Սերգեյ Հարությունի Հակոբյան

(0 votes)
There is no translation available.

«Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»

Ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են լյարդի հիվանդությունները, և փոխպատվաստումը դրանցից շատերի բուժման ամենաարդյունավետ մեթոդն է, որը սկիզբ է առել 1967 թվականին, երբ Թոմաս Սթարզլը և նրա թիմը իրականացրեցին դիակային լյարդի առաջին բարեհաջող փոխպատվաստումը:Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի և իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ:Առկա մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են փոխպատվաստման  բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝  կենդանի դոնորից ռեցիպիենտին։ 56 տարեկան կնոջ դոնորը եղել է նրա 20-ամյա դուստրը:Վիրահատությունը ամբողջովին անվճար կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ռուս գործընկերների` Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների օգնությամբ,ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:Առողջապահության նախարարությունը, կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը, այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի գործընկերների հետ։Նախատեսվում է նաև 2020 թվականի բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լյարդի վիրաբուժությունն ունի բավականին երկար տարիների պատմություն, որը սկիզբ է առել դեռևս 80-ական թվականներին: Մեր բաժանմունքը միակն էր մեր երկրում, որը զբաղվում էր պորտալ հիպերտենզիայի վիրաբուժությամբ:Այդ ախտանիշն առաջանում է այն հիվանդների մոտ, որոնք տառապում են լյարդի ցիռոզով:Միշտ երազել ենք լյարդի փոխպատվաստման ուղղությունը զարգացնելու մասին, որովհետև այն կարևորագույն խնդիրներից մեկն է մեր երկրում, ու մեծ դժվարությամբ,փոքր քայլերով առաջ ենք ընթանում»,-պատմում է http://bestgroup.am/ կայքի  զրուցակից` Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ:Ապա շարունակում է.

 -Ինչպես ասում են` առաջին քայլը եղավ, և հիմա մենք բավականին ակտիվ այդ ուղղությամբ աշխատում ենք:Նախապատրաստվում ենք հոկտեմբեր ամսին ևս իրականացնել այդ բացառիկ վիրահատության հաջորդ քայլերը, հավանական է` Մոսկվայի մեր գործընկերները օգնեն, քանի որ առաջին վիրահատությունն է, ուզում ենք մեզ կողքից օգնող լինի մինչև մենք համապատասխան փորձ ձեռք բերենք:Դա ինձ համար շատ ուրախալի փաստ է, քանի որ մենք տարիներ շարունակ  խոսում էինք, երազում դրա մասին:Իհարկե, փոխպատվաստման հարցերը լիարժեք լուծված կլինեն այն դեպքում, երբ մենք կարողանանք, տրանսպլանտացիա կատարելով, մահացած մարդուց վերցնել օրգանը:Բայց այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ դա ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական, իրավական լուծումներ է պահանջում:Սակայն հույս ունեմ` մի օր էլ դա կլինի:Մենք հիմա գործ ենք ունենում կենդանի դոնորի հետ, որը համաձայնում է օրգանի կեսը տալ իր հարազատին:Եվ վիրահատության նախապատրաստվողների դոնորները նույնպես հարազատներ են: Իհարկե, մարդկային տեսանկյունից դա շատ հուզիչ փաստ է, բայց դրա տակ բժշկական իմաստով շատ մեծ ռիսկեր կան. պիտի հարազատը լիարժեք համապատասխանի վիրահատվողին, դոնորի մոտ ամեն ինչ պիտի անցնի իդեալական, առանց բարդության:Իսկ այդ ամենը շատ մեծ պատասխանատվություն է պահանջում:Առաջին վիրահատության ժամանակ Հայաստանում չէի, բայց հոկտեմբերին ներկա կլինեմ միանշանակ և մեծ սպասումով:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:

-Անկեղծ կլինեմ` հակասական. կան փայլուն մասնագետներ և, ցավոք, ուղղակի այս մասնագիտոթյունն ընտրողներ:Մենք ունենք մի շատ մեծ խնդիր, որի մասին բազմիցս խոսել եմ. մենք շատ բժշկական համալսարաններ ունենք:Ես համոզված եմ, որ Հայաստանի պես փոքր երկրին այդքան բժշկական կրթական հաստատություն պետք չէ, որովհետև ոչ մեկը չգիտի, թե ինչ որակի դասավանդում է իրականացվում այնտեղ, ընդհանրապես ինչ են պատրաստում:Եվ ոչ պետական բուհ ավարտած այդ մարդիկ գալիս են, ասենք, կլինիկական օրդինարտուրա ու մեզնից «պահանջում», որ երկու-երեք տարվա ընթացքում իրենց մասնագետ դարձնենք:Մինչդեռ մասնագետ դառնալու համար բավականին երկար ճանապարհ պիտի անցնեն, ի սկզբանե հիմք ունենան, առանց որի ոչնչի չեն կարող հասնել:Նրանք չեն էլ հասկացել` ուր են գնում, ինչի համար:Ջրի հոսքով գնում են, իսկ թե ուր են հասնելու, Աստված գիտի:Կան նաև արտակարգ շնորհալի երիտասարդներ, որոնց հետ հաճելի է շփվել, խոսել, նրանք մարդիկ են, որ պատահական չեն ընտրել այս մասնագիտությունը, այլ սրտանց սիրել են այն և ամեն ինչ անում են լավագույն բժիշկ դառնալու համար:

-Բժիշկ լինելը կոչո՞ւմ է, թե՞մասնագիտություն:

-Ինձ թվում է` երկուսը միաժամանակ:Մարդը պիտի սիրի այս աշխատանքը, հակառակ դեպքում ինքը կամ տանջվելու է ամբողջ կյանքում, կամ ուղղակի դժբախտ մարդ է դառնալու:Այս մասնագիտությունը ամեն մարդու համար չէ, այն Աստծո կողմից տրված պարգև է, շնորհ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Երեխաներիցս մեկն ընտրել է իմ ուղղությունը, մյուսը` ոչ:Սովորաբար բժիշկների ընտանիքում մեծացած երեխան նախնական պատկերացում է ունենում այս մասնագիտության մասին, և ընտրությունն էլ լինում է գիտակցական:Իհարկե, չեմ ասում, որ բժիշկ ծնող չունեցողների ընտրությունը անգիտակցական է, որ իրենք չեն կարող լավ բժիշկ լինել:Բայց, որպես կանոն, բժիշկների երեխաները մի քիչ ավելի պատրաստված են թեկուզ հոգեպես:

-Իսկ Ձեր ուսուցիչ ո՞ւմ կարող եք համարել:

-Ես սովորել եմ Ռուսաստանում, իմ ուսուցիչներն այնտեղից են, և անուններ տալը, կարծում եմ, անիմաստ է: Հայաստանում աշխատելիս նույնպես ուսուցիչներ ունեցել եմ: Նրանցից էին պրոֆեսոր Թամրազյանը, ակադեմիկոս Միքայելյանը, ում անունը կրում է մեր բուժհաստատությունը:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք ասել պացիենտներին, մեր հասարակությանն ընդհանրապես:

-Պացիենտից պահանջվում է համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին:Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և, եթե բուժումը կրի տարերային բնույթ, այն անօգուտ է:Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը, և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:Ըստ իս, յուրաքանչյուր բժիշկ պետք է ճիշտ ախտորոշի հիվանդին և, ներդնելով այսօրվա պահանջներին համապատասխան հմտություններն ու փորձը, արհեստավարժորեն բուժի նրան, որպեսզի հիվանդներն առողջ վերադառնան իրենց բնականոն կյանքին:

 Ժողովուրդը մտածում է, որ բժիշկը կարող է իրեն առողջություն տալ:Ոչ, բժիշկը կարող է միայն որոշ սինդրոմներ բուժել, առողջությունը պիտի մարդը ինքը վաստակի:Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»:Եվ սա պետք է գիտակցի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր