Ստեփան Տիգրանի Գևորգյան

(0 votes)
There is no translation available.

Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակները: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են: Վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի  բարձր լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:

Հայաստանում  կան բավական բարձրորակ սարքավորումներ եւ լավ մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել  արդյունավետ  բուժօգնություն: Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկներն կարևորում են ազնվությունը՝ գիտակցելով, որ առաջին հերթին իրենք իրենց հանդեպ պետք է խստապահանջ լինեն, ինչը ապագայում կտա իր պտուղները, քանի որ ցանկացած հիվանդ գնահատում եւ զգում է բժշկի կողմից փոխանցվող ջերմությունն ու հոգատարությունը:

Բժշկական կենտրոնի ամենաժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել գաստրոէնտերոլոգիկան միջամտությունների եւ վիրահատությունների ամբողջ ծավալը:

Կլինիկան  մեծ կապեր ունի աշխարհի առաջատար հիվանդանոցների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշիկները, բարձրացնում որակավորումը՝ յուրացնելով նորագույն մեթոդներ:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ ՍՏԵՓԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ երիտասարդ բժիշկ, ով իր գործի նվիրյալներից է, ում անմիջական մասնակցությամբ բազմահազար մարդիկ վերականգնել են իրենց առողջությունը եւ բոլորովին այլ երանգներով են ընկալում աշխարհը:

- Պարո՛ն Գեւորգյան, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին. ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

- Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը դասվում է լավագույնների շարքին: Կենտրոնը հագեցած է «Օլիմպուս» ընկերության ամենավերջին սերնդի գերժամանակակից սարքով, որը Հայաստանում շատ քիչ տարածված է:  Սարք բազմաթիվ հնարավորություններ է տալիս լիարաժեք աշխատելու թե՛ էնդոսկոպիկ, թե՛ լապարասկոպիկ միջամտությունների ժամանակ: Բայց, քանի որ իմ նեղ մասնագիտացմամբ ես գաստրոէնտերոլոգ եմ,  իհարկե, հիմնական շեշտը դրված է գաստրոէնտերոլոգիական խնդիրների հայտնաբերման, հետազոտման, բուժման եւ կանխագելման վրա: Ամենավերջին սերնդի սարքով աշխատելը  թույլ է տալիս հայտնաբերել եւ գնահատել լորձաթաղանթային եւ ենթալորձաթաղանթային մակարդակի ամենաաննշան փոփոխությունները,  ինչի առկայության դեպքում մենք հնարավորություն ունենք վերցնել  բիոպսիա, ուղարկել քննության եւ արդեն խնդրի վաղ փուլերում կանխարգելել հիվանդության զարգացումը թե՛ թերապեւտիկ բուժման եւ թե՛ վիրահատական միջամտության օգնությամբ: Սակայն պետք է նշեմ, որ կանխարգելիչ բուժման մեջ մեծ նշանակություն ունի նաեւ հիվանդների մոտեցումը, հարցի լրջության գիտակցումը, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հայ հասարակությունը սիրում է ամեն մի խնդիր հասցնել  բարդացած վիճակի, նոր դիմել բժշկի օգնությանը, եւ քանի որ ուշացման շատ դեպքերում  թերապեւտիկ բուժումը անզոր է, մենք հարկադրված դիմում ենք վիրաբուժական միջամտությանը: Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ առաջին իսկ գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի, հատկապես եթե հիվանդն ունի գանգատներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխումի տեսքով կամ որովայնի շրջանում ցավի, այրոցների եւ վքնածության զգացման դեպքում, ինչպես նաեւ  փորլուծության, փորկապության, աղիների գործելու ժամանակ  լորձ, արյուն նկատելու դեպքում: Դրանք նախանշաններ են, որոնք հուշում են, որ պետք է դիմել գաստրոէնտերոլոգի, ով, ամենայն հավանականությամբ, ուղղորդելու է էնդոսկոպիկ հետազոտության. սոնոգրաֆիա, թե՞ էնդոսկոպիա, դա արդեն կորոշվի՝ հիվանդի անամնեստիկ  տվյալները հաշվի առնելով: Բայց ամեն դեպքում էնդոսկոպիան առանջնահերթ հետազոտության տարբերակ է՝ հիվանդի աղեստամոքսային տրակտը հետազոտելու համար: Հատկանշական է նաեւ այն, որը 45 տարեկանից հետո հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը շատ բարձր է, եւ ցանկալի է տարին մեկ անգամ անցնել հետազոտություն, կատարել կոլոնոսկոպիա: Հիվանդը կարող է անցնել էնդոսկոպիկ հետազոտություն՝ հիմնվելով սեփական գանգատների վրա կամ  կանխարգելիչ նպատակներով անցնել հետազոտություն: Եթե հիվանդի տարիքը  45-ից անց է, էնդոսկոպիկ ախտորոշումը պետք է անցկացվի որպես կանխարգելիչ միջոցառում: Շնորհիվ հենց այսպիսի հաճախակի հետազոտությունների՝ ճիշտ ժամանակին՝ վաղ շրջանում, հնարավոր է դառնում հայտնաբերել մարսողական ուղու չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլեւ շատ ուռուցքների  էնդոսկոպիկ հեռացում՝ ընդ որում ապաքինման հավանականությունը, բնականաբար, զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի դեպքերի բուժման  ժամանակ: Պետք է ուրախությամբ փաստեմ՝ դիմելության մշակույթի առումով հայ հասարակության  մեջ փոփոխություն կա: Մարդիկ այսօր ավելի ուշադիր  են  դարձել իրենց առողջության նկատմամբ եւ, փառք Աստծո, արդի բժշկությունը բավականին մեծ քայլերով առաջ է ընթանում: Մեր ոլորտը նույնպես շատ արագ տեմպերով առաջընթաց է ապրում: Եթե նախկինում հայտնաբերելով խոց միայն  վիրահատություն էր ցուցվում, ապա այսօր մեր բժշկությունը  հնարավորություն է տալիս խոցը   հայտաբերել ավելի   վաղ փուլերում եւ բուժել կոնսերվատիվ եղանակներով:

 Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հայտնաբերել են ավստրալիացի գիտնականներ Ռոբին Ուորենը եւ Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են  Նոբելյան  մրցանակի: «Helicobacter pylori» բակտերիան ճանաչվել է քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն, իսկ նրա ժամանակին էռադիկացիան համարվում է ստամոքսի քաղցկեղի կանխարգելման  արդյունավետ միջոց: Ելնելով վերը նշվածից՝ ասեմ, որ այս ինֆեկցիայի ախտորոշումը ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ պարտադիր է, որի հայտնաբերումից հետո իրականացվում է հակա-հելիկոբակտերային թերապիա:

-Բժի՛շկ, ըստ Ձեր աշխատանքային փորձի, ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրում:

-Նույն խոցային հիվանդությունը երիտասարդացում է ապրում: Բայց, փառք Աստծո, այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտ ու արագ ախտորոշել խնդիրը, եւ դեպքերի մեծամասնությունում կոնսերվատիվ եղանակով հասցնել ցանկալի արդյունքի:

- Բժի՛շկ, Դուք ասոցացիայի անդա՞մ եք:

-Այո՛, ես հայկական գաստրոէնտերոլոգների ասոցացիայի անդամ եմ, կառույց, որը մեզ տալիս է գիտելիքների ընդլայնման հնարավորություններ, շատ հետեւողական է, ունի շատ լավ ղեկավարություն: Համընթաց քայլելով մեր ոլորտի եվրոպական եւ ամերիկյան վերջին նորարարությունների հետ՝ մշտապես մասնակցություն եմ ունենում կազմակերպված  կոնֆերանսներին, ծանոթանում բուժման վերջին նորարարական տեխնիկաներին եւ դիագնոստիկ սխեմաններին: Մեր ասոցացիան բժիշկներիս հնարավորություն է տալիս  մշտապես ձեռքներս պահել նորարարությունների  զարկերակի վրա: Ցավոք սրտի, դեռ էնդոսկոպիստների ասոցացիա Հայաստանում չկա, բայց ես եվրոպական էնդոսկոպիստների ասոցացիայի անդամ եմ, եւ վերջերս Պրահայում մասնակցում էի ասոցացիայի ամենամյա կոնֆերանսին, որտեղ քննարկման առարկա էր ամենավերջին նորարարությունները, ներկայացված էր մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման մանրամասները, կատարվում էր փորձի փոխանակում:

Վերջերս Հայաստանում կազմակերպվեց կոնֆերանս Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, որտեղ քննարկվեցին մի շարք խնդիրներ: Առաջնահերթություն տրվեց հելիկոբակտեր պիլորիին (Helicobacterpylori), դրա բուժման ճիշտ սխեմային: Ներկայացվեց նաեւ, թե որ փուլերում ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերվեն:

- Պարո՛ն Գեւորգյան, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ:

- Այո՛, շատ կան բժիշկներ. մայրս, տատիկս, մայրիկիս երկու եղբայրները: Անկեղծ   ասած՝ մինչեւ 7-8-րդ դասարանը ես  ցանկանում էի իրավաբան դառնալ, բայց մայրս մշտապես  ինձ ուղղորդում  էր դեպի բժշկություն, երեւի թե հաշվի առնելով  իմ բնավորության գծերը, քանի որ ինքս շատ նվիրվող եմ, բոլոր հիվանդներիս նվիրվում եմ անմնացորդ: Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն:

- Ո՞ւմ եք  համարում ձեր ուսուցիչը:

- Իմ կյանքում  ծնողներս  իմ ուսուցիչն են եղել եւ կան. նրանք մշտապես ինձ ուղղորդել են դեպի լավն ու  կատարյալը, օգնել տարբերակել սեւը սպիտակից, իսկ իմ նեղ մասնագիտացման ընտրությունն ավելի որոշակիացավ իմ առողջական խնդրից հետո: Այդ տենդենցը միշտ առկա է  եղել բժիշկների մի մասի մոտ, երբ իրենց առողջական խնդրից ելնելով են որեւէ ուղղվածություն ընտրում:

Իմ նեղ մասնագիտացման հիմքը՝ որպես գաստրոէնտերոլոգ,  դրվեց իմ օրդինատուրայի ղեկավարը՝ Գագիկ Հակոբյանը, իսկ որպես էնդոսկոպիստ ՌԴ-ի իմ կոլեգան՝ Միխայիլ Մոնախովը:

- Եւ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հանրությանը:

- Կհորդորեմ, որ  հասարակությունը չվախենա  բժշկությունից: Եթե ունեք գանգատներ, մի՛ թողեք խնդիրը մեծանա եւ խորանա: Առողջությունը դիմադրում է շատ բաների, բայց հասնում է մի կետի, երբ հանձնվում է, եւ սկսում է հիվանդությունը գլուխ բարձրացնել: Եթե ազգը առողջ լինի, երկրում էլ առողջ մթնոլորտ կլինի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր