Աշխեն Սերգեյի Բալբաբյան

(0 votes)
There is no translation available.

Ամենակարեւոր պարգեւը առողջությունն է

Ականջը փոքրիկ, սակայն բարդ եւ զգայուն օրգան է: Ականջի միջոցով ընկալում ենք շրջակա միջավայրի ձայները, հաղորդակցվում միմյանց հետ: Ձայնի ընկալումը բնության մեծագույն պարգեւ է ժամանակակից պայմաններում դրա լրիվ բացակայությունը հազվադեպ է եւ անսովոր: Ծանրալսության ժամանակակից ախտորոշումը հիմնվում է բազմաթիվ հետազոտական մեթոդների տվյալների վրա: Ծանրալսությունը բոլոր տարիքային շեմերում համարվում է խնդիր, որի առկայության դեպքում մարդը իրեն զգում է հասարակության ոչ լիարժեք անդամ: Չափազանց կարեւոր է լսողական խնդիրների ախտորոշումը վաղ մանկական հասակում  եւ դրա արդյունավետ բուժման կազմակերպումը: Ավելի շատ կարեւոր է, որ դրան նպաստում է հանրապետությունում ներդրված սկրինինգային ծրագիրը, այն հնարավորություն է տալիս ծանրալսությունների հայտնաբերումը ավելի շուտ նորածինների մոտ եւ խնդրի հետագա լիարժեք բուժումը: Այս մեթոդը հատկապես ակտուալ է նորածնային հասակում, որի շնորհիվ երեխաների մոտ վաղաժամ հայտնաբերումը նպաստում է խնդրի լիարժեք լուծմանը կամ վիրահատական միջամտությունը պրոտեզավորման միջոցով, որի օգնությամբ երեխան իր զարգացվածության աստիճանով հետ չի մնում իր հասակակիցներից:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ ԱՇԽԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ, որն ունի երկար տարիների աշխատանքային փորձ եւ մեծ հեղինակություն:  

 - Տիկին Բալբաբյան, ի՞նչ է իրենից ներկայացնում աուդիոլոգիան:

- Աուդիոլոգիան գիտություն է, որը զբաղվում է լսողության հետազոտման մեթոդներով, որի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել հիվանդների մոտ ծանրալսության տեսակը, աստիճանը եւ ճիշտ ախտորոշումը, իհարկե, որին էլ կհաջորդի համապատասխան բուժումը:

- Բժշկուհի, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում քիթ-կոկորդ- ականջաբանությունը:

- Մեր հանրապետությունում քիթ-կոկ որդ-ականջաբանությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը տարածաշրջանում  միակ երկիրն է, որտեղ կատարվում է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան), որը 2004 թվականից ներդրվել է «Էրեբունի» ԲԿ–ում։ Մեզ մոտ կատարվում է նաեւ նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց նորածինը կրկին հետազոտվում է, ըստ որի, արդյունքներից ելնելով, որոշվում է նրանց հետագա ճակատագիրը: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները եւ նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում:

- Բժշկուհի, որպես բժիշկ, Ձեր գործառույթների մեջ ի՞նչ է ներառված:

- Իմ գործառույթների մեջ  մտնում է քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններով տառապող հիվանդների զննումը, բուժումը, ինչպես նաեւ վիրահատական միջամտությունները, բայց որպես նախատրատ: Իհարկե դա աուդիոլոգիան է, որի  միջոցով  որոշում ենք աուդիոմետրիան` լսողության սրության ախտորոշման մեթոդը, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը եւ տեսակը որոշելու համար, որի հիմքում ընկած է ամենահաճախ հանդիպող հաճախականություններում մարդու ձայնն ընկալելու հատկությունը որոշելը (խոսքային դիապազոն): Այս ստերի հիման վրա կազմվում է աուդիոգրաման, ըստ որի, կարելի է ախտորոշել ծանրալսության տեսակը, աստիճանը եւ տարբերակել ականջի տարբեր հիվանդությունները: Ծանրալսության 2 տեսակ կա՝ սենսոնեվրալ եւ հաղորդչական: Սենսոնեվրալ ծանրալսությունը լսողության կորուստն է, որն առաջանում է ձայնընկալող ապարատի վնասման հետ: Իսկ հաղորդչական ծանրալսության պատճառը ձայնի անցնելու ճանապարհին զանազան խոչընդոտներն են՝ ծծմբային խցանը, արտաքին լսողական անցուղու էկզոստոզը` ոսկրային հյուսվածքի գերաճ, թմբկաթաղանթի թափածակումը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, ոսկրիկների ֆիքսացիան, միջին ականջում հեղուկի եւ թարախի կուտակումը, արտաքին եւ միջին ականջի տարբեր բնածին արատները եւ այլն:  Սենսոնեվրալ ծանրալսության դեպքում անչափ կարեւոր է ժամանակին կատարված ախտորոշումը, քանի որ սուր փուլում հնարավոր է լսողության լիարժեք եւ մասնակի վերականգնում (ե խոսքը IV աստիճանի ծանրալսության կամ խլության մասին չէ): Շատ հաճախ հիվանդները ականջի փակվածության զգացողություն ունենալիս մտածում են, որ դա պարզապես գրիպի հետեւանք է եւ շուտով կանցնի: Եվ այսպիսով թանկ ժամանակ են կորցնում, եւ արդեն մեկ ամիս հետո հիվանդությունը քրոնիկական եւ գործնականում անբուժելի է դառնում` վերածվում սենսոնեվրալ հիվանդության: Այս դեպքում օգնում են միայն լսողական սարքերը, իսկ 4-րդ աստիճանի սենսոնեվրալ ծանրալսության կամ պրակտիկ խլության դեպքում՝ միայն հակացուցումների բացակայության դեպքում կոխլեար իմպլանտացիան (խխունջային ներպատվաստումը): Ծանրալսության դեպքում, որպես կանոն, եւս մեկ հետազոտություն է կատարվում՝ իմպենդանսոմետրիա, արտաքին լսողական անցուղու ծավալի, թմբկաթաղանթի, թմբկախոռոչի, եվստախյան փողերի, լսողական ոսկրիկների վիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ ակուստիկ ռեֆլեքսը որոշելու համար: Իմպենդանսոմետրիան հնարավորություն է տալիս հայտնաբերել միջին ականջի այնպիսի ախտահարումներ, ինչպիսիք են` եվստախիտը, էքսուդատիվ օտիտը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, օտոսկլերոզը: Եվս մեկ յուրահատուկ ստ է իրականացվում`օբյեկտիվ աուդիոմետրիա   /լսողական հարուցված պոտեցիալների գրանցում/, որը թույլ է տալիս որոշել հիվանդների մոտ ծանրալսության մակարդակը` առանց հիվանդի մասնակցության:

- Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ` կարո՞ղ եք ասել,  այսօր որ հիվանդությունների աճ է նկատվում:

- Պետք է  նշեմ ականջի քրոնիկ հիվանդությունները`օտիտները, որոնք բավականին շատացել են, սեզոնային բնույթ են կրում, եւ վիրուսային ինֆեկցիաների պիկի ժամանակ մենք ունենում ենք բավականին շատ դեպքեր: Բավականին շատացել են ծանրալսության դեպքերը, մանավանդ` հանկարծակի ծանրալսությունները, որոնք, ցավոք սրտի, վերջին շրջանում բավականին շատացել են երիտասարդների մոտ:

Լինում են նաեւ ծանրալսության դեպքեր, որոնց առաջացման պատճառները դեռեւս լիովին բացահայտված չեն: Պատճառներից կարող ենք նշել սթրեսային  իրավիճակները, անոթային խնդիրները, որոնք ավելի հաճախ հանդիպում են, միգուցե նրանց թիվը բավականին շատացել է, քանի որ այսօր դիմելիության կուլտուրան բարձր մակարդակի  վրա է գտնվում, մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց սեփական առողջության նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ լինում են դեպքեր, որ հիվանդները մեզ այցելում են արդեն բարձիթողի վիճակում: Որքան շուտ դիմեն մեզ, այնքան ավելի շուտ եւ արդյունավետ կլինի վերականգնողական բուժումը: Ախտորոշիչ հնարավորությունների մեծացումը, տեխնիկապես գերհագեցվածությունը մեր բժշկական կենտրոնում մեծ հնարավորություններ են ընձեռում արդիական եւ ժամանակակից մոտեցումներով իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտման եւ բուժման մեթոդները:

- Խլության դրդապատճառները որո՞նք կարող են հիմնականում լինել:

- Պետք է նշել, որ խլության պատճառները կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Բնածնի հիմքում ընկած է ինչպես գենետիկ նախատրամադրվածությունը, այնպես էլ` հղիության ընթացքում մոր կողմից տարած հիվանդությունները, հատկապես` վիրուսային հիվանդությունները, վիժման վաղաժամ վտանգները, քրոնիկ հիպոկսիկ  վիճակները եւ այլն, իսկ օտոտոկսիկ եւ ոչ ճիշտ դեղամիջոցներով բուժումը կարող է բերել երեխայի մոտ լսողության խնդրի զարգացմանը:
Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների, 1000 երեխաներից մեկը ծնվում է խուլ, 5-6-ը` տարբեր տեսակի ծանրալսություններով: Մեր երկրում ներդրված նորածնային սկրինինգի ծրագրի միտումն այնպես է, որ հանրապետության բոլոր շրջանների ծննդատներում իրականացվում է այս ծրագիրը, որպեսզի նորածնի մոտ հայտնաբերվի,  իրականում ծանրալսության խնդիրը  կա՞`  ոչ: Ովքեր խնդիր ունեն, անցնում են հետազոտման երկրորդ փուլը 3 ամսական հասակում, եւ այստեղ շատ կարեւոր է մանկաբույժների դերը, որոնք պետք է պարզեն` երեխան սկրինինգային հետազոտություն անցել է, ` ոչ, ապա անպայման ուղղորդեն հետազոտման: Իսկ մնացյալ դեպքերում երեխայի մոտ այն ի հայտ է գալիս խոսքի զարգացման շրջանում, որը ծնողներն արդեն նկատում են: Այդ ծրագիրը ես շատ կարեւոր եմ համարում, եւ ոչ մի երեխա պիտի դուրս չմնա այդ ծրագրի շրջանակներից:

- Բոլորն իրենց կյանքում ունեն ուսուցիչ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

Միանշանակ` Արթուր Կիմի Շուքուրյանին, ում գործոնը, ներդրումը շատ մեծ է եղել իմ նեղ մասնագիտացման մեջ. թե՛որպես մարդ, եւ թե՛ որպես մեծ գիտնական ու ղեկավար, նրա հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Եվ տեսնելով նրա մարդ տեսակը, նրա նվիրումը իր գործին եւ հոգատարությունը դեպի իր պացիենտը, որոշեցի, որ պետք է դառնամ ԼՕՌ բժիշկ:

- Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս էր:

Ես միանշանակ դեմ եմ եղել, որ իրենք բժիշկ դառնան, ճիշտն ասած, իհարկե, երբեմն ափսոսում եմ, որ խոչընդոտել եմ նրանց ընտրության հարցում,  երբեմն էլ լավ եմ զգում, որովհետեւ բժշկի աշխատանքը լի է բազում դժվարություններով:  Ընդհանրապես իմ առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունից հետո իմ անդորրը գտնում եմ իմ ընտանիքում, իմ երեխաների եւ թոռնիկների հետ:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղքեք մեր հասարակությանը:

Կցանկանամ, որ մարդիկ ավելի շատ հետեւեն իրենց, եւ ցավով եմ ընդունում, որ, մասնավորապես, հեռավոր շրջաններից կանայք բավականին ուշացած դեպքերում են դիմում մեզ: Իհարկե, չեմ էլ սիրում, երբ մարդիկ տառապում են եսասիրությամբ: Բայց ամեն դեպքում, ճիշտը ժամանակին դիմելն է: Կցանկանամ, որ շատ առողջ լինի մեր հասարակությունը, հետեւողական` իր առողջության նկատմամբ: Երբ մարդ առողջություն չունի, ոչինչ էլ աչքին չի գալիս, որովհետեւ ամենակարեւոր պարգեւը առողջությունն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր