Արթուր Կիմի Շուքուրյան

(0 votes)
There is no translation available.

Ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով

 Քիթ-կոկորդ-ականջաբանությունն (ՔԿԱ) ուսումնասիրում է  քթի, կոկորդի (ըմպանշնչափող), ականջի և դրանց հարակից շրջանների հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելում և բուժում դրանք:  Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության բժշկության այս ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքը ստեղծվել է դեռևս Հայաստանի համար դժվարին տարիներին,  ունի հաստատուն և լայն միջազգային կապեր արտերկրի առաջատար բժշկական կենտրոնների հետ: Բաժանմունքի գլխավոր ձեռքբերումներից է նաև խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերի ներդնումը: Իսկ բուժանձնակազմը վերապատրաստվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կլինիկաներում և այդ երկրների մասնագետների հետ համատեղ իրականացնում մի շարք գիտահետազոտական նախագծեր: Բժիշկների լայնածավալ աշխատանքի արդյունքում մինչ օրս բուժվել են հազարավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ մոտեցում:

Մեր զրուցակիցը  ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարությաև ու Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ  ՇՈՒՔՈՒՐՅԱՆՆ է: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:

- Պարո՛ն Շուքարյան, Ձեր մասնագիտությունը, իհարկե, ունի  որոշակի յուրահատկություններ, Դուք գործ եք ունենում անատոմիապես երեք  փոխկապակցված օրգանների հետ, դժվար չէ՞  տարբերակալել, թե հատկապես որտեղ է գտնվում բորբոբոքային կամ խնդրահարույց օջախը:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ դրանք իրապես միմյանց հետ կապված օրգաններ են, որոնք համակցված են մի մասնագիտության մեջ: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաև բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձևով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու երբ հիվանդը դիմում է մեզ որևէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաև համակցված բուժում:  

- Բժի՛շկ, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը Հայաստանում բարձր դիրքերում է և կարող է համաչափ քայլել եվրոպական բժշկական կենտրոնների հետ: 

- Կարող եմ հավաստիացնել, որ մեզ մոտ կատարվում են բարձր մակարդակի, բարդ վիրահատություններ, որոնց ժամանակ ամբողջովին կիրառվում են բուժման համաշխարհային մեթոդները: Այդ տեսակետից, երևի թե, մենք համաչափ ենք քայլում հայտնի միջազգային բժշկական կենտրոնների հետ: Ականջի հետ կապված բարդ վիրահատությունները խխունջային ներպատվաստման վիրահատություններն են, որոնք Հայաստանում հաջողությամբ իրականացվում են: Եվ մեզ մոտ արդեն վիրահատվել են  հարյուրից ավելի տարբեր տարիքի հիվանդներ, այդ թվում` երեխաներ: Ներկայումս Հայաստանում գործում են խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերը, որոնք մենք սկսեցինք իրականացնել <<Արաբկիր>> բժշկական կենտրոնի հետ համատեղ, և այժմ դրանք բավականին մեծ տարածում են գտել: Օրինակ, գրեթե բոլոր ծննդատները ներգրավված են այդ ծրագրում, և մենք աշխատում ենք օբյեկտիվ մեթոդների օգնությամբ բացահայտել  բոլոր նորածինների լսողության որևէ խանգարում և համապատասխան հետազոտություններից հետո կարող ենք ստույգ ասել, թե նրանց ապագայում ինչ ճակատագիր է սպասում:

- Պարո՛ն Շուքուրյան, որքան գիտեմ,  Ձեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, որում ներգրավված են լինում նաև սուդրոմանկավարժներ, աուդիոլոգներ և ծրագրավորողներ:

- Այո՛, իմ նշած խխունջային ներպատվաստման ծրագիրն իր մեջ ընդգրկում է ոչ միայն վիրահատություն, այլև հետվիրահատական շրջան, և այս թիմային աշխատանքին պարտադիր մասնակցում են սուդրոմանկավարժը, աուդիոլոգն ու ծրագրավորողը: Չպետք է մոռանալ, որ վիրահատված երեխաները և բժիշկներս պետք է հաղթահարենք դրանից հետո մեր և երեխայի առջև դրված շատ ծանր ճանապարհը, ու դրանում մեծ է նաև նրանց դերը:

- Կա՞ն արդյոք լսողական սարքերից օգտվելու հակացուցումներ:

- Լսողական սարքերն ընդհանրապես օգնում են բարելավել լսողությունը, այլ ոչ թե բուժել: Ու եթե նախկինում օգտագործվում էին ԽՍՀՄ-ում արտադրվող սարքերը, ապա 1993 թվականից արդեն սկսեցին լայնածավալ կիրառվել նաև արտասահմանյան՝ գերմանական, շվեյցարական, ֆրանսիական արտադրության սարքեր: Եվ մեր կենտրոնը հենց այդ թվականից համարվում է համակցված լսողական սարքերի  օգտագործման կենտրոն: Պետք է ասեմ, որ այստեղ հակացուցումներ չկան ոչ թե բժշկական, այլ սարքերի կիրառման առումով, եթե, իհարկե, բացի լսողականը, պացիենտն այլ խնդիր չունի: Լսողական սարքերը կարող են օգտագործել բոլորը`անկախ տարիքից:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանա արակությանը:

- Եթե անկեղծ լինեմ, ապա հասկանալի է, որ տարբեր, նույնիսկ սոցիալական պատճառներից ելնելով`շատերը մեզ դիմում են արդեն շատ ուշ, բարձիթողի վիճակներում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում, դժվարանում է: Նախկինում ԽՍՀՄ-ում կար կանխարգելիչ բժշկություն հասկացողությունը, բայց այն այսօր գրեթե չի գործում: Բնական է, շատ ավելի հեշտ և քիչ ծախսատար է, երբ դիմում են ժամանակին`առաջին իսկ խնդիրների առկայության դեպքում: Եվ ես կցանկանամ, որպեսզի մեր հասարակությունը հավատա բժիշկներիս, անկեղծ լինի մեզ հետ: Իսկ բժիշկներս էլ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի փոխադարձ վստահություն, հավատարմություն լինի, որի դեպքում միայն կհասնենք լավագույն արդյունքների: Կարծում եմ՝ ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը:

Եղեք առողջ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր