ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(2 votes)
There is no translation available.

Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի

Սրտաբանների կարծիքով Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, բայց դա գլոբալ խնդիր է, որի գործոնները լինում են կառավարելի և ոչ կառավարելի։ Առաջինի շարքում են ժառանգականությունը և վատ էկոլոգիան, երկրորդի շարքում՝ ոչ առողջ ապրելակերպը, վատ սովորությունները, ինչպես նաև հիպերտոնիան և արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Մեր զրուցակիցն է սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, եվրոպական սրտաբանների միության, եվրոպական առիթմոլոգների ասոցիացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի  նախագահ, սրտաբանության  գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի հիմնադիր և ղեկավար ՍՎԵՏԼԱՆՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Տիկի՛ն Գրիգորյան, բժշկի մասնագիտություն ընտրելը շատ պատասխանատու և ռիսկային գործ է, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

-Երբ գերազանցությամբ ավարտեցի Անտոն Չեխովի անվան դպրոցը, մտքովս էլ չէր անցնում, որ կընտրեմ բժշկի մասնագիտությունը: Դա իմ մայրիկի երազանքն էր, որն էլ ինձ ստիպեց գնալ այդ քայլին: Ընդունվեցի Մխիթար Հերացու անվան ինստիտուտ, գերազանցությամբ ավարտեցի այն: Այդ տարիներին նորաձև էր ասպիրանտուրա ընդունվելը, ասում էին՝ կմնաս ամբիոնում, բայց իմ մայրիկն ու ամուսինը, որը նույնպես բժիշկ է և ինձնից ավելի շատ փորձ ունի, այսպես ասած, ինձ շեղեցին՝ համոզելով, որ ճիշտը մարդկանց հետ անմիջականորեն աշխատելն է: Անցան տարիներ, և ես հասկացա, որ բժշկի աշխատանքից ավելի շնորհակալ գործ չկա: Հիվանդն այնպիսի հույսով, հավատով է քեզ նայում, որ դու արդեն մեծ պարտավորվածություն ես զգում քեզ վրա:

 -Սիրտ-անոթային հիվանդություններից որո՞նք են ավելի ռիսկային համարվում, ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում:

-Մեզ շատ-շատ են դիմում առիթմիաների դեպքում: Ընդ որում, հաճախ մարդիկ չեն հասկանում, թե առիթմիան որտեղից է ի հայտ գալիս: Դա պարզապես սրտի անհամաչափ աշխատանքն է, և դրանում, այսպես ասած, ոչ միայն սիրտ-անոթային հիվանդություններն են մեղավոր, այլ նաև ճնշման բարձրացումը, նախկինում տարած իշեմիկ հիվանդությունը,  ինֆարկտը: Հաճախ դա առաջանում է նաև ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքով, որին շատերն ուշադրություն չեն դարձնում: Ու երբ այդ գործընթացը երկարում է, արդեն սիրտն է ներքաշվում դրա մեջ, ինչն էլ ունենում է իր հետևանքները: Առիթմիաների ամենաշատ հանդիպող ձևերից մեկը շողացող առիթմիան է, որն ինքնըստինքյան վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները: Մենք աշխատում ենք սերտ կապ հաստատել նևրապատոլոգների հետ, որովհետև,  շողացող առիթմայից բացի, ճնշման և մի շարք բարդություների դեպքում գործը կարող է հասնել ինսուլտային վիճակի: 2001թվականից սկսած՝ ունենք տվյալների համապատասխան բազա և մեր պացինետներին տարին մեկ անգամ կանչում ենք հերթական հետազոտության: Մենք մեր բոլոր հիվանդների հետ էլեկտրոնային մշտական կապի մեջ ենք, ու եթե նրանք չեն գալիս, զանգահարում ենք, տեղեկանում նրանց վիճակի մասին: Այդպես ենք աշխատում հատկապես հեռավոր շրջաններում և արտերկում գտնվող մեր պացիենտների հետ, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից:

-Բժշկուհի՛, ելնելով Ձեր աշխատանքային փորձից՝ կարո՞ղ եք ասել, թե որ հիվանդություններն են վերջին տարիներին երիտասարդացում ապրել:

-Միանգամից ասեմ՝ իշեմիկ հիվանդությունը: Երբ ես ասպիրանտուրա էի ընդունվել ակադեմիկոս Ադամյանի մոտ, գալիս էին 60-65 տարեկան ինֆարկտով հիվանդներ, և նրանց համարում էին երիտասարդ, իսկ հիմա նման խնդրով մեզ դիմում են արդեն 20-24 տարեկան երիտասարդներ: Բորբոքային հիվանդությունները, սխալ սննդակարգը, գենտիկան և այս բոլոր մուտացիաները առաջացնում են աթերոսկլերոզ, ինչպես նաև խրոնիկ սթրես: Շատ ժամանակ սովորական առիթմիային ուշադրություն չեն դարձնում, ասում են՝ այն վաղուց է ինձ մոտ, սակայն չեն պատկերացնում, որ տարիների ընթացքում առաջանում են բարդություններ:

-Բժշկությունը ձեր ոլորտում զարգացա՞ծ է, բարդությունների դեպքում արտերկիր դիմելու կարիք զգացվո՞ւմ է:

-Նշեմ, որ արտերկրում նույն բանն են անելու, ինչ որ այստեղ է արվում: Կարդիոթերապիան մեզ մոտ շատ-շատ զարգացած է, ու խորհրդային տարիներին մեր սրտաբանության ինստիտուտը համարվում էր լավագույններից մեկը, որտեղ գալիս էին սովորելու և պաշտպանելու իրենց գիտական թեզերը: ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար այդ, այսպես ասած, բումը կորավ, բայց ուզում եմ նշել, որ ամեն դեպքում գիտությունը երբեք չի կորչում, մարդիկ նորարարություններին համընթաց են քայլում: Գրեթե ամեն տարի Եվրոպայի տարբեր քաղաքներում սրտաբանների եվրոպական կոնգրես է լինում, որոնց համարյա մշտապես մենք էլ ենք մասնակցում: Օրինակ, անցած տարի այն Հռոմում, այս տարի Մարսելում անցկացվեց, մյուս տարի կանցկացվի Մյունհենում: Դրանց մասնակցելը և՛ պատվաբեր է, և՛ մեզ, այսպես ասած, տոնուսի մեջ է պահում: Փառք Աստծո, ինտերնետն էլ մեզ հիանալի հնարավորություն է տալիս համընթաց շարժվել բոլոր նորությունների հետ: Վերջին տարիներին Հայաստանում սկսեց զարգանալ նաև ինվազիվ սրտաբանությունը: 1996թ. սկսած՝ մեր բաժանմունքում տեղադրոմ ենք պեսմեկեր` սրտի ռիթմի կարգավորիչ, երբ սրտի հաղորդչականության խանգարում է լինում: Մարդիկ պետք է միշտ հավատան բժիշկներին, և մեզ գովազդողն էլ հենց  մեր հիվանդներն են լինում:

-Բժշկուհի՛, տեղյակ ենք, որ նաև դասավանդում եք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

-Մենք ներկայացնում ենք պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային սրտաբանության կրթության ամբիոնը, որի վարիչը ակադեմիկոս Ադամյանն է, իսկ ես ամբիոնի պրոֆեսորն եմ: Մեզ մոտ 3 տարով գալիս են ուսանելու նորավարտ բժիշկներ, և արդեն այս տարի սեպտեմբերին կունենանք շրջանավարտներ, որը համարում եմ կարևորագույն գործընթաց: Բժշկական համալսարանը տալիս է գիտելիք, բայց մասնագիտացումը տալիս է ամբիոնը, այսինքն՝ բժիշկը սովորում է հիվանդի հետ վարվելու ձևը: Նա չպետք է հույսը դնի տեխնիկայի և գործիքային բուժման վրա, պետք է մտածելու ունակություն ունենա: Ես ավելի քան քառասուն օր եղել եմ բժշկական մենեջմենթի դասընթացների ԱՄՆ-ի 11 նահանգներում, եղել եմ Իսրայելում, եվրոպական մի շարք այլ երկրներում: Եվ ես հասկացա, որ, անկասկած, նրանց մոտ բժշկությունը տեխնիկապես ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, բայց չի կարելի ավտոմատացված աշխատել, խախտել մտածելակերպը, որը կոչվում է կլինիկական մտածելակերպ: Եթե բժիշկը դա չունենա, կարող է տարբեր ժամանակահատվածներում տարբեր բուժումներ նշանակել, բայց իրականում դրանք արդյունավետ չեն լինի: Եվ ընդհանրապես բոլոր ապարատային հետազոտությունները, սարքավորումները ստեղծված են միայն ծառայելու բժշկի մտքին: Եթե համեմատենք ԱՄՆ-ի և Իսրայելի բժշկական համակարգերը, ապա ԱՄՆ-ի նույնիսկ լավագույն կլինիկաներում հիվանդն անցնում է բոլոր հետազոտությունները մի քանի փուլով, ապա նոր միայն բժշիկն առանց հիվանդին ստուգելու բուժում է նշանակում: Բայց Իսրայելում այդպես չէ, և ես շատ հավանեցի նրանց վերաբերմունքը հիվանդի նկատմամբ: Երևի դրա պատճառն այն է, որ բժիշկների մեծ մասը ուսանել է խորհրդային տարիներին, ունի համապատասխան մտածելակերպ և, ձեռքի տակ էլ ունենալով լավ տեխնիկա, տալիս է  բուժման փայլուն արդյունքներ: Ես Իսրայելի հետ պայմանագիր եմ կնքել, և արդեն քանի տարի այնտեղ ուղարկում ենք ոչ միայն սիրտ-անոթային խնդիրներ, բորբոքային հիվանդություններ  ունեցող, այլև ներվային, ինսուլտ տարած հիվանդների, անպտղություն ունեցող կանանց, և Իսրայելում շատ լավ իրականացվում են վերականգնողական գործընթացները:

- Բժշկուհի՛, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար ի՞նչ կառաջարկենք:

-Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի, ապա նոր միայն դիմել բժշկի: Բայց, ցավոք, կանխարգելիչ բժշկությունը մեզ մոտ շատ է կաղում: Հասարակ բան ասեմ. մեր երկրի բնակչության մեկ երրորդը ճնշման խնդիր ունի, որի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրես, սխալ սննդակարգ, քիչ շարժվել և այլն և այլն: Բացի այդ, բուժում ստանալուց հետո հիվանդը չի շարունակում իրեն հետևել: Ընդ որում, մեղավորը ոչ միայն հիվանդն է, այլ նաև պետությունը, որը պետք է ստեղծի մի մեխանիզմ, որպեսզի հիվանդը հնարավորություն ունենա և ի վիճակի լինի միշտ հետազոտվել:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Առաջինը՝ առողջություն: Մարդ արարածը պետք է հավատ ունենա, լավատես լինի: Միայն լավատեսության և հավատի դեպքում բոլորս էլ կհասնենք լավագույնին և կատարելությանը:

 

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր