նվաճումներին կամ հետաքրքիր վիրահատական դեպքերին:

2016թ.–ից  ընտրվել եմ դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ։

-Դիմածնոտային ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում։ Ձեր բաժինը տեխնիկապես զարգացա՞ծ է, չի՞ զգացվում արտերկիր դիմելու կարիքը:

-Դիմածնոտային բոլոր հիվանդություններով էլ մեզ դիմում են: Ըստ վիճակագրության, դիմածնոտային վիրաբուժության ճյուղով ամենաշատը դիմում են բորբոքային պրոցեսների հետ կապված խնդիրներով, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում հայմորիտները, վնասվածքները և ուռուցքները:  Օրեցօր շատանում է կոսմետիկ վիրահատությունների (ավելի հաճախ` քթի պլաստիկայի)  և դենտալ իմպլանտացիայի դիմելիությունը:

 Մեր կլինիկան տեխնիկապես բավականին հագեցած է, բայց տեխնիկան այնպես արագ է զարգանում, որ երբեմն չենք կարողանում շարժվել նրան համընթաց։  

-Բժշկուհի, ի՞նչ մակարդակ ունի բժշկին դիմելու կուլտուրան:

-Չհաշված էսթետիկ վիրահատությունները, ցավոք, մնացած դեպքերում դիմում են բավականին ուշացած: Պատճառը գուցե ֆինանսական է, գուցե վախն է վիրահատության նկատմամբ կամ էլ մեր բժշկական համակարգում պարտադիր պրոֆիլակտիկ բուժզննման բացակայությունը….

-Բժշկուհի, որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Ցանկության եւ ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի: Կարեւորը՝ առողջություն լինի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր