ԲԻԱՅՆԱ ՀՈՎԵՅԱՆ ԱՇՈՏԻ

(0 votes)
There is no translation available.

Առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է

Գեղեցիկ ժպիտ, սպիտակ և փայլուն ատամնաշար ունենալը համարվում է առաջնային, իսկ դա ոչ միայն բնության պարգև է, այլ նաև անհատի կողմից անձնական հիգիենայի ամենօրյա իրականացման արդյունք, որը էսթետիկ հմայք է հաղորդում յուրաքանչյուրիս: Ատամնաշարի և բերանի խոռոչի հիգիենային հետևելու և մեզ հետաքրքրող այլ հարցերի սպառիչ պատասխանները ստացանք ԵՊԲՀ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի երիտասարդ բժիշկ-ստոմատոլոգ ԲԻԱՅՆԱ ՀՈՎԵՅԱՆԻՑ, ով հոգատար ու բարեհամբույր է իր պացիենտների նկատմամբ և ամեն մեկին յուրովի մոտեցում է ցուցաբերում:

-Տիկին Հովեյան, ինչպե՞ս և ինչու՞ ընտրեցիք հենց ատամնաբույժի մասնագիտությունը։

-Դեռ վաղ մանկուց շատ եմ սիրել բժշկությունը: Երբ տատիկիս վիրահատել էին, և նրան տանը վիրակապող էր հարկավոր, այդ դերը մեծ պատասխանատվությամբ ստանձնել էի ես՝ լինելով ընդամենը 13 տարեկան: 2002թ.-ին ընդունվել և 2007թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո երկու տարի ուսանել օրդինատուրա` ընտանեկան ստոմատոլոգիա բաժնում: Անչափ երախտապարտ եմ ծնողներիս, ովքեր չխնայեցին ոչինչ, որպեսզի լիարժեք ուսում ստանամ: Հատկապես երախտապարտ եմ հորս, ում հորդորով էլ ընտրեցի բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտությունը: Իհարկե, շատ շնորհակալ եմ ամուսնուցս, ով ոչ միայն չխոչընդոտեց, այլև մինչ օրս աջակցում և նպաստում է իմ կարիերայի առաջընթացին:

- Հասարակության մեջ միշտ եղել է և կա ատամնաբույժին այցելելու վախի զգացումը: Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ արդի ստոմատոլոգիայում բացառապես ցավային զգացում չի կարող լինել պացիենտի մոտ: Ընդհանրապես այսօր ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում:

-Միանշանակ կարող եմ հավաստել, որ գիտությունն արագ տեմպերով է առաջ ընթանում, և մենք այսօր ունենք արդի լավագույն դեղամիջոցները, որոնք շատ լավ ազդեցություն են ներգործում, ունեն թմրեցնող հատկություն, ու ցավ հասկացողությունը գործնականում պացիենտների մեծամասնության մոտ բացակայում է: Իհարկե, լինում են դեպքեր, երբ պացիենտի մոտ առկա են լինում թարախային պրոցեսներ, հյուսվածքների անատոմիական առանձնահատկություններ և այլ երևույթներ, որոնք խոչընդոտում են լավ անզգայացմանը: Պարզապես մեր հասարակության մեջ առկա է <<սպիտակ խալաթի>> նկատմամբ վախի, այսպես ասած, ախտանիշը, որը, ինձ թվում է, վերանում է բժշկի մոտ առաջին իսկ այցելությունից հետո, եթե բժիշկը ուշադիր, հոգատար վերաբերմունք և ճիշտ մոտեցում է ցուցաբերում:

-Բժշկուհի, սովորաբար մարդիկ ատամները խոզանակում են օրը երկու անգամ: Դա կարո՞ղ է դառնալ առողջ ատամնաշար ունենալու երաշխիք:

-Նշեմ, որ ընդհանրապես օրվա ընթացքում ատամների երկանգամյա խոզանակումը կլինի բավարար, եթե այն ճիշտ կատարվի: Մեր նպատակներից մեկն այն է, որ մեր պացիենտներին միշտ տեղեկացնենք ատամների խնամքի ճիշտ մոտեցման, ճիշտ խոզանակման մասին: Անչափ կարևոր է ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո բերանի խոռոչի ողողում կատարել թեկուզ պարզ ջրով, որպեսզի սննդի մնացորդները չմնան բերանի խոռոչում և չբերեն ատամնաքարերի ու ատամնափառերի առաջացման: Իսկ ամեն ուտելուց հետո ատամներ լվանալը արդեն պարտադիր չէ: Բացի այդ, յուրաքանչյուր մարդ տարին գոնե երկու անգամ` 6 ամիսը մեկ, պրոֆիլակտիկ նպատակներով պետք է այցելի բժիշկ-ստոմատոլոգին` ատամնաքարերի և ատամնափառերի հեռացման համար, որպեսզի ատամների հետագա տնային խնամքը նպատակին ծառայի:

-Որո՞նք են լնդային արնահոսությունների պատճառները:

-Լնդային արնահոսության խնդիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լայն տարածված է: Դրդապատճառները վերը նշված խնդիրներն են, այսինքն` ոչ ճիշտ լվանալը, չհետևելը ատամների խնամքին և, առհասարակ, ստոմատոլոգին չայցելելը: Դա նշանակում է, որ մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի այն մտածելակերպը, որ, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է գոնե տարվա մեջ երկու անգամ կատարել ատամնաքարերի և ատամնափառերի հեռացում: Չմոռանանք, որ դրանք նույնպես նպաստում են լնդային հիվանդությունների առաջացմանը, իսկ առողջ ատամների երկարատև գոյատևման համար անհրաժեշտ են ամուր և առողջ լնդեր: Պետք է հասարակության մեջ ձևավորվի բժշկին ժամանակին դիմելու կուլտուրան, որպեսզի բուժման հետագա գործընթացը լինի ավելի մատչելի ու ոչ բարդ: Բարեբախտաբար, այդ առումով մեզ մոտ դրական միտում է նկատվում, և հուսանք, որ մոտ ապագայում ավելի լավ է լինելու:

-Բերանի խոռոչի հետ կապված ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում Ձեզ:

-Քանի որ ես թերապևտ-օրթոպեդ եմ, ինձ դիմում են ռեստավրացիաների, լնդերի բուժման օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստման, վերանորոգման և մի շարք այլ ստոմատոլոգիական խնդիրների բուժման համար: Ատամի թեկուզ փոքրիկ կարիեսի կամ մեկ ատամի բացակայություն դեպքում ինչքան շուտ դիմեն, այնքան բուժման գործընթացը կլինի և ավելի քիչ ժամանակատար, և ավելի մատչելի, քանի որ խնդիրը գնալով բարդանալու է: Ես չեմ քարոզում պացիենտների շատացման նպատակով, ուղղակի զգուշացնում եմ նրանց, որ ուշ թե շուտ պետք է կանգնեն ատամները բուժելու կամ վերականգնելու խնդրի առաջ, քանի որ, այսպես ասած, չեն մնալու առանց ատամների:

Իսկ որպես վերջաբան կցանկանամ հորդորել, որ մեր հասարակությունը լրջորեն մոտենա բերանի խոռոչի հետ կապված նույնիսկ չնչին խնդրին և հետևի դրա խնամքին, որպեսզի գործը չհասնի նաև աղեստամոքսային տրակտին, որն էլ կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ստամոքսի գաստրիտ, էռոզիա, խոց և այլն: Յուրաքանչյուր կին մեծ ուշադրություն է դարձնում իր անձնական հիգիենային, հետևում է իրեն, բայց, ցավոք սրտի, այսօր իմ շրջապատում նկատվում է այն վատ երևույթը, երբ ամեն ինչ անում են խնամված երևալու համար, սակայն իրենց ատամների մասին չեն հոգում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է: Ժպտացե՛ք, և թող ոչինչ չխանգարի ձեր գեղեցիկ ժպիտին:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր